ՀՀ ԱԺ կանոնակարգի անձեռնմխելի հոդվածի մասին

2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունը ընտրելու է չորրորդ գումարման Ազգային ժողովը: Հայտնագործություն արած չենք լինի ասելով, որ Հայաստանի հանրապետության եւ ոչ մի գումարման խորհրդարան երբեք չի արտահայտել քաղաքական ուժերի եւ միավորների նկատմամբ հասարակության իրական համակրանքներն ու հակակրանքները: Եվ սրա պատճառը ոչ միայն այն ցավալի իրողությունն է, որ Հայաստանում ոչ մի ընտրություն չի համախատասխանել միջազգային չափանիշներին: Կա ոչ պակաս ցավալի մեկ պատճառ եւս: Քաղաքական առտենավազք կոչվող երեւույթը, որի ականատես ենք եղել եւ 1995 եւ 1999 եւ 2003 թվականներին ընտրված խորհրդարաններում: Մինչդեռ ամեն ինչ շատ ավելի լավ էր սկսվում, քան հետո շարունակվեց:

1995 թվականի Ազգային ժողովի ընտրությունների հետ անցկացվեց նաեւ Սահմանադրության
ընդունման հանրաքվե եւ սահմանադրորեն ամրագրվեց Ազգային ժողովի քաղաքական
իշխանություն կրողի դերակատարումը: Միաժամանակ անհրաժեշտություն առաջացավ
ձեւակերպել, ձեւավորել ԱԺ նոր կանոնակարգ, որը պետք է տարբերվեր ԳԽ կանոնակարգից:
Բնական է, որ կանոնակարգը ի թիվս շատուշատ խնդիրների, որ պետք է կարգավորեր Ազգային
ժողովի բնականոն գործունեությունը, պետք է նաեւ իր մեջ ներառեր նորմեր, որոնք պետք
է երաշխավորեին Ազգային ժողովի քաղաքական կառուցվածքի հստակությունը:

Հենց 1995 թվականի առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ նաեւ համամասնական
ընտրակարգով, այսինքն կային մարդիկ, ովքեր պատգամավոր էին դարձել բացառապես այս կամ
այն կուսակցության կամ քաղաքական միավորի համամասնական ցուցակով: Քանի որ
ընտրողները իրենց ձայնը տալիս էին կուսակցության` քաղաքական միավորի ցուցակին եւ ոչ
առաձին պատգամավորի, ապա բնական էր, որ ԱԺ քաղաքական կառուցվածքը պետք է պահպանվեր
այնպես ինչպես նրան ընտրել են` այլ խոսքով խմբակցությունից դուրս գալու
հնարավորություն չպետք է լիներ` համամասնականով ընտրվածները իրավունք չպետք է
ունենային դուրս գալու խմբակցությունից: 1995 թվականին հենց այսպիսի կանոնակարգ էլ
ընդունվեց եւ ամրագրվեց, որ խմբակցությունից դուրս գալու ցանկություն ունեցող
պատգամավորը դադարում է պատգամավոր լինելուց` վայր է դնում պատգամավորի մանդատը:
Ըստ փորձագետների սա էին պահանջում քաղաքական ողջամտությունը եւ ԱԺ բնականոն
կենսագործունեություն ապահովելու անհրաժեշտությունը:

Բայց 1997 թվականին, երբ ՀՀՇ-ի շուրջ ձեւավորված իշխող «Հանրապետություն» դաշինքում
առաջացան ներքաղաքական խժդժություններ եւ նույնը եղավ ՀՀՇ-ի ներսում` Եգորյանի
խումբը ձեւվարվեց, երբեմնի գործընկերները արդեն իրենց չէին տեսնում նույն բլոկում
եւ միասին քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունը էլ չկար: Հենց
այստեղից էլ սկսվեցին համամասնական ցուցակով ընտրված պատգամավորների կուսակցության
խմբակցությունից դուրս գալը արգելող իրավական նորմը փոխելու նախաձեռնությունները:
Առաջին փորձը արվեց 1997-ի ամռանը: Անհաջող: Փորձեցին 1997-ի աշնանը եւ հաջողեցին:
Քանդվեց համակարգի այն բաղկացուցիչը, որ նրա կայությունն էր ապահովում: Հենց դրանից
հետո էլ Էդուարդ Եգորյանի խումբը հեռացավ: Հետո` Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից
հետո, մեկ գիշերվա մեջ ըստ էության վերացավ «Հանրապետությունը», ծնվեց «Երկրապահը»:
«Եթե կանոնակարգի այդ փոփոխությունը արված չլիներ դժվար թե 1998 թվականի փետրվարի
2-ին ԱԺ-ում մեծ ծավալի քաղաքական վերաձեւումը հնարավոր լիներ, երբ մի քանի օրում
ԱԺ պատգամավորների մեծ մասը դարձավ երկրապահ», նկատում են փորձագետները:

Ակնհայտ է, որ խմբակցությունից հեռանալով պատգամավորի մանդատը պահելու իրավունք
տվող նորմը խանգարում է Ազգային ժողովի բնականոն, կայուն, կանխատեսելի
գործունեություն ապահովելուն: Օրենքով հնարավորություն է ստեղծված սեփական,
քաղաքական ընթացիկ նկատառումներից ելնելով, առանց ընտրողի վերաձեւել ընտրողի կամքով
ձեւավորված խորհրդարանը: Սա ամենա ոչ ժողովրդավարական մոտեցումն ու դրսեւորումն է:
ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգը թերեւս ամենից շատ եւ ամենից հաճախ փոփոխված օրենքն
է: Այս ընթացքում ՀՀ ԱԺ կանոնակարգը փոխվել է մի քանի տասնյակ անգամներ. մեկ ականջ
քաշելու համար, մեկ խորհրդարանի անորակությունը թաքցնելու համար երկու շաբաթը մեկ
եռօրյա նիստերը դարձան երեք շաբաթը մեկ քառօրյա նիստեր: Բայց առայսօր ոչ մի
քաղաքական ուժ չի էլ փորձել վերացնել այս նորմը: Տպավորություն է ստեղծվում, որ սա
բոլորին է ձեռք տալիս: Այն բոլորին, որ օրուգիշեր խոսում են ժողովրդավարությունից: