Ծրագիրն ուղղված է ՀՀ քաղաքացիներին

Հարցազրույց «Իրավական նախաձեռնություն. ընտրություններ 2008» ծրագրի
համատնօրեն, «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հասարակական
կազմակերպության նախագահ Գայանե Մարկոսյանի հետ:





Ի՞նչ է իրենից ներկայացնում «Իրավական նախաձեռնություն. ընտրություններ 2008»
ծրագիրը

«Իրավական նախաձեռնություն 2008» ծրագիրը կոալիցիոն ծրագիր է (բացի մեր
կազմակերպությունից կոալիցիայի մեջ մտնում են Քաղաքացիական հասարակության
ինստիտուտը և Հելսինքյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանյան կոմիտեն։ Ես, ՔՀԻ
փոխնապագահ Արման Դանիելյանը և ՀՔԱ –ի համանախագահ Նատալյա Մարտիրոսյանը
ներկայացվող ծրագրի համատնօրեններն ենք։ Մասնավորապես մեր ՔՆԱԱ –ի խնդիրն է, բացի
ծրագրի ողջ ընթացքին մասնակցելը, տեղական քաղաքացիական ակտիվիստների ուսուցումների
միջոցով «Իրավական նախաձեռնություն 2007»
ծրագրի շրջանակում ստեղծած հասարակական կազմակերպությունների ցանցի վերականգնումն
ու համալրումը  և ստեղծվելիք իրավական «Շտապ օգնության մեքենաների» (ՇՕՄ)
ընդհանուր ռեսուրսի հավաքագրումը։



Ինչ նպատակով է ծրագիրը իրականացվում, երբ է սկսվել, ովքեր են ընդգրկված, ինչպես
են համագործակցում ծրագրում ընդգրկված ՀԿ-ները:

Ծրագրի գլխավոր նպատակը՝ ընտրական գործընթացում ներգրավված բոլոր սուբյեկտների՝
ըստ իրենց դիրքավորման ՀՀ Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով
ամրագրված
իրենց իրավունքների իրականացման ապահովումը։ Հիմնական մեխանիզմը՝ ոտնահրված
ընտրական իրավունքը վերականգնելու պահանջ ներկայացնողներին իրավական
խորհրդատվություն և փաստաբանական աջակցություն տրամադրելն է։ Այդ մեխանիզմը
«աշխատող» դարձնող միջոցները՝ նախ- և ետընտրական շրջաններում ՝թեժ գծի հեռախոսահամարի գործարկումը, իսկ
քվեարկության՝ օրը շրջիկ ՇՕՄ-երի ծառայությունների մատուցումը։ ՇՕՄ-երի անխափան
գործունեության ապահովման ձևը՝ նրա կազմում իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ,
դիտորդ և լրատվամիջոցի ներկայացուցիչ ներգրավելն է։ Այդ ամենի արդյունավետության
երաշխիքը՝ իրականացվող գործունեության մասին սպառիչ տեղեկատվության տարածումը։
Նկարագրաված ռազմավարությունը նախատեսում է ամենալայն համագործակցություն ոչ միայն
ծրագիրն իրականացնող կոալիցիայի ներսում, այլ նաև մարզային ՀԿ-ների և ընդհանուր
առմամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ներկայացվող ծրագրի
ներուժը համալրվելու է և այլ ընտրական ծրագրերի հետ համագործակցության հաշվին,
առավելապես Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի դրամաշնորհառու
կազմակերպությունների հետ։ Համագործակցության կոնկրետ ձևերը պայմանավորված են
ծրագրերի բովանդակությամբ։ Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի մեկից և կշարունակվի
մինչև մարտի վերջը։ Իրավական անվճար օգնությունը կտրամադրվի այնքան ժամանակ,
 որքան դա կպահանջի հնարավոր դատական գործընթացը։ Թեժ գիծը
«հասանելի» կլինի հունվարի 15-ից
մինչև մարտի 15-ը։ Ծրագիրը ունի նաև հեռանկարային նպատակներ, որոնցից մենք առավել
կարևորում ենք հասարակությունում իրավական գիտակցության սերմանումը։
Ողջ ծրագիրը իր պրակտիկ քայլերով և հայեցակարգային բնույթով հասցեագրված է
ՀՀ քաղաքացիներին ՝ անհատներին և հավաքականությանը: Ոզում եմ շեշտել.
քաղաքացիներին, այլ ոչ թե «ազգաբնակչությանը»,
և եթե ծրագրի իրականացման ընթացքում իսկական քաղաքացիների թիվը ավելանա,
ապա դա էլ մենք կդասենք ծրագրի մնայուն արդյունքների շարքին։

Մարզերում հանդիպում-քննարկումներ եք ունենում: Ինչ նպատակով, ում հետ, ինչ
եք քննարկում:

Հանդիպում ենք տեղական քաղաքացիական ակտիվիստներին: Օրինակ դեկտեմբերին
հանդիպում եղավ Վանաձորում: Սա հատուկ եմ նշում, որովհետեւ Վանաձորի հանդիպումը
թվով հինգերորդն էր, և դրա ընթացքում գոնե քանակային առումով մենք արձանագրեցինք
ծրագրի նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն՝ նախատեսված 32-ի փոխարեն 50-ից ավել
մասնակից։ Այդքան մասնակից ներկա էր
միայն Գյումրիի ուսուցմանը։ Այդ
պարագայում էլ ավելի էր աչք զարնում իրավաբանների սակավությունը` ընդամենը 3-ը։
Սակայն քանի որ այս՛ առաջին հանդիպումների հիմնական նպատակը՝ դա ռեսուրսի
հաշվառումն է, ապա կարող ենք ասել, որ այն ծառայեց իր առջև դրված խնդրին. պրոբլեմը
ժամանակին հայտնաբերվեց և իհարկե կստանա իր լուծումը՝ Լոռիի համար նախատեսված 4-5
ՇՕՄ-երի անձնակազմերը կհամալրեն այլ մարզերից կամ մայրաքաղաքից եկած իրավաբանները։

Ո՞րն է ձեր կարծիքով առաջիկա ընտրությունները ազատ եւ
արդար անցկացնելու կարեւորագույն գործոնը։

Գալիք ընտրությունների հաջողության գրավականներից կարևորագույնը համարում եմ
այդ գործընթացի հանդեպ հասարակության օտարման, անտարբերության հաղթահարումը։
Ընտրության իսկ ընթացքը և այդ ընթացքում ստացված արդյունքը պետք է օրինական
տեսանկյունից համոզիչ լինեն և վստահություն ներշնչեն։ Հասարակությունը պետք
է շահագրգռված լինի այդ պրոցեսով թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային իմաստով։
Բովանդակային՝ իմ պատկերացմամբ դա չափանիշային ընտրությունն է, երբ ընտրող գիտի, թե
ինչ հատկություններ է նա փնտրում նախագահի թեկնածուի մեջ, ինչ է ակնկալում նրանից և
շահագրգիռ է այդպիսի մարդ տեսնել թեկնածուների շարքում։ Ընթացակարգային
շահագրգռվածությունը ենթադրում է ընտրողի մեջ իր ընտրական իրավունքի և իր կատարած
ընտրության իրականացման գործում քաղաքացիական կամք դրսևորելու պատրաստակամություն։
«
Իրավական նախաձեռնություն 2008» ծրագրի
նկարագրությունից պարզ է դառնում, որ մենք թիրախ ընտրեցինք երկրորդ՝ ընթացակարգային
խնդիրը։ Եվ դա ունի շատ պարզ բացատրություն. Մեր կողմից անչափ կարևորվող առաջին
խնդիրը չես լուծի ո՛չ հինգ ամսում, ո՛չ էլ երևի հինգ տարում։ Սակայն դա չի իջեցնում
նրա կարևորության նշանաձողը։ Պարզապես այդ հարցում շոշափելի
արդյունքների հասնելու համար այդ տեսակ բովանդակային աշխատանքը պետք էր սկսել հինգ
տարի առաջ կամ, մի գուցե, ... 2008 թ. փետրվարի 20-ից, սկսել անհապաղ, որպեսզի
հաջորդ ընտրական ցիկլում ունենանք բովանդակային ընտրությանը պատրաստ շահագրգիռ
քաղաքացի-ընտրողների հոծ բազմություն։