Կայացա՞ծ, թե չկայացած ընտրություն


Անգլերեն լեզվով

Մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ավելի քան 2 միլիոն ընտրողները կատարեցին
իրենց քվեարկությունը: Ընտրությանը մասնակցեց ավելի քան 1 միլիոն 300 հազար մարդ:
Քվեաթերթիկում նշված էր 22 կուսակցության եւ մեկ դաշինքի անուն, որոնք համամասնական
ընտրակարգով պայքարում էին Ազգային Ժողովի 90 տեղի համար: Մնացյալ 41 տեղի համար
պայքարում էին 41 ընտրատարածքներում առաջադրված մեծամասնական թեկնածուները: Մայիսի
13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայարարեց նախնական արդյունքի մասին, ըստ
որի` խորհրդարանի ընտրության 5 տոկոսանոց արգելքը համապատասխանաբար հաղթահարել են
հինգ կուսակցություն` Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան
կուսակցությունը, ՀՅԴ-ն, Օրինաց երկիրը եւ Ժառանգությունը: Նույն օրը
ընտրությունների մասնակցած կուսակցություններից շատերը, այդ թվում եւ 5 տոկոսը
հաղթահարած ՕԵԿ-ն ու Ժառանգությունը, հանդես եկան հայտարարությամբ, որ խորհրդարանի
ընտրության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ օրինախախտումներ, որոնք ազդել են
ընտրության ելքի վրա:

«Մայիսի 13-ին ժամը 17:00-ի մատույցներում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական
ընտրական հանձնաժողովը ստորագրեց ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություննների նախնական
արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: ԿԸՀ 9 անդամներից արձանագրությունը
ստորագրեցին միայն վեցը. Ազգային միաբանություն, Օրինաց երկիր եւ Հայաստանի
ժողովրդական կուսակցությունները արձանագրությունը չստորագրեցին», տեղեկացնում է
Lragir.am-ը: Մինչ այդ, մայիսի 12-ին, ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունների
նախընտրական շտաբները` Նոր Ժամանակներ, Հանրապետություն, ՕԵԿ, ԱԺԿ, ՀԺԿ, ՍԴՀԿ,
հանդես էին գալիս ընտրատեղամասերում տեղի ունեցող անօրինականությունների մասին
հաղորդագրություններով:

«Թիվ 5/16 ընտրատեղամասում Դավիթաշենի թաղապետարանի կոմունալ ծառայության բաժնի
պետը /անունը Խաչիկ/ իրեն թույլ է տվել կոպտորեն վիրավորել մեծամասնականով այդ
ընտրատարածքում քվեարկվող Հովհաննես Հովհաննիսյանի վստահված անձին /վերջինիս որդուն/՝
սպառնալով գլուխը ջարդել, եթե միջամտի ընտրական ընթացքին՝ խախտումները կանխելու
նպատակով: Այդ միջադեպին ներկա է եղել ՆԺԿ վստահված անձ Գարի Հակոբյանը: Ինչպես ՆԺԿ
կենտրոնական ընտրական շտաբին տեղեկացրեցին շարքային ընտրողները, Գողթ գյուղում ՄԱԿ-ը,
«Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունները բաժանում են ընտրակաշառք՝
ԲՀԿ-ն՝ 25 հազար դրամ, իսկ ՀՀԿ-ն՝ 15 հազար դրամ: Բագրատաշենում հանրապետականներն
ընտրողներին բաժանում են ընտրակաշառք՝ 15 հազար դրամ: Ընտրակաշառքները բաժանում էր
ՀՀԿ ներկայացուցիչ Շիրվանյան Սուլթանիկը՝ անմիջապես տեղամասի մոտ կանգնած», ասված է
ՆԺԿ հաղորդագրության մեջ:

«Հոկտեմբեր գյուղում (Մշակույթի տուն) 21-րդ ընտրատարածքում, ժամը 18.20-ի
դրությամբ լցոնումները շարունակվել են, հանձնաժողովի անդամներին ահաբեկել են,
հանձնաժողովը դադարեցրել է աշխատանքը: Նույն ընտրատարածքի 15/16 ընտրատեղամասում`
գյուղ Գետաշեն, 15/15 գյուղ Բերքաշատ, 21/20 գյուղ Այգեվան, շարունակվում են
լցոնումներ, ահաբեկումներ, եւ հանձնաժողովների անդամներն իրավիճակը գնահատում են
անտանելի: Նրանք փորձել են կանխել, դիմագրչավել զանգվածային լցոնումները, սակայն դա
չի հաջողվել: Հանձնաժողովի անդամները մտադիր են դադարեցնել աշխատանքը եւ բոյկետել
ընտրության հետագա ընթացքը», տեղեկացնում էր ՕԵԿ նախընտրական շտաբը:

Այդօրինակ ահազանգերը ստացվում էին ամբողջ օրվա ընթացքում: Սակայն ընտրությունների
օրվա ընթացքում հանդես էր գալիս նաեւ Կոնտրոնական ընտրական հանձնաժողովը, որը
հերքում էր բոլոր ահազանգերը, ասելով, որ դրանք չեն հաստատվում: Նույն դիրքորոշումն

էր ցուցաբերում նաեւ իշխող կուսակցության, ՀՀԿ նախընտրական շտաբը, տեղեկացնելով, թե
հանրապետության տարածքում ընտրությունն ընթանում է միանգամայն հանգիստ: Միեւնույն
ժամանակ տեղեկություններ էին ստացվում տարբեր ընտրատեղամասերում ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ
ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցող բախումների մասին: Նոր Ժամանակները
տեղեկատվություն տարածեց այն բանի մասին, որ Էրեբունի համայնքում ծեծկռտուքի
մասնակից է եղել թաղապետ Մհեր Սեդրակյանը, որը ծեծել է Բարգավաճ Հայաստանի
ներկայացուցչին, ինչից հետո միջադեպին մասնակից է եղել Գագիկ Ծառուկյանը: Բարգավաճ
Հայաստանը հերքեց ծեծկռտուքին Ծառուկյանի մասնակցության մասին տեղեկությունը,
ընդունելով սակայն, որ եղել է ընդհարում ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ, առանց
թաղապետի մասնակցության: ՀՅԴ լրատվական աղբյուրները, մասնավորապես Երկիր Մեդիա
հեռուստաընկերությունը տարածեծ տեղեկություն, որ Դաշնակցության եւ Բարգավաճ
Հայաստանի ներկայացուցիչները ծեծել են ընտրության ընթացքը խոչընդոտելու փորձ արած
ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանին /Նեմեց Ռուբո/: Այդ տեղեկությունը
Հայրապետյանը հերքեց:

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2007 թվականի մայիսի 12-ի
ընտրությունները բարելավում ցուցաբերեցին ու անցկացվեցին ժողովրդավարական
ընտրությունների անցկացման համար ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած
պարտավորությունների եւ այլ միջազգային չափանիշների համաձայն», ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ,
ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների նախնական
գնահատականի մեջ, որը հրապարակվեց մայիսի 13-ին, ժամը 14.30-ին: Արեւմտյան
դիտորդները սակայն նշեցին, որ իրենց առաքելությունը շարունակելու են մինչեւ
ընտրական ամբողջ գործընթացի պաշտոնական ավարտը: Նրանք դիտարկելու են նաեւ
գանգատարկումների քննարկման գործընթացը: Նույն օրն իրնց գնահատականը տվեցին նաեւ
ԱՊՀ դիտորդները: ԱՊՀ դիտորդներն արձանագրեցին, որ քվեարկությունը անցել է հանգիստ
իրավիճակում` համապատասխան ՀՀ ընտրական օրենսգրքի: Ըստ ԱՊՀ դիտորդների, Հայաստանի
կառավարությունն ամեն ինչ արել է հանրապետությունում քաղաքական ուժերին եւ
թեկնածուներին ընտրությունների եւ քվեարկության ընթացքին հետեւելու հնարավորություն
տալու համար: Ըստ դիտորդների, այս ընտրությունները կազմակերպված էին ավելի լավ, քան
2003-ի ԱԺ ընտրությունը, ընտրական օրենսգիրքն էլ էականորեն բարեփոխվել է:

Մայիսի 13-ին Օրինաց երկիր կուսակցությունը հայտարարեց, որ սկսում է ընտրության
արդյունքի դատական գանգատարկման գործընթաց: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ
գլխավոր դատախազությունը, որում ասվում է. «ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների
քվեարկության ընթացքում քրեորեն հետապնդելի խախտումների վերաբերյալ ստացվել է 10
հաղորդում, հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից...Պատգամավորության
թեկնածուներից ստացվել են նաեւ հաղորդումներ, որոնցում մատնանշված հագամանքները,
ստուգման արդյունքում չեն հաստատվել եւ իրականությանը չեն համապատասխանել...
Ընդհանուր առմամբ, ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի
խախտումների վերաբերյալ իրավապահ մարմիններում մուտք եղած հաղորդումների հիման վրա
հարուցվել է 9 քրեական գործ, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ
տեղեկատվություն»:

Մայիսի 13-ի երեկոյան տեղի ունեցավ Իմպիչմենտ դաշինքի, Նոր Ժամանակներ
կուսակցության եւ Հանրապետություն կուսակցության համատեղ հետընտրական հանրահավաքը,
որին միացել էր նաեւ ՀԺԿ-ն, ինչպես նաեւ ՍԴՀԿ-ն: Այդ բոլոր քաղաքական ուժերը հանդես
եկան բանավոր հայտարարությամբ, ուր իրենց նպատակ հռչակեցին հասնել ընտրության
արդյունքի վերաքվեարկության եւ քաղաքական բոլոր ուժերին, ովքեր կողմ են այդ
նպատակին, կոչ արեցին միանալ իրենց:

www.hra.am

www.lragir.am