Չճանաչված Հայաստանի Հանրապետություն

Անշուշտ, կարելի է պնդել եւ դա սխալ չի լինի, որ Հայաստանի Երրորդ
Հանրապետությունը, ինչպես եւ Առաջինն ու Երկրորդը, ստեղծվեցին աշխարհաքաղաքական
գլոբալ տեղաշարժերի արդյունքում: Առաջինն ու Երկրորդը ոչ միայն ստեղծվեցին, այլեւ
կործանվեցին հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի Առաջին ու Երկրորդ հանրապետությունների
հետ: Մեր Երրորդն էլ ծնվեց նրանց ու ԽՍՀՄ փլուզումից առաջացած մնացյալ
պետությունների հետ: Սակայն միանգամայն արդարացված է նաեւ այն դրույթը, թե
Հայաստանի պարագայում չար հեգնանքով կար մյուսներին չանհանգստացնող` բառի բուն
իմաստով ճակատագրական մի հանգամանք եւս: Մեր հարեւան Վրասատնն ու Ադրբեջանը
մաքառման գնով չէ, որ պետք է պահեին 1918-ի մայիսին ստեղծված պետականությունները,
նրանք դեռ չստեղծված` ճանաչված էին եւ՛ իրենց ժողովուրդների, եւ՛ աշխարհի կողմից:
Մինչդեռ մենք մեր Առաջին Հանրապետությունը պետք է դուրս բերեինք Սարդարապատի բոցերի,
Լոռու եւ Շարուրի, Զանգեզուրի եւ Ղարաբաղի համար երբեմն օրհասական կռիվ տալուց հետո:
Երկրորդ Հանրապետությունն էլ չծնվեց ամենեւին Հայաստանի հեղկոմի կամ Կրեմլի
օրհնությամբ, այլ բացառապես Գարեգին Նժդեհի համառության արդյունքում, մինչդեռ
Ադրբեջանի, ապա եւ (նույնիսկ մեզնից հետո) Վրաստանի խորհրդային հանրապետությունները
կանխորոշված էին:

Երրորդ Հանրապետությունն էլ, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե սովորական
բախտակիցն էր, ոչ միայն մեր հարեւանների, այլեւ միջինասիական հանրապետությունների,
Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի, նույնիսկ` մերձբալթյան երկրների, ծնվեց
պատերազմի միջից ու ցայսօր իր գոյությունը չճանաչած խորհրդահայ նոմենկլատուրայի
անեծքի ներքո: Տարիներ պահանջվեցին, որ իրենց մայր կուսակցությանը դավաճանած հայ
կոմունիստների պատեհապաշտ բեկորներն ու նրանց պնակալեզ «մտավորական» հորջորջվածները
Մոսկվան կենտրոն չկոչեին, ռուսական թերթերն ու հեռուստաալիքները կենտրոնական
չանվանեին, մեր հերոսական մաքառումը «ցրտի ու մթի տարիներ» չհռչակեին, մեր ազգային
դրամը չանվանարկեին, մեր անկախության մասին գեռհիկ անեկդոտներ չհորինեին: Իսկ ամեն
առիթով Մոսկվա վազելն ու այնտեղից պաշտոնական իշխանություն ու ընդդիմություն
նշանակվելու համար յառլիկներ ստանալը չի հաղթահարվել մինչեւ օրս: Հայ քաղաքական
վերնախավը Հայաստանի անկախությունը կարողացավ պահպանել մինչեւ որոշ ժամանակ, իսկ
հետո, երբ աստիճանաբար ասպարեզից հեռացվեցին հանրապետության իրական կերտիչները,
կուրտիզանուհու հեզությամբ պարզապես հանձնվեց ռուսական ողորմածությանը, որ այսօր
արտահայտվում է ոչ միայն քիչ թե շատ արժեք ներկայացնող տնտեսական ոլորտների`
ռուսներին անվերապահ հանձնմամբ կամ ռուսական ռազմա-քաղաքական գաղութարար
ներկայությամբ, այլեւ, որ առավել ամոթալի ու կորստաբեր է, հասարակական գիտակցության
միագիծ ռուսական ուղղվածությամբ:

Հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում կոմունիստական ռեւանշը շատ շուտ տեղի ունեցավ (երեւի
նրանք տարբեր չափորոշիչների բավարարելով` առավել կարեւոր էին աշխարհի, ինչպես նաեւ
ԽՍՀՄ ժառանգորդ Ռուսաստանի համար, եւ կամ` սթափությունը մի փոքր պակասում էր նրանց
առաջին լիդերներին): Այնտեղ իշխանության վերադարձան Խորհրդային Միությունում իրենց
քաղաքական հմտությունների շնորհիվ բարձր դիրք զբաղեցրած, պոլիտբյուրոյականներ
Շեւարդնաձեն ու Ալիեւը, որոնք իրենց հասարակությունների կողմից երբեւէ չէին էլ
մերժվել, քանի որ Մոսկվա էին տեղափոխվել մինչեւ ԽՍՀՄ փլուզումը: Հայաստանում այդ
ռեւանշն ամբողջ ճակատով սկսվեց 1998-ին, երբ դրանից ուղիղ 10 տարի առաջ բազմահազար
ցուցարարների եւ ողջ հասարակության կողմից սուլված լուսահոգի Կ. Դեմիրճյանը
քաղաքական հայտ ներկայացրեց` մասնակցելով նախագահական ընտրություններին: Ամենայն
հավանականությամբ նա հաղթել էր այդ ընտրություններում, սակայն շրջահայացորեն չգնաց
իր ձայների ետեւից: Մինչդեռ 1996-ին` հեղաշրջումից ընդամենը երկու տարի առաջ
հայաստանյան հասարակությունը բաժանված էր երկու հավասար ճամբարի իր պետականական
շարժման երկու` միմյանց թշնամացած ղեկավարներին` Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն
Մանուկյանին սատարելով: Այդ ժամանակ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր
պատկերացնել, որ ռազմական երկարամյա բախումը հաղթանակած Հայասատնը շատ կարճ ժամանակ
անց ընտրությունը կկատարի իր պետությունն այդպես էլ չճանաչած նախկին կոմունիստական
գործիչների օգտին` դրանով իսկ մեկընդմիշտ զիջելով տարածաշրջանում ժողովրդավարության
կղզյակի` թանկ գնով ձեռք բերած ու իրեն քաղաքակիրթ ապագա երաշխավորող տեղը, դերը,
համարումը:

Պետականության կրող գործիչները` Մանուկյանը, Հայրիկյանը, Շահնազարյանը, հասարակական
գիտակցության մեջ պարտվել էին պետականության հետ առնչություն չունեցող
կոմունիստական տարբեր ռանգի գործիչներ Դեմիրճյանին ու Քոչարյանին: Ու այստեղ
տարբերությունն այնքան էլ մեծ չէր, թե երկրում ով կվերցնի իշխանությունը: Դրանից
հետո եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը Հայաստանում անցավ ժամանակակից աշխարհի
նախորդ օրը ներկայացնող կոմնոմենկլատուրային, որոնք ազնիվ չէին նույնիսկ իրենց
հարազատ` կոմունիստական կուսակցության նկատմամաբ. դավաճանել էին անգամ նրան: 1991-ի
նախագահականում երկրորդ տեղ գրաված Հայրիկյանը, 1996-ին երկրորդ տեղ գրաված
Մանուկյանն արդեն 1998-ին ողբերգականորեն չնչին ձայներ էին ստացել: Այդ վիճակը
պահպանվեց նաեւ 2003-ին, երբ հայաստանցիների հիմնական ձայները ստացան այդպես էլ մեր
միջազգայնորեն ճանաչված երկիրը չճանաչած նախկին պաշտոնյաներն ու նրանց
ժառանգորդները` Դեմիրճյանը, Գեղամյանը, Քոչարյանը: Առավել ամոթաբեր էին 2003-ի
խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երբ դարձյալ մեր պետությունը
չճանաչած իշխանական ու ընդդիմադիր ներկա ուժերը մտան խորհրդարան` Հայաստանում
վերջնականորեն ավարտելով պետության հետ կապ չունեցողների, ամեն վայրկյան Հայաստանը
ռուսական նահանգ դարձնելու պատրաստակամների համակարգի ձեւավորումը:

Հայաստանի Երրորդ Հանրապետությունն այսօր կանգնած է ոչ միայն անկախությունը
վերահռչակելու ու վերահաստատելու, այլեւ հանուն հանրապետության շարժման հրամայականի
առջեւ, որի մարտահրավերները հաջողությամբ լուծելու հավանականությունը սկսում է
դուրս գալ հայ ժողովրդի կամարտահայտման շրջանակներից` դառնալով մեծ երկրների ու
հարեւանների ողորմածությունից կախված իրողություն: