Տուժածներին կվճարեն տուժածների հաշվին

Եվրոպայում լայրորեն կիրառվում է նախադեպային իրավունքը: Մենք գնում ենք դեպի Եվրոպա հայտարարող պաշտոնյաներն ի հավելումն հայտարարում են, որ մեզանում էլ պիտի լայն տարածում եւ կիրառություն ստանա նախադեպային իրավունքը: Այս բարի ցանկության կյանքի կոչվելը սակայն կարող է շատ թանկ նստել պետության վրա: Ուղղակի իմաստով:

2007 թվականի հունիսի 7-ին Ստարսբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով հաշտության համաձայնագիր է կնքվել ՀՀ քաղաքացի Գեւորգ Ճղրյանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ. ՀՀ քաղաքացին պետությունից կստանա 150 000 ԱՄՆ դոլար` Երեւանի կենտրոնում իրացման աշխատանքների արդյունքում իր կորցրած սեփականության դիմաց: Սա առաջին դեպքն է, երբ ՀՀ-ում պետական կարիքներից տուժած ՀՀ քաղաքացին ՀՀ արդարադատությունից օգուտ չստանալուց հետո եվրոպական դատարանով հասնում է հաջողության:

Նախ ներկայացնեմ Գեւորգ Ճղրյանի պատմությունը: Նրան սեփականության դիմաց պետությունը տվել է 47 000 դոլար փոխհատուցում այն դեպքում, երբ անկախ մասնագետները սեփականությունը գնահատել են 190 000 դոլար: Սակայն հայկական արդարադատությունը սեփականությունից զրկվածի հարցում որոշում է կայացրել հօգուտ պետության: ՀՀ-ն համաձայնել է իր քաղաքացու հետ հաշտության համաձայնագիր կնքել եւ եւս 150 000 դոլար վճարել այն բանից հետո միայն, երբ գործը քննող եվրոդատավորները որոշակի պարզաբանումներ են պահանջել ՀՀ-ից: Պարզաբանումներ փոխարեն ՀՀ-ն հաշտության համաձայնագիր է առաջարկել:

Սա կարող է դառնալ նախադեպ, ՀՀ-ում պետական կարիքներից տուժած ՀՀ այն 20 ընտանիքների համար, ովքեր հայկական արդարադատության եռաստիճան համակարգից ձեռունայն են դուրս եկել եւ դիմել միակ-վերջին հույս եվրոդատարան: Եթե Գեւորգ Ճղրյանի գործը դառնա նախադեպ, չի բացառվում, որ այս 20 ընտանիքների օրինակին հետեւեն պետական կարիքներից տուժած ՀՀ այլ քաղաքացիներ: Ու եթե Գեւորգ Ճղրյանի գործը դարձավ նախադեպ, ապա առաջին 150 000 դոլարին կհետեւի 2-րդը, 3-րդը, չգիտեմ որերորդը: ՀՀ-ում պետական մակարդակով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի արդյունքում ծնվող «էլիտար» շենքերին քանակի աճին զուգահեռ աճում է քաղաքաշինական ծրագրերից դժգոհողների եւ պետական կարիքներից տուժածների թիվը:

Բայց խնդիրն այն է, որ պետական կարիքների համար մարդկանց սեփականությունը օտարվում է մի մասնավոր ընկերության համար` ներդրողի համար, որը բնակչի հետ չի շփվում: Այդ հոգսը իր վրա է վերցնել պետական ոչ առեւտրային կազմակերպություն` Ծրագրերի իրականացման գրասենյակը` ԾԻԳ-ը, իրականում կատարելով հենց առեւտրային գործունեություն: Սա դեռ մի կողմ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ ՀՀ քաղաքացուն լրացուցիչ փոխհատուցում է վճարվելու պետության գրպանից: Իսկ պետության գրպանը լցնում ենք մենք` հարկատուներս: Ստացվում է, որ մենք ոչ միայն, ըստ լայն տարածում գտած եւ համոզմունքի վերածված կարծիքի, ՀՀ ուռճացված պետական վարչահրամայական վարչակազմ ենք պահում, դեռ մի բան էլ ավելի` վճարում ենք նրանց սխալների համար: Այն սխալների, որոնցից մենք ենք տուժել: Ու եթե եվրոարդարադատությունը առաջնորդվելով նախադեպային իրավունքով բավարարի ՀՀ-ում պետական կարիքներից տուժած ՀՀ քաղաքացիների դիմումները, մեր երկնիշ թռչող կովկասյան վագրը չի հասցնի վճարել բոլոր փոխհատուցումները: Հենց սա է ցավալին. մեր պետությունը նախ մեզ զրկել է սեփականությունից, հետո դրան ոչ համարժեք փոխհատուցում տվել, հետո դատարաններին ճնշել ու նրանք էլ են մեզ մերժել եւ հիմա մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը ի կատար է ածում մեր հաշվին: Այս գործերում հմտացած փաստաբանները պնդում են, որ չկա որոեւէ իրավական հիմք, համաձայն որի, ԾԻԳ-ը կարողանա ներդրող մասնավոր ընկերությունից պահանջել, որ նա վճարի լրացուցիչ փոխհատուցումը: Իսկ պետության մեկ սխալի համար մենք արդեն վճարում ենք: Պետությունը որոշեց, որ բնակիչների ստացած փոխհատուցումը եկամուտ է եւ դրա 10 տոկոսը գանձեց որպես եկամտահարկ: Հետո երբ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց որ կառավարության այդ որոշումը հակասահմանադրական է, 10 տոկոսները հետ վերադարձրեցին պետբյուջեի պահուստային միջոցներից: Մեր հաշվին: Նկատենք, որ Երեւանում իրացման աշխատանքների մեկնարկից` 2001 թվականից առայսօր այս հարցին առնչվող բարձր պաշտոններում լուրջ փոփոխություններ չեն եղել:

Պետական կարիքներից տուժածների գործերով զբաղվող փաստաբանները բազմաթիվ խախտումների մասին տեղեկություններ ունեն: Մեկ օրինակ. հարեւան հողակտորներից մեկի մեկ քմ-ն գնահատվել է 330 դոլար, մյուսինը` 800 դոլար:
Սա կամայականությունն է, ինչը քրեորեն պատժելի արարք է: Փաստաբանները սրան գումարում են լրացուցիչ փոխհատուցումը պետության` հարկատուների գրպանից վճարելու հանգամանքը եւ նկատում, որ նման վիճակի մեղավոր մարդիկ վնասարար են եւ գալու է պահը երբ համապատասխան մարդիկ համապատասխան պատասխանատվություն են կրելու: Ի դեպ, կա ոչ միայն մարդու իրավունքների, այլ` քրեական հանցագործությունների միջազգային դատարան: