ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վստահության արժեքը
Այս հոդվածը ռուսերեն՝
Микаел Багдасарян
Цена доверия
16 տարուց ավելի է «ձգվում» օտարության մեջ հայտնված նորօրյա հայ պանդուխտների` «երջանկության
աստղի» փնտրտուքը: Հայկական «,քարավանների»` «օտար, ամայի ճամփեքի վրա» հայտնվելու
պատճառը, վերջիններիս` բարեկեցիկ կյանքի հանդեպ ունեցած երազանքն էր։ Որքան էլ
տարօրինակ թվա` «այստեղ էլ ապագա չկա» դամբանականը հասկանալու համար արտերկրում
հայտնված մեր հայրենակիցների աչքաբաց հատվածից ընդամենը հաշված օրեր պահանջվեցին:
Մյուսներից` այդ անողոք ճշմարտության գիտակցումը տարիներ կորզեց: Գանձախույզների»
շուրթերից որպես կանոն հնչում էր (է)` ոչ այն է ինքնահորդորի, ոչ այն է
անհաջողակներին ուղղված «հրահանգի» նմանվող, անեծք հիշեցնող ու անվերջ կրկնվող
ճշմարտությունը` «Այստեղ ապագա չկա»։ Այսօրինակ մարգարեությունը թևաթափ է անում ու
հուսահատության դուռը հասցնում թե իրենց` այդ իրողությունը սեփական մաշկի վրա
զգացածներին, թե նրանց` ում ճակատագրի բերումով վիճակված է ապրել հայրենիքում։ Հենց`
«քաղաքակիրթ» աշխարհին նմանվելու ոչ մի հնարավորություն մոտ ապագայում չկա,
մտայնության հանդեպ ունեցած համոզվածությունն է յուրաքանչյուր հայի ստիպում`
հեզորեն ու համբերատար հաշտվել իր խաչը տանելու «վերինների» կողմից նախասահանած»
դերին։
Անկախության արշալույսին «ազգային ինքնաճանաչման» ալիքի վրա իշխանության եկած «հայրենասիրական»
ուժերին հաջողվեց փուլ առ փուլ, բայց ավելի արագացված տեմպերով հասնել
հետխորհրդային հասարակության որոշակի շերտերի աստիճանական դեգրադացմանը։ Պետականև
քաղաքական այրերի անձնական օրինակը, նրանց կողմից մշակված և իրականացված ծրագրերը,
ինչպես նաև բնակարանների և ուղեղների «մոմապատումը» սրբագրումներ մտցրեց հանրության
շրջանում ծայր առած նախնական ոգեշնչվածության մեջ։
Այնուամենայնիվ, «սառեցված» պատերազմը, հանրությանը` աշխատելու, կառուցելու,
սովորելու և երեխաներ ունենալու մեծ լիցք հաղորդեց։ Հարկավ, մարդու համար անհնարին
ոչինչ գոյություն չունի։ Չուներ նաև` ծխախեղդ եղած, հացի քարտերով մի կերպ յոլա
գնացած ու մայրաքաղաքի փողոցներում նոր արահետեր բացած մարդկանց համար։Հայկական
մտածելակերպին պատշաճող հիշողությունն առ այսօր էլ ամենայն մանրամասնությամբ
պահպանում է նոր Հայաստանը կերտածների նկատմամբ տածած «երախտիքը»։ Թեև, հանուն
անկեղծության հարկ է նկատել,որ վաղեմության ժամկետի և ներկա պահի հրատապության
պատճառով այդ հիշողությունը փոքր-ինչ խամրել է: Խամրել է` նախանշված ուղու ներկայիս
շարունակողների նկատմամբ ունեցած վստահության պատճառով։
Հայաստանի «բարենորոգիչների» «երրորդ էշելոնը» ներկայումս քաղաքացիների
վստահությանն է փորձում արժանանալ «առաջնեկից» տարբերվող եղանակներով։ Վերջիններիս
կողմից ներշնչվող «պայծառ ապագային» վերաբերող խոստումը, հար և նման է ազգային
քրիստոնեական հավատի ձեռքբերման իրավունքին։ Մի տարբերությամբ միայն. երկրորդ
դեպքում ձեռքբերման իրավունքն ամրագրված սակագին չունի։ Ինչ ասես, այսպիսին են
ժամանակակից հայկական շուկայի օրենքները։
Քրոնիկ հիվանդի նմանվող հայկական հասարակությանը հերթական անգամ ամբուլատոր բուժում
ստանալու հնարավորություն է ներկայացել։ Հանրության գերակշիռ հատվածի` վստահության
պատճառով ստացած երբեմնի ցավը` քաղաքացիների մոտ սպանել է որևէ փոփոխության
հասնելու ցանկությունը։ Մարդիկ կորցրել են իրենց բարոյական հենքն ու`
հոգևոր-բարոյական ամբողջականության առանցքը։Հասարակական գիտակցության մեջ խոր
արմատներ է գցել ամենաթողության հանդեպ ունեցած հանդուրժողականությունը: Մարդկանց
արարքները դարձել են ավելի ու ավելի անտրամաբանական, իսպառ վերացել է
հետևողականությունը: Բարոյական նորմերն էլ առավելապես կախված են «շահույթի», այսպես
կոչված «օգուտի» իրավիճակային չափանիշերից։
Անցած խորհրդարանական ընտրությունները որոշակի իմաստով կանխորոշեցին առաջիկա
հնգամյակը: Ընտրություններն անցան վառ արտահատված անտարբերության ֆոնի վրա,
չառաջացնելով առանձնակի զայրույթ, կամ «շարժման» ցանկություն։ Անգամ «բողոքավոր»
էլեկտորատի մի մասը քվեարկեց «հանրապետական պայծառ ապագայի» օգտին։
Ի՞նչն է հետաքրքիր, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կողմից անցկացված
հարցման արդյունքում (22.05.2007 | ИА REGNUM) պարզվել է, որ պետական և հասարակական
ինստիտուտներից քաղաքացիներն ամենից շատ վստահում են բանակին` 70% , ՀՀ նախագահին
վստահում են հարցվածների 20%-ը, կառավարությանը` 12%, իսկ խորհրդարանին` 10%։
Կարո՞ղ եք համադրել` ներկա պետական ինստիտուտների նկատմամբ եվրոպական
կազմակերպության կողմից ներկայացված վստահության աստիճանը` անցած ընտրություններում
հաղթանակած իշխանամետ քաղաքական կուսակցությունների պաշտոնական հաղթանակի փաստի
հետ։ Ինչ է, տասը օրվա ընթացքում ընտրազանգվածը փոխե՞ց իր «աշխարհայացքը»։ Մնում է
հանելուկ …
Հայկական հասարակության հանելուկային հիվանդության պատճառներն ամենևին էլ անցյալ
դարի 80-90-ական թվականներում չէ,որ թաքնված են։ Ժամանակակիցների ուշիմ աչքը միայն
կարող է նկատել,որ նրանք պահվպանած են մեր պապերի դարավոր չարաչարանքների
արդյունքում ձևավորված հին հայկական սովորույթների ու ադաթների խորքային նիստերում։
Ուղղակի` մուտացիայի հակում ունեցող հին ազգային հասարակական մանրէն, հասարակության
«հասկացող» անդամների կողմից արժանի դիմադրության չհանդիպելով, XX դարի վերջում
հեշտորեն ակտիվացավ։ Այդ մանրէի կայունության ու ճկունության մեջ համոզվելու համար
ամենևին էլ պարտադիր չէ լինել պատմագետ կամ մատենադարանի աշխատակից։ Բավական է
որպես օրինակ դիտարկել XIII դարի Հայաստանի պատմությունը` Ներսես Շնորհալու կամ
,ասենք` Կիրակոս Գանձակեցու աշխատությունների դիտանկյունից։
Այդ չարաբաստիկ XIII դարում, հեծելով մի կողմից արաբների, մյուս կողմից թաթարների
ճնշման տակ, Հայաստանը` փրկության աղոտ մի հույսով մերթ դեպի բյուզանդացիները, մերթ
դեպի խաչակիրներն էր նետվում։ Բայց անարդյունք։ Հայաստանի քաղաքական քայքայումը շատ
արագ էր ընթանում։ Ու որքան էլ ջանացին Ռուբինյան թագավորները գոնե Կիլիկիայի
գրավումով այնտեղ պահպանել Հայաստանի քաղաքական ինքնուրույնությունը, միևնույն
է,այդպես էլ արդյունքի չհասան։ Հայկական հասարակության ընդերքում գոյող
տգիտությունն ու անբարոյականությունն այս կամ այն կերպ բերում էին անխուսափելի
կործանման։
Այո, սա էպատմությունը… Իսկ ո՞վ է ասում, որ պատմությունը պետք է անպայման կրկնվի,
ո՞վ է ասում, որ ամեն ինչ կանխորոշված է և ո՞վ է ասում, թե այլընտրանք չկա։
Այլընտրանք չունի միայն դիակը։ Այլ հարց է, թե որքանով է բավարար կենդանի մարդու
համարձակությունը, ձգտումն ու հավատը, որպեսզի կարողանա ընտրել իր ապագան։
Պատմության վայրիվերումները միշտ չէ, որ կանխատեսելի ու միշտ չէ, որ բացատրելի են։
Պետականության հիմքերի քայքայումը կամ թուլացումը որևէ երկրում միայն
գաղափարախոսության բացակայությամբ, տնտեսական հիմնախնդիրներով, կամ էլ իշխանության
թուլությամբ չէ,որ պայմանավորված են ։ Ավելի շուտ` դա հասարակության «հիվանդության»
համալիր ու աստիճանական զարգացման արտացոլումն է։
Հնարավո՞ր է արդյոք, ունենալով «հիվանդ» հասարակություն, քաղաքակիրթ ապագայի համար
պահանջվող հերոսական թռիչքի նեուժ գտնել։ Պատրա՞ստ են արդյոք ի սեր պետականության
ու ի շահ ազգի ապագայի գործած մեղքերի համար ապաշխարհել ներկայիս ու նախկին
առաջնորդները: Պատրա՞ստ է արդյոք հասարակությունը` միասնության և հոգևոր ու
ֆիզիկական ուժերի հսկայական լարման։ Թե՞ հասարակությունը դեմ չէ հետագայում էլ
հիվանդ մնալ էվոլյուցիոնիզմով, հուսալով ու սպասելով այն պահին, երբ կյանքի ներկա
դրվածքն ինքնաբերաբար անցում կատարի դեպի ավելի բարեկեցիկը։
«Ամեն ինչ լավ կլինի» նյարդայնացնելու աստիճան ծամծմված արտահայտությունը լավագույն
դեպքում «հասկացողների» մոտ հեգնական ժպիտ է առաջացնում, քանի որ Հայաստանի
բնակչության ամենապարարտ մասն անգամ հազիվ թե հավատում է, որ լավ կլինի այսպես`
ինքնաբերաբար…
Մ. Բուլգակովի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու արտահայտությունը վերափոխելով կարելի
է ասել, որ տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր ճգնաժամը կավարտվի միմիայն
այն ժամանակ, երբ քաղաքական գործչի, պետական ծառայողի և հոգևորականի
գործունեությունն ուղղված կլինի ի շահ պետության, ու մասնավորապես` կոնկրետ
քաղաքացու, և ոչ ամենևին` ինչ որ մեկի կողմից նշված նեղ շրջանակների համար։ Երբ
իշխանությունն իրոք վստահության կարժանանա, այլ ոչ թե ուժով մարդկանց վզին կփաթաթի
այդ պարտավորությունը։ Երբ օրենքի, օրենսդիրի, օրինապահների նկատմամբ վստահություն
ու հարգանք կլինի ոչ միայն իշխանավորների, այլ նաև հասարակ քաղաքացիների մոտ։ Եվ
երբ վերոնշյալը չի ընկալվի որպես ուտոպիա։
