ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեւանի բետոնապատումը շարունակվում է
Հայերը զարմանալի հակում ունեն բետոնի հանդեպ: Նրանք բետոնապատում են ամեն ինչ` սեփական տան բակերը, մայթերի գազոնները, զբոսայգիները, գերեզմանոցները եւ այլն: Ծառերի ու բուսականության հաշվին: Սեփական եւ ուրիշների առողջության հաշվին: Ամեն մեկն անում է իր չափով եւ իր հնարավորություններին համապատասխան: Բետոնը մեռած գոյացություն է եւ նաեւ ախտածին հատկություններ ունի, այն տգեղ է եւ ծախսատար: Այդ պատճառով էլ Երեւանը եւ Հայաստանի մնացած բնակավայրերը բետոնագույն են` անկյանք ու վանող: Անհասկանալի է` ինչ մղում է սա, որտեղից է գալիս: Սակայն փաստը մնում է փաստ: Եվ այդ փաստին առնչվում ենք պարբերաբար, գրեթե ամեն օր:
Երեւանի զանգվածային բետոնապատումը սկսվեց անկախությունից ի վեր: «Սրճարանային բումի» հետեւանքով ոչնչացվեց քաղաքի կանաչ հատվածի զգալի մասը: Հետո անցան բակերին ու մայթերին: Թվում է, այս ընթացքին վերջ չկա: Եվ ահա հուլիսի 17-ին լրատվամիջոցներն արձանագրեցին հերթական դեպքը. Երեւանի Պուշկինի փողոցի 43, 45 եւ 54 շենքերի միջեւ գտնվող կանաչ հատվածը ինչ որ մեկը ոչնչացնում է` տեղում բետոնե հերթական հրեշը կանգնեցնելու համար: «…Մայրաքաղաքում կառուցապատման համար հերթական կանաչ գոտին էր ոչնչացվում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հարեւանությամբ գտնվող Պուշկինի 43, 45 եւ 54 շենքերի այս բնակիչները կանգնել էին տրակտորի դիմաց՝ ասելով, որ իրենք միայն իրենց դիակի վրայով կթողնեն բակի ծառերը հատել եւ մշակած այգին ոչնչացնել: Այստեղ պատրաստվում են բակի հաշվին շենք կառուցել: Երեկ բնակիչների եւ ոստիկանների միջեւ անգամ բախում տեղի ունեցավ: «Կարմիր բերետավորները», բացի այն, որ ջանասիրաբար պաշտպանում էին կառուցապատողի շահերը՝ թողնելով, որ ծառերն անխնա հատվեն, ըմբոստացող կանանց ծեծելով ու քաշքշելով հեռացնում
էին տրակտորի առջեւից, գրում է Առավոտ օրաթերթը: Չնայած բնակիչներն ընդդիմանում էին եւ պահանջում այգու ոչնչացումը դադարեցնել, բանվորները տրակտորները քշելով մարդկանց վրա՝ այգու ցանկապատը քանդեցին ու պտղատու ծառերն արմատախիլ արեցին», գրում է թերթը:
«Իրադարձություններն ընթանում էին վերջին տարիներին Հայաստանի համար սովորական դարձած սցենարով. բնակիչների լուտանքներին ու գոռգոռոցներին պատասխանում էին անձնական սպառնալիքներով, հետո սպեցօպերացիայի ոգով մարդկանց փորձում էին հատ-հատ առանձնացնել, ամենաբիրտ ուժով նստեցնել մեքենաներն ու տանել: Ընթացքում հայտնվում էին ինչ-որ մարդակերպ հաստավիզներ, որոնք ամենավերջին հայհոյանքներով սպառնալիքներ էին տեղում մարդկանց վրա: Երեկ ոստիկանները ուժ էին կիրառել մի քանի տարեց կանանց նկատմամբ, սակայն վերջիններիս հաջողվել էր ազատել մի քանի երիտասարդների, որոնց ոստիկանները փորձել են տանել իրենց հետ: Շուտով դեպքի վայր ժամանած «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների պնդումների եւ համառ պահվածքի շնորհիվ աշխատանքները կրկին դադարեցին: Պարզվեց, որ այդ հողակտորը ձեռք բերած անձի ունեցած փաստաթղթերը ամբողջական չեն (ըստ փաստաթղթերի, հողակտորի սեփականատերը եղել է Շենգավիթ համայնքի դատախազ Ջոն Ֆարխոյանը, բայց վաճառել է 17-ամյա մի երիտասարդի): Վերջինիս ներկայացուցիչը պետք է փորձի դրանք լրացնել: Ի դեպ, երեկ համանման մի իրադարձություն է տեղի ունեցել նաեւ Երեւանի Հակոբ Հակոբյան 7, 9, 9/1, 11 շենքերի բակում», գրում է Հայկական ժամանակ օրաթերթը:
Այս մեջբերումներից երեւում է, որ մարդիկ դեռ փորձում են դիմադրել այս կործանարար երեւույթներին: Մյուս կողմից, այս մեջբերումներն այնքան նման են տարբեր դարաշրջանների հայ պատմիչների` Հայաստանում օտար նվաճողների ասպատակությունների մասին նկարագրություններին: Երբեմն նույնիսկ սկսում ես կասկածել` արդյոք օտարն է միշտ մեղավոր, թե մենք ինքներս ենք ավերել մեր երկիրը` նախքան օտար նվաճողների մուտքը, իսկ պատմիչներն էլ ողջ մեղքը բարդել են նրանց վրա: Ակնհայտ է մի բան, որ այդ փոքրաթիվ մարդիկ միայնակ են, եւ նրանց դիմադրությունն էլ լոկալ բնույթ է կրում` համատարած ամենաթողության ֆոնին: Եվ արդյոք այս ամենում միայն իշխանությունն է մեղավոր:
«Երեւանի Պուշկինի փողոցում տեղի ունեցածը իշխանական ցինիզմի հերթական դրսեւորումն է: …Խնդիրը, նույնիսկ կարելի է ասել` ողբերգությունն այն է, որ հերթական անգամ Հայաստանում չստացվեց հասարակական պայքար: Պուշկինի փողոցի շենքերի բանկիչները մնացել էին կարմիր բերետավորների դեմ մեն մենակ, եւ ընդամենը մեկ շենք այն կողմ իրավիճակն այնպիսին էր, կարծես թե Պուշկինի 43 շենքը, որի բակի պուրակը կտրում էին, գտնվում է Երեւանում, եւ այդ շենքի բնակիչներն էլ, ովքեր կանգնել էին բուլդոզերի առաջ, երեւանցիներ են, իսկ ահա մեկ շենք այն կողմ այլեւս Երեւանը չէ, իսկ դրա բնակիչներն էլ երեւանցիներ չեն, որ ապրում են իրենց համար կղզիացած: … Այդ ուղտը մի օր չոքելու էր նաեւ իրենց դռան շեմին: Եվ չոքեց: Մի օր կչոքի կողքի շենքի, մյուս օրը` կողքի թաղամասի, մեկ այլ օր` կողքի համայնքի շեմին: Այդպես շարունակ, մինչեւ որ Երեւանցիները կսովորեն ուղտի սապատը նկատել ավելի հեռվից, քան սեփական քթի ծայրը: Մինչեւ կհասկանան, որ քաղաքը կամ պահում են միանգամից, կամ զիջում են կամաց-կամաց, տուն առ տուն, փողոց առ փողոց: Եվ պետք չէ մտածել, որ հարեւան փողոցի ծառից ոչ մի քյար չկա, հետեւաբար ինչի համար նեղություն տալ ինքն իրեն ու պայքարել մի բանի համար, որ դու երեւի չես էլ տեսել: Ես համոզված եմ, որ նույն Պուշկինի փողոցի բնակիչներից շատերն անգամ զարմանում էին, որ Հյուսիսային պողոտայի կամ Բուզանդի բնակիչները թույլ չէին տալիս քանդել եւ չէին լքում իրենց խարխուլ խրճիթանման տները ու կանգնում էին բուլդոզերի առաջ: Զարմանում էին ու մտքի ծայրով անգամ չէին անցկացնում, որ կարելի է միանալ այդ քաղաքացիների պայքարին եւ թույլ չտալ, որ իշխանությունը ոտնահարի քաղաքացու իրավունքը: Երբ Լեւոն Ղուլյանի հիշատակի երթ էր Հանրապետության հրապարակից ոստիկանության շենք, ուր մահացել էր Ղուլյանը, քաղաքացիների զգալի մասը կողմնակի դիտորդի դերում էր, որովհետեւ Ղուլյանի հետ որեւէ հարազատական, բարեկամական կամ ընկերական կապ չուներ: Նրանցից որեւէ մեկի մտքով չանցավ ինչ որ կերպ միանալ ակցիային, ինչ որ կերպ բողոքել այն իրողության դեմ, որ հարցաքննության կանչվածը ոստիկանությունից դուրս է գալիս մահացած», գրում է Lragir.am կայքը:
