Ինկվիզիցիայի ժամանակներն անցել են

Վերջերս ծանոթներիցս մեկի տանը մի զրույցի եմ մասնակցել: Խոսակցության ընթացքում, անբռնազբոսիկ մթնոլորտ ստեղծելու համար, զրուցակցիս առաջարկեցի ենթադրել, թե ես իր քույրն եմ։ Պետք էր տեսնել, թե ինչպես աղճատվեց դիմացինիս դեմքը։ Կարծես հանկարծ ես նրա աչքի առաջ վերածվեցի ինչ-որ սարսափելի կենդանու։ «Հո հավատացյալ չե՞ս», այնպիսի ձայնով հարցրեց, որ հիմա իմ զարմանալու հերթն էր, թե ինչ կապ ունի դա մեր զրույցի հետ։ Պարզվեց, հիմնական պատճառը «քույր» բառն էր, որը զրուցակցիս գցեց այդ վիճակի մեջ։ Նա կարծել էր, թե ես «աղանդավորական» եմ, ու հիմա փորձելու եմ քարոզել իրեն։ Մանրամասնորեն փորձեց ճշտել իմ կրոնական պատկանելությունը, ես անվերջ կատակում էի, մերթ մուսուլման, մերթ սայենթոլոգ, մերթ էլ հոգեգալստական անվանելով ինձ։ Այնուհետ մի երկար զրույց ունեցանք, մինչև զրուցակիցս ընկալեց, որ ես «նորմալ» մարդ եմ, որն առաքելական եկեղեցում է մկրտություն ստացել, այլ ոչ թե որևէ գետում, «կասկածելի» մտավիճակի տեր մարդու կողմից։

Երբ 88-ից հետո Հայաստանն ուղղակի թաղվեց «աղանդավորություն» մեջ, մարդիկ, չէին էլ փորձում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում նրանց հոգիների ու մտավոր վիճակի հետ։ Անկախության տարիների հետևանքներից մեկն էլ սա էր։ Ինչպես երեխան, որին հանկարծ ազատություն են տվել, փորձում է միանգամից վայելել մինչ այդ անհասանելի հաճույքները, այնպես էլ մեր ժողովուրդը, փորձեց անհայտ կրոնների մեջ թեթևացում գտնել։ Բուռն զարթոնք ապրեցին կրիշնաիտները, հոգեգալստականներն ու այլոք, ամեն քայլափոխի կարելի էր տեսնել մահարիշիականների, որոնք իրենց մանտրաները կրկնելով հասնում էին տրանսի։ Ու այդ բոլոր հեշտ հասանելի երանության աղբյուրները աչքի առաջ ունենալով, ժողովրդի մի ստվար զանգված հետեւեց այդ հոսանքներին։ Ի՞նչ ստացվեց։ Մեր եկեղեցին բավական մեծ նյութական կորուստներ ունեցավ, այսինքն, ներողություն, հասկացավ, որ կարելի է ավելի մեծ շուկա զբաղեցնել, մեծ գումարներ աշխատել և սկսվեց… Ամեն առիթով սկսեցին պախարակել այլ կերպ մտածող, այլ կերպ Աստծուն մոտենալ ցանկացողներին։ Միջին դարերում ինկվիզիցիան նրանց այրում էր խարույկի վրա, մեր օրերում դա հնարավոր չէ, փոխարենը կարելի է պիտակավորել, նախապես մարդկանց ներշնչելով, որ «աղանդավորը» Աստծուց հեռացնող ուսմունքի ներկայացուցիչ է։ Քավ լիցի, ես չեմ փորձում առաջ տանել այն թեզը, թե Հայաստանում պետք է ծաղկում ապրեն տարբեր կրոններ, բայց պարոնայք, եկեք հասկանանք, որ յուրաքանչյուր ոք ազատ է իր ընտրության մեջ։ Եթե մարդն ուզում է հավատալ, որ իր մեջ խոսում է սուրբ հոգին, այսինքն ինքն արժանացել է Աստծո անհատական ողորմածությանը, թող հավատա, մի զրկեք այդ հաճույքից։ Չէ՞ որ, պարզ է նույնիսկ երեխաներին, որ մարդ հաճախ կրոնին դիմում է այն ժամանակ, երբ իր խնդիրները լուծելու այլ եղանակ չի գտնում։ Գուցե այդ մարդուն անհրաժեշտ է շրջապատի ուշադրությունն ու փորձում է այդ եղանակով ինքնաարտահայտվել, կամ իրեն կրիշնայական անվանող մարդը փորձում է իր կյանքի անլիարժեքությունը լցնել բուսակերության և ջապա-մեդիտացիայի միջոցով, անդադար արտասանելով նույն մանտրան: Նրանց շնչառությունը կատարվում է որոշակի ռիթմով, որի արդյունքում հնարավոր են անբացատրելի զգացողություններ։ Գիտնականները անվանում են դա թթվածնային քաղց, իսկ կրիշնայականը` Աստծո հետ շփում։

Ի վերջո, ո՞րն է «աղանդների» առաջացման հիմնական պատճառը, ի՞նչն է պատճառը, որ մարդ ընտրում է ոչ թե իր «ազգային», դարեդար եկած հիմնական կրոնական ուղղությունն` իր դոգմաներով ու սովորույթներով, այլ որևէ Ռոդ Հաբարդի, Մունի, Մորմոնի, Սայի Բաբայի մեկնությունները կյանքի ու կրոնի մասին։

Եկեք չանտեսենք այն, որ համաշխարհային բոլոր կրոններն էլ ունեն ճյուղավորումներ: Իսլամը, որ համարվում է ամենաանհանդուրժող կրոնը, ունի երկու հիմնական աղանդ`շիա, սուննի, քրիստոնեության ճյուղավորումների մասին խոսելու կարիք չկա, այնքան բազմազան են, վիշնուիզմը, որի վրա է բարդվում նորահայտ «աղանդների» մեծ մասի ի հայտ գալու մեղքը, ունի չորս հիմնական ճյուղ։ Սրանից դատելով կարելի է եզրակացնել, որ մարդն իր բնույթով միշտ էլ ձգտում է տարբերվել մյուսներից։ Մյուս կողմից էլ սա բնական է` նյութական աշխարհը չի կարող լինել միայն սև ու սպիտակ, անհրաժեշտ են նաև մյուս գույներն ու երանգները, որպեսզի դրանց տարբեր համադրությունները ստեղծեն աշխարհի յուրօրինակությունը։ Քրիստոնեական հիմնական համաշխարհային ուղղություններն էլ են Հայ Առաքելական եկեղեցուն էլ են աղանդ համարում արդեն 1500 տարի: Գուցե բոլորին աղանդ անվանելու Հայ եկեղեցու հիվանդագին մոլուցքը զուտ ինքնապաշտպանկան բնազդ է:

Մեզնից ամեն մեկը յուրովի է ընկալում Աստծուն, նույնիսկ «սեփականաշնորհում ենք» Նրան։ Հայ ենք չէ՞, նույնիսկ աստվածաբանական հարցերում ենք սեփականատեր, շատերիս է ծանոթ այն արտահայտությունը, թե «ես իմ աստվածն ունեմ»։ Դե, իհարկե, հին դարերի հեթանոսներից հիմա տարբերվում ենք նրանով, որ եթե այն ժամանակ ամեն հոգսի համար դիմում էին անձամբ պատասխանատու աստվածությանը, հիմա այդ բոլորը բարդել ենք տառապյալ Հիսուսի վրա։ Ի դեպ, երբևէ մտածե՞լ եք, որ քրիստոնեությունն ամենահարմար կրոնն է երկրի վրա գոյություն ունեցողներից, ինչո՞ւ, որովհետև` «Նա, որ մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար, նա, որի վերքերով բժշկվեցիք դուք» (Ա.Պետրոս 2.24)։ Մեր մեղքերի համար արդեն Աստծո որդին ինքն է դարձել մատաղացու գառ, մենք էլ հանգիստ կապրենք, իսկ եթե որևէ մեկը, որևէ հարցում մեզ մեղադրի` հանգիստ կարող ենք պաշտպանվել մարդու սխալական լինելու փաստով։ Եվ հետո, միայն քրիստոնյայի մտքում կարող էր հասունանալ ինդուլգենցիայի գաղափարը։ Անվիճելի է, մարդը սխալական է, ու ամեն ինչ չէ, որ կարողանում է հասկանալ ու ընկալել, սակայն եթե հաշվի առնենք, որ քրիստոնեության հիմնարար դրույթներն իրականում այնքան էլ անսասան չեն, ու դրանց մեջ բացարձակ ճշմարտության հավակնողներն այնքան էլ շատ չեն։ Անցյալում է մնացել մարդկանց մեկուսացվածությունը, և այժմ համաշխարհային ցանցի գոյությունը վայրկյաննների է հասցնում տեղեկատվության արագությունը։ Մենք գտնվում ենք ինֆորմացիոն դաշտում, որն արդեն բավական հեշտ է դարձնում մտավոր ունակություններից ոչ զուրկ մարդու համար ցանկացած հարցի մասին եզրակացություն անել։ Երբ կարող ես բոլոր կողմերի կարծիքները լսել ու հաշվի առնելով հասկանալ, թե որքան խախուտ են իրականում ցանկացած կրոնական կազմակերպության հիմքերը։ Պարզ է դառնում, որ դրանք հաճախ բիզնեսի եղանակներ են։ Լինի դա քրիստոնեական, հինդուիստական, թե բուդդիստական, միևնույն է, հիմքում այս կամ այն կերպ փող աշխատելու ճիգեր են։ Այլապես ինչո՞վ բացատրել այն, որ կրոնական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ, ի շահ իրենց օգտագործելով Վիեննայի կոնվենցիայի տված լիազորությունները, զբաղվում են մարդկանցից դրամ շորթելով, լինի դա զոհաբերություններ հավաքելու, թե պաշտամունքային առարկաների վաճառքի միջոցով։ Հաճախ կարելի է լսել, որ մեր եկեղեցիներն էլ բացի մոմավաճառությունից, այլ բանով չեն զբաղվում։ Դրանք իհարկե մասնավոր կարծիքներ են, բայց հանրահայտ ճշմարտություն է, որ ծուխն առանց կրակի չի լինում։ Չէ որ լինում են դեպքեր, երբ մարդը ցավը հոգում մտնում է եկեղեցի ու հիասթափված դուրս գալիս, առանց հաշվի առնելու այն փաստը, որ ամեն ցավ չէ, որ եկեղեցին կարող է ամոքել։ Նախկին կրիշնայական մի կին պատմում է, որ իր հիասթափության պատճառներից մեկն էլ այն է եղել, որ եկեղեցի է եկել իր հարցերի պատասխանները ստանալու, իսկ հոգևորականը միայն ձեռքն է դրել գլխին, օրհնել ու ասել, որ ապաշխարհանքը կփրկի նրան, առանց խորամուխ լինելու նրա խնդրի մեջ կամ բացատրելու, թե ինչ ասել է ապաշխարանք, արագ հեռացել է։ Մոմ վառելուց ու աղոթքանման մի բան մրմնջալուց հետո կինը եկեղեցու բակում տեսնում է, որ այն նույն հոգևորականն, արդեն աշխարհիկ հագուստով դուրս է գալիս իրենց կացարանից, առանց որևէ մեկին նայելու, նստում մեքենայի ղեկին ու գնում գնում։ «Նա իր աշխատանքային օրն ավարտել էր», քմծիծաղեց կինը պատմելիս։ «Այդ ժամանակ մի բան կոտրվեց իմ ներսում։ Դրանից հետո առիթ եղավ հանդիպելու կրիշնաիտ հոգևորականի հետ, ու երբ տեսա նրա համեստ հագուկապն ու ջերմ ժպիտը, յուրաքանչյուրին առանձին ուշադրություն հատկացնելու ոճը, պարզ դարձավ, որ գտել եմ այն, ինչ փնտրում էի»։ Յուրաքանչյուր մարդ «աղանդի» շարքերում հայտնվելու իր պատճառներն ունի և պետք է կարողանալ ավելի հանդուրժողական լինել նրանց նկատմամբ, ովքեր ունեն այլ մտածելակերպ, կամ այլ նախընտրություններ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ եթե մեր եկեղեցին զբաղվի «աղանդների» դեմ ագրեսիվ պայքարով, ոչ մի կերպ չի տարբերվի ստալինյան բռնապետական կարգերից։ Պետք չէ չարությամբ լցվել այլադավանների նկատմամբ ու փորձել ամեն գնով նվաստացնել ու պիտակավորել նրանց։ Չէ որ, ի վերջո նրանց մեծ մասը իրականում միայն Աստծու հետ շփման կարիք ունի։ Վերջերս տեղեկացա, որ Վեհափառը հայտարարել է, որ աղանդավորներն էլ են եկեղեցու զավակները, սա շատ ուրախալի երևույթ է, եթե խոսքերն իրականություն դառնան, ուրեմն իրոք մեր եկեղեցին ապրում ու գործում է Հիսուսի անվանն արժանի կերպով։ Վերոնշյալ կինը տաս տարի կրիշնաիտների կազմակերպության անդամ լինելով, ի վերջո եկել է այն եզրակացության, որ եթե ինքը ծնվել է քրիստոնյաների երկրում, ուրեմն իր կյանքը ենթարկվում է քրիստոնեական էգրեգորի ազդեցությանը, այսինքն, ինքը քրիստոնյա է արդեն իսկ գենետիկ մակարդակի վրա, իսկ կրիշնագիտակցությունը իրեն տրված մի կյանքի փորձ էր` հետաքրքիր տեղեկություններ և գիտելիքներ ստանալու արևելքի իմաստության ու մշակույթի մասին։

Կարծում եմ, նրան ու նրա նմաններին մեղադրելու կամ բանադրելու իրավունք չունի ոչ ոք, քանի որ կարևոր է մարդու հոգու փրկությունը, այլ ոչ թե սեփական ինքնարժեքի բարձրացումը «պետական» կրոնի ներկայացուցիչ լինելով։

Բոլորովին նշանակություն չունի, թե ով է ուղարկում մեր մոլորակը սնող անձրևը` «հնդիկ» Ինդրա՞ն, Վիշնուի ողորմածությունը, «հրեա» Եհովա՞ն, թե՞ որևէ այլ աստված, կարևոր է, որ անձրևը գա ու բերքն առատ լինի։ Եվ ի վերջո, եթե մենք ապրում ենք մի քանի կյանք, ըստ «Բհագավատ-Գիտայի», ուրեմն պետք չէ մանրանալ և անլուրջ պայքարի մեջ մտնել սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Իսկ եթե ըստ Աստվածաշնչի մեզ տրված է մեկ կյանք, ուրեմն առավել ևս կարիք չկա մանրանալու, քանզի ասված է` «մի դատիր, որպեսզի չդատվես»։ Կրոնական, դավանաբանական բանավեճերն իմ կարծիքով անլուրջ երևույթներ են։ Այն, որ մարգարեները լսել են ձայներ ու տեսիլքներ են ունեցել, թերահավատի կարծիքով կարելի է նմանեցնել հալյուցինացիայի։ Եթե չկա իրական, շոշափելի փաստ, որը կարելի տեսնել, հասկանալ, այլ միայն զգալ, ապա համոզված եմ, միակ ելքն այն է, որ բոլորն էլ գան ընդհանուր եզրակացության։ Տվեք չորս երեխայի նույն, ենթադրենք` մրգային պաղպաղակն առանց փաթեթավորման ու խնդրեք նկարագրել համը։ Դուք կստանաք չորս տարբեր ընկալում։ Նույն կերպ էլ դավանաբանական տեսլականները` յուրաքանչյուրը կարող է հաստատ համոզված լինել սեփական կարծիքի ճշմարտացիության մեջ, բայց կա մի հին հնդկական առակ, երբ կույրերի խումբը հանդիպում է փղի, մեկը շոշափում է փղի ականջը, մյուսը պոչը, մյուսը դեմ է առնում ոտքին։ Ու երբ մեկն ասում է, թե փիղը տափակ ու բարակ է, մյուսը վրդովվում է. թե փիղը նման է պարանի, երրորդը սկսում է երկուսի վրա էլ ծիծաղել, թե փիղը ժայռի նման մեծ է, սկսում են իրար հետ վիճել, ու այդպես էլ չեն կարողանում ընդհանուր եզրակացության գալ, քանի որ չկար միմյանց լսելու ու հանդուրժելու ցանկություն։

Ո՞վ է ճիշտ, ոչ ոք չի կարող դատել, բացի Աստծուց, իսկ Նա անվրդով հետևում է մեզ։