FIDH–ի առաքելությունը Թուրքիայում – Ամփոփիչ զեկույց

In English

«Թուրքիան պետք է վերջ տա քաղաքական բռնությունների անպատժելիությանը»

Փարիզ, 13 փետրվարի, 2008թ. – Մարդու իրավունքների միջզգային ֆեդերացիան (FIDH) իր
առաքելությունն է ստանձնել Ստամբուլում 2008թ.–ի փետրվարի 9–ից 11–ը՝ Հրանտ Դինքի
սպանության հրապարակային դատավարության առնչությամբ։ Հրանտ Դինքը՝ «Ակոս» թրքահայ
թերթի գլխավոր խմբագիրն էր, որ սպանվել էր հրազենի կրակոցից 2007թ.–ի հունվարի 19–ին
իր թերթի խմբագրության մուտքի առջև։ Առաքելությունը կազմակերպվել էր ի լրումն Հրանտ
Դինքի ընտանիքի և դատապաշտպաններին ծավալած գործողությունների՝ ի պաշտպանություն
հանուն Արդարության մղվող իրենց պայքարի։


Դատական երրորդ նիստից հետո FIDH–ը ողջունում է դատական ընթացքի նկարահանումը, քանի
որ թափանցիկությունը դատավարության արդարությունը երաշխավորող էական տարրերից է։
Այդուհանդերձ, FIDH–ի գլխավոր քարտուղար Ֆլորանս Բելիվյերը (Florence Bellivier)
կոչ է անում թուրք պաշտոնյաներին «հնարավորություն տալ Դինքի ընտանիքի
դատապաշտպաններին անարգել ծանոթանալու գործին առնչվող բոլոր փաստաթղթերին,
մասնավորապես՝ Պետական անվտանգության գործակալների գործելակերպի քննության
արդյունքներին»։

Այս գործին զուգահեռ FIDH–ը ցանկանում է իր գոհունակությունը հայտնել հունվարի
22–ին հետևած ձերբակալության և Ergenekon զինյալ անօրինական խմբավորմանը պատկանող
մի խումբ ծայրահեղ–ազգայնականների դեմ բացված դատական քննության կապակցությամբ։
Վերջիններիս թվում է՝ թուրքական բանակի պաշտոնաթող գեներալ պրն Վելի Քյուչուկը (Veli Küçük)։

Որևէ կանխակալ մոտեցում չցուցաբերելով քննության արդյունքների հանդեպ՝ FIDH–ը
ողջունում է դատական գործի հարուցումը այն անձանց նկատմամբ, որոնց անունները
բազմիցս հայտնվել են քաղաքական բռնությունների մի շարք դեպքերի, մասնավորապես՝
Հրանտ Դինքի սպանության, 2007թ.–ի ապրիլի 18–ին Մալաթիայում քրիստոնյա քահանայի և
նրա երկու ծառայողների արյունալի սպանդի և 2006թ.–ի փետրվարի 4–ին Տրաբզոնում
կաթոլիկ եկեղեցականի սպանության առնչությամբ։ «FIDH–ը հույս է հայտնում, որ այս
քննությունները հնարավորություն կտան բացահայտել այս հանցագործությունների համար
պատասխանատու ավելի բարձր մակարդակները և վերջ տալ քաղաքական բռնությունների
շղթային»,– ասաց գլխավոր քարտուղար Ֆլորանս Բելիվյերը:

Դատավարությունից զատ առաքելությունը հարմար առիթ ընձեռեց քննարկելու մարդու
իրավունքների մի քանի հիմնական խախտումները, որոնք այսօր տեղի են ունենում
Թուրքիայում։ Այս առնչությամբ FIDH–ը կցանկանար շեշտել հետևյալը.

  • Քրդական հարց

    FIDH–ը և դրա անդամ կազմակերպություն՝ «Մարդու իրավունքների միությունը» (İnsan
    Hakları Derneği, IHD) իրենց խորը մտահոգությունն են հայտնում հարավ–արևելյան
    գավառներում մարդու իրավունքների շարունակական խախտման կապակցությամբ։
    Կազմակերպություններին հատկապես մտահոգում է խաղաղ բնակավայրերի ռմբարկումը, որը
    հակասում է մարդու միջազգային իրավունքների և մարդասիրական իրավունքի հիմնարար
    սկզբունքներին։ Կազմակերպությունները ևս մեկ անգամ կոչ են անում իշխանություններին
    քաղաքական և խաղաղ եղանակներով կարգավորել Քրդական հարցը, և հորդորում են
    կառավարությանը բանակցություններ նախաձեռնոել քրդական կազմակերպությունների և
    քաղաքացիական հասարակությոան հետ այս առնչությամբ։
  • Կարծիք ունենալու և արտահայտելու ազատություն

    FIDH–ը ևս մեկ անգամ կոչ է անում չեղյալ հայտարարել Քրեական օրենսգրքի թիվ 301
    հոդվածը։ Խոսքի ազատությունը չպետք է քրեորեն պատժելի լինի, և Թուրքիան պետք է
    ենթարկվի այս առնչությամբ ՄԱԿ–ի հատուկ զեկուցողների և բանակցային մարմինների
    կողմից հնչեցրած հանձնարարականներին։ Քուրդ և այլ փոքրամասնությունների վիճակը,
    ինչպես նաև հարավ–արևելքի կոնֆլիկտի հետևանքները ներկայացնող թերթերը, ինչպիսին է
    «Ազատ օրակարգը» (Özgür Gündem) պետք է հնարավորություն ստանան ազատ հրապարակելու
    իրենց նյութերը։
  • Մարդու իրավունքների պաշտպանների վիճակը

    FIDH–ը անհանգստացած է մարդու իրավունքների պաշտպանների, ինչպես նաև մարդու
    իրավունքներին նպաստող մտավորականների և լրագրողների շարունակական ճնշումներով։
    Ինչպես արձանագրվել է Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտակետի
    (FIDH-OMCT) կողմից, Ադանայի IHD բաժանմունքի նախագահ պրն Էթեմ Աչիկալինը (Ethem
    Açikalin), ինչպես նաև Անկարայի բաժանմունքի նախկին նախագահը և վարիչը շարունակում
    են կամայական կալանքի տակ մնալ։ FIDH–ը կոչ է անում անմիջապես ազատ արձակել նրանց։
    FIDH–ը շարունակում է մտահոգված մնալ IHD փոխնախագահ տկն Ռեյհան Յալչինդաղի (Reyhan
    Yalçındağ) դեմ կիրառվող դատական ճնշումներով, IHD–ի Մերսինի բաժանմունքի
    (Հարավային Թուրքիայում) փակման հետ կապված ձգձգվող դատավարությամբ, ինչպես նաև
    Թուրքիայի փոքրամասնությունների զեկույցը հրապարակելու պատճառովՄարդու իրավունքների
    ազգային կոմիտեի անդամներ՝ պրն Իբրահիմ Կաբօգլուի և պրն Բասքին Օրանի դատական
    հետապնդման աչնչությամբ։ FIDH–ը կոչ է անում կասեցնել այս գործերի առնչությամբ առաջ
    քաշվող բոլոր մեղադրանքները։
  • Հակահաբեկչություն և մարդու իրավունքներ, կտտանքների կիրառում

    Վերջապես, FIDH–ը անհանգստացած է իրեն անդամակցող Թուրքիայի Մարդու
    իրավունքների հիմնադրամի կողմից իրեն զեկուցած տեղեկություններով՝
    Հակահաբեկչական ակտի ներքո սահմանված գործողությունների ընդարձակ և անորոշ
    մեկնաբանության վերաբերյալ, որը հակասում է Քաղաքացիական և քաղաքական
    իրավունքների միջազգային համաձայանգրի օիրնականության սկզբունքներին։ Բացի այդ
    կազմակերպությունները ցավում են կտտանքների շարունակական կիրառման դեպքերում
    անպատժելիության կամ թույլ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, ինչը հետեւանք
    է սակավաթիվ դատապարտումների։ Նրանք կոչ են անում թուրքական իշխանություններին
    ենթարկվել ՄԱԿ–ի հակաահաբեկչության և մարդու իրավունքների հարցերով անկախ
    փորձագետների, ինչպես նաև Կտտանքների հարցերով ՄԱԿ–ի հատուկ զեկուցողի
    ներկայացրած հանձնարարականներին։