ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ օմբուդսմենը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ մարդու իրավունքների պաշտապան Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ իր
ուշադրության կենտրոնում է պահելու մայիսի 12-ին ողջ եւ առողջ ՀՀ ոստիկանության
քրեական հետախուզության գլխավոր վարչություն տարված եւ այնտեղ մահացած Լեւոն
Գուլյանի գործը: Այսօր նա այդ առթիվ նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանին: Նամակում ասվում է
«Հարգելի պարոն Հովսեփյան
Քաղաքացի Արմինե Գուլյանը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանին հասցեագրած
դիմումով հայտնել է, որ ս/թ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 03-ի
սահմաններում ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել իր
ամուսնուն` Լևոն Աշոտի Գուլյանին, այդ օրը կատարված սպանության հետ կապված
ցուցմունք տալու համար: Ըստ դիմումատուի, Լեւոն Գուլյանին Շենգավիթի
ոստիկանության բաժնում պահել են մինչև մայիսի 10-ի ժամը 23-ը, որից հետո նրան
ազատ արձակել, պայմանով, որպեսզի հաջորդ օրը ժամը 10-ին ներկայանա
ոստիկանություն:
Ըստ դիմումատուի, հաջորդ օրը, ժամը 10-ին իր ամուսինը ինքնակամ ներկայացել է
ոստիկանության բաժին, որտեղ մնացել է շուրջ 3 ժամ, իսկ այնուհետեւ,
Ոստիկանության Շենգավիթի բաժնից Լ. Գուլյանին տեղափոխել են ՀՀ Ոստիկանության
քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Ա. Գուլյանը պնդում է, որ Լ.
Գուլյանին իր մեքենայով ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ տեղափոխել է Հովիկ Թամամյանը,
որը նշված վարչության պետի տեղակալն է:
Դիմումատուն միաժամանակ հայտնել է, որ միայն մայիսի 12-ին ժամը 17-ի սահմաններում
իրենք տեղեկացել են, որ Լ. Գուլյանը ոստիկանությունից փախուստի փորձ կատարելիս
շենքի երկրորդ հարկից վայր է ընկել եւ մահացել, ինչն ըստ դիմումատուի,
անհեթեթություն է, և վստահ է, որ իր ամուսնու մահը վրա է հասել ոստիկանության
աշխատակիցների կողմից կատարված բռնությունների եւ խոշտագումների հետևանքով:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների Պաշտպանի մասին» ՀՀ
օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ինձ վերապահված
լիազորություններից, խնդրում եմ տալ պարզաբանումներ վերը նշված հարցերի
կապացությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը,
ակնկալում եմ Ձեր անմիջական հսկողությունը գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի
քննություն կատարելու նկատմամբ»:
