Ուժեղ թե` ուժային պետություն.

Սերժ Սարգյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանյան
քաղաքական անցուդարձի գլխավոր ինտրիգը դարձավ պաշտպանության նոր նախարարի  
նշանակումը: Սա իհարկե բնական է, հաշվի առնելով այդ պաշտոնի նշանակությունը
երկրի քաղաքական դաշտի համար:

Հայկական բանակը այս տարի բոլորեց իր տասնհինգ տարին, ինչը լավ առիթ
է փորձելու ամփոփել անցածը և ուշադրություն դարձնել ապագային: Միանշանակ է, որ 
Ազգային բանակը Հայաստանյան պետականության կարևորագույն նվաճումն է, իսկ նրա
մարտունակության մակարդակը բոլորի ուշադրության առարկան:

Ռազմաքաղաքացիական հարաբերությունների վերլուծումը կարող է դիագնոստիկ մեթոդ
հանդիսանալ պետության կառավարման ինստիտուտների արդյունավետության ու
մրցունակության որոշման և պետության զարգացման ուղեծիրը որոշելու համար:
Հայաստանում այդ թեման հրապարակային քննարկման առարկա չի դառնում: Բանակի
նկատմամբ արդարացի հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև ազգայնական  մոտիվներից ելնելով` սահմանափակ են քննարկուները զինվորականության դերի մասին
ժողովրդավարական պետության կառուցման մեջ, մինչդեռ թեման կարևոր է: Չձևավորելով
ռազմաքաղաքացիական հարաբերությունների  երկուստեք ընդունելի մոդել` հիմնված
երկուստեք փոխօգնության, համագործակցության, փոփոխություների ու մոբիլիզացիայի
պատրաստակամության,   ընդհանուր արժեքների վրա, Հայաստանը  կփոխարինի ուժեղ
պետության գաղափարը ուժային պետությունով:

Պետության ուժային մոդելի արմատավորումը երկարաժամկետ հատվածում միանշանակ
բացասաբար կանդրադառնա և պետության ուժի և անվտանգության ապահովման կարողության
վրա:

Ռազմական գործոնի վճռորոշ լինելը քաղաքական, և ինչու չէ, նաև տնտեսական
գործընթացներում գաղտնիք չէ:  Հատկապես Արցախյան հակամարտության հաջորդող
տարիներին ռազմական ուղղակի միջամտությունը պետության կառավարմանը շատ
հավանական էր համարվում: Որպես դրա դրսևորումներ միանշանակ կարող ենք հիշել
1996-ի նախագահական ընտրությունները և 1998-ի իշխանափոխությունը: Սակայն
ռազմական միջամտության դասական ձևաչափի մեջ  (Թուրքիա, Հունաստան, Պակիստան,
լատինաամերիկյան երկրներ) մեր երկրի իրադարձությունները չեն տեղավորվում:
Հայաստանյան քաղաքական վերնախավը լավ ընկալեց նախարար Վազգեն Սարգսյանի խոսքերն
այն մասին, որ եթե պաշտպանության նախարարը չխառնվի քաղաքականությանը, բանակը դա
կանի ուղղակիորեն: Հայսատանում ուժեղ պաշտպանության նախարարի անձերի շնորհիվ
ձևավորվեց ռազմական դոմինանտության հիբրիդային մոդել:1 Այն է, երկու
ոլորտները որոշակիորեն սերտաճեցին և ռազմական շրջանակներին բնորոշ արժեքներն ու
գործելաոճը տեղափոխվեցին քաղաքական համակարգ: Այս հանգամանքը միշտ էլ պետք է
հաշվի առնել Հայաստանի դեմոկրատացման մասին խոսելիս: 90-ականների վերջից
Հայաստանում առկա է երկու տենդենց.

  • առաջինը ռազմական էստեբլիշմենտի ուղղակի և հրապարակային ազդեցության
    նվազումն է քաղաքական գործընթացներում,
  • երկրորդը քաղաքական համակարգի գործառնումն է ուժային տարբերակով: Դրա
    բնորոշիչ գիծն ուժի գործադրումն է, որը կաշկանդված չէ օրենքով, ավանդույթով կամ
    բարոյականությամբ:

Այս հիբրիդացումը մի կողմից երաշխավորում է իշխանության ու կառավարման
կայունությունը,2 մյուս կողմից ստիպում որոշակիորեն հրաժարվել
ժողովրդավարացման ընդհանուր կանոնների կիրառումից:

Օբյեկտիվորեն հասկանալի է, որ օբյեկտիվ քաղաքացիական վերահսկողության մոդելը
իր
չորս բաղկացուցիչներով`

  1. զինվորականության բարձր պրոֆեսիոնալիզմ և սեփական կոմպետենցիայի
    շրջանակաների գիտակցում,
  2. զինվորականության փաստացի ենթարկումը քաղաքացիական-քաղաքական
    ղեկավարությանը,
  3. քաղաքական ղեկավարության կողմից զինվորականության կոմպետենցիայի
    շրջանականերում ինքնավարության ընդունումը,
  4. որպես արդյունք զինվորականության մինիմալ ներգրավումը քաղաքականությանը
    և հակառակը3

չի գործելու միանշանակորեն: Միևնույն ժամանակ 2008-ից հետո ռազմաքաղաքացիական
հարաբերություննը Հայաստանում լուրջ փոփոխություններ կկրեն: Այսօր արդեն իսկ
որոշ բարձրաստիճան ռազմական գորճիչների մուտքը հրապարակային քաղաքականություն,
2008-ից հետո կարող է վերածվել տենդենցի: Նախագահ  և ուժեղ պաշտպանության
նախարար ձևաչափը հազիվ թե պահպանվի:
Վերը շարադրվածը մեր կարծիքով լավ առիթ է
ուշադրությունը կենտրոնացնելու համար Հայսատանում ռազմաքաղաքցիական
հարաբերությունների փոփոխման այնպիսի հնարավորությունների վրա, որոնք
կապահովվեն երկրի դեմոկրատական առաջընթացը առանց լուրջ ցնցումների; Մյուս
կողմից երկրի ռազմական ուժերը մտնում են զարգացման նոր փուլ, որին բնորոշ է
ռազմավարական կառավարման ներմուծումը և առավել սերտ միջազգային
համագործակցությունը: Հյուսիսատլանտյան դաշինքի Անհատական գործընկերության
ծրագիրը կարող է լուրջ գործոն լինել զինված ուժերի զարգացման և առավել
պրոֆեսիոնալիզացիայի ուղղությամբ, իսկ քաղաքական կուսակցությունները այսօր
արդեն պետք է մշակեն գեներալիտետի կոոպտացիայի նոր մոտեցումներ, որոնք բնորոշ
են ուժեղ և ոչ ուժային պետություններին:

------------------------------------------

1
Առավել նմանությոններ կարելի գտնել 50-60թթ
Իսրաել պետության ռազամքաղաքացիական հարաբերությունների մեջ:



2 Վերլուծելով ռազմական հեղաշրջումները վերջին
20 տարիների ընթացքում հայտնի քաղաքագետ և ռազմաքաղաքացիական հարաբերությունների
տեսության հիմնահայր համարվող Ս. Հանթինգտոնը փաստարկում է, որ ՀՆԱ-ի մեկ շնչով
հազար դոլարը գերազանցող եկամուտ ունեցող երկրները մինչ օրս խուսափել են ուղղակի
ռազմական միջամտությունից, անկախ զինվորկանության հզորության և քաղաքական համակարգի
անկայունությունից:



3 Մոդելը մշակել է Ս.Հանթինգթոնը և այն լայնորեն
կիրառվում է քաղաքական գիտության մեջ: