ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վազգեն Մանուկյանը դիմել է դատախազություն
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վ.Մանուկյանը 20.12.07 թ. դիմում-բողոքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի 15.12.07թ. թիվ 224 համարում տպագրված «Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF» - «Իմ պայքարը» վերնագրով հոդվածում հրապարակայնորեն տարածվել է նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն

արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ եւ որ այդ տեղեկությունները զուգորդվել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքներով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, Վազգեն Մանուկյանը իր դիմումում նշել է, որ նշված հրապարակմամբ իրեն մեղադրել են պետական հեղաշրջում, հեղափոխություն կազմակերպելու, «բացարձակ դավաճանության» մեջ՝ այդպիսով հանիրավի զրպարտելով եւ վիրավորական արտահայտություններով անվանարկելով իրեն եւ խնդրել՝ զրպարտելու եւ վիրավորելու փաստով հարուցել քրեական գործ:
Նկատի ունենալով, որ Վ. Մանուկյանի դիմումում նշված հանգամանքներում առկա են զրպարտության եւ վիրավորանքի հատկանիշներ, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ այդ փաստի ստուգման նպատակով անհրաժեշտ է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական եւ դատավարական գործողություններ, որոնք կարող են իրականացվել միայն հարուցված քրեական գործի շրջանակներում, ուստի ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 20.12.07թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով եւ 136-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին՝ քննություն կատարելու համար:
