Քրեապետության անհամեստ հմայքը

Որքան էլ ցավալի է արձանագրել, Հայաստանում, գրեթե յուրաքանչյուր անցնող շաբաթը փաստում է, որ մեր երկիրը «անշեղորեն» գնում է դեպի դասական քրեապետություն եւ դրա դեմ կարծես թե ոչինչ եւ ոչ ոք կանգնած չէ: Տեղի ունեցողի խոսուն վկայությունը Երեւանում հուլիսի 7-ին տեղի ունեցած հերթական սպանությունն է, որը հանրությանը բավական հայտնի սպանությունների շղթայի մի մաս է: Հուլիսի 7-ի երեկոյան Սիլիկյան թաղամասի 3-գյուղի գերեզմանոցում, Աշոտ Վարդանյանի շիրմաքարի մոտ հայտնաբերվել էին վերջինիս որդու՝ 33-ամյա Արտավազդ Վարդանյանի, նրա աներորդու՝ 30-ամյա Վարդան Մելիքյանի, իսկ գերեզմանի պարիսպների մոտ՝ Արտավազդի վարորդի՝ Գրիգոր Ստեփանյանի դիակները՝ երեքն էլ հրազենային վնասվածքներով: Աշոտ Վարդանյանը գործարար էր, որ սպանվեց Երեւանի կենտրոնում, 2004 թվականին:

«Այս տարվա մայիսի 29-ին «Առավոտն» արդեն առիթ է ունեցել ներկայացնելու երկու հորեղբոր տղաների՝ Գագիկ եւ Աշոտ Վարդանյանների միջեւ ծագած խորը թշնամանքի եւ դրա արդյունքում փոխադարձ ու ֆիզիկական հաշվեհարդարների ողբերգական պատմությանը, որին 2004թ.-ից ի վեր զոհ են դարձել արդեն 6 հոգի՝ Գ. Վարդանյանի որդու՝ Ստեփան Վարդանյանի ընկերները՝ Էդուարդ Նիկողոսյանը, որի դին տակավին հայտնաբերված չէ, մյուս ընկերը՝ Արմեն Թարխանյանը, որի նկատմամբ մահափորձ էր իրականացվել, ինքը՝ «Քաղցրիկ» հրուշակեղենի արտադրամասի սեփականատեր Աշոտ Վարդանյանը, Գագիկ Վարդանյանի տղան՝ այս տարվա մայիսի 9-ին «Պանդոկ» ռեստորանի մոտ սպանված Ստեփան Վարդանյանն ու ընդամենը օրերս՝ հուլիսի 7-ին Երրորդ գյուղի գերեզմանատանը սպանված Աշոտ Վարդանյանի ավագ որդին՝ Արտավազդ Վարդանյանը՝ «Քաղցրիկի Տյոմ», եւ նրա երկու ուղեկիցները: Հիշյալ սպանություններից միայն մեկը՝ «Քաղցրիկի Աշոտինն» է, որ հայրենի իրավապահները համարում են բացահայտված: Ու թեեւ այդ գործով կալանավորվածներ չկան, բայց սպանության կատարման մեջ կասկածվում են երկու երիտասարդներ՝ Հայկ Կարապետյանն ու Վահան Տոնոյանը, որոնք մինչ օրս գտնվում են հետախուզման մեջ: 2004թ.-ից ի վեր Վարդանյանների թշնամանքի արդյունքում տեղի ունեցած այլ սպանությունների եւ հանցագործությունների գործերով հետախուզման մեջ են նաեւ «Քաղցրիկի Աշոտի» կրտսեր տղան՝ Արթուր Վարդանյանը, նրա ընկեր՝ «Նապ» մականունով Կարեն Գեւորգյանն ու Ստեփան Վարդանյանի սպանությունն իրականացրած եւս երկու անձինք», գրում է «Առավոտը» հուլիսի 10-ի իր համարում, ներկայացնելով հերթական սպանությունն ու դրա հետ կապված սպանությունների շղթան:

Թերթը նաեւ հիշատակում է Հայաստանի ոստիպանության տխրահռչակ աշխատակից, Կենտրոնի նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանի խոսքը, որ հրապարակվել է «Իրավունքի» 2007 թվականի մայիսի համարներից մեկում: Թամամյանը գործի կապակցությամբ կանխատեսել էր, որ եթե սպանությունների շղթան չբացահայտվի, ապա կլինեն այդ գործի հետ կապված նոր սպանություններ:

Գրելով Աշոտ Վարդանյանի որդու եւ նրա հետ հոր գերեզման այցելած եւս երկու անձի սպանության մասին, «Հայկական ժամանակը» փաստում է. «Իրավապահները ձեռնպահ են մնում այս սպանության առնչությամբ քննարկվող որեւէ վարկած հրապարակել, բայց ոչ պաշտոնապես հիմնական վարկածն այն է, որ դրանք նախորդ տարիներին տեղի ունեցած սպանությունների, այդ թվում նաեւ՝ Ստեփան Վարդանյանի, շղթայի շարունակությունն են»: Ի դեպ, ուշագրավ է, որ նույն Հովիկ Թամամյանի անունը կապվում էր Վարդանյանների սպանությունների բացահայտման գործընթացի շրջանակում տեղի ունեցած մահվան` Լեւոն Գուլյանի սպանության հետ: Գուլյանին հարցաքննել են Ստեփան Վարդանյանի սպանության կապակցությամբ: Ոստիկանության պաշտոնական տվյալով, նա իրեն ցած է նետել պատուհանից փախչելու նպատակով, սակայն սայթաքել է ու մահացել, իսկ Գուլյանի հարազատներն ասում են, որ նրան սպանել է Հովիկ Թամամյանը` ծեծելով, իսկ այնուհետեւ ցած նետելով պատուհանից: Գուլյանի գործի քննությունը դեռ շարունակվում է:

Ինչպես պարզվեց նաեւ հուլիսի 7-ին, շարունակվում է նաեւ այն սպանությունների շղթան, որոնց բացահայտումն անգամ, ինչպես պարզվում է, մարդկային զոհեր է պահանջում: Անդրադառնալով Աշոտ Վարդանյանի որդու սպանությանը, «Հայկական ժամանակի» թղթակիցը գրում է, որ դեպքի վայրի, այսինքն գերեզմանատան աշխատողների հետ զրույցներից եւ դեպքի վայրի ուսումնասիրություններից պարզվեց` մարդասպանը կրակել է գերեզմանից դեպի հարավ-արեւմուտք մոտ 60 մ հեռավորության վրա գտնվող բլուրի հետեւից:

Ըստ դատախազության հաղորդագրության, դեպքի վայրից իրավապահները առգրավել են 14 պարկուճ եւ 1 գնդակ, բայց չեն հստակեցնում` դրանք միեւնույն զենքից են արձակված եղել, թե` ոչ: Մեր տեղեկություններով, մարդասպանի թաքստոցում իրավապահները հայտնաբերել են «Կարաբին» տեսակի հրացանի 3 եւ ավտոմատ հրազենի մոտ մեկ տասնյակ պարկուճներ: Գերեզմանից քիչ հեռու կայանված Ա. Վարդանյանի «Ֆորդ-էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայի սրահի ետեւի նստատեղին իրավապահները հայտնաբերել են «Սայգա-Մ4» տիպի 7,64 տրամաչափի ակոսավոր որսորդական հրացան: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ այս հրացանին պատկանող պարկուճներ: Դա հիմք է է տալիս ենթադրել, որ Վարդանյանները փորձել են պաշտպանվել եւ պատասխան կրակ են բացել:

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազությունում հարուցվել է քրգործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ` «Սպանություն» հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի եւ 235-րդ` «Զենք-զինամթերքի ապօրինի կրում եւ օգտագործում» հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Թե ինչով կտարբերվի այդ գործի բացահայտումը նույն շղթայի նախորդ գործերից, ցույց կտա ժամանակը: Իսկ ժամանակն առայժմ միայն ցույց է տալիս, որ սպանություններից հետո ընկած իրադարձությունները պատասխանների փոխարեն տալիս են նոր հարցեր: Մասնավորապես, հուլիսի 10-ին Գ , ժամը 17:40-ի սահմաններում, Գյումրիի թիվ 15 դպրոցի մոտակայքի անմարդաբնակ տնակներից մեկում ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած երեխայի՝ Ռոբերտ Սիմոնյանի դիակը։ Երեխան կորել էր մայիսի 20-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի որդիների «ռազբորկայի» ընթացքում։ Ինչպես է, որ ոստիկանները չեն կարողացել հայտնաբերել երեխայի բնակավայրի մոտակայքում գտնված դիակը, ինչպես է հայտնվել այն տնակում, երբ է այնտեղ հայտնվել, ինչից է մահացել երեխան: Սրանք հարցեր են, որոնք սպասում են պատասխանի: Թեեւ դրա հույսը այդքան էլ մեծ չէ, նկատի ունենալով նախորդ աղմկոտ միջադեպերի վերաբերյալ հարցերին իրավապահների պատասխանների արդյունավետության ներկայիս մակարդակը: Ի դեպ, Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը անցնող շաբաթ «Հայկական ժամանակին» տեղեկացրել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախաքննական մարմնին հաջողվել է պարզել Սեդրակ Զատիկյանի սպանության կատարման մեխանիզմը, շարժառիթները եւ հանցագործությանը մասնակցություն ունեցած հիմնական անձանց ինքնությունը: «Այս պահին, ըստ գլխավոր դատախազության, կալանքի տակ է մեկ անձ: Եւս չորս հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրանց թվում է նաեւ Զատիկյանի սպանության պատվիրատուն: Նախաքննության շահերից ելնելով, սակայն, հետախուզվող անձանց ինքնությունը գլխավոր դատախազությունը չի հրապարակում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հետախուզվողների թվում է նաեւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին` Ստեփան Հակոբյանը, ով դեռեւս նախորդ տարի եղել է նախաքննության մարմնի տեսադաշտում եւ անգամ կալանավորվել է: Պատգամավորի եղբորորդուն բաց թողնելուց հետո իրավապահներին հանձնարարություն է տրվել շարունակել նրա հանդեպ օպերատիվ հետախուզական աշխատանքները: Սակայն ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունից (6-րդ վարչություն) նախաքննական մարմնին տեղեկացրել են, թե Ստեփան Հակոբյանի դեմ որեւէ բան չկա: Այսինքն` օպերատիվ հետախուզական աշխատանքները նորմալ չեն իրականացվել, եւ Ստեփան Հակոբյանին բաց են թողել տեսադաշտից: Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նախաքննական մարմինն օրերս 6-րդ վարչությանը մատնացույց է արել հետախուզվողների կոնկրետ տեղերը, որպեսզի նրանք ձերբակալվեն: Վեցերորդ վարչության աշխատակիցները, սակայն, դա չեն կարողացել կամ չեն ցանկացել անել: Այս պահին Զատիկյանի գործով կա մեկ կալանավորված` սպանությունն իրականացրած Արսեն Առուշանյանը», գրում է «Հայկական ժամանակը»:

www.hra.am

www.lragir.am