ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության ՁՊՎ–ներում հասարակական դիտորդների խմբի նախկին անդամների հայտարարությունը
4-ը հունիսի 2007թ.
Մենք, ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում
հասարակական դիտորդների խմբի նախկին նախագահ Էդմոն Մարուքյանը և նախագահի տեղակալ
Միքայել Բաղդասարյանը, սույնով հայտարարում ենք, որ ՀՀ ոստիկանությունը,
չցանկանալով դրսևորել իրական կամք ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ)
մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հասարակական վերահսկողություն
սահմանելու, մարդու իրավունքների խախտման դեպքերը նախականխելու և բացահայտելու,
պահվող անձանց կենցաղային պայմանները բարելավելու և հասարակությանը ՁՊՎ-ների
հիմնախնդիրների մասին իրազեկելու գործում, փաստորեն ձգտում է դիտորդական խումբը
վերածել ձևական կառույցի: Սրա ապացույցն ու հիմնավորումն էր օրեր առաջ ստացված այն
տեղեկությունը, ըստ որի ՀՀ ոստիկանապետի հրամանով դադարեցվել է մեր անդամությունը
դիտորդական խմբում:
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խումբը ս.թ. ապրիլի 17-ին հրապարակեց իր
առաջին տարեկան հաշվետվությունը ոստիկանության ՁՊՎ-ների իրական պատկերի վերաբերյալ,
որն աննախադեպ էր իր տեսակի մեջ և որի պատրաստման գործում ունեցել ենք զգալի
ներդրում:
ՀՀ ոստիկանությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հանդիսանում ենք նաև ՀՀ
արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում (ՔԿՀ)
հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, նախ
տարեսկզբին փոփոխություն կատարեց խմբի գործունեության կարգի մեջ, որով արգելեց
ոստիկանության դիտորդական խմբի մեջ այլ դիտորդական խմբերի անդամների ընդգրկումը,
այնուհետև, խախտելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին և 3-րդ
կետերը, հետադարձ ուժ տվեց իր իսկ հրամանով նախկինում կատարված փոփոխությանը և դրա
հիման վրա հեռացրեց մեզ դիտորդական խմբից:
Ի դեպ, մինչ օրս, դիտորդական խումբը չի ստացել նշված երկու հրամանների գրավոր
քաղվածքները: Այդ իսկ պատճառով հայտարարության տեքստում բացակայում են դրանց ստույգ
ամսաթվերն ու գրանցման համարները:
Հարկ է նշել, որ համաձայն ՀՀ ոստիկանության պետի 2006թ. մարտի 10-ի թիվ 368 հրամանի`
մենք ներգրավված էինք դիտորդական խմբում 3 տարի ժամկետով և 2006թ. հոկտեմբերի 29-ին
ընտրվել էինք մեր պաշտոններում անդամների մեծամասնության կողմից:
Սույնով դատապարտում ենք ՀՀ ոստիկանության նման գործելաոճը և հայտարարում, որ
պատրաստվում ենք դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իսկ հրամանի
իրավականությունը վիճարկելու ենք դատարանում:
Հավելենք, որ նախագահի պաշտոնում նորից վերընտրվել է խմբի նախկին նախագահը՝
ոստիկանության նախկին գնդապետ, «Իրավապահների միություն» բարեգործական հ/կ
ներկայացուցիչ։
Դիտորդական խմբի կարգի և գործունեության մասին հավելյալ տեղեկություններ, ինչպես
նաև տարեկան հաշվետվությունը կարող եք ստանալ խմբի պաշտոնական ինտերնետային կայքից`
www.policemonitor.am հասցեով:
Էդմոն Մարուքյան, «Մեդիա Գրուպ» լրատվական ՀԿ
Միքայել Բաղդասարյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ
