ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հեռուստաընկերությունները գրաքննության մամլիչի տակ
Մի քանի օր առաջ Երեւանի մամուլի ակումբը եւ «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը
ներկայացրեցին Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացված`
Հայաստանի
հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ նախագահի 2008 թվականի ընտրությունների լուսաբանման
դիտարկման վերջնական հաշվետվությունը:
Մեջբերենք հաշվետվության եզրակացություններից մեկը. «Լուրջ հիմքեր կան պնդելու, որ
Հանրային հեռուստառադիոընկերությունը խախտել է հեռարձակման մասին ՀՀ
օրենսդրությունը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն,
Հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՌԸ) հաղորդումներում «քաղաքական դիրքորոշման
գերակշռությունն արգելվում է»: Ընդ որում այս արգելքը տարածվում է Հանրային
հեռուստառադիոընկերության ողջ գործունեության վրա, եւ ոչ թե միայն ընտրությունների
ժամանակաշրջանի: Հանրային հեռարձակողի մի շարք հաղորդումներում, եւ ամենից առաջ
Հ1-ի կիրակնօրյա լրատվական-վերլուծական «360 աստիճան» հաղորդման մեջ առկա էին
քաղաքական կողմնակալության ակնհայտ նշաններ: Քանի որ նրանում, մասնավորապես, 2007
թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին հետեւողականորեն արտահայտվում էր հաղորդման
հեղինակների բացասական վերաբերմունքը ՀՀ առաջին նախագահ եւ այս ընտրություններում
նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, դա կարելի է մեկնաբանել իբրեւ «քաղաքական
դիրքորոշման գերակշռություն»: Այն, որ Հանրային կոչվող հեռուստատեսությունն իր
գոյության առաջին օրվանից մի բան է միայն արել` ապատեղեկացրել է հասարակությանը,
նորություն չէ: Այդ ալիքը գործել է սովետական ժամանակների ամենատխրահռչակ
մեթոդներով, ամեն օր թմբկահարելով երկրի «ձեռքբերումներն ու հաջողությունները» եւ
փնովելով այդ հաջողությունների զարգացմանը «խոչընդոտողներին» եւ «երկիրը
ապակայունացնողներին», նորություն չէ: Բայց որ Հայաստանում մասնավոր
հեռուստաընկերությունները կհայտնվեն գրաքննության այնպիսի մամլիչի տակ, ինչպիսին
նկատվում է վերջին կես տարում, չէր կարող կանխագուշակել անգամ ամենահոռետես
փորձագետը:
Ես չեմ անդրադառնալու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ իշխանական ողջ մեքենայի
հարձակումներին. դա հայտնի է իր բոլոր մանրամասներով: Կբերեմ, այլ, ավելի թարմ
օրինակ. նախընտրական արշավի ընթացքում Սերժ Սարգսյանի բոլոր հանդիպումների մասին
ռեպորտաժները բոլոր ալիքներով ցուցադրվում էին մեկ օր ուշացումով. մի՞ թե մեր
հեռուստաընկերությունները տեխնիկապես այնպիսի խղճուկ վիճակում են, որ չեն
կարողանում ժամը 13-ին կայացած միտինգի ռեպորտաժը հեռարձակել երեկոյան ժամը 21-ի
կամ 22-ի լուրերի թողարկումներում: Իհարկե` ոչ: Միանգամայն պարզ է, որ այդ մեկ օրը
նախատեսված էր մոնտաժի, ծափերի ու «Առաջ, Հայաստան» գոչյունների (որոնք իրականում
չէին լինում հանրահավաքներում) ֆոնոգրամաները կադրերին հարմարեցնելու, իսկ վերջում
էլ դեռ գլխավոր «ցենզորների» հավանությանն արժանանալու համար:
Սակայն այն, ինչ կատարվում է հետընտրական շրջանում, ուղղակի վեր է բոլոր
պատկերացումներից: Դա կարելի է բնորոշել միայն իբրեւ լրատվական տեռոր: Ընդ որում,
դարձյալ պիտի կրկնեմ, այդ լրատվական տեռորն իրականցվում է մեկ կենտրոնից եկող
հրահանգներով ու սովետական «գլավլիտից» էլ վատ գրաքննության պայմաններում: Այլ կերպ
չես մեկնաբանի այն, ինչ կատարվում էր, օրինակ, 2008 թվականի փետրվարի 26-ի երեկոյան
եթերում: Բոլոր հեռուստաալիքները` նույն սովետական «ադաբրյամսի» ոգով ռեպորտաժներ
էին տալիս Սերժ Սարգսյանին «աջակցողների» միտինգից, ամբողջությամբ ցուցադրում
վարչապետի ելույթը եւ... ոչ մի բառ այն մասին, որ Հանրապետության հրապարակի
միտինգավորների 80 տոկոսը հետո միացավ Ազատության հրապարակի միտինգին` «Մի-ա-ցում»
բացականչությամբ, ոչ մի բառ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բազմահազարանոց
հանրահավաքի մասին (բացառությամբ մեկ րոպեանոց կադրերը «Երկիր մեդիա»-յում)...
Եվս մի օրինակ, արդեն նախորդ օրերի եթերից. բոլոր ալիքները խոսքները կարծես մեկ
արած տարածում էին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության
վարչության պատրաստած, ամոթ էլ է ասել` ռեպորտաժները, թե իբր Ազատության
հրապարակում հավաքվածները կեղտոտում են շրջապատը (այն դեպքում, երբ առավոտյան
այնտեղ գնացող յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե ինչպես են կամավորները մաքրում
հրապարակը), թե իբր հայտնաբերվել են մետաղյա ձողեր (ինչպես ասում են` «եփած հավի
ծիծաղն էլ կգա»), թե իբր զենքերի մի ամբողջ արսենալ է հայտնաբերվել... Քարոզչական
այս էժանագին տրյուկներին, որ անում է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ
լրատվության վարչությունը, եւ կարծես հաճույքով (իսկ մի գուցե` զզվանքո՞վ,
գրաքննության մամլիչի պարտադրանքո՞վ) ցուցադրում են «ազատ ու պատասխանատու»
հեռուստաալիքները, արդեն ոչ մեկը չի հավատում:
Իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում է (2008 թվականի փետրվարի 26-ի հանրահավաքում). «Ես
պաշտպանելու եմ խոսքի ազա¬տության իրավունքը»: Հավատալու ոչ մի հիմք չունեմ.
պաշտպանողը մինչեւ հիմա կպաշտպաներ:
