ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հերթական անգամ եղավ լինելիքը
Հայ հասարակությունը նախորդ շաբաթվա ընթացքում ուշադրությամբ հետեւում էր, թե ինչ է տեղի ունենում Սահմանադրական դատարանում, ուր չորս քաղաքական միավոր` Իմպիչմենտ դաշինք, ՕԵԿ, ՆԺԿ եւ Հանրապետություն կուսակցություններ, դիմում էին ներկայացրել բողոքարկելով 2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանի
ընտրության արդյունքը, վիճարկելով դրա համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին: Որպես պատասխանող կողմ Սահմանադրական դատարանում
հանդես էին գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արդարադատության
նախարարությունը, Գլխավոր դատախազությունը: Նախորդ շաբաթվա վեց օրերի ընթացքում
Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամները լսում էին հայցվոր կողմի փաստարկները,
ընտրախախտումների մասին տեղեկությունները, փաստերը, հիմնավորումները:
Ընդդիմությունը մասնավորապես ներկայացնում էր, որ ընտրական ամբողջ գործընթացի
ընթացքում հոգուտ իշխանական ուժերի խախտվել է քաղաքական ուժերի հավասար
մրցակցության սկզբունքը, որ ընտրության գործընթացն անցել է բացահայտ ընտրակաշառքի
բաժանումով, որ բարձրաստիճան պաշտոնյաները զբաղվել են քարոզչությամբ, որ
հեռուստաեթերը լի է եղել իշխանական, իսկ քիչ` ընդդիմադիր ուժերի քարոզչությամբ, որ
ընտրության օրը տեղի են ունեցել հազարավոր քվեարկություններ ապօրինի անձնագրերով,
տեղի են ունեցել ընտրատեղամասային հանձնաժողովների արձանագրությունների անօրինական
ուղղումներ ԿԸՀ պաշտոնյաների ձեռքով: Այդ ամենը լսելուց հետո կամ դրան զուգահեռ,
Սահմանադրական դատարանը լսում էր նաեւ պատասխանող կողմերին: Պատասխանները շատ հաճախ
ընդամենը անձերի սուբյեկտիվ գնահատական էին եւ բացարձակապես զուրկ էին փաստական
հիմնավորումներից: Օրինակ, Իմպիչմենտ դաշինքի այն պնդմանն ի պատասխան, թե
հեռուստաեթերում ավելի շատ եղել են իշխանական ուժերի ներկայացուցիչները, ինչը
հավասար մրցակցային պայմանի խախտում է, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարել է,
թե այդ հաղորդումներին մասնակցող գործիչները չեն քարոզել հոգուտ իրենց
կուսակցության: Իսկ հարցին, թե ով է որոշում, որն է քարոզչություն, իսկ որը ոչ,
հնչել է Ազարյանի պատասխանը, թե դա որոշում է ԿԸՀ-ն: Իմպիչմենտը ներկայացրել է, որ
ԿԸՀ-ն չի կարող դա որոշել, որովհետեւ պետական կառույցները իրավասու են անել այն,
ինչ սահմանված է Սահմանադրւթյամբ եւ օրենքով, իսկ ԿԸՀ-ն այդ իրավասությունը չունի`
որոշել, թե ինչն է քարոզչություն, ինչը ոչ: Բացի այդ, Իմպիչմենտը ներկայացրել է, որ
չկան նաեւ քարոզչությունը սահմանող չափորոշիչներ, որոնց հիման վրա ԿԸՀ-ն որոշեր,
այդ երեւույթի սահմանը: Դա մի դրվագ էր, թե ընդհանուր առմամբ ինչ մթնոլորտում, եւ
ուժերի ինչ հարաբերականությամբ էր անցնում քննարկումը Սահմանադրական դատարանում մի
ամբողջ շաբաթ: Մի դրվագ էր, թե կողմերից որ մեկն էր խոսում հիմնավորված, հղում
կատարելով ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը, եւ որ մեկն էր պաշտպանվում
ընդամենը վերացականին մոտ արտահայտություններով, որոնք ուղղակի հակասում են
Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես որ հեռուստահաղորդումների քարոզչական
լինել-չլինելու մասին որոշում կայացնելու ԿԸՀ իրավասության մասին Գարեգին Ազարյանի
պնդումը:
Սակայն ինչպես ցույց էր տալիս քննարկման ընթացքը, ընդդիմության բոլոր փաստարկներն
ու հիմնավորումները ոչ միայն չէին հուզում սահմանադրական դատարանին, այլ նույնիսկ
նյարդայնացնում էին նրա որոշ անդամներին: Օրինակ անդամ Կիմ Բալայանը բացահայտ
բանավեճի մեջ էր մտնում հայցվոր կողմերից մեկի` Նոր Ժամանակներ կուսակցության
ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանի հետ: Մի քանի օր տեւած այդօրինակ
բովանդակային քննարկումները ընդդիմությանը ցույց տվեցին, որ այն ինչ տեղի է
ունենում, ընդամենը խաղ է, որի ավարտը ծրագրված է նախապես: Ընդդիմությունը
քննարկումների վերջում հայտարարեց, թե դա ընդամենը «թատերական ֆարս է», եւ հունիսի
8-ին լքեց Սահմանադրական դատարանի դահլիճը: Իսկ Սահմանադրական դատարանը նույն օրը
դահլիճը լքեց որոշում կայացնելու համար: Որոշումը կայացվեց հունիսի 10-ին: Համաձայն
որոշման, Սահմանադրական դատարանը փաստորեն մերժեց ընդդիմության հայցը` անվավեր
ճանաչել խորհրդարանի ընտրության համամասնական ընտրակարգի արդյունքը եւ նշանակել
վերընտրություն: Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ընտրության համամասնական
ընտրակարգի արդյունքը հաստատող ԿԸՀ որոշումը: Դրանից բացի, ՍԴ-ն նաեւ որոշման մեջ
ֆիքսել է, թե եղել են առանձին խախտումներ եւ թերացումներ, որոնք սակայն չեն ազդել
ընտրության ելքի վրա, իսկ ԿԸՀ-ին հանձնարարվել է առկա խախտումների ու թերացումների
մասին նյութերը տրմադրել գլխավոր դատախազություն:
Կարելի է չկասկածել, որ այդ հանձնարարությունը որեւէ հետեւանք չի կարող թողնել
ընտրության արդյունքով ձեւավորված իրավիճակի վրա, առավելագույնը կարող են պատժվել
ընտրական գործընթացի ընդդիմադիր մասնակիցները: Դրա օրինակն արդեն կա: Նախորդ շաբաթ
Արմավիրի դատարանը ազատազրկման էր դատապարտել մի ընտրատեղամասային հանձնաժողովի
նախագահի, որը «Արդարություն» դաշինքի անդամ էր: Իշխանությունը փաստորեն դրանով
ցույց է, որ ընտրությունը կեղծելու փորձ արել են ընդդիմադիր ուժերի
ներկայացուցիչները: Կասկածից վեր է, որ եթե լինեն թերացումների ու խախտումների
հեղինակներին պատժելու փորձեր, ապա առաջին հերթին հարվածի տակ կարող են ընկնել
ընտրական գործընթացի հենց ընդդիմադիր կողմնորոշում ունեցող մասնակիցները: Համենայն
դեպս այդպես էր մինչ այժմ իրականացրած սցենարով: Իսկ որ սցենարը նախապես մշակված է,
վկայում է նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն անվրդով կազմավորեց
կառավարություն եւ անցկացրեց Ազգային Ժողովի առաջին նիստը, չնայած այն բանին, որ
Սահմանադրական դատարանը քննում էր ընտրության արդյունքը եւ համենայն դեպս պետք էր
սպասել, մինչեւ ՍԴ որոշումը: Սակայն չսպասեցին եւ ձեւավորեցին նոր խորհրդարանն ու
կառավարությունը, թեեւ ընդդիմությունը պնդում էր, որ պետք է սպասել, քանի դեռ գործը
դատարանում է, որովհետեւ հայտնի չէ, թե դատարանն ինչ որոշում կկայացնի: Բայց,
իշխանությանը գուցե եւ լավ էլ հայտնի էր:
