Թաքնված գրաքննությունը դրսեվորվել է նաեվ նախընտրական շրջանում

Թաքնված գրաքննությունը դրսեվորվել է նաեվ նախընտրական շրջանում

Հունվարի վերջին հրապարակվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` Հայաստանի նախագահի ընտրությունների
դիտորդական առաքելության առաջին միջանկյալ հաշվետվությունը: Փաստաթղթում նշվում է,
որ այլ միջոցառումներին զուգահեռ, հունվարի 11-ից առաքելությունը սկսել է նաեւ
ԶԼՄ-ներում ընտրարշավի լուսաբանման դիտարկում (մոնիտորինգ) իրականացնել: Խնդիրներից
մեկը ներկայացվող քաղաքական տեսակետների բազմազանության գնահատումն է:

Համաձայն առաքելության եզրակացությունների` հունվարի 21-ին մեկնարկած նախընտրական
քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանում «հեռարձակվող ԶԼՄ-ների մեծամասնությունը,
այդ թվում` Հանրային հեռուստատեսությունը, թեկնածուների լուսաբանման ակնհայտ
անհամաչափություն է ցուցաբերել»: Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ի
տարբերություն Սերժ Սարգսյանի համարյա գերազանցապես դրական եւ չեզոք
լուսաբանումների, նախագահի մյուս թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը «մշտապես
ներկայացվում է բացասական լույսով»: Մասնավորապես, Հայկական երկրորդ
հեռուստաալիքում եւ «ԱԼՄ»-ում Լեւոն Տեր-Պետրոսյանի «բացասական» լուսաբանումները
գերազանցել են նրա «դրական» եւ «չեզոք» լուսաբանումների հանրագումարին»,- ասված է
փաստաթղթում:

Միջազգային դիտորդական առաքելության եզրակացություններն ու գնահատականները
հիմնականում համընկնում են «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնի եւ Երեւանի մամուլի
ակումբի` 2007 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին իրականացրած դիտարկման արդյունքներին:
Տեղին է հիշել, որ երբ նախորդ տարվա դեկտեմբերին, հիմնվելով այդ ժուռնալիստական
կազմակերպությունների հետազոտությունների վրա, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
Թերի Դեւիսը, իսկ մի քիչ ավելի ուշ` Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ
ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին իրենց մտահոգությունները
հայտնեցին նախընտրական շրջանում հայկական ԶԼՄ-ներում տիրող իրավիճակի վերաբերյալ,
կառավարության ղեկավարը եւ նրա մի քանի կողմնակիցներ դիտարկումը «ոչ օբյեկտիվ»
անվանեցին: Ընդսմին` եվրոպական պաշտոնյաներին առաջարկվեց պայմանագրային կարգով
վարձել որեւէ մասնագիտացված կազմակերպություն` դիտարկում իրականացնելու համար. այդ
դեպքում, իբր, առարկություններ չեն լինի:

Դատելով ըստ ամենայնի, տեղական հեղինակավոր լրագրողական կազմակերպությունները,
որոնց կարծիքների հետ հաշվի են նստում միջազգային մակարդակով, գործող
իշխանությունների կողմից չեն ընկալվում իբրեւ «մասնագիտացված»` հավանաբար այն
պատճառով, որ նրանց մասնագիտական գործունեությունը, տվյալ դեպքում` դիտարկման
արդյունքները, ցույց տվեցին, թե որքան տագնապալի է իրավիճակը ԶԼՄ-ների բնագավառում
եւ ակնհայտ է ողջ հեռարձակման ոլորտի կախվածությունը նույն այդ իշխանությունից:

Այժմ, երբ զուգահեռաբար ընտրարշավի լուսաբանման դիտարկում են իրականացնում եւ
միջազգային դիտորդական առաքելությունը, եւ Երեւանի մամուլի ակումբը, կարելի կլինի
համադրել ստացված արդյունքները եւ եզրակացությունները` բացառելու համար «ոչ
օբյեկտիվության» մասին բոլոր տեսակի կասկածները: Իհարկե, դրան էլ կարող են հաջորդել
«աղբը տնից հանելու» մեղադրանքները: Սակայն այս առիթով էլ տեղական լրագրողական
կազմակերպությունները վերջերս տարածած հայտարարության մեջ համոզմունք էին հայտնել,
որ «աղբը տնից չհանելուց» խուսափելու լավագույն միջոցը այդ տունը մաքուր պահելն է»:

Միեւնույն ժամանակ, անցյալ շաբաթ Երեւանի մամուլի ակումբը հրապարակեց Հայաստանի
հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2008 թվականի նախագահական ընտրությունների լուսաբանման
դիտարկման առաջին 10 օրերի (21 - 30. 01. 2008) միջանկյալ հաշվետվությունը:
Եզրակացությունները դարձյալ անմխիթար են: Ինչպես նշվում է ԵՄԱ հաշվետվության մեջ.
«Ներկա ընտրարշավի լուսաբանման գլխավոր խնդիրը մնում է ոչ այնքան հեռարձակվող
ալիքների կողմից քաղաքական գործիչների միջեւ ուշադրության բաշխումը, որքան երկու
թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նշանային բնութագրիչ
հիշատակումների մեծ քանակությունն ու նրանց լուսաբանումների միանգամայն հակադիր
բնույթը»: Ընդսմին`հետազոտված ժամանակաշրջանի բոլոր հիմնական միտումները դիտարկումը
նախաձեռնողներին հիմք են տալիս ենթադրելու «ներկա ընտրարշավի լուսաբանման
համաձայնեցված ռազմավարության» առկայության մասին: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ
դիտորդական առաքելությանը, ապա այն խոստացել է իր երկրորդ միջանկյալ
հաշվետվությունը հրապարակել մի քիչ ավելի ուշ:

Ըստ էության, եթե նկատի առնենք միջազգային կառույցների պաշտոնական
ներկայացուցիչների բացասական գնահատականները, ապա հարկ է արձանագրել, որ այժմ
իշխանությունները «հնձում են» այն, ինչ «ցանել են» տեղեկատվական դաշտում: Եվ
իրավիճակը շտկելու համար կամ պետք է հրաժարվել հեռարձակման բնագավառի թաքնված
գրաքննությունից, դրա նկատմամբ տոտալ վերահսկողությունից, կամ`
հեռուստաընկերություններին հրահանգել, որ գոնե քարոզարշավի ընթացքում դադարեցնեն
նախագահի թեկնածուների գործունեության կանխակալ լուսաբանումը:

Հասկանալի է, որ ձեւավորված պայմաններում, ոչ առաջինը, ոչ երկրորդը հնարավոր չէ:
Մինչեւ ընտրությունները մնացած ժամանակաշրջանում ողջ քարոզչամեքենան, թերեւս,
կաշխատի իշխանության թեկնածուի օգտին: Հետեւաբար, իշխող վերնախավը պետք է հաշտվի եւ
տեղական հասարակության, եւ միջազգային կառույցների այն քննադատության հետ, ըստ որի
ընտրությունների ընթացքում խախտվել են անաչառ եւ բազմակողմանի քաղաքական
տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքները, իսկ թեկնածուները զրկված էին
ընտրազանգվածի հետ շփվելու հավասար հնարավորություններից:

Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ