Հետընտրական

…Երբ անցնում է հերթականը, /քանի՜երորդ/ հուսալքումն է վրա տալիս…

Երբ տեսնում ես, թե ինչքա՜ն էներգիա՝ հույզ, միտք, ժամանակ, ջանք է անիմաստ վատնվել, ինչքան դրամ է քամուն տրվել, ինչքան ակնկալիքներ, սպասումներ են խափանվել, հասկանում ես /վերստի'ն, կրկի'ն/, թե որքա՜ն վտանգավոր է խաղին տրվելը։ Ու պարզվում է.

«Դեմոկրատիա», «արեւմտյան արժեքներ», ու նմանատիպ այլ բաները` մեր մեջ ներմուծված, հին տիկերի միջից մեր մեջ ներարկված, մեր կյանքը դարձրել են մի մեծ կազինո, որը հատկապես բազմամարդ է դառնում «սեզոնին»՝ ընտրությունների ժամանակ։ Միայն թե այս կազինոյում խոշոր շահողները միշտ նախապես են որոշված…

Մնում է մի հույս` արանք գտնել, դու’րս գալ կազինոյից։

Դուրս գալ, ժողովվել ու գոչել այնտեղ դեգերող մոլորյալներին.

Ժողովո՜ւրդ, ամեն ինչ չէ, որ իրենցից է կախված` այդ «պետություն» «իշխանություն» կոչվածներից։

Մարդիկ, միայն իշխանությունը չէ կյանքը լավացնելու, մեզ ապագա, երջանկություն, մաքուր երկինք ապահովելու։ Ավելի’ն: Ամենեւին էլ իշխանությունները չեն դրանք տվողը։ Հերի’ք է նրանց հետ հույս կապեք։ Ընդհակառակը, ինչքան քիչ նրանց ինչ որ բանի տեղ դնես, այնքան չե’ս խոնարհվի, չե’ս վախենա, չե՛ս մեծարի, չե՛ս ատի ու կյանքդ թունավորի։ Նրանց պիտի է’ն բանի տեղը դնես, ինչին կոչված են, այսինքն՝ ծառայի ու սպասավորի։ Ու նրանց հետ քո բոլոր առնչություններում հե’նց այդպես վերաբերվես՝ ինչպես ծառայի, սպասավորի։ Երբեք մի կռացեք, մարդիկ։ Իր ամեն անօրինության համար «իշխանավոր» կոչվածը, որ իրականում սպասավոր է, ինքը պիտի դողա, ինքը պիտի կռանա։ Մենք ենք թույլ տվել, որ պաշտոնավոր դարձած ստահակն ու ապաշնորհը տեր դառնան մեր ընդանուր ունեցվածքին, մեր ժամանակին, մեր գլխին, կյանքին։

Ուրեմն, եկեք նախ գոնե մեր վերաբերմունքը փոխենք։ Եկեք չկռանանք, կուչ չգանք նրանց առաջ։ Ու… հասկանանք` մեր կյանքը մե’նք պիտի փոխենք, ոչ թե՝ «բարի քեռի» պաշտոնատեր- փողատերերը, որոնց մեծագույն մասի միայն արտաքին շարժուձևը, հագուկապն է իշխանական, այն էլ՝ զավեշտալի ռաբիսախառը, իսկ ներքինը՝ միտքն ու հոգին՝ անպտուղ-ծառայական։ Սուտ է, թե իրենցից է ամեն ինչ կախված։ Պետք չէ խեղճանալ, պետք չէ կքել-կորանալ։ Հենց արժանապատի’վ կեցվածքն է, որ մեզ ուժ կտա գործելու, մեր բարձրությունն իրագործելու։ Անելիքնե՞ր: Շա’տ կան:

Բայց, մինչ այդ, դուրս եկեք կազինոյից։