ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եթե որոշողը բախտը լիներ
Որեւէ երկրում որեւէ մակարդակի ընտրությունների ելքը որոշողը, ընդ որում, միակ որոշողը, ընտրողներն են: Կախված երկրի զարգացման մակարդակից ընտրություններում
արձանագրվում են տարբեր միջամտությունների ընտրողների կամքի արտահայտմանը, ընդհուպ
մինչեւ բռնություն ընտրողների վրա: Հայաստանում դեռ հեռու ենք ընտրությունները ոչ
միայն ազատ ու արդար, փակ, գաղտնի անցկացնելուց: Բայց ամեն կերպ փորձում ենք հասնել
դրան: Օրինակ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ բոլոր թեկնածուներին Հայաստանի
հանրային հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերում անվճար եթերաժամանակ է տրվում:
Որ ոչ ոք չասի թե կողմնակալություն է արվում, եթերաժամանակը թեկնածուների միջեւ
բաժանվում է պարզ վիճակահանությամբ: Այլ խոսքով, բախտն է որոշում, թե որ թեկնածուն,
քարոզարշավի որ օրը որերորդն է լինելու Հանրայինի եթերում: ՀՀ նախագահի 2008
թվականի ընտրության եթերն արդեն բաժանված է, ամեն թեկնածու արդեն կամ անիծել է իր
բախտը, կամ երանի տվել: Մի պահ պատկերացնենք, որ ընտրությունների ելքը որոշվում է
հենց բախտով եւ ելնելով եթերժամանակի բաժանման ժամանակ թեկնածուների բախտավորության
աստիճանից, տեսնենք, թե ով կհաղթի ընտրություններով, ով հաղթելու ոչ մի շանս չունի:
Ամենաբախտավորը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ
Հարությունյանն է. քարոզարշավի 26 օրերից նա 10 անգամ` 5 օր հանրային
հեռուստաընկերության եւ նույնքան էլ հանրային ռադիոյի եթերում առաջինն է լինելու:
Երկրորդը լինելու հարցում էլ է Արամ Հարությունյանը առաջատար. 26 օրում 8 անգամ է
լինելու երկրորդը: Առաջինը լինելու բերկրանքը ամենաքիչը կվայելի Սերժ Սարգսյանը`
երկու անգամ, հետո Վահան Հովհաննիսյանը` երեք անգամ: Սերժ Սարգսյանի բախտը չի բերել
նաեւ վերջինը չլինելու հարցում: Ամենաանբախտը նա է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նրանք
8-ական անգամ վերջինը` 9-րդ են լինելու: Սերժ Սարգսյանը եւ Վահան Հովհաննիսյանը 26
օրում 11-ական անգամ 8-րդ են լինելու, Լեւոն Տեր-Պետրոսյանը 8-րդ է լինելու 3
անգամ: Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը
ամենաքիչն է լինելու եթերը եզրափակող. 3 անգամ վերջինը, նույնքան անգամ էլ`
նախավերջինը: Վազգեն Մանուկյանի բախտը բերել է նաեւ առաջատարի պարագայում. նա
միանձնյա առաջատար Արամ Հարությունյանին զիջում է ընդամենը մեկ միավորով. 26 օրում
Վազգեն Մանուկյանը եթերը բացելու է 9 անգամ: 9 անգամ եթերը բացելու պատիվ կունենա
նաեւ Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, բայց ի
տարբերություն Վազգեն Մանուկյանի նա վերջին եւ նախավերջին տեղերում կլինի 4-ական
անգամ:
Քարոզարշավի 26 օրերի ընթացքում բոլորից շատ եթերում երրորդն է լինելու Արման
Մելիքյանը` 9 անգամ, չորրորդը` Վազգեն Մանուկյանը` 10 անգամ, հինգերորդը` Արամ
Հարությունյանը` 8 անգամ, վեցերորդը` էլի Արման Մելիքյանը` 10 անգամ, յոթերորդը`
Արտաշես Գեղամյանը` 9 անգամ, վերջինը եւ նախավերջինը` Սերժ Սարգսյանը` 11 անգամ եւ
8 անգամ:
Ըստ բախտավորության այս սանդղակի, 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունում
հաղթելու շանս չունեն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը: Հաղթելու մեծ
հնարավորություն ունի Արամ Հարությունյանը: Փոքր չէ Վազգեն Մանուկյանի հաղթելու
հավանականությունը:
