ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պետական կարիքներից տուժածների 20 գործ երվոդատարանում
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի համատեղ ջանքերով հուլիսի 25-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպվել էր «Պետական կարիքներից տուժած ՀՀ քաղաքացիների ներկայիս կարգավիճակը» թեմայով քննարկում: Թեեւ հավաքին հրավիրված էին ինչպես ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այնպես էլ պետական կառույցների ներկայացուցիչներ` սկսած հանրապետության նախագահի եւ վարչապետի վարչակազմերից, եկել էին միայն ոչ պետականները: Սա այն դեպքում, երբ պետական կարիքների տուժած խավը ձեւավորվել է քաղաքաշինության ոլորտում պետության սխալ քաղաքականության արդյունքում:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը հայտարարեց, որ 2001 թվականից Երեւանում ծայր առած իրացման աշխատանքներում խախտվել են ՀՀ սահմանադրությունը, բազմաթիվ այլ օրենքներ, Սահմանադրական դատարանի ընդունած որոշումները: «Դատարանները առայսօր չեն կարողանում բացատրել, թե ինչ է նշանակում պետական կարիք: Թող ազատագրված տարածքներում քաղաքաշինական ծրագրեր իրականացնեն, մասնավոր ընկերությունների մասնակցությամբ: Այնտեղ պետական կարիք չկա՞», հարցրեց Սեդրակ Բաղդասարյանը: Բանախոսի խոսքով, Երեւանի կենտրոնի տարածքների իրացման արդյունքում ավելացել է սոցիալապես խոցելի եւ անապահով անձանց թիվը, իսկ սա նշանակում է, որ այս քաղաքաշինական ծրագրերը հակասում են եւ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին, Հազարամյակի մարտահրավերներ ծրագրին եւ նման այլ նախաձեռնությունների: Կամ Հայաստան պետությունը այլ պետություններից պահանջում է հարգել եւ պահպանել հայկական մշակութային արժեքները. «ներսում այդ հարցը չլուծած երկիրը բարոյական իրավունք չունի ուրիշից պահանջելու», կարծում է Սեդրակ Բաղդասարյանը:
ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություններից առաջ պետական կարիքների զոհերին ընդունել էր նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ խոստացել լուծել հարցը: Առայսօր Սերժ Սարգսյանից պատասխան չկա: Սեդրակ Բաղդասարյանը հայտարարեց, որ պետական կարիքներից տուժած շատ քաղաքացիներ հույսները կտրել են վարչապետից: Սեդրակ Բաղդասարյանը նրանց մեջ չէ: Նա դեռ հույս ունի` «նման պաշտոն զբաղեցնողը չի կարող խոստանալ եւ չանել» եւ չի բացառում, որ վարչապետը իրենց հարցով զբաղվելիս բախվել է այնպիսի խոչընդոտների, որ ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս. «սա խոսում է երկրի կոռուպացված լինելու մասին: Իսկ մենք պատրաստ ենք սատարել վարչապետին»:
Հայաստանում պետական կարիքներից տուժածների շահերը Հայաստանում եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանն էլ նշեց, թե հարցը դարձել է ազգային պրոբլեմ, որովհետեւ առկա են մարդու իրավունքների զագնվածային խախտումներ, որ ուղեկցվել են խոշտանգումներով: «ԾԻԳ-երը նախ չեն համապատասխանում ոչ առեւտրային կազմակերպություն իրենց անվանը, միջնորդ առեւտրային գործունեություն են ծավալում եւ դարձել են տանիք ներդրողների համար»: Ի դեպ Արթուր Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է պետական կարիքներից տուժած ՀՀ քաղաքացի Գեւորգ Ճղրյանի շահերը եւ նրան հասել են հաջողության. 2007 թվականի հունիսի 7-ին Ստարսբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով հաշտության համաձայնագիր է կնքվել ՀՀ քաղաքացի Գեւորգ Ճղրյանի եւ Հայաստանի հանրապետության միջեւ. ՀՀ քաղաքացին պետությունից կստանա 150 000 ԱՄՆ դոլար` Երեւանի կենտրոնում իրացման աշխատանքների արդյունքում իր կորցրած սեփականության դիմաց: Սա առաջին դեպքն է, երբ ՀՀ-ում պետական կարիքներից տուժած ՀՀ քաղաքացին ՀՀ արդարադատությունից օգուտ չստանալուց հետո եվրոպական դատարանով հասնում է հաջողության:
Գեւորգ Ճղրյանի սեփականության դիմաց պետությունը տվել է 47 000 դոլար փոխհատուցում այն դեպքում, երբ անկախ մասնագետները սեփականությունը գնահատել են 190 000 դոլար: Սակայն հայկական արդարադատությունը սեփականությունից զրկվածի հարցում որոշում է կայացրել հօգուտ պետության: ՀՀ-ն համաձայն է իր քաղաքացու հետ հաշտության համաձայնագիր կնքել եւ եւս 150 000 դոլար վճարել այն բանից հետո միայն, երբ գործը քննող եվրոդատավորները որոշակի պարզաբանումներ են պահանջել ՀՀ-ից: Պարզաբանումներ փոխարեն ՀՀ-ն հաշտության համաձայնագիր է առաջարկել:
Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց նաեւ, որ այս պահին մարդու իրավունքների եվրոպական դատարանում կա ՀՀ-ում պետական կարիքներից տուժածների մոտ 20 գործ: Իսկ այդ գործերով բազմաթիվ ապօրինություններ են բացահայտվում: Օրինակ. կան փաստեր, երբ հարեւան տարածքներից մեկի 1 քմ-ն գնահատվել է 330 դոլար, մյուսինը` 880: Սա կամայականությունն է, ինչը քրեորեն պատժելի արարք է: Մյուս կողմից լրացուցիչ փոխհատուցումը տրվելու է պետության գրպանից, այսինքն` մեր` հարկատուների հաշվին: Ուրեմն նման վիճակի բերած մարդիկ վնասարար են եւ գալու է պահը երբ համապատասխան մարդիկ համապատասխան պատասխանատվություն են կրելու, կարծում է Արթուր Գրիգորյանը:
