2012 ընտրություններին ընդառաջ

Իհարկե, կայունությունը լավ բան է: Իհարկե, նորությունների բացակայությունն էլ նորություն է: Բայց հայտնի է նաեւ, որ ցանկացած օրենքից շեղում կա: Ուրեմն միշտ չէ, որ կայունությունը լավ բան է, կամ եթե առաջնորդվենք Մարկ Տվենի «կար ժամանակ, երբ հիմար ու լավատես բառերը հոմանիշ չէին» տրամաբանությամբ, միշտ չէ, որ կայունությունը տարբերվում է տեղում դոփելուց: Գուցե քիչ խառն են ստացվում դատողությունները, բայց այլ կերպ չի լինում, երբ ուսումնասիրում ես ՀՀ ԱԺ պատգամավորների ցուցակը եւ ԱԺ ընտրությունների դինամիկան:

2007 թվականի մայիսի 12-ին ձեւավորված Ազգային ժողովը չորրորդ գումարմանն է, բայց Հայաստանի երրորդ հանրապետության 5-րդ խորհրդարանն է. 1990-ին ձեւավորվածը խորհրդային տարիներից եկած Գերագույն խորհուրդ անունն էր կրում: 2007 թվականի մայիսի 12-ին ձեւավորված ԱԺ-ում կա երկու պատգամավոր` Հրանուշ Հակոբյան եւ Հարություն Ղարագյոզյան, ովքեր պատգամավոր են 1990 թվականից ի վեր: Եվ հենց այստեղ է, որ չես կարողանում խոսել դրական կայունության մասին: Հարություն Ղարագյոզյանը 5 անգամ պատգամավոր է դարձել` փոխելով երեք կուսակցություն եւ մի քանի քաղաքական հոսանք. նախ ձախ կոմունիստ, հետո` ՀՀՇ-ամերձ «Հանրապետություն», հետո` երկրապահ, հետո` ազգային պահպանողական` հանրապետական, վերջին` 2007 թվականին էլ պատգամավոր է դարձել աջ-ազատական Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով: Ու քանի որ Հարություն Ղարագյոզյանը 17 տարում գոնե 17 ելույթ չի ունեցել, գոնե 17 նախագիծ չի մշակել, ուրեմն միանշանակ է, որ չկա գաղափարների կայունություն եւ օրենք գրելու կայուն ձգտում: Կա միայն մանդատ ունենալու կայուն մղում: Հրանուշ Հակոբյանին չես համեմատի Հարություն Ղարագյոզյանի հետ: Եվ օրենքներն է հեղինակել, եւ բազմաթիվ ու օգտակար ելույթներ ունեցել, եւ կուսակցությունից կուսակցությունն էլ չի վազել, ուղղակի հաջողել է լեզու գտնել բոլոր իշխանությունների հետ: Մի խոսքով` կայունությունը էլի լիակատար չէ:

1995 թվականից նկատվում է ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողների եւ այդ փափագը կյանքի կոչողների կայուն աճ: Ու սրան զուգահեռ աճում են մեկ թեկնածուով ընտրություն երեւույթի ծավալները, աշխարհագրությունն ու տարածվածությունը: Իսկ որ մեկ թեկնածուով ընտրությունը ժողովրդավարությանը հարիր իրողություն չէ, հայտնի է բոլորին: Բայց անցանկալի այս իրողությունն իր կայուն աճով կա, որի վերլուծությունը, մեղմ ասած, ոչ մխիթարական եզրակացությունների է բերում:

8 մարդ իր պատգամավորական կարիերան սկսել է 1995 թվականին ձեւավորված խորհրդարանից եւ շարունակում է առայսօր. Արթուր Բաղդասարյան, Վիկտոր Դալլաքյան, Վոլոդյա Բադալյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սասուն Միքայելյան, Գալուստ Սահակյան, Կարեն Կարապետյան: 1999 թվականին, նկատվեց բիզնեսի ներկայացուցիչների մեծածավալ հոսք` ներխուժում օրենսդիր իշխանություն, եւ 1999 թվականից առայսօր 28 մարդ է անփոփոխ օրենսդիր: 2003-ին ընտրված 131 պատգամավորներից 2007-ին կրկին պատգամավոր է դարձել 70-ը` կամ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: 8-28-70: 2.5-3.5 գործակցով կայուն աճում է անփոփոխ պատգամավորների քանակը: Այս միտումը շարունակվելու դեպքում 2012 ընտրություններից հետո ԱԺ-ում ոչ մի նոր դեմք չի լինի: Հավանական է, որ մի շարք հին դեմքեր այլ կուսակցությունների տոմսեր կունենան: Եվ ինչպես անցած 17 տարում, կլինեն քաղաքական շրջանակներում «կոճակային մեծամասնություն» անունը ստացած մեծամասնության մեջ:

Սրանով հանդերձ, բոլորն են արձանագրում, որ ընտրությունից ընտրություն նվազում են ՀՀ Ազգային ժողովի հավաքական ողջամտությունը, ինտելեկտը եւ առանձին պատգամավորների անձնական որակները: Թե ինչու է փորձառուների կայուն աճը բերում փորձի եւ հմտությունների կայուն նվազման, մի գուցե անբացատրելի է քաղաքականության եւ տրամաբանության դասական օրենքներով եւ բանաձեւերով, բայց նույն երեւույթն աքսիոմատիկ ճշմարտություն է քաղաքականության հայկական մոդելի եւ զարգացումների հայկական տրամաբանության շրջանակներում: Ճիշտ նույն կերպ, միայն հայկական «առանձնահատկությունները» հաշվի առնելով է, որ պարզից էլ պարզ է դառնում բացատրելը, թե ինչպես են մարդիկ 17 տարի շարունակ ընտրում մեկին, որ 17 տարում ոչ 17, ոչ էլ նույնիսկ 7 անգամ չի խոսել: Կամ ինչպես է ստացվում, որ Աժ հավաքական ողջամտության, ինտելեկտի եւ առանձին պատգամավորների անձնական որակների կայուն աճող դիֆիցիտի պայմաններում էապես ու կայուն բարելավվում է այդ նույն պատգամավորների ֆինանսական առանց այն էլ ոչ վատ դրությունը: