Նախագիծ, որ դեռ երկար չի ընդունվելու

Հայաստանի Հանրապետությունն անկախանալուց հետո միացել է մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների վերաբերյալ միջագային մի շարք հռչակագրերի: Հայաստանի Հանրապետությունը միացել է նաեւ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիային»: Հայաստանի Հանրապետությունը միացել է նաեւ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիային:

Հայաստանի եւ չբարեփոխված, եւ բարեփոխված Սահմանադրությունները արգելում են որեւէ խտրականություն, այդ թվում եւ` ազգային: Չնայած սրան, Հայաստանը որոշել է ընդունել «ՀՀ այլ էթնիկ քաղաքացիների եւ էթնիկ փոքրամասնությունների մասին» օրենք: Ազգային փոքրամասնությունները ՀՀ բնակչության հազիվ 2.2 տոկոսն են եւ գնալով ավելի են նվազում: Այս 2.2 տոկոսի մասին նախագիծը մշակել է կառավարության ազգային փոքրամասնությունների հարցերի վարչությունը:

Նման նախագիծ ընդունելու անհրաժեշտությունը առաջին հայացքից այնքան էլ տեսանելի չէ, քանի որ նախագծի համահեղինակ, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է` ՀՀ-ում էթնիկ կամ ազգային փոքրամասնությունները քաղաքական խնդիրներ չունեն, իսկ նրանց ունեցած սոցիալական կամ տնտեսական խնդիրներից ունեն ՀՀ այլ քաղաքացիներ եւս` անկախ ազգային պատկանելիությունից: Ի հավելումն` ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների նկատմամբ կա դրական «խտրականություն»` պետությունը նրանց փող է տալիս, աջակցում նրանց կրթամշակութային ծրագրերին: Բայց Հրանուշ Խառատյանը հավաստիացնում է, որ օրենք է պետք ազգային փոքրամասնությունների խնդիրների վրա վարչական այս կամ այն օղակի ազդեցությունը բացառելու, պահի ազդեցության տակ, դիպվածային որոշումներ չկայացնելու համար: Եվ այսպես, ինչ հարցեր են կարգավորելու նոր օրենքով:

Նախ ազգային փոքրամասնություն ձեւակերպման փոխարեն կօգտագործվի էթնիկ փոքրամասնություն արտահայտությունը: Իսկ էթնիկ փոքրամասնություն էլ կհամարվեն ՀՀ-ում առնվազն 50 տարի ապրող ՀՀ մշակութային նորմերը ընդունող կամ հանդուրժող այլէթնիկ քաղաքացիների խմբերը: Թե ինչու է ՀՀ կառավարությունը առաջարկում հանդուրժել մեր մշակույթը միայն հանդուրժող էթնիկ խմբերին, այնքան էլ հասկանալի չէ: Հայաստանը էթնիկ փոքրամասնություններին թույլ է տալիս հասարակական վայրերում կրել էթնիկ ինքնության տարրերը` տարազներ եւ այլն: Եթե մի բնակավայրի բնակչության առնվազն 15 տոկոսը նույն էթնիկ խմբից է, ապա բնակավայրերի տեղանունների ցուցանակները պետք է գրվեն նաեւ այդ էթնիկ խմբի լեզվով: Էթնիկ փոքրամասնություններն էլ կարող են վարչական մարմիններին դիմում ներկայացնել իրենց մայրենի լեզվով: Կարելի է մխիթարվել նրանով, որ էթնիկ խմբերը պարտավոր են իմանալ ՀՀ պետական լեզուն, հարգել ՀՀ օրենքները:

Ի տարբերություն մեր հարեւան Թուրքիայի, Հայաստանը իր տարածքում ապրող էթնիկ խմբերին թույլատրում է համագործակցել այլ երկրներում օրինական ապրող եւ նույն էթնիկ մշակույթը կրող անձանց կամ կազմակերպությունների հետ: Եվ որպեսզի էթնիկ խմբի մեջ Հայաստանի Հանրապետությունից ստանալիք օգնության հետ կապված խնդիրներ չառաջանան, Հայաստանի Հանրապետությունը նրանց առաջարկում է ձեւավորել ներկայացուցչական մարմիններ` սոցիալ-մշակութային ինքնակառավարման ընտրովի խորհուրդներ, որոնք էլ հանդես կգան տվյալ էթնիկ խմբի անունից: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է էթնիկ խմբերի ինքնակառավարման ընտրովի խորհուրդների առաջին ընտրության ծախսերը վերցնել իր վրա:

Ընդհանուր առմամբ, օրենքի նախագիծը համապատասխանում է էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, սակայն լավագույն դեպքում կարող է օրենք դառնալ 2008-ի աշնանը: Այժմ Հայաստանում բոլորը, այդ թվում եւ էթնիկ փոքրամասնությունների որոշ ներկայացուցիչներ, վաղուց արդեն խորհրդարանի ընտրություններով են տարված: Մինչ այս թոհուբոհը անցնի, ինչպես հիմա, ժամկետից շուտ կսկսվի այս անգամ նախագահական ընտրության արշավը: Այ դրանից հետո նոր հերթը կհասնի ՀՀ հանրային կյանքի այս կամ այն հատվածը կանոնակարգող օրենքներին: Չի բացառվում, որ «ՀՀ այլէթնիկ քաղաքացիների եւ էթնիկ փոքրամասնությունների մասին» օրինագիծը էլի մնա գզրոցներում: Եվ սա չի լինի առաջին դեպքը, երբ Հայաստանում պետության համար կարեւոր օրենքներ ընդունելու փոխարեն պետական կառույցները ծառայեցվում են այս կամ այն կուսակցության հետաքրքրություններին եւ շահերին: