Մարդու կյանքը թանկ է միայն մեկ թեկնածուի համա՞ր

Ինչպես հայտնի է, Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը` մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության շենքում մահացել է ՀՀ քաղաքացի Լեւոն Գուլյանը: Լեւոն Գուլյանը ոստիկանություն էր հրավիրվել որպես վկա: Ոստիկանությունը պնդում է, թե Լեւոն Գուլյանը փախուստի փորձ է կատարել, վայր ընկել երկրորդ հարկից ու մահացել: Լեւոն Գուլյանի հարազատները պնդում են, որ Լեւոն Գուլյանը դարձել է ոստիկանության աշխատակիցների խոշտանգումների զոհ:

Մի շարք ՀԿ-ներ, այդ թվում` Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, բազմիցս անդրադարձել են այս հարցին, ներկայացրել տարբեր կողմերի տեսակետներ: Սակայն խնդրի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը չի մարում: Դեպքը առնվազն արտառոց է: Անկախ ամեն ինչից, ՀՀ անմեղ քաղաքացու մահը ՀՀ իրավապահ մարմիններից մեկի շենքում չպետք է անհետեւանք մնա:

Այս ամենին, բնականաբար տեղյակ են նաեւ ՀՀ նախագահի ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրած թեկնածուները։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտն էլ բոլոր թեկնածուներին ուղղեց նույն հարցը. Եթե ընտրվեք ՀՀ նախագահ, Լեւոն Գուլյանի գործին առնչվող որեւէ քայլ նախաձեռնելու՞ եք: Եթե այո, մանրամասնեք. ինչ եք պատրաստվում անել: Թեկնածուներ Արման Մելիքյանին եւ Արամ Հարությունյանին հարցը չէր հասել տեխնիական խնդիրներով։ Իսկ մնացած 7 թեկնածուներից ՔՀԻ–ի հարցին պատասխանեց միայն Վազգեն Մանուկյանը։ Նրանից ստացված նամակում ասվում է. «Արդարության իրականացման և դատաիրավական համակարգի ազատ, արդար, արդյունավետ աշխատանքի հիմքում ընկած է իշխանությունների քաղաքական կամքը` արդարության գործընթացին չմիջամտելու քաղաքականությունը: Այս խնդրի համալիր լուծումը ուղղակիորեն կախված է ՀՀ նախագահական ընտրություններից: Մեր թեկնածու Վազգեն Մանուկյանի նախագահ դառնալու դեպքում կլուծվեն ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ նման խնդիրներ, որոնք ուղղակիորեն կմաքրեն արդարադատությունը առկա բազմաթիվ արատավոր երևույթներից»:

Հիշեցնենք, որ օրինականության հաստատման մասին խոսում են բոլոր թեկնածուները, բայց ստացվում է, որ հանրապետության նախագահի բարձր աթոռին հավակնող անձանց մեջ միայն մեկն է կարեւորում մարդու կյանքը, կամ ավելի ճիշտ մարդու կյանքի իրավունքը, օրենքով պաշտպանված լինելու իրավունքը։