Կմնա արդյոք գիրը հիշատակող

Հին ձեռագրերը դառնում են «միջհայկական» նոր կռվի պատճառ, իսկ առիթը նորի միջոցով հինը փրկելու քայլն է, որ կատարել է հին ձեռագրապահոցի` Մատենադարանի ղեկավարությունը: Մատենադարանի եւ ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սուրբ Հովհաննես վանքի համալսարանի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ 2007 թվականի ապրիլի 13-ին կնքվել է հուշագիր, որի համաձայն ամերիկացիները պետք է թվայնացնեն Մատենադարանում պահվող ձեռագրերը: Մատենադարանի ղեկավար Սեն Արեւշատյանը ապրիլի 26-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ թվայնացումն այդ ձեռագրերը փրկելու միակ ուղին է եւ անհրաժեշտ է դա անել հնարավորինս շուտ: Սեն Արեւշատյանի ասուլիսը սակայն կարելի է համարել ինչ որ տեղ ուշացած ու հարկադրված միջոցառում, քանի որ հուշագրի ստորագրման մասին Մատենադարանի ղեկավարությունը հրապարակային հայտարարություններ չէր արել: Հրապարակայնացումը տեղի ունեցավ շաբաթվա սկզբին, երբ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում տեղի ունեցավ հուշագրի վերաբերյալ քննարկում, ուր գիտնականների զգալի մասն իր դժգոհությունն ու կասկածն էր հայտնում գործարքի վերաբերյալ: «Մատենադարանի եւ ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սուրբ Հովհաննես վանքի համալսարանի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ կնքված հուշագիրն ու առայսօր գաղտնիության քողով պարուրված «գործարքը» առաջացրել են մի խումբ ճանաչված գիտնականների զայրույթը: Բանն այն է, որ հայտնի չէ, թե ինչու է հենց Հիլլն ընտրվել, ինչու չի հրապարակվում նրա հետ կնքված պայմանագրի տեքստը, գաղտնի են պահվում գումարի չափը եւ բարերարի անունը, ով վճարելու է Հիլլին, որպեսզի Մատենադարանի հետ համագործակցի», գրում է Առավոտ օրաթերթն իր ապրիլի 27-ի համարում:

ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանի գնահատմամբ, Մատենադարանի գանձերը Հիլլին հանձնելը նման է Բարեկենդանի պատմությունը: «Ինչո՞ւ է հատկապես Հիլլն ընտրված, երբ աշխարհում կան բազմաթիվ այլ կենտրոններ: Ինչո՞ւ Մատենադարանն ինքը չի դիմել այդ կենտրոններին, որպեսզի տեսնի՝ որի հետ համագործակցությունն է ավելի շահավետ, գուցե մյուսները պատճենները չէի՞ն պահանջելու… Ժամանակին IBM-ը հովանավորել է փարավոնյան արվեստը Եգիպտոսում եւ ոչինչ դուրս չի տարել: Մեր ունեցածն ինչո՞ւ պիտի դուրս տարվի... Նախեւառաջ պետք է հայտարարություն տրվեր Մատենադարանի էլեկտրոնային կայքի միջոցով կամ նույնիսկ մասնավոր ճանապարհներով: Պետք է գրվեին նամակներ այն կենտրոններին, որոնք թվայնացմամբ են զբաղվում: Դա կարող էր անել, օրինակ, Գեթիի կենտրոնը՝ Լոս Անջելեսում, IBM-ը, որը Էրմիտաժն է թվայնացրել կամ Microsoft-ը, Ֆորդի, Ռոքֆելլերի հիմնադրամները եւ այլն: Չէ՞ որ Մատենադարանի անունն անգամ դրամ արժե, այն թանկ անուն է, ինչպես Sony-ին, ինչպես Հայաստանի կոնյակը, Առավոտի թղթակցին ասել է Չուգասզյանը:

«Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանի խոսքով ծրագիրը հնարավորություն կտա «ծերացող» ձեռագրերը արագորեն գրանցել ու փրկել, եւ աշխարհով մեկ սփռված հայերեն ձեռագրերի թվային պատկերների կրկնօրինակները հավաքել Մատենադարանում: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմախոսների այն կարծիքին, թե «մեզ հայտնի չեն` ձեռագրերի էջերում ինչ նյութեր ու տեքստեր կան», ապա Մատենադարանի ղեկավարությունը երեկ վստահեցրեց, թե այդպիսի բան գոյություն չունի: Այսինքն` Մատենադարանում չկա մի ձեռագիր, որն ընթերցված չլինի, եւ գոնե նախնական, ամփոփ նկարագրություն չունենա», գրում է Հայկական Ժամանակը

«Հիլլը ի՛նքն է ցանկություն հայտնել իրականացնել այս ծրագիրը: Լավ կլիներ, որ պետական աջակցություն ցուցաբերվեր, բայց, ցավոք, մեր երկիրը չի կարող միլիոններ տրամադրել այս գործին», ապրիլի 26-ին հրավիրած ասուլիսի ընթացքում նշել է Սեն Արեւշատյանը: Հարցին, թե ինչո՞ւ համառորեն չեն հրապարակում պայմանագրի տեքստը, Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն Արշակ Բանուչյանը պատասխանեց. «Մատենադարանը ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող ինքնուրույն կառույց է եւ իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել: Բացի այդ, մինչեւ այժմ ստորագրվածը մտադրությունների համաձայնագիր էր: Քանի դեռ չեն ստորագրվել թվայնացված պատկերների օգտագործման իրավունքների եւ եղանակների հետ կապված տեխնիկական եւ իրավաբանական բնույթի եւս երեք փաստաթղթեր, մենք չենք հրապարակելու պայմանագրի տեքստը», գրում է Առավոտը:

«Սեն Արեւշատյանը հայտարարեց, որ գործը սկսելու համար հարկ է ստորագրել 3 պայմանագիր, որտեղ «ուժեղացված կլինեն հեղինակային իրավունքի հարցերը: Մատենադարանի սփյուռքահայ բարեկամները պատրաստ են ստանձնել Մատենադարանի հեղինակային իրավունքների պաշտպանությունը»: Եվ վերջապես Հիլլի օգնությամբ արդեն թվայնացվել են Զմառի վանքի, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի, Կիլիկիո թեմի` Անթիլիասի ձեռագրերը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունում է ծրագիրը եւ համաձայն է, որ թվայնացվեն նաեւ Էջմիածնում պահվող ձեռագրերը: Այս ամենը Հիլլի «Արեւելքի քրիստոնեա եկեղեցիների ձեռագրերի ուսումնասիրության» ծրագրի մասն է, որի մեջ է մտնում նաեւ եթովպական, արաբական, ղպտիների ձեռագրերի թվայնացումը», ապրիլի 26-ին տեղեկացնում է Lragir.am-ը:

Մատենադարանի ձեռագրերի թվայնացման գործարքին կողմ է նաեւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով հայտարարել է, թե «Հիլլի հետ Մատենադարանի համագործակցությանը ընդդիմանում է միայն կաստայացած գիտնականների մի խումբ»: Սակայն իշխանական վերնախավում թերեւս կարծիքները խիստ տարբեր են: Դրա վկայությունն է այն, որ ապրիլի 28-ին գործին միջամտել է Հայաստանի նախագահի նստավայարը եւ Մատենադարան է «գործուղել» նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական եւ նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գառնիկ Իսագուլյանին:

Lragir.am-ը գրում է, որ «ապրիլի 28-ին Մաշտոցի անվան Մատենադարանում հերթական անգամ քննարկվում էր Մատենադարանում պահվող ձեռագրերի թվայնացման խնդիրը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, նրա ղեկավարած քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-իրավաբաններ, գիտնականներ»: Քննարկումը տեւել է մոտ երեք ժամ, որի արդյունքը եղել է այն, որ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի Մատենադարանում պահվող ձեռագրերի թվայնացման ծրագիր, կպարզի, թե դրա համար որքան գումար եւ ժամանակ է անհրաժեշտ եւ բոլորը միասին կփորձեն գտնել հովանավորներ: Թե Հիլլը, թե Մատենադարանը չգիտեն, թե ինչքան փող է անհրաժեշտ թվայնացման աշխատանքի համար: Սակայն խնդիրը կարծես թե միայն փողը չէ, այլ նաեւ գործարքի իրավական թերությունները: Համենայն դեպս, նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների կենտրոնի իրավաբան-փորձագետ Նորիկ Փանոսյանը հայտարարել է, որ նշված փաստաթղթերը 5 րոպեում կազմված պայմանագրեր են եւ «իրավական առումով նոնսենս, որը կնքողը կամ միտում ունի, կամ իր մասնագիտությանը չի տիրապետում»: Իսկ քննարկման մասնակիցներից մեկը` Սահմանադրական դատարանի փորձագետ Գրիգոր Վահանյանը ուշադրության է արժանացրել խնդրի առեւտրային կողմը: Նրա կարծիքով, Մատենադարանը որպես բրենդ արժե մոտ 3 միլիարդ դոլար: Ըստ Վահանյանի, գիտական տարբեր աշխատություններում հիշատակումների քանակով` մեջբերումային ռեյտինգ, Մատենադարանը անհամեմատելի է Հիլլի հետ: Հիլլի ռեյտինգը` 681, Մատենադարանինը` 95 700:

Խնդրի դիտանկյունների բազմազանությունը եւ նաեւ նախագահի նստավայրի միջամտությունը վկայում է, որ հարցը ոչ միայն չի մոտենում իր լուծմանը, այլ նոր միայն հասնում է տարակարծությունների գագաթնակետին: Սակայն մյուս կողմից հավանական է, որ «բարձր միջամտությունը» նվազեցնի հանրային աղմուկը եւ հայկական ձեռագրերի խնդիրը որոշվի հայկական տարբերակով` ինչ որ մի տեղ, նեղ շրջանակով, առանց հասարակական կարծիքի:

www.hra.am

www.lragir.am