ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր իրացման գոտիներ. բնակիչներն անհանգիստ են
Ապրիլի 18-ին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը: Հաղորդագրությունը նախ հիշեցնում է, որ Երեւանի Խանջյան, Ֆիրդուս փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի, Հանրապետության նրբանցքի եվ հարակից այլ տարածքների /33-րդ թաղամաս/ թվով 161 բնակիչներ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքում հայտնել են, որ ՀՀ կառավարության 25.01.2007թ. թիվ 108-Ն որոշմամբ իրենց գույքի գտնվելու վայրերի տարածքներում ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ եվ պետք է օտարվեն պետության եւ հասարակության կարիքների համար:
Իրենց ունեցած տեղեկություններով նշված տարածքներում մեկ քմ հողի արժեքը տատանվում է 1500-2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում: Տվյալ տարածքի անշարժ գույքի գնահատող է ճանաչվել «Ալթտա վիպ» գնահատող կազմակերպությունը, սակայն տեղեկություն չունեն, թե որքան է գնահատվելու իրենց հողի մեկ քմ արժեքը եւ ինչ կարգով է այն որոշվելու: Բնակիչներից շատերի հողամասերը համարվում են ինքնակամ զբաղեցված, իսկ շենք, շինությունները` ինքնակամ կառույցներ, չնայած որ կառուցվել են իրենց պապերի կողմից եւ ունեն տասնյակ տարիների վաղեմություն:
Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ մարդու իրավունքների պաշտպանը հետեւողականություն է ցուցաբերելու, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը կրկին անդրադառնա հարցի քննարկմանը եւ վերանայի նախկինում կայացրած որոշումները, որոնցով չեն ճանաչվել քաղաքացիների իրավունքները ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ Կոնդ եւ Կոզեռն թաղամասերի նախադեպը պետք է կիրառվի նաեւ վերոնշյալ եւ առհասարակ իրացվող մյուս տարածքների բնակիչների իրավունքների ճանաչման հարցում: «Հարցը կարող է լուծում ստանալ նաեւ այն դեպքում, եթե իրացվող տարածքներում գտնվող ինքնակամ շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինչպես նաեւ տարբեր պատճառաբանություններով գույքը գրանցելու վերաբերյալ մերժում ստացած քաղաքացիներին տրամադրվի փոխհատուցում այն չափով, որքան որ կտրամադրվի իրացվող տարածքներում գտնվող օբյեկտների սեփականատերերին: Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ ներկայիս իրացվող տարածքներում նախկինում քաղաքացիների կողմից ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ նրանց իրավունքները չճանաչելը կհամարվի իբրեւ խտրական մոտեցում, ինչը հակասում է «Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սկզբունքներին», ասված է հաղորդագրության մեջ:
