ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պետական, թե անձնական ծրագրեր` այս է խնդիրը
Հայաստանի նոր նշանակված կառավարությունը նախորդ շաբաթ հաստատեց իր գործունեության ծրագիրը, որն այս շաբաթ ներկայացվեց Ազգային Ժողովին: Խորհրդարանի մեծամասնությունը պետք է քննարկի եւ արտահերթ նիստի ընթացքում հավանության արժանացնի կառավարության ծրագիրը: Դատելով այն բանից, որ Հանրապետական կուսակցությունը ունի բացարձակ մեծամասնություն, իսկ դրան գումարելով նաեւ ՀՀԿ հետ կոալիցիա կազմած Բարգավաճ Հայաստան կուսակցության, ինչպես նաեւ կոալիցիայի հետ գործակցություն հաստատած ՀՅԴ ձայները, կարելի է վստահաբար պնդել, որ կառավարության գործունեության հնգամյա ծրագրի հաստատումը խնդիր չէ եւ ընդամենը տեխնիկայի գործ է, որը բարեհաջող իրականություն կդառնա առաջիկա օրերից մեկում` նայած, թե երբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստը: Հայաստանի կառավարման նորագույն, այսինքն անկախության 15-ամյա պատմության ընթացքում կառավարության ծրագրի հաստատումը երբեք էլ խնդիր չի եղել, որովհետեւ գործադիր իշխանությունը միշտ էլ խորհրդարանում ունեցել է բավարար քանակի մանդատ, որպեսզի անցկացնի սեփական նախագծերն ու ծրագրերը:
Փոխարենը կառավարության գործունեության ծրագիրը միշտ ունեցել է մեկ այլ, առավել կարեւոր, եւ քաղաքացիների համար առավել նշանակալից խնդիր: Դա կառավարության ծրագրի կյանքի կոչումն է: Հնգամյա նոր ծրագիրը բավական հավակնոտ կարելի է համարել: Օրինակ, այն նախատեսում է, որ ասենք առաջիկա տարիների ընթացքում առողջապահական ոլորտի հատկացումները կկազմեն ՀՆԱ մոտ 3 տոկոսը, իսկ կրթությունն ու գիտությունը կստանա ՀՆԱ մոտ 3,5 տոկոսի չափով պետական հատկացումներ: Համեմատության համար նշենք, որ այդ թվերը առողջապահության եւ սոցապ հատկացումների առումով մի փոքր են պակաս պաշտպանական ծախսերից, իսկ կրթության ու գիտության ոլորտը գերազանցում է այդ ծախսը: Պաշտպանությանը, իհարկե բյուջետային միջոցներով, հատկացվում է ՀՆԱ 3 տոկոսի չափով գումար: Իհարկե այդ ոլորտը մեծապես ֆինանսավորվում է արտաբյուջետային միջոցների հաշվին: Բայց ակնառու է, որ կառավարությունը շատ մեծ նպատակներ է դրել սոցիալական-առողջապահական եւ կրթական հմակարգերի առնչությամբ: Բավական հավակնոտ ծրագիր է նաեւ աղքատության վերաբերյալ մասը: Նախատեսվում է, որ հնգամյա ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում աղքատությունը 2012 թվականին կկքազմի 1,5 տոկոս, ներկայիս մոտ 30 տոկոսի փոխարեն: Ինչ խոսք շատ քչերն են հավատում, որ առաջիկա հինգ տարում աղքատությունը նվազելու է այդ տեմպով, այն դեպքում, երբ անցած տարիներին տեմպը եղել է շատ դանդաղ: Դրան պետք է ավելացնել նաեւ այն դիտարկումը, որ աղքատությունը չափվում է սահմանված որոշակի չափորոշիչներով եւ բավական է դրանցից մեկի դեպքում մի փոքր առաջխաղացում, երբ մարդը արդեն պաշտոնական վիճակագրության աչքին աղքատ չէ, բայց իրականում նրան այդ դասարակգից դուրս է բերել ընդամենը ամսական 1000 դրամ լրացուցիչ եկամուտը: Այսինքն, պետությանը գուցե բավարար կլինի հինգ տարվա ընթացքում մոտ հինգ հազար դրամ ավելացնել աղքատության նպաստները, կամ ինչ որ սոցապ վճարներ հատկացնել աղքատ բնակչությանը, եւ բնակչության այդ մասն արդեն կգերազանցի աղքատության սահմանված չափորոշիչը եւ կհմարվի ոչ աղքատ: Իրականում պարզ է, որ մարդու սոցիալական վիճակը որեւէ էական փոփոխություն չի կրելու: Այսինքն կառավարության ծրագրի այդ դրույթն իր մեջ պարունակում է աճպարարության որոշակի տարրեր, որոնք թերեւս կվերանային, եթե կառավարությունն առաջիկա հինգ տարիների համար սահմաներ աղքատության չափման նոր չափորոշիչներ: Դա նաեւ անխուսափելի եւ անհրաժեշտ է, քանի որ կյանքի տեմպի փոփոխության, տնտեսության զարգացման ցուցանիշների հետ մեկտեղ փոխվում են հասարակության պահանջմունքները, հետեւաբար պետք է փոխվեն նաեւ սոցիալական կարգավիճակների չափման միավորները:
Այլապես ստացվում է ինչպես միշտ: Բոլոր կառավարությունների ծրագրերը, դատելով կյանքի իրական որակից եւ սոցիալական խմբերի միջեւ համամասնությունից, որեւէ կապ չեն ունենում, որեւէ արտացոլում չեն գտնում իրականության մեջ, բայց համարվում են կատարված, որովհետեւ ընդամենը հենվում են չոր վիճակագրության ու սահմանումների վրա: Մինչդեռ վիճակագրությունը որակական փոփոխություն է ենթադրում կառավարության ծրագրերի սկզբի եւ ավարտի ժամանակաշրջանների համեմատ: Նոր կառավարության ծրագիրն էլ թերեւս անցնելու է իրականացման նույն ճանապարհը: Օրինակ, կառավարությունը սահմանում է, որ կառուցելու է ժողովրդավարական արժեքների վրա հենված քաղաքացիական հասարակություն, պայքարելու է կոռուպցիայի դեմ եւ ապահվելու է հավասար մրցակցային պայմաններ: Եթե կա մեկը, որը կասի, թե նախորդ կառավարությունները չեն հռչակել նույն նպատակները, ապա թերեւս կարելի է հավատալ, որ նոր կառավարությունը բերում է կառավարման թարմ մոտեցումներ, առաջ քաշելով հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությունը: սակայն նախորդ բոլոր կառավարությունները հռչակել են նույն ժողովրդավարությանը միտված նպատակներ, շեփորել են կոռուպցիայի դեմ նույն պայքարը եւ ամեն ինչ արել են հավասար մրցակցության հասնելու համար: Արդյունքում այդ բոլոր խնդիրները Հայաստանում դույզն իսկ չեն կորցրել իրենց արդիականությունը: Բայց եթե լսենք գործադիրի հաշվետվությունները, կամ ինքնագնահատականը, ապա այդ ուղղությամբ ծրագրային բոլոր աշխատանքները կատարվել են գրեթե անթերի: Եվ իսկապես, օրինակ ընդունվել են շատ օրենքներ, որոնք հավանության են արժանացել եվրոպացի փորձագետների եզրակացությունների մեջ, որոնք համարվել են քայլ առաջ ժողովրդավարության ասպարեզում, որոնք համարվել են կոռուպցիոն ռիսկի նվազմանն ուղղված միջոցառում, որոնք դիտվել են իբրե հավասար գործունեության գրավական: Սակայն մի բան է այդ օրենքների առկայությունը եւ մեկ այլ բան է դրանց կիրառումն իրականության մեջ: Սա Հայաստանի բոլոր ժամանակների խնդիրն է, եւ թերեւս շարունակելու է մնալ այդպիսին, թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ գրված օրենքների անտեսումով ընտրություն հաղթած եւ կառավարություն ձեւավորած վերնախավը չի կարող երկրում ձեւավորել գրված օրենքների իշխանություն, որովհետեւ սեփական երկարակեցության գրավական է համարում չգրված օրենքը:
Այդ պարագայում երկրի կյանքում շատ քիչ նշանակություն կարող է ունենալ գրված ծրագիրը: Էականն այն է, թե ինչ անձնական ծրագրեր ունեն կառավարության ղեկավարներն ու անդամները: Երկրի կյանքում, դժբախտաբար, առայժմ նշանակություն ու դերակատարում են ունենում ոչ թե պետական, այլ անձնական ծրագրերը:
