ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Չսպասված զարգացումներով շաբաթավերջ
Անցած շաբաթավերջը հագեցած էր անսպասելի բազմաթիվ իրադարձություններով ու
զարգացումներով։ Ներկայացնում ենք այդ ամենի ամփոփ պատկերը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն
Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր
դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Լևոն Խաչատրյանը, Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ
լիազոր նախարար Ռազմիկ Խումարյանը հայտարարեցին.
«Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը,
առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև մեր ունեցած
պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով,
խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով , որ
միայն արդար և ազատ ընտրությունների ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը
կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջև առկա
մարտահրավերներին և էականորեն բարձրացնել Հայաստանի իրական ժողովրդավարության
հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին։
Կարևորելով երկրում կայունության պահպանման և հասարակական համաձայնության
անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, և հատկապես երկրում հասարակական կարգի ու
անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ
ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից,
Հայաստանյան հեռուստաընկերություններին, և հատկապես Հ1-ին կոչ ենք անում ապահովել
իրադարձությունների անկողմնակալ և համակողմանի լուսաբանում և ուղիղ եթերի
տրամադրում ներկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ կառուցողական
դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի ներկայացուցիչներին,
Կոչ ենք անում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում աշխատող մեր բոլոր
գործընկերներին, միանալ մեր հայտարարությանը»։ Մեկ օր անց այս հայտարարությանը
միացան ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, միջազգային
կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը,
Ամերիկայի եւ Կանադայի բաժնի վարիչ Кարինե Աֆրիկյանը, ԱԳՆ սպառազինության եւ
անվտանգության հարցերի վարչության ՆԱՏՕ բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի
վարչության խորհրդական Առաքել Սեմերջյանը եւ Ամերիկայի վարչության Հարավային
Ամերիկայի բաժնի երկրորդ քարտուղար Էլեն Պետեյանը: Բոլորն էլ աշխատանքից ազատվեցին,
ոմանք Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվեցին դիվանագիտական աստիճաններից։
Փետրվարի 24-ին 15:30-ի սահմաններում Էրեբունի փողոցում (Ունիվերսամի մոտ)
ականատեսների վկայությամբ ԱԱԾ պետհամարանիշներ կրող մեքենաներով մի խումբ դիմակավոր
անձինք առևանգել են Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին և նրան
ուղեկցող անձանց ու տարել անհայտ ուղղությամբ։ Առևանգման ընթացքում դիմակավոր
անձինք մահակներով ծեծի են ենթարկել Արամ Կարապետյանի թիկնապահներին տեղեկացնում է
Լեւոն Տեր–Պետրոսյանի շտաբը: Իսկ ԱԱԾ–ն պաշտոնապես տեղեկացրեց, որ Արամ Կարապետյանը
ձերբակալվել է։ Նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում Նար-Դոս փողոցի վրա
ձերբակալվել են Լևոն Տեր-Պետրոսյանի Երևանի քաղաքային շտաբի պետ Խաչատուր
Սուքիասյանին ուղեկցող թիկնապահները և տարվել անհայտ ուղղությամբ։ Սա էլ, ըստ Լեւոն
Տեր–Պետրոսյանի շտաբի հայտարարության։
Սրանից մեկ օր առաջ՝ գիշերով խուզարկություն է կատարվել Ժողովրդավարական հայրենիք
կուսակցության նախագահ, Լեւոն Տեր–Պետրոսյանին սատարող Պետրոս Մաքեյանի տանը: Ըստ
խուզարկությանը ներկա «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան
Տեր-Եսայանի, խուզարկությունը տեղի է ունեցել դատարանի որոշմամբ, որի համար հիմք է
հանդիսացել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը, որով, Մաքեյանին մեղադրանք է
առաջադրվել Ընտրական հանձնաժողովին խանգարել-խոչընդոտելու համար:
Ոստիկանության տվյալներով, փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված
հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր
ստացվել, որ սեւ գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն
ՎԱԶ 21010 մակնիշի, 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաների մեջ գտնվող անձինք
զինված են եւ նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում:
Փետրվարի 23-ին, Ժամը 23.00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ԿՀԴՊ ԳՎ
աշխատակիցների կողմից նշված մեքենաները կանգնեցվել են: Ստուգելու ժամանակ
մեքենաների մեջ գտնվող անձանց կողմից դիմադրություն է ցուցաբերվել, որի ընթացքում
ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի
հաշվեցուցակային զենքից անզգուշաբար կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով թեթեւ
մարմնական վնասվածքներ են ստացել նույն վարչության աշխատակից Գեւորգ Մալխասյանը,
3-րդ վարչության ավագ օպերլիազոր Տիգրան Կարապետյանը եւ դիմադրություն ցուցաբերած
Վարդան Ջհանգիրյանը:
ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել ավտոմեքենաներում գտնվողները` ՀՀ գլխավոր դատախազի
նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ
Լյովա Պողոսյանը:
Գագիկ Ջհանգիրյանի մոտից հայտնաբերվել է չեխական արտադրության ՉԶ-75 տեսակի
ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, Վարդան Ջհանգիրյանի
մոտից` ՊՍՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով եւ փամփշտակալով, Կարեն
Հովհաննիսյանի մոտից`Մակարով տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով ու եւս մեկ
փամփշտակալ` 8 փամփուշտով:
Ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, Բրաունինգ տիպի
ատրճանակ` 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, դաշույն, ձեռնաշղթա եւ
զրահաբաճկոն:Վարդան Ջհանգիրյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական
գործ: Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ազատվեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվեց արդարադատության առաջին դասի պետական
խորհրդականի պաշտոնից, երբ հրապարակավ միացավ Լեւոն Տեր–Պետրոսյանի նախաձեռնած
շարժմանը։
Ոստիկանությունը տեղեկացնում է նաեւ, որ փետրվարի 24-ին, ժամը 11-00-ին, ՀՀ
ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում
անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Երևանի Տերյան-Կորյուն փողոցների
խաչմերուկում կայանված սեւ գույնի Լեքսուս մակնիշի 03 ՏՍ 003 պետհամարանիշի
ավտոմեքենայի ուղեւորները զինված են:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել վերոհիշյալ
ավտոմեքենան և մեքենայի մեջ գտնվող անձանց` ՀՀ պետեկամուտների նախկին նախարար, 1959
թ. ծնված Սմբատ Այվազյանին, 1974 թ. ծնված, ՀՀ հին քր. օր-ի 232 հոդվածի
հատկանիշներով նախկինում դատված Արտակ Սիսակյանին և 1961 թ. ծնված Վարդան
Կիրակոսյանին:
Անձնական խուզարկությամբ Սմբատ Այվազյանի մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է սեւ
գույնի բռնակով եւ նիկելապատ զսպանակով 1 մահակ, ավտոմեքենայի սրահից` Մակարով
տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով և 9 մմ տրամաչափի 7
փամփուշտով:Հայտնաբերվածներն ու առգրավվածներն ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Հետաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը:
Այս ամենից հետո գործող իշխանություններին ուղղված հայտարարություն տարածեց Լեւոն
Տեր–Պետրոսյանի շտաբը։
«Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած
համաժողովրդական շարժումը, որը սկիզբ է առել 2007 թվականի սեպտեմբերի 21-ին եւ
շարունակվում է մինչեւ օրս, անցած հինգ ամսվա ընթացքում կա'մ չի լուսաբանվել, կա'մ
հանրությանը ներկայացվել է խեղաթյուրված կերպով։ Տեղեկատվական համատարած շրջափակման
պայմաններում անգամ համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ստացել
է ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Դրանք ձայներն են
այն մարդկանց, ում վճարած հարկերով են ֆինասավորվում Հայաստանի հանրային ռադիոն եւ
հեռուստատեսությունը եւ ովքեր այսօր զրկված են ազատ եւ անկողմնակալ տեղեկատվություն
ստանալու իրենց սահմանադրական իրավունքից։
ՀՀ Սահմանադրության երկրորդ գլխի 27-րդ հոդվածն ասում է. որ
յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։
ՀՀ Սահմանադրության երկրորդ գլխի 27-րդ հոդվածը ասում է. որ
յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ
գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած
միջոցով։
ՀՀ Սահմանադրության երկրորդ գլխի 27-րդ հոդվածում հստակ կերպով նշված է, որ
Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
Նույն հոդվածում ասվում է նաեւ, որ
պետությունը երաշխավորում է տեղեկատվական,
կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն
առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ
գործունեությունը։
Հիմք ընդունելով ՀՀ հիմնական օրենքի` Սահմանադրության, սույն հոդվածը Ազատության
հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակիցների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին քվե տված
հարյուր հազարավոր մարդկանց անունից հանրային հեռուստաընկերությունից եւ ռադիոյից
պահանջում ենք.
ա/ օպերատիվ եւ անկողմնակալ տեղեկատվություն հաղորդել փետրվարի 19-ի խայտառակ
ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաների եւ հետընտրական այլ գործընթացների
մասին;
բ/ հնարավորություն տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան աջակցող
երկու տասնյակից ավելի քաղաքական ու հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներին ազատորեն եւ հանրության համար մատչելի կերպով արտահայտելու
իրենց տեսակետները։
Սույն պահանջները չկատարելու դեպքում Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության
ազգային խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ Հայլուր լրատվական ծառայության
տնօրեն Հարություն Հարությունյանը պետք է անհապաղ ազատվեն աշխատանքից եւ
պատասխանատվության ենթարկվեն ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը խախտելու
համար։
Սույն հայտարարությունն ուղղված է Հայաստանի գործող իշխանությանը, Հանրային ռադիոյի
եւ հեռուստատեսության ազգային խորհրդին, դիտորդական առաքելություն իրականացնող
կազմակերպություններին, Եւրամիության անդամ պետությունների դեսպանատներին»։
Լուսանկարները՝ Միքայել
Ղազարյանի
