ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Գուլյանի գործը սառեցվել է՞
Մեկ ամիս էլ չի անցել այն օրից, ինչ համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի, ձեւավորվեց Հատուկ քննչական ծառայությունը, կառույցի ղեկավար նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը: Հատուկ քննչական ծառայությունում աշխատում են դատախազության քննիչներ: Հատուկ քննչական ծառայության նստավայրը ՀՀ գլխավոր

դատախազության շենքն է: Օրեր առաջ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հատուկ քննչական ծառայության վարույթ ուղարկեց «Պանդոկ» ռեստորանի սեփականատեր Լեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Իսկ գործը նախքան սա հենց դատախազության վարույթում էր եւ առանձնապես առաջ չէր գնացել: Լեւոն Գուլյանի մահը առեղծվածային է եւ իրավ հատուկ ուշադրության կարիք ունի:

Հիշեցնենք, որ Լեւոն Գուլյանը ոստիկանություն է հրավիրվել իր ռեստորանի մոտ տեղի
ունեցած մի սպանության գործով` որպես վկա: Մայիսի 9-ին «Պանդոկի» մոտ սպանվել է
Ստեփան Վարդանյանը: Լեւոն Գուլյանը ոստիկանություն է հրավիրվել մայիսի 12-ին: Մեկ
օրվա ընթացքում, ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները նրան երկու անգամ
հրաժեշտ են տվել ու բաց թողել եւ նորից հետ կանչել: Վերջին անգամ Լեւոնին տեղափոխել
են ՀՀ ոստիկանության շենք` քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ
Հովիկ Թամամյանի մոտ, որից հետո Լեւոն Գուլյանի հարազատներին հայտնել են, որ Լեւոնը
փախուստի փորձ կատարելու պահին վայր է ընկել երկրորդ հարկից ու մահացել:
Լեւոն Գուլյանի հարազատներն ու բարեկամները չեն հավատում այս վարկածին: Նրանք
համոզված են, որ Լեւոն Գուլյանին դաժանաբար ծեծել են: Հարազատների այս վարկածի
հիմքում «Պանդոկ» ռեստորանի աշխատակից, Լեւոն Գուլյանի նման որպես վկա
ոստիկանություն հրավիրված Հայկ Մելքումյանի պատմածն է: Հայկը պատմել է, որ իրեն
ոստիկանությունում դաժանորեն ծեծել են: Սրանից բացի, Լեւոն Գուլյանի հարազատները
Լեւոնի մարմնի վրա կապտուկներ են տեսել: «Լեւոնը անչափ սիրում էր իր ընտանիքը,
երեխաներին, իր գործը: Նա կենսուրախ, պետության առաջընթացով մտահոգ երիտասարդ էր եւ
չէր կարող ակնթարթորեն կյանքից հեռանալու որոշում կայացնել: Եթե նա օրենքից փախուստ
տալու մտադրություն կամ հիմք ունենար, դա կաներ իրեն հասու այլ մեթոդներով եւ
քանիցս կամովին չէր ներկայանա հարցաքննության», հայտարարել է Լեւոն Գուլյանի կինը`
Ջեմմա Գուլյանը:
Ոստիկանությունը սակայն, չի հաստատում այս վարկածը: Ըստ տեղացի փորձագետների
եզրակացության, Լեւոնի մարմնի վրայի բոլոր վնասվածքները երկրորդ հարկից ընկնելու
հետեւանք են: Այս փորձաքննությունների արդյունքները Լեւոն Գուլյանի հարազատներին եւ
իրավապաշտպաններին հասու չեն: Դատախազությունը առանց որեւէ հիմնավորման, հրաժարվում
է դրանք հրապարակել: Հելսինկյան ընկերակցության անդամ Ռուբեն Մարտիրոսյանը,
հենվելով այդ փորձաքննությունների արդյունքների վրա հայտարարել է, որ
ոստիկանությունում Լեւոն Գուլյանին նախ ծեծել են ու խոշտանգել եւ ապա խոշտանգված
Լեւոն Գուլյանին կամ կենդանի կամ մահամերձ վիճակում ոստիկանության աշխատակիցներն են
ցած նետել պատուհանից` իրենց վայրագությունների հետքերը թաքցնելու համար: Ռուբեն
Մարտիրոսյանը հայտարարել է, որ Լեւոն Գուլյանի մարմնի վրա «սաղ տեղ չկար, կոտրված
էին գլուխը, կողոսկրերը, ողնաշարը»:
Լեւոն Գուլյանի հարազատների նախաձեռնությամբ, հրավիրվել են օտարերկրյա փորձագետներ`
Դանիայից եւ Գերմանիայից: Ու սկսվել է այս խճճված գործի հերթական խճճված փուլը:
Օտարերկրյա փորձագետների ուսումնասիրության արդյունքները համառորեն Հայաստան չեն
հասնում. մեկ փոստում են ուշանում, մեկ չգիտես ինչ է լինում: Ի վերջո
եզրակացությունը հասնում է Երեւան: Սակայն էլի խճճվածություն է մնում: Լեւոն
Գուլյանի կնոջ` Ջեմմայի խոսքով, եզրակացությունը պատճեն էր, որի վրա ոչ
ստորագրություն կար, ոչ կնիք: Ծրարի վրա նշված էր` TNT: Սակայն TNT փոստային
ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ նման ծրարներ չունի եւ չի օգտագործում:
Լեւոն Գուլյանի հարազատներին հայտնի է, որ օտարերկրյա փորձագետները եզրակացրել են,
որ Լեւոն Գուլյանի մարմնի վրա կան այնպիսի վնասվածքներ, որ չեն կարող լինել երկրորդ
հարկից ընկնելու հետեւանք: Ջեմմա Գուլյանը մեզ հետ զրույցում ասաց, նաեւ, որ Լեւոն
Գուլյանի գործով վերջին անգամ քննչական գործողություն է անցկացվել դեպքից մոտ մեկ
ամիս անց` 2007-ի հունիսի կեսերին` վեց ամիս առաջ: Լեւոն Գուլյանի հարազատները
հասկանում են, որ Լեւոնին հետ չեն բերի, բայց նաեւ հասկանում են, որ «եթե այս գործը
չբացահայտվի, ամեն վայրկյան կարող են ձեր եղբորը տանել եւ տալ աճյունը»:
Տեղեկանք
Լեւոն Գուլյանի հանելուկային սպանության դեպքը հասարական հնչեղություն ստացավ եւ
տարբեր աղբյուրներից հայտնի դարձան նման մի շարք դեպքեր:
1993 թվականի հունվարի 21-ին բնակարանային գողության կասկածանքով ոստիկանություն է
տարվել 22-ամյա Ռուդիկ Վարդանյանը եւ նույն օրը ծնողներին է հանձնվել բռնության
ակնհայտ հետքերով նրա դիակը: Երկու ոստիկան դատապարտվել են իշխանազանցության եւ
անկարգության համար:
1995 թվականին Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անհայտ
հանգամանքներում մահացել է «Դրոյի» գործով կասկածյալ Արտավազդ Մանուկյանը: Ոչ ոք չի
պատժվել:
1997 թվականի ապրիլին ոստիկանություն տարված 17-ամյա Սամվել Վիրաբյանի ծնողներին
օրեր անց հանձնել են որդու բռնության ակնհայտ հետքերով դիակը: Ոչ ոք չի պատժվել:
1997 թվականին Գյումրիում ոստիկանություն տարված 23-ամյա Գալուստ Դիլանյանը մեկ օր
անց մահացել է` ինքնասպան է եղել: Հարազատները այս վարկածին չեն հավատացել եւ նրանց
համառության արդյունքում 4 ոստիկան պատժվել է` 2-5 տարվա պայմանական ազատազրկում:
1998 թվականին Աբովյանում, ըստ ոստիկանության վարկածի փախուստի փորձի ժամանակ
երրորդ հարկից ընկել եւ մահացել է Էդուարդ Վարդանյանը: Ոչ ոք չի պատժվել:
1998 թվականի ապրիլի 2-ին, ըստ փորձագիտական եզրակացության, ոստիկանությունում ծեծի
են ենթարկել Ստեփան Գեւորգյանին եւ Օլեգ Արիշինին: Ստեփան Գեւորգյանը մահացել է
ապրիլի 15-ին, Օլեգ Արիշինը` ապրիլի 27-ին: Ոչ ոք չի պատժվել:
1999 թվականի հուլիսի 23-ին ոստիկանությունում ծեծել են Արսեն Ստեփանյանին, ով տուն
վերադառնալուց երկու ժամ անց մահացել է ինֆարկտից: Մարմնի վրա եղել են բռնության
դեպքեր: Ոչ ոք չի պատժվել:
2000 թվականին հունիսի 30-ին Արտաշատի ոստիկանություն են տարել Բաբկեն Սողոմոնյանին
եւ մեկ շաբաթ անց հորը ասել, թե որդին ինքնասպան է եղել: Ոչ ոք չի պատժվել:
