ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սպասելով քաղաքական փլուզման
Ժամանակակից հումանիտար մտքի, այդ թվում` քաղաքագիտության վրա նկատելի ազդեցություն
ունի հոգեվերլուծությունը: Դա չի վերաբերվում հայկական հումանիտար և քաղաքագիտական մտքին: Ամերիկահայ հոգեվերլուծող Մելինե Գարագաշյանն իր՝ «Ցեղասպանության
հոգեցնցումն և ազգային ինքնությունը» գրքում գրում է. «Ցավոք, շատ հայեր կարծում
են, որ իրենք վեր են այնպիսի մարդկային խոցելիությունից, ինչպիսին հոգեկան ցնցումն
է, դրա համար էլ վերապահությամբ են վերաբերվում հոգեբանությանը»: Մարդկային հոգեկան
խոցելիության բացասումը, ուրեմն, առաջին հերթին պետք է վերաբերվի քաղաքական գործիչներին,»
որոնք կարծում են, որ իրենց մարդկայնորեն դրսևորելով կողմնակիցների մոտ կկորցնեն
իրենց իմիջը:
Այսօր ընդդիմադիր դաշտում ամենաքննարկվող թեման ընդդիմության միավորման խնդիրն
է: Այդպիսի միավորումն ունի ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգեբանական չափում և
կարող է վերլուծվել խմբային հոգեբանության գործիքներով:
Ըստ բրիտանացի հոգեվերլուծող Բիոնի՝ (Bion, 1961) խումբն իր առաջնորդի հետ կապվում
է որոշակի ֆանտազիաներով, որ նա անվանում է հիմքային անգիտակցական կանխակալություններ:
Դրանք վերաբերվում են խմբի էությանը, նրա առաջնորդին, նպատակներին և խմբային դերերին:
Հիմքային կանխակալությունները երեք խմբի են բաժանվում:
Կախվածության կանխակալությունը բերում է նրան, որ խմբի անդամները սկսում են վստահել
առաջնորդի իմաստուն խոսքերին, կարծես հավատալով, որ գիտելիքի, առողջության, կյանքի
աղբյուրը հենց առաջնորդն է, և խմբի անդամը այդ շնորհները կարող է ստանալ միայն
նրանից: Ասենք՝ գրողը սկսում է մտածել, որ Սերժ Սարգսյանը գիտի և հիշում է իրեն,
և մի օր իր գրչակիցներին նա իր բարձր հովանավորչությամբ ցույց կտա, թե ով է իսկապես
մեծ գրողը:
Հաջորդ կանխակալությունը «փրկելու կամ պայքարի» կանխակալությունն է: Այն ստիպում
է խմբի անդամներին միավորվել՝ վեր հանելու համար թշնամուն: Առաջնորդը կամ նրանց
կտանի թշնամու դեմ վճռական պատերազմի, կամ նրանց կփրկի, ինչպես Մովսեսը եգիպտական
ստրկությունից փրկեց հրեաներին:
Երրորդ կանխակալությունը զույգի պրեզումպցիան է: Ըստ այդ կանխակալության խմբի
կոլեկտիվ հոգին լցվում է միստիկական հույսերով և հանգեցնում է առաջնորդի և խմբի
մեկ այլ անդամի միավորմանը՝ զույգ կազմելուն: Ընդ որում նրանք կիսում են, որ այդ
միավորումից կծնվի մի նոր մեծ գաղափար:
«Զույգի կանխակալությունը» հաճախ է օգտագործվում քաղաքական գործիչների կողմից: Օրինակ՝
1917 թ. հեղափոխությունից առաջ, հասկանալով, որ միայնակ չի կարող գլխավորել բոլշևիկյան
շարժումը, Լենինը միավորվեց Տրոցկու հետ: Այսօրինակ զույգերը հիշեցնում են «ինը»
և «յանը». նրանցից մեկը պասիվ կողմն է, մյուսը` ակտիվ: Հաջողված քաղաքական զույգերից
պետք է համարել Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան զույգը, ուր Տրոցկին Վ. Սարգսյանն էր,
իսկ Կ. Դեմիրճյանը`
Վ. Լենինը: Նրանց փոխարինեց Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան զույգը, որը կայունություն
հաղորդեց քաղաքական գործընթացներին:
Տարբեր հասարակական հաստատություններում գործում են տարբեր բազային կանխակալություններ:
Օրինակ՝ բանակում գործում է «պայքարել և փրկվել» կանխակալությունը, եկեղեցում` «կախման»:
Կարելի է ենթադրել, որ «զույգը» իր մեջ միավորում է այդ երկու բազային կանխակալությունները:
Կարելի է նաև ենթադրել, որ այսօր ընդդիմադիր քաղաքական գործիչները չեն միավորվում,
քանզի խմբային զարգացումներն այժմ այլ փուլի մեջ են:
Բիոնը հիմքային կանխակալություններն անվանում էր «վալենտականություններ»: Ովքեր
դեռ հիշում են քիմիայի դպրոցական դասընթացը, կարող են հիշել, որ տարրերի վալենտականությամբ
է որոշվում, թե ատոմները ինչպես և որ ատոմների հետ կարող են միավորվել: Միավորման
«քիմիական ռեակցիան» չի ընթանում, քանզի ռեակցիայի համար անհրաժեշտ հասարակական
ջերմաստիճանը` հասարակական նախադրյալները դեռևս չկան:
Խմբի և անհատի փոխհարաբերություններն ըստ Անզիեյի (D.Anzieu, 1971) որոշվում է «ձուլում»
հասկացությամբ, որտեղ խումբը կատարում է «իդեալ եսի», կամ զարգացման առաջին աստիճաններում
առկա ամենակարող մոր դերը: Նրա գաղափարները զարգացրեց Ժանին Շոսգե-Սմիրժելը (J.Chasseguet-Smirgel,
1975), ենթադրելով, որ խումբն ընտրում է առաջնորդ ոչ թե արգելող հայրական սիմվոլ
հանդիսացող մեկին, այլ «պսևդոհայրական» ատյան ներկայացնող «անուրջներ վաճառողին»:
Այդպիսի առաջնորդը խմբին օժտում է միավորող գաղափարով, այն պատրանքով, որ, ասենք,
«հայերը հին և քաղաքակիրթ ժողովուրդ են», «հայերը հզոր սփյուռք ունեն» և այլն: Այդպիսի
պատրանքը շոյում է խմբի անդամի ինքնասիրությունը. նույնիսկ մտավոր հետամնաց երեխաների
դպրոցն ավարտածը կարող է հայտարարել, որ «հայերը խելոք ժողովուրդ են»: Այսպիսով
նույնացման և պրոյեկցիայի մեխանիզմները մեծ դեր են խաղում խմբային համերաշխության
ձևավորման մեջ: Այդ համերաշխության մեջ մարդը կորցնում է իր անհատականությունը,
սակայն իրեն նույնացնելով առաջնորդի հետ հնարավոր է դառնում անհատականության մասնակի
վերականգնումը:
Խմբային զարգացումը կարող է գնալ երկու ուղիով: Առաջին ուղուն» համապատասխանում
է պահպանողական հոգեբանությունը և այն ներկայացնող զանգվածային մշակույթը: Մյուսին
համապատասխանում է կասկածամտությամբ վարակված` ռեսսանտիմենտի զգացումով առաջնորդվող
ամբոխը և պարանոիդալ առաջնորդը: Այդպիսին են հեղափոխական ամբոխները: Դժվար չէ նկատել,
որ այսօր Հայաստանում իշխանությունների գաղափարական հենարանը շոու-բիզնեսն է, և
զվարճացող ամբոխը, հավանական է, որ դուրս չի գա իրեն «պատրանքներ» մատակարարողների
դեմ:
Մյուս կարևոր խնդիրը, որ հուզում է հանրությանը, դա իշխանափոխության ձևերի և ժամկետների
մասին հարցադրումն է:
Ամերիկացի գիտնական Լլոյդ Դեմոզը ստեղծել է հոգեվերլուծության վրա հիմնված մեթոդ՝
քաղաքական ընթացքները վերլուծելու համար: Այդ մեթոդը նա անվանում է «խմբային ֆանտազիաները
վերլուծելու» մեթոդ:
Ըստ նրա՝ հասարակության խմբային ֆանտազիաները» զարգանում են որոշակի տրամաբանությամբ:
Նա առանձնացնում է զարգացման չորս փուլ` «կայունություն», «ճեղքվածք», «փլուզում»
և «հեղաշրջում»:
Դեմոզի տեսությունը կարելի է պատկերավոր նկարագրել Հ. Թումանյանի «Անհաղթ աքլորը»
հեքիաթի միջոցով: Մի կողմից այն աներկբա փոխաբերական լեզվով խոսում է արգանդում
սաղմի զարգացման ֆերտիլային փուլերի մասին, մյուս կողմից` քաղաքական ճգնաժամի ընթացքի:
Այսինքն այս զուգահեռությունը, որը Դեմոզը բացատրում է ամեն մի հավաքականության
կրկին ծնված լինելու` վերածնվելու ցանկությամբ, թումանյանական հեքիաթում առկա է:
Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։
Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։
Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.
— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ...
1. Կայունության փուլ
Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։
Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց... Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին,
ասում է.
— Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը...
Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։
2. Ճեղքվածքի փուլ
Աքլորն էլ կտուրն է բարձրանում.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց...
—»Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է.
— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք
ուտեմ, պրծնեմ դրանից։
Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.
— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ...
3. Փլուզման փուլ
Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.
— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ...
Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.
— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ...
Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.
— Նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ...
4. Հեղաշրջման փուլ
Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում
է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։
Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։
Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.
— Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ...
— Զարկե՛ք...— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի
փորը պատռում։
Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.
— Ծուղրուղո՜ւ...
Հետևելով Դեմոզի մեթոդին՝ առանձնացնենք զգացմունքային լիցքավորված բառերը, այն
դարձվածքները, որոնք արտահայտում են մարմնականի խորքային» ապրումները: Ընտրեցինք
«Հայկական ժամանակի» Հունիսի 12-ի համարից խմբագրական հոդվածը և հրապարակախոս
Մ. Պետրոսյանի հոդվածի սկիզբը:»
փրկությունը …անիմաստ …ռոբոտացրեց, դոդացրեցուսերժանտացրեց… լկտիացել …վախենալով… հանդուրժել…ճահիճըքեզկլանում… աճիայնբացիլը …վարակըտարածված …բուժել… սկսվումպայքարը… պայքարըմարումէ…չիհանձնվել…
Հուսահատության… ահավոր տխուր… հեղուկ էր դառնում ու հոսում …հուսահատությունը … անհետացած լինեն…սարքել զուգահեռ տարածություն …ուրախությունն …Թեւերդ չեն կոտրվում…ցած չի քաշում… մի՛ փորձիր … լռում են… ներսից ճեղքվել… ծախսված էներգիա…կծկվել … անջատվել…
Խմբագրականում օգտագործվում են «հիվանդանոցային» փոխաբերությունները, բայց «կլանել»
բայը հուշում է, որ խոսքը գնում է բացվածքի մասին, անհատի երկատման մասին: Երկատումը
ներկա է նաև երկրորդ հատվածում, կա անդունդ, իսկ «հեղուկի» փոխաբերությունը
մեզ վերադարձնում է «ճահճի» գաղափարին:
Ակնհայտ է, որ այս բոլոր բնութագրումները վերաբերվում են «ճեղքվածք» ֆերտիլային
(սաղմի զարգացման) փուլին: Այս փուլում, ըստ Դեմոզի, առաջնորդի հանդեպ տածած ֆանտազիաները
թուլանում են, հանրությունը բնութագրվում է քայքայման, տրոհման փոխաբերություններով։
Այդ ֆանտազիաներում հակառակորդը» թուլանում է, անկայուն է և այդ պատճառով` վտանգավոր.
«Ժամանակի ընթացքում առաջնորդը կորցնում է ազգի դաստիարակի հրաշալի ունակությունը
և սկսվում է … «ճեղքվածքի» փուլը: Հայտնվում են հոդվածներ հանրության բացասական
գծերի մասին, որ հասարակության արժեքային համակարգը կարող է փլվել»:
Նախորդ` «կայունություն» փուլում հանրությունը քննարկում է այլ խնդիրներ. որքան
է առաջնորդն ուժեղ, շատ ուժեղ չէ արդյո՞ք, արդյունավետ է կառավարությունը, ուռճացած
չէ՞ պետական ապարատը և այլն:
Երրորդ` «փլուզում» փուլը սկսվում է որոշակի ներքին կամ արտաքին իրադարձությունից,
որը մատնանշում է «արժեքների փլուզումը», իրադարձություն, որի ժամանակ առաջնորդն
անկարող է պաշտպանել հանրությանը: Հայտնվում են հոդվածներ, ուր հիմնական փոխաբերությունը
քաոսը կամ փակուղին են: Օրինակ՝ դա կարող է լինել հոդվածներ այն մասին, որ Երևանը
գերծանրաբեռնված է ավտոմեքենաներով, որ շնչելու օդ չկա, որ Հայաստանը չի կարողանում
կերակրել իրեն և այլն:
«Փլուզման» փուլին հաջորդում է «հեղաշրջման» փուլը: Այս փուլում ռազմական և սուր
սոցիալական բախումների, քաղաքական սկանդալների հավանականությունը կտրուկ աճում է
և հանրային կարգի մեջ տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Հայտնվում են
ծաղրանկարներ ճզմված գլխով կամ այլ բնութագրական մարմնական կերպարներ: Ճգնաժամն
ավարտվում է, երբ հանրությունն իր համար գտնում է նպատակ` «պատերազմ», և ազգն իրեն
կրկին ուժեղ և վերածնված է զգում: «Պատերազմ» ասելով՝ նկատի ունենք այս կամ այն
բնույթի պայքարը: Դա կարող է լինել իսկական պատերազմ, հեղափոխություն, կամ մեկ այլ
բան: Եթե «պատերազմը» տևում է երկար` մեկ տարուց ավելի, ապա հանրությունը սկսում
է ցուցումներ տալ, որ առաջնորդն ավարտի պատերազմը:
Երբ Ռ. Քոչարյանը եկավ իշխանության, հանրության հիմնական հարցը հետևյալն էր. «Կներքաշե՞ն
նոր իշխանությունները Հայաստանը նոր պատերազմի մեջ»: 1999 թ. հոկտեմբերի 27-ին այդ
«պատերազմը» սկսեց և տևեց մոտ կես տարի և ավարտվեց նախագահի հաղթանակով: Այսպիսով,
2000 թ. ի վեր մենք անցել ենք մի ամբողջ ցիկլ և այժմ զարգանում է երկրորդ ցիկլի
երկրորդ փուլը: Հավանաբար հաջորդ տարի տեղի կունենա մի ինչ-որ իրադարձություն, որից
կսկսի «փլուզման» փուլը, իսկ 2009-2010 թթ. պետք է սպասել խորը քաղաքական ճգնաժամ,
որը կավարտվի ներքին կամ արտաքին «պատերազմով»:
Դեմոզը, վերլուծելով ամերիկյան քաղաքական պատմության 25 ամյա հատվածն, այնտեղ գտնում
է 6 լիակատար ցիկլ: Այսինքն լրիվ ցիկլը տևում է 6-7 տարի: Եթե հայկական ցիկլերի
սկիզբը համարենք 1988 թ.-ը, ապա կտեսնենք, որ «փլուզման» փուլը, որին համապատասխանում
է «խեղդվելու», «երկիրը այրվում է մեր ոտքերի տակ» փոխաբերություններին, ինչին համապատասխանում
է «բլոկադա», «կալցո» գործողություն, «Բալահովիտի պայթյունը և հրդեհը» խորհրդանիշերը,
թվագրվում է 1990-1991թթ.-ով, իսկ պատերազմի սկիզբը` 1992 թ. հետ:
Ընդդիմադիր քաղաքական դաշտում այսօր կա երկու ուժեղ առաջնորդ` Րաֆֆի Հովհաննիսյանը
և Արթուր Բաղդասարյանը, և միգուցե՝ Լևոն Տեր– Պետրոսյանը: Հասարակության մի զգալի
մասն ունի ինչ-որ ֆանտազիաներ՝ կապված նրանց հետ: Խնդիրն այն է, թե երբ գա հարմար
պահը, ո՞ւմ հետ հանրությունը կկապի իր ֆանտազիաները, ուրեմն նրանցից ո՞վ «պատերազմ»
կհայտարարի և կազատի հանրությանը երևակայական տագնապներից:
