Ինֆորմացիայի ազատության մասին օրենքը չի խախտել միայն մեկ թաղապետարան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2007թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղեկություն ստանալու հարցումներ էր ուղարկել Երևանի բոլոր 12 համայնքների թաղապետերին` խնդրելով տրամադրել համայքների ավագանիների կողմից 2007 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում կայացված որոշումների պատճենները` տեսնելու, թե ինչպիսի որոշումներ է կայացնում ավագանին համայնքներում: Հարցման պատասխանների ամփոփիչ պատկերը առանձնապես ոգեւորող չէ։

Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան տրամադրել է միայն Նուբարաշենի թաղապետարանը (3 oր): Մալաթիա-Սեբաստիայի և Նոր-Նորքի թաղապետարանները պատասխանել են 6 օրում, Դավթաշենի թաղապետարանը` 8 օրում, Շենգավիթի թաղապետարանը` 9 օրում, Կենտրոնի և Ավանի թաղապետարանները` 11 օրում, Աջափնյակի թաղապետարանը` 13 օրում: Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանը պատասխանել է 17 օրում: Ամենավերջին պատասխանը ստացվել է Արաբկիրի թաղապետարանից` 18 օրում: Պատասխան չի ստացվել միայն Էրեբունու եւ Նորք-Մարաշի թաղապետարաններից:

Էրեբունու թաղապետարանում տեղեկատվություն չտրամադրելու հրաշալի միջոց են գտել: Նամակների բաժնում կտրականապես հրաժարվեցին խոստովանել, որ իրոք ստացել են ԻԱԿ-ի հարցումը: Ընդ որում, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նույն հարցումը ուղարկեց 2-րդ ան•ամ` կրկին պատվիրված փոստով, սակայն թաղապետարանի աշխատակիցները պնդում են, որ երկու հարցումն էլ չեն ստացել: Էրեբունու թաղապետարանը սպասարկող թիվ 8 փոստում ճշտեցինք, որ ԻԱԿ-ի 2 նամակներն էլ ուղարկվել են թաղապետարան, որտեղ թաղապետարանի աշխատակիցը ստորագրությամբ ստացել է հարցումները: Մեզ խաբելու եւ տեղեկատվություն չտրամադրելու համար Էրեբունու թաղապետը ընդգրկվել է տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների 2007թ. տարեկան Սեւ ցուցակում£

ԻԱԿ-ի հարցմանը չէր պատասխանել նաեւ Նորք-Մարաշի թաղապետարանը: Այստեղ ֆինանսական բաժնի պետը մեզ հայտնեց, թե համայնքի ավագանու որոշումները 30 էջ են, և դրանց պատճենները տրամադրելու համար 2000 դրամ գումար է պետք վճարել: Հայտնի չէ, թե Նորք-Մարաշի թաղապետարանում ինչ շուկայական գնով են հաշվարկում 1 էջի պատճենահանման ծախսերը:

Ստացված պատասխաններից 2-ը եղել են ոչ լիարժեք: Աջափնյակ և Շենգավիթ համայնքների թաղապետարանները հրաժարվել են տրամադրել տեղեկատվություն` խորհուրդ տալով այն կարդալ «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրից»: Աջափնյակի թաղապետարանից ստացված նամակում գրված է. «Համայնքի ավագանու կողմից կայացված որոշումները հրապարակվում են «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրում»: Նշված տեղեկագրերը կարող եք ձեռք բերել գրախանութներից»: Նույնաբովանդակ խորհուրդ են տվել նաև Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաները: Այս 2 համայնքների ղեկավարներին հիշեցնենք, որ ավագանու որոշումները բաց փաստաթղթեր են, և դրանք պետք է փակցվեն բոլորի համար մատչելի և տեսանելի վայրերում, իսկ դրանց պատճենները պետք է տրամադրվեն քաղաքացիներին:

Ամենածավալուն պատասխանը տրամադրել է Արաբկիրի թաղապետարանը` 69 էջ: Նրան հետևում են Նոր-Նորք և Մալաթիա-Սեբաստիա համայնքների թաղապետարանները` համապատասխանաբար 48 և 47 էջ, այնուհետև Կենտրոնի թաղապետարանը` 30 էջ, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանը` 27 էջ, Ավանի թաղապետարանը` 22 էջ, Նուբարաշենի թաղապետարանը` 13 էջ: Ամենակարճ պատասխանը ստացվել է Դավթաշենի թաղապետարանից` 3 էջ: Փաստորեն, 2007թ. երրորդ եռամսյակում Դավթաշենի ավագանին ունեցել է միայն մեկ նիստ` կայացնելով 6 որոշում:

Տեսնենք, թե ինչ որոշումներ են կայացնում համայնքի ավագանիները: Արդյոք նրանք համայնքի բյուջեի միջոցով իրապես լուծում են համայնքի խնդրիրները:

Արաբկիր համայնքի ավագանու կայացրած 41 որոշումներից ընդամենը 5-ն է համայնքի խնդիրներին վերաբերում: Նշված եռամսյակում 1.185.000 դրամ տրամադրվել է համայնքի 20 բնակիչների` որպես ֆինանսական օգնություն, որոնցից նվազագույն տրամադրումը եղել է 10 հազ. դրամ, իսկ առավելագույնը` 595 հազ. դրամ: Ընդ որում, 595 հազ. դրամը տրվել է համայնքի բնակիչ Խասիկ Պողոսյանին առանց նշելու, թե ինչ նպատակի է ծառայելու այդ գումարը: Նշենք, որ գրեթե բոլոր 20 դեպքերում էլ նշված չէ, թե կոնկրետ ինչ նպատակով է տրամադրված ֆինանսական օգնությունը:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 3-րդ եռամսյակի ընթացում կայացրած 44 որոշումներից ընդամենը երկուսն են ուղղված համայնքի խնդիրների լուծմանը: 17 որոշմամբ դրամական օգնություն է հատկացվել համայնքի 17 բնակիչների. նրանց տրամադրվել է 2 մլն դրամ գումար, որից նվազագույն տրամադրումը եղել է 50 հազ. դրամ, իսկ առավելագույնը` 350 հազ. դրամ: Ի դեպ, այս դրամական օգնությունների մեծ մասի դեպքում պատճառաբանված չէ, թե ինչ նպատակով է հատկացվում քաղաքացիներին: Սակայն վերոնշյալ 350.000 դրամը տրվել է համայնքի բնակիչ ոմն Լևոն Սարգսյանի` իր կիսակառույց տան կառուցման և ավարտին հասցնելու համար. այնքան կարեւոր համայնքային հարց:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու կայացրած 27 որոշումներից 7-ով սոցիալական աջակցություն է ցուցաբերվել համայնքի 7 բնակիչների` նրանցից 3-ի մանկապարտեզ հաճախող երեխաների սննդի վարձը զիջելով 100%-ով, իսկ մեկինն էլ` 50%-ով: 3 քաղաքացու տրամադրվել է 250 հազարական դրամ` հիմնականում բուժման ծախսերը հոգալու նպատակով: 5 որոշմամբ 11մլն 610 հազ. դրամ է տրամադրվել զանազան միջոցառումներ («Երևանի օր», «Գիտելիքի օր», «Անկախության տոն») ու մրցույթներ («ՀՀ ԱԺ գավաթի խաղարկություն», «Զեյթունի գավաթ») կազմակերպելու համար:

Ի հակադրություն վերը թվարկված թաղապետարանների` Կենտրոն, Ավան, Նոր-Նորք, Դավթաշեն, Նուբարաշեն համայնքների ավագանիների որոշումներով անհատներին սոցիալական աջակցություն չի տրամադրվել նշված եռամսյակում:

Կենտրոն համայնքի ավագանին 2007-ի երրորդ եռամսյակում կայացրել է 31 որոշում: 13.07.07թ.-ի 8/2-Ա որոշմամբ Ռուսական արվեստի թանգարանի վերանորոգման համար համայնքի 2007թ. բյուջեի պահուստային ֆոնդից վերանորոգման ծրագրի նախնական արժեքի 10%-ի չափով ներդրում է կատարվել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ: 27.07.07թ.-ի 9/2-Ա որոշմամբ 20հազ. դրամ է հատկացվել թիվ 39 դպրոցի կարիքների համար: Սակայն ամենահետաքրքրականը թերևս 04.09.07թ.-ի 10/6-Ա որոշումն է, ըստ որի «Կենտրոն-Մաքրություն» ՓԲԸ-ին պատկանող 1014 աղբարկղ` 3591894 դրամ ընդհանուր արժողությամբ դուրս է գրվել ընկերության հաշվեկշռից և խոտանվել: Զարմանալի է, որ այս թանկ աղբարկղերը, որոնցից յուրաքանչյուրի համար վճարվել էր 35.000-ից ավելի դրամ գումար, բոլորովին վերջերս էին տեղադրվել Երևանի կենտրոնում, և այսքան կարճ ժամանակահատվածում դրանք համարվեցին օգտագործման համար ոչ պիտանի:

Ավան համայնքի ավագանու կողմից կայացված 11 որոշումներից կարելի է առանձնացնել 04.09.07 թիվ 44 որոշումը, որով համայնքի ավագանին որոշել է դիմել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` Ավանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնին 2 հաստիք տրամադրելու նպատակով: Նշենք, որ Ավանի ավագանու այսօրինակ որոշումը միակն էր բոլոր 12 համայնքների ավագանիների կողմից կայացրած որոշումների մեջ, ըստ որի նոր աշխատատեղեր են բացվում:

Նուբարաշեն համայնքի ավագանու կայացրած 10 որոշումներից ուշագրավը 15.09.07թ. որոշումն է, ըստ որի Նուբարաշեն համայնքի երաժշտական դպրոցի և մանկապարտեզի 2007-08թթ. ուս. տարում երկկողմանի, միակողմանի և սոցիալապես անապահով երեխաների վարձավճարները սահմանվում են գործող վարձի 50%-ի չափով:

Դավթաշեն համայնքի ավագանու կայացրած 6 որոշումներից մեկն էր վերաբերում համայնքի խնդիրների լուծմանը. 31.07.07թ. որոշումը, որով 2100000 դրամ է հատկացվելու թիվ 146, 172, 312 մսուր մանկապարտեզների ջրատար խողովակագծերի վերանորոգման համար:

Նոր-Նորք համայնքի ավագանու կողմից կայացված 21 որոշումներից կարելի է առանձնացնել 10.07.07թ. թիվ 43 որոշումը, ըստ որի որոշվում է հաստատել Նոր-Նորք համայնքի 2008-2011թթ. սոցիալ տնտեսական զարգացման ծրագիրը: Որոշմանը կցված է նաև վերոնշյալ ծրագիրը, սպասվող ծախսերը, ինչպես նաև 10.07.07թ. թիվ 42 որոշումը, ըստ որի որոշվում է հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով 2008թ. բյուջետային ֆինանսավորման հայտը: Որոշմանը կցված է հայտը, ինչպես նաև ծախսային ծրագրերի ցանկը:

Ուսումնասիրելով Երևանի բոլոր 12 համայնքների ավագանիների 2007թ. երրորդ եռամսյակի որոշումները` կարելի է հանգել այն եզրակացության, որ համայնքների խնդիրների լուծմանը միտված որոշումները մղված են երկրորդական պլան: Այս իմաստով որպես օրինակելի թաղապետարան կարելի է համարել Ավանի թաղապետարանը, որի որոշումներում համեմատաբար գերակշռում են համայնքի խնդիրներին ուղղված որոշումները (տանիքների վերանորոգում, փողոցների ասֆալտապատում, աշխատատեղերի բացում): Մյուս կողմից, ամենաթերացող թաղապետարան կարելի է համարել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանը, որտեղ 3-րդ եռամսյակում կայացրած 44 որոշումներից միայն 2-ն են ուղղված եղել համայնքի խնդիրների լուծմանը, իսկ 17-ով 2 մլն. դրամ ֆինանսական օգնություն է տրամադրվել անհատների: Նրան հաջորդում է Արաբկիրի թաղապետարանը, որտեղ եւս հսկայական ֆինանսական օգնություն է տրամադրել անհատ քաղաքացիների` անհայտ նպատակներով (1մլն.ից ավելի):

Այս հարցումները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում համայնքային բյուջեները վատնվում են առանձին անհատների ֆինանսական աջակցություն տրամադրելու և նրանց անձնական հարցերը կարգավորելու (ասենք, ամառային հանգիստն անցկացնելու, տունը վերանորոգելու, կիսակառույցն ավարտին հասցնելու համար), եւ ոչ համայնքի խնդիրները լուծելու նպատակով: