ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 10 քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում 2008 թվականի փետրվարի 22-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ:
2008թ. փետրվարի 19-ին Շիրակի մարզի դատախազությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2008թ. փետրվարի 19-ին՝ ժամը 14:00-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 36/34 ընտրական տեղամասի մոտ հավաքված բազմության ներկայությամբ, ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածքի նախընտրական շտաբի պետ Հարություն Վազգենի Ուռուտյանը ծեծել և մարմնական վնասվածքներ է պատճառել ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի վստահված անձ Սուրեն Կորյունի Ավետիսյանին և խոչընդոտել վերջինիս լիազորությունների իրականացմանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, կատարվում է նախաքննություն: Հարություն Ուռուտյանը ձերբակալվել է:
2008թ. փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազություն մուտք է եղել Լոռու մարզի դատախազի հաղորդումն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արմեն Հովհաննիսյանը դիմել է Լոռու մարզի դատախազություն և հայտնել, որ ս.թ. փետրվարի 19-ին՝ ժամը 14:00-ին, ահազանգ է ստացել թիվ 30/22 ընտրական տեղամասից, որ հանձնաժողովի նախագահ Էդուարդ Վահանյանը հերթապահ ոստիկանների հետ միասին տեղամասից դուրս են հանել Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆիա Քալանթարյանին և շուրջ մեկ ժամ թույլ չեն տվել նրան մուտք գործել տեղամաս, որի պատճառով մոտ մեկ ժամ նա չի կարողացել հսկել ընտրությունների ընթացքը: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2008թ. փետրվարի 18-ին և 19-ին Վանաձոր քաղաքի թիվ 30/22 ընտրական տեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը տարբեր անօրինական գործողություններով խոչընդոտել է նշված ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:Նախապատրաստված նյութերի հիման վրա 20.02.08թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
2008թ. փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազություն մուտք է եղել Աբովյան քաղաքի թիվ 28/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուզաննա Մովսիսյանը ինքնակամ հեռացել է ընտրատարածքից, որից հետո ընտրատարածք մուտք են գործել նույն թեկնածուի վստահված մի խումբ անձինք, վիրավորել իրենց, խոչընդոտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:
Փաստի առթիվ 2008թ. փետրվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Լոռու մարզի Արեւածագ գյուղի 32/53 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վազգեն Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Էդմոն Գեւորգյանն, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է հանձնաժողովի անդամների հետ, խոչընդոտել աշխատանքներին: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Էդմոն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2008թ. փետրվարի 19-ին, ժամը 09:00-ին Կոտայքի բաժնում ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Էդուարդի Թորոսյանը ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Չափիչ սարքավորումների գործարանի թիվ 3-րդ հանրակացարանում տեղակայված թիվ 28/07 ընրական տեղամաս են մտել երեք անծանոթ տղամարդ, որոնք բռնությամբ իրեն դուրս են հանել ընտրական տեղամասից և ուժ գործադրմամբ նստեցրել իրենց «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան և տարել Աբովյանի «Կանալ» կոչվող հատված, որտեղ նրանցից մեկը ծեծի է ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և զգուշացրել չխառնվել ընտրական հանձնաժողովի գործունեությանը: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2008թ. փետրվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/21 ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն եւ նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Հրաչ Պետրոսյանին մի խումբ անձինք ծեծի են ենթարկել՝ խոչընդոտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է:
2008թ. փետրվարի 19-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի 27/30 ընտրական տեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի վստահված անձ Տիգրան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել Արտուշ Հակոբյանի հետ, որի ընթացքում դանակի հարվածով թափանցող վնասվածք է հասցրել նրան: Ա. Հակոբյանը տեղափոխվել է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ 2008թ. փետրվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
«Ա1+» ինտերնետային թերթը 2008թ. փետրվարի 19-ին «Ծեծել են «ՀԺ»-ի լրագրողին» վերտառությամբ հոդվածում տեղեկացրել է, որ թիվ 13/16 տեղամասում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին ծեծել են, որի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ժամը 16:24-ին ստացվել է նաև հաղորդագրություն: Ահազանգի մասին անհապաղ տեղեկացվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազը եւ ՀՀ ոստիկանության քննչական վարչության Էրեբունու բաժնին հանձնարարվել է նախապատրաստել նյութեր:
ՀՀ Նախագահի 2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրությունների ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց՝ դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Վարդան Խաչատրյանի, ինչպես նաև լրագրող Լուսինե Բարսեղյանի լիազորությունների իրականացմանը բռնության գործադրմամբ խոչընդոտելու վերաբերյալ նյութերի ու ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ԿԸՀ նախագահին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը հասցեագրված ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի, Վարդան Խաչատրյանի, Զարուհի Փոստանջյանի և «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի 2008թ. փետրվարի 19-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
2008 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Գյումրի նախընտրական շտաբից ՀՀ գլխավոր դատախազությունում հաղորդում է ստացվել, որ «Ժողովրդական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն իր համախոհների հետ ներխուժել է Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս, հայհոյել եւ սպառնացել հանձնաժողովի անդամներին: Հաղորդումը ստուգելու համար այն Շիրակի մարզի դատախազության միջոցով ուղարկվել է Շիրակի մարզի քննչական բաժին: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 19.02.08թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս են մտել Գյումրի քաղաքի բնակիչներ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանը եւ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը: Վերջիններս տեղամասում աղմկել են ընտրողների անձնագրերում դրոշմակնքման հարցի շուրջ, ընտրողների ներկայությամբ վիճաբանել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ, շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը եւ սպառնացել: Դեպքից 1-2 րոպե անց նույն ընտրատեղամաս է մուտք գործել Շոթա Սաղաթելյանը եւ, ներկայանալով որպես ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ եւ խոչընդոտել նրանց աշխատանքների կատարմանը: Վերջինիս հեռանալուց հետո քիչ անց 34/06 տեղամաս է մուտք գործել «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ կրկին նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի նախագահի հետ եւ շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների կատարմանը:
Նախապատրաստված նյութերի հիման վրա 21.02.08թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերի հատկանիշներով:
ՀՀ գլխավոր դատախազությունում 21.02.08թ. ստացվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հաղորդումը՝ թիվ 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, տեղակալի, անդամների եւ այլոց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքներն աղավաղելու եւ կեղծելու վերաբերյալ: Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանը: Պարզվել է, որ Երեւանի 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նախագահի տեղակալ Ալվարդ Հովհաննիսյանը, քարտուղար Մարգարիտա Այվազյանը, հանձնաժողովի անդամներ Լեյլա Գրիգորյանը, Ռոզա Հովսեփյանը եւ այլոք ՀՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում մտցրել եւ իրենց ստորագրություններով հաստատել են ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ՝ կեղծելով քվեարկության արդյունքները:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 21.02.08թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Հանձնաժողովի նախագահ Էդ.Աղաջանյանը ձերբակալվել է:
Նշված 10 քրեական գործերով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իսկ դատախազությունը խոստանում է դրանց ընթացքի մասին լրացուցիչ տեղեկացնել:
