Ազատություն, բայց միայն պաշտոնյաներին ու նրանց որդիներին

Հուլիսի 24-ին նոր հանգամանքներ ի հայտ եկան Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման կապակցությամբ առաջացած իրավիճակում: Հայտարարությամբ հանդես եկան` նախ «Ազատություն» ռ/կ-ի նախագահ Ջեֆրի Գեդմինը, ապա եւ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը: Առաջինը տարածված իր հայտարարությամբ, «Ազատությունը» եւ այն վերահսկող գործակալությունըª U.S. Broadcasting Board of Governors (BBG)-ն, մտահոգություն են արտահայտում «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության հաղորդումները Հայաստանի Հանրային ռադիոյով վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու մերժման կապակցությամբ. «Անցած շաբաթվա ընթացքում եռօրյա քննարկումները Երեւանում ԱՄՆ-ի եւ Հայաստանի հեռարձակման ոլորտի պաշտոնյաների միջեւ ավարտվեցին առանց համաձայնության նոր պայմանագրի վերաբերյալ, որ փոխարինվի այն մեկը, որի ժամկետն ավարտվել էր փետրվարին»: Ներկայացված են BBG-ի նախագահ Ջեյմս Գլասսմանի խոսքերը. «Մեր պատվիրակությանը խնդրել էին գալ Երեւան, որ հարթվեն որոշ տեխնիկական աննշան խնդիրներ եւ պայմանագիր կնքվիª շարունակելու համար հաջող գործընկերությունը: Այդ բոլոր խնդիրները լուծվեցին: Մեր պատվիրակությանն ասում էին, թե չկան վերջնական ժամկետներ, եւ չկար զգուշացում, որ դադարեցվելու են «Ազատության» հաղորդումները Հանրային ռադիոյով: Եվ այնուամենայնիվ, պայմանագիրը մնաց առանց ստորագրման, եւ մերժվեցին մեր առաջարկները վճարումներ անելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ համաձայնագրի ստորագրումը կապ չունի իրավական, պայմանագրային կամ տեխնիկական խնդիրների հետ»: Գլասսմանը հավելել է. «Մենք գնահատում ենք Հանրային ռադիոյի հետ մեր հարաբերությունները եւ, իհարկե, ցանկանում ենք շարունակել դրանք: Մենք անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը եւ համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումների կատարմանըª հենց որ Հայաստանի մեր գործընկերները կասեն, թե նրանք պատրաստ են»: Հիշատակված է, որ հուլիսի 9-ին Հայաստանի Հանրային ռադիոն հայտնել է, որ ծրագրում է դադարեցնել «Ազատության» վերահեռարձակումը օգոստոսի 9-ին: «Հանրային ռադիոյի հետ մեր շատ արդյունավետ գործընկերության հավանական ավարտը չունի տնտեսական կամ այլ իրավական հիմնավորում»,- ասել է Գեդմինը, գրում է «Առավոտ» օրաթերթը:

Հուլիսի 25-ին էլ պատասխան հայտարարությամբ հանդես եկավ հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը: Հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե ամերիկյան կողմի հայտարարությունը «պարունակում է մի շարք էական անճշտություններ եւ չի արտացոլում անցյալ շաբաթ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հանրային ռադիոընկերության եւ Ամերիկյան հեռարձակողների տնօրենների խորհրդի միջեւ տեղի ունեցած քննարկումների էությունն ու ոգին»: Ըստ ՀՀՌԸ խորհրդի հայտարարության, Հանրային ռադիոն ոչ թե մերժել է «Ազատություն» ռ/կ-իª վճարումներ կատարելու մասին առաջարկությունները, այլ մի շարք գրություններ է ներկայացրել նրանª պահանջելով ժամկետանց գումարների անհապաղ վճարումները, իսկ նկատի առնելով Հանրային հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության ընդհանուր միջազգային փորձըª խորհուրդը որոշել է դադարեցնել Հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ արտասահմանյան եւ տեղական հեռարձակողների ծրագրերի վերահեռարձակումը եւ այդ մասին հուլիսի 6-ի որոշմամբ հանձնարարել է Հանրային ռադիոյին եւ Հանրային հեռուստաընկերությանը ծանուցել բոլոր տեղական եւ օտարերկրյա հեռարձակողներին, որ օգոստոսի 9-ից հետո իրենց ծրագրերն այլեւս չեն վերահեռարձակվելու Հանրային ռադիոյով եւ Հանրային հեռուստատեսությամբ»: «Ազատություն» ռ/կ-ն ի պատասխան այդ ծանուցմանª խնդրել է երկարացնել այդ ժամկետը, ինչը Հանրային ռադիոընկերությունը ընդունել է: Հայտարարության համաձայն, թե° Խորհուրդը, թե° Հանրային ռադիոն պատրաստակամություն են հայտնել աջակցելու «Ազատություն» ռ/կ-ի եւ հայկական մասնավոր ռ/կ-ների միջեւ բանակցություններին, որպեսզի ապահովվի ռ/կ-ի շարունակական վերահեռարձակումը Հայաստանում, որի նպատակով էլ ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի պատվիրակության հետ անցյալ շաբաթ տեղի են ունեցել քննարկումներ: ՀՀՌԸ խորհուրդը քննարկել է «Ազատության» ծրագրերի վերահեռարձակման հնարավորությունը «Ար ռադիո» միջմայրցամաքային ռ/կ-ի միջոցով: Հայտարարության հեղինակները վերջում «վերահաստատում են իրենց ցանկությունըª շարունակելու Հեռարձակողների միջազգային բյուրոյի եւ «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցությունըª ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամության»:

«Ազատության» խնդրի հետ կապված հերթական վայրիվերումներին զուգահեռ Հայաստանում արձանագրվեց նաեւ հերթական աղմկոտ միջադեպը բարձրաստիճան պաշտոնյայի որդու կապակցությամբ: Այս անգամ աչքի ընկավ պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին:

«Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելի որդինª Կարեն Գրիգորյանը, իր մի քանի ընկերների հետ միասին «Զվարթնոց» օդակայանի տարածքում ծեծի է ենթարկել ՀՀ պետական փրկարարական ծառայության տեսուչ, 33-ամյա Կառլեն Արմենի Գալստյանին: Վերջինս ծեծված, անգիտակից վիճակում եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն ու ներկայումս գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ըստ բուժող բժշկի տեղեկանքի, հիվանդն ի վիճակի չէ հայտարարություն տալու: Այդուհանդերձ, մեր աղբյուրների ասելով, հերթական այս «բեսպրեդելի» գործողությունները ծավալվել են օդակայանի «VIP»-ի սրճարանում, որտեղ նստած են եղել Կառլեն Գալստյանը, Կարեն Գրիգորյանը, նրա կինն ու ընկերները: Միջադեպի շարժառիթը եղել է այն, որ Կ. Գրիգորյանին եւ նրա ուղեկիցներին դուր չի եկել այն, թե իրենց ապագա թիրախ Կ. Գալստյանն ինչպես է նայում գեներալ Մանվելի հարսին: Կ. Գալստյանի բացատրություններն ու արդարացումներն անիմաստ են եղել: Նա երեւի չի էլ իմացել, թե ում հետ գործ ունի: Իր արժանապատվությունը «վիրավորված» համարող Կարեն Գրիգորյանն ու նրա ուղեկից ընկերները նախª հայհոյել են Կառլեն Գալստյանին, հետո սկսել են անխնա ծեծելª մինչեւ վերջինս կորցրել է գիտակցությունը: Ընդ որում, «դաստիարակչական սամասուդին» հընթացս ծեծողների բրիգադը հասցրել է Կ. Գալստյանից խլել նաեւ նրա ձեռքի ժամացույցը, դրամապանակն ու ավտոմեքենայի բանալիները: Մեր տեղեկություններով, ծեծուջարդին ոստիկանությունը, երեւիª վախից, չի համարձակվել միջամտել, թեեւ այդ պրոցեսը բավականին երկար է տեւել: Մեր աղբյուրների փոխանցմամբ եւ չճշտված տեղեկությունների համաձայն, դեպքից հետո գեներալ Մանվելի որդին եւ նրա ընկերները տարել են նաեւ իրենց զոհի Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան», գրում է Առավոտը:

Մի քանի օր անց դեպքին անդրադարձավ Գլխավոր դատախազությունը: Ինչպես հուլիսի 25-ին տեղեկացնում է Lragir.am-ը, գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստից հետո, գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի հրահանգով Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել դեպքի առնչությամբ եւ բացահայտել բոլոր հանգամանքները:

ՀՀ ոստիկանությունը, որի պաշտոնական կայքում տեղադրված օպերատիվ ամփոփագրում այդ դեպքի մասին որեւէ տեղեկություն չկար, մի քանի օր անց իր պաշտոնական կայքում տեղադրել է դրա վերաբերյալ ուշագրավ հայտարարություն: «Հուլիսի 23-ին ոստիկանության «Զվարթնոց» օ/կ գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ «Զվարթնոց» օ/կ տարածքում ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Կառլեն Գալստյանին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հուլիսի 24-ին Կ. Գալստյանը հաղորդել է, որ նշված օ/կ «VIP» մասնաշենքի մոտ իրեն ծեծի է ենթարկել անհայտ անձը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Արթուր Խ.-ն, որը խոստովանել է, որ Կ. Գալստյանին ծեծի է ենթարկել ինքը: Կատարվում է հետաքննություն»: «Ստացվում է, որ Կ. Գալստյանին ծեծել են ոչ թե մի քանի, այլª մեկ հոգի, եւ դա ամենեւին էլ գեներալի որդին չէ: «Արթուր Խ.-ն» Արթուր Գեւորգի Խաչատրյանն է, որն աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանում որպես սպասարկման բաժնի վարիչ, ապրում է Էջմիածնի Օրջոնիկիձեի փողոցում: Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, այս երիտասարդը, իրոք, եղել է ծեծողների թվում», գրում է միջադեպի մասին առաջինը տեղեկացրած «Առավոտ» օրաթերթը, փաստացի պարզ դարձնելով, որ գեներալի որդու ազատությանը, թերեւս ոչինչ չի սպառնում:

www.hra.am

www.lragir.am