Անհատական բարոյականություն

Այս հոդվածը ռուսերեն՝

Микаел Багдасарян

Индивидуальная мораль

«Բարոյականությունը դա հասարակության եւ այլ մարդկանց նկատմամբ պահելակերպի նորմերի ու
սկզբունքների հանրագումարն է»:

Եֆրեմովայի բառարան

Եթե ինչ-որ մեկը ցանկանա պարզել, թե ինչպես կարելի է բարեփոխել աշխարհը կամ մասնավորապես «հայկական աշխարհը», կարող է ընդամենը դիմել Հայաստանի որևէ քաղաքացու։
Եվ բոլորովին էլ կարևոր չէ, թե կոնկրետ ում կդիմի այդ փիլիսոփայական հարցադրումը պարզելու համար` մայրաքաղաքի՞, թե՞ Աստծու և պետության կողմից մոռացված հայկական
որեւէ գյուղի բնակչի։ Ասվածի մեջ հեգնանք չկա։ Ընդհանուր առմամբ հայ անհատի ինչպես
քաղաքական, այնպես էլ սոցիալական մտածողության սթափ լինելը նկատելու համար մեծ
ջանքեր պետք չեն։ Հեգնանքը կամ ավելի ճիշտ` պարադոքսն այն է, որ զրուցակիցը Ձեզանից
բաժանվելուց հետո ակնթարթորեն իր աշխարհայացքը նորից հարմարեցնում է հասարակական
ընդհանուր մտածելակերպին, որն ակնհայտորեն տարբերվում է քիչ առաջ արտահայտած
մտքերին։ Այսինքն անհատական բարոյականության հետքն էլ չի մնում։

Հասարակական բարոյականությունը թելադրում է միջինացվածություն, որը բերում է բոլորի
համար սահմանված նորմի։ Նորմ, որն ի վերջո հարմարվում է իշխանությանը և
մասնավորապես կրոնին։ Բայց չէ որ նորմը, որպես մարդկանց վարքի միջին ցուցանիշ, ի
հայտ է գալիս նաև որպես իրական կյանքից բավական հեռու համակարգ, որը երբեմն հասնում
է աբսուրդի աստիճանի։ Ցավոք, նույնիսկ անբարոյականությունը դառնում է բնական նորմալ
վիճակ ամբոխի ներկայացուցչի համար։ Ամբոխի ներսում առանձին մարդկանց
անհատականությունն ու զգացմունքները միախառնվում են, մտքերը հարթվում, իսկ
բանականությունն անջատվում է։ Ամբոխն արդեն դառնում է միասնական ոգի։ Մարդը
դադարում է ինքն իրեն ընկալել որպես անհատականություն։ Սկսում է գործել և մտածել
մյուսների հետ համատեղ, չի ղեկավարում իր գործողություններն ու էմոցիաները։ Նրան
ավելի հեշտ է կառավարել, իսկ ներշնչել` բնականաբար ավելի հեշտ։ Ազատամարտի
տարիներին մեր ժամանակակիցներից շատերը դրանում համոզվելու բազում առիթներ ունեցան։
Բայց կա նաև անհատական բարոյականություն` սեփական կարծիք ունենալու և իր
հայեցողությամբ ապրելու յուրաքանչյուրի իրավունքը։ Չէ որ մարդը երբեք չի կարողանա
համապատասխանել ընդհանուր ստանդարտի, բայց ցանկանալ, մտածել և հասկանալ մի բան է,
իսկ այդ կերպ գործելն` այլ։ Որպեսզի պարզեն, թե ինչին հավատալ, ինչպես գործել
որոշակի իրադրություններում, մեր հասարակության ներկայացուցիչներից շատերը հիմնվում
են նրա վրա, թե ինչին են հավատում և ինչ են անում մյուսները։ Եթե իրավիճակը
անհասկանալի է կամ կասկածելի, ապա շատերը հակված են հիմնվելու իրենց հայրենակիցների
ընտրության վրա։ Ավելին, այդ մարդիկ տվյալ պահվածքը համարում են ճիշտ, քանի որ
այդպես է վարվում հասարակության մեծամասնությունը, գուցե այն պատճառով, որ այդ
դեպքում պատասխանատվությունը անհատի վրայից ընկնում է հասարակության վրա։

Այս ընդօրինակման յուրատեսակ հակումը վերջնական իմաստով բերում է հետևյալին` մի
կողմից անհատը պիտի ապացուցի հասարակությանը, որ ինքն «էշ չէ, այլ այնպիսին է,
ինչպես ուրիշները»։ Մյուս կողմից` հասարակությունը, այսինքն նույն այդ «ուրիշները»,
ձգտելով ապացուցել այդ նույնը, բերում են անհատին այն մտքին, որ քանի որ «նրանք
էշեր չեն, ապա անհատն է էշ»: 

Հասարակության կողմից առանձին քաղաքացու իրավունքները հազիվ թե պաշտպանվեն, գոնե
այն պատճառով, որ յուրաքանչյուր օրինաչափությունից մեզ մոտ համատարած «ենթադրվող»
բացառություններ են։ Հենց այն բացառությունները, որոնք ջանասիրաբար ներկայացվում են
պետական համակարգի կողմից։

Վերևից ներկայացվող հասարակական բարոյականությունը նպաստում է յուրաքանչյուր
քաղաքացու պարտադրվող «մարտավարական» դիրքորոշում` «Դու Հայաստանի քաղաքացի՞ ես,
այդ դեպքում ահա քեզ կանոնների համակարգ, իր բացառություններով հանդերձ, դրանով էլ
առաջնորդվիր»։

Օրինակ` առօրյա կյանքում դա կարող է արտահայտվել փողոցում ժպտացող անցորդ տեսնելիս
զարմանալով։ Այս դեպքում արտահայտվում է հասարակական բարոյականության դաժանացմամբ
այն մարդու նկատմամբ, որը երևակայել է, որ կարելի է երջանիկ լինել այնտեղ, որտեղ
տիրում է համատարած անբավարարվածություն, ավելի ճիշտ` մտահոգվածություն։

Լրիվ այլ կերպ է արձագանքում հասարակությունն այն անհատին, որի բարոյականությունը
համապատասխանում է հայրենական «հեղինակություններին»։ Բոլորը, սկսած սև
լիմուզինների տերերից մինչև շարքային չինովնիկը, ձգտում են մտնել հարգված կերպարի
մեջ, որը ներծծված է «սեփական արտակարգ կարևորության» զգացմամբ։ Անփույթ հայացք,
դժվար արտասանվող խոսք, ծանրակշիռ քայլվածք` ահա այդ կերպարի որոշ գծեր։ Նման
բարոյականությունը ամենուր ջանասիրաբար ի ցույց է դրվում, որպեսզի հաստատի այն
գաղափարը, որ դա ոչ թե ինչ-որ իմիջ է, այլ իրական «կարևորություն»։ Սակայն դա կարող
է գայթակղել հիմնականում մեր հասարակության այն անդամներին, որոնց Հին Հռոմում
կոնկրետ մատնանշում էին։

Իրենց այդ կարգին չդասողները, բայց այդ նույն զգացումն ունեցող նախկին և ներկա
քաղաքական գործիչներն ունեն սեփական բարոյականություն, որն էականորեն չի տարբերվում
հասարակականից։ Տարբերությունն այն է, որ նրանց բարոյականությունը կարիք ունի
հասարակության կողմից մշտական ընդունելության, ինչպես նաև սոցիալական շրջապատի
կողմից իրենց կարգավիճակի «արտակարգ կարևորության» հաստատման։ Այդ դերում կարող է
հանդես գալ կինը, սիրուհին, համախոհների շրջանակը։ Համոզելով իրեն շրջապատողներին,
որ ինքն ինչ-որ արժեք ունի, որոշ ժամանակ հետո քաղաքական անհատն ինքն էլ է հավատում
դրան։

Հասարակության այն մասը, որը չի կարող «արտակարգ կարևոր» տեսք ունենալ,
կենտրոնանում է սեփական անախորժությունների մեղավորներին փնտրելու վրա։ Սա էլ իր
հերթին այս կամ այն կերպ ձևավորում է «խեղճուկրակի» բարդույթ։ «Խեղճուկրակ» խաղալն
այսօր մեր հայրենակիցների հիմնական զբաղմունքն է։ Տարբեր հանգամանքներից նեղված
մարդն արդարացնելով իր քաղաքացիական անտարբերությունը, անհաջողակ լինելու համար
պատասխանատվությունը գցում է ում վրա ասես։ Իրեն արդարացնելու համար մեղավոր
կդարձնեն և' քաղաքական գործչին, և' օլիգարխներին, և' նույնիսկ դիմացի հարևանին։
Արդյունքում` «ստիպված» օբյեկտիվ տարբեր պատճառների հարմարվածությունը բերում է
անհատի ենթակայությանը այն նորմերին, որոնք ընդունվում են մեծամասնության կողմից։
Այսպիսի հնազանդ դերը համահունչ է հասարակական բարոյականության ներկայացվող դիրքին:

Չէ՞ որ «խեղճուկրակը» «ուժեղի» ղեկավարության կարիքն ունի։ Այս փիլիսոփայությունն
ուրախությամբ ընդունում են և' իշխանությունը, և' պաշտոնական եկեղեցին։ Էլ չենք
խոսում այն ուժերի մասին, որոնց ընդունված է անվանել «արտաքին»: Իհարկե աքսիոմա է
այն, որ յուրաքանչյուր մարդու վարքը գնահատվում և կարգավորվում է բազմաթիվ
հասարակական նորմերի միջոցով։ Հասարակական պահանջներին համապատասխանող վարքը
համարվում է նորմալ և քաջալերվում է։ Տարբերվող պահվածքն անընդունելի է համարվում,
այս կամ այն կերպ դատապարտվում, քանի որ հակասում է հիմնական դրույթներին եւ
արժեքներին, որոնք տիրում են հասարակության ներսում։

Սակայն աքսիոմա կարող է դառնալ նաև այն, որ անհատական բարոյականությունը ոչ մի
դեպքում չի կարող տարրալուծվել ընդհանուրի մեջ։ Միթե՞ սեփական տեսակետն
արտահայտելու և դա պաշտպանել կարողանալու ունակությունը չէ, որ պիտի նպաստի
ձևավորելու հասարակական բարոյականությունը։

 Պարզ է, որ հայրենական սոցիալական ինստիտուտները և «քաղաքացիական» հասարակությունը
չունեն որոշակի արժեքներ, իսկ հրապարակային քաղաքականությունն իսպառ բացակայում է։
«Արտակարգ կարևորություն ունեցող» անձերի անհատական բարոյականությունն իր
«քաղաքական» արտահայտումներում համապատասխանում է հասարակական բարոյականությանը։

Ինչ վերաբերում է «արտակարգ կարևորություն» ունեցող հասարակական միավորին, ապա նա
ունի ընտրություն` ապրել իր ձգտումներով, ապրումներով և նվաճումներով լեցուն
կյանքով։ Կամ`գոյություն ունենա համաչափ «ծրագրավորված» նորմի համաձայն։ Ասենք դա
յուրաքանչյուրի ընտրությունն է, դու ՄԱՐԴ ես, կամ…. մեխանիզմի ատամնանիվ.