Խեղճ Իսրայել Օրի

Հայաստանի ազատագրության համար Իսրայել Օրին աշխարհեաշխարհ ընկած դաշնակիցներ էր փնտրում. այդ փնտրտուքը նրան տարավ նաեւ Ռուսաստան: Վերջին այս հանգամանքը կոմունիստները դարձրել էին քարոզչական մեքենայի հավերժական շարժիչ ու տասնամյակներ շարունակ խորհրդահայ զանգվածներին, դպրոցական նստարանից սկսած, համոզում էին, որ եթե ռուսները չլինեին, ապա աշխարհի երեսին հայ չէր մնա: Նույնիսկ խորհրդային շրջանում Հայաստանը ոչ թե պարտադրված կումունիստական քարոզի ջահակիրն էր, այլ ռուսականության (խնդրեմ` սա չլղոզել ռուսական երբեմն հանճարեղ մշակույթի հետ եւ ըստ այդմ` սույն հրապարակումը «քարուքանդ» անելու համար օրինակներ չբերել ռուսական` ինձ խորապես հարազատ մշակույթից): Մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանն էլ խորհրդային էին ու լծված կոմունիստական գարշելի քարոզին, սակայն ոչ երբեք ռուսականին: Ու երբ կոմունիզմը մեռավ, նրանք Ազատ էին արդեն ամեն տեսակ արտաքին ստրկությունից: Դրա շնորհիվ էր նաեւ, որ իրենց պետականությունները վերագտնելուց հետո ո՛չ Վրաստանի, ո՛չ Ադրբեջանի քաղաքական դաշտերում ի հայտ չեկան տոնայնություն տալու չափ զորեղ ռուսական կողմնորոշման ուժեր, թեեւ այնտեղ ավելի վաղ Ռուսաստանը խաղաց իր ապակայունացնող ու արյունոտ դերը` իշխանության բերելով նախկին պոլիտբյուրոյականներ Շեւարդնաձեին ու Ալիեւին:

Շատ կարճ ժամանակ անց Ալիեւին հաջողվեց Ադրբեջանի համար մշակել այն ռազմավարական դոկտրինը, որը քայլ առ քայլ Ադրբեջանին` պարտված կողմից վերածում է երաշխավորված հաղթող կողմի: Պոլիտբյուրոյական Ալիեւը դարձավ ոչ թե երախտագիտությունից Ռուսաստանին հավերժորեն նվիրված բռնակալ կամ իր իշխանությունը ռուսական սվինների վրա պահպանող ծերուկ միապետ, այլ Արեւմուտքի կրտսեր դաշնակիցը մեր տարածաշրջանում` դրա համար չունենալով քաղաքակրթական որեւէ հենակետ: Երբեւէ նրա այդ վիրտուոզ քաղաքական խաղի մասին հատորներ են գրվելու: Նա հաղթեց Ռուսաստանին:

Գրեթե նույնը տեղի ունեցավ Վրաստանում. պոլիտբյուրոյական Շեւարդնաձեն, որ Գորբաչովի հետ տապալել էր եվրոպական քաղաքակրթության մեջտեղում շարված բեռլինյան կոմունիստական պատը, նույնպես փորձեց իր երկիրը դարձնել Արեւմուտքի քաղաքակրթական դաշնակիցը, որը, սակայն, հանդիպեց ռուսական ամենակոշտ հակազդեցության: Անշուշտ, Շեւարդնաձեի համար դժվար չէր լեզու գտնել կրեմլյան իր նախկին ենթակաների հետ, ովքեր իշխում էին «դեմոկրատական» Ռուսաստանում եւ դրանով առավել ապահով ու հավերժական դարձնել իր իշխանությունը Վրաստանում, սակայն նա չգնաց այդ ճանապարհով, այլ նախընտրեց Վրաստանի հեռահար շահը, որ ենթադրում էր Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Աջարիայի տարածքների ժամանակավոր կորուստ: Ռուսաստանը Թբիլիսիի` հարավային Կովկասի մի քանի հարյուրամյա մայրքաղաքի դեմ առավել կոշտ դիրքորոշում որդեգրեց: Ուժերն անհավասար էին, Վրաստանը կարող էր Հայասատնի պես կուլ գնալ հյուսիսային արջին: Եվ Շեւարդնաձեն այնպիսի մի քաղաքական պարտիա խաղարկեց, որն իր արդյունավետությամբ գուցեեւ գերազանցեց Ալիեւի խաղացածին: Արտաքուստ հակամարտություն երեւակվող ընդհարման արդյունքում Վրաստանում իշխանության եկան Շեւարդնաձեի քաղաքական սանիկներ Սահակաշվիլին, Ժվանիան, Բուրջանաձեն: Իսկ հիմա քիչ թե շատ չկաղապարված հայաստանցի ամենայն նախանձով է նայում ժամանակին իրենից մղոններով ետ ընկած Վրաստանի միջազգաին համարմանը, տնտեսական վերելքին, համակողմանի զարգացման թռիչքին: Շեւարդնաձեն հաղթեց Ռուսաստանին:

Եվ մի բան էլ, որ շատ տիպական է եւ՛ Վրաստանի, եւ՛ Ադրբեջանի պարագայում. այնտեղ ոչ մի քաղաքական գործիչ կամ ուժ չփորձեց «մեկ միլիոն» ստորագրություն հավաքել «Ռուսաստան-Բելոռուս» անգո կազմին միանալու համար, չփորձեց հրապարակավ ասել, թե երազում է իր երկիրը դարձնել ռուսական գուբերնիա, չփորձեց թագ ու մեդալ ստանալ ռուսական ԿԳԲ-ի կամ ԳՌՈՒ-ի ձեռքից, չփորձեց խորհրդարանում իր համար տեղեր ապահովել մոսկովյան պաշտոնյաների ընդունարանների դռները մաշելով: Ավելին` այն անձինք, ովքեր փորձեցին իրենց երկրի քաղաքականությունը պայմանավորել Ռուսաստանով, այժմ սովորական վտարանդիներ են մոսկվաներում, իսկ իրենց երկրներում չունեն ոչ մի ժողովրդային հենարան:

Իսկ Հայաստանը, որ ժամանակին Արեւմուտքի կողմից հռչակված էր «տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակ», իսկ Ռուսաստանի հետ էլ կնքել էր ամենաարժանապատիվ բարեկամության Մեծ պայմանագիր, մաշեցրեց իր բոլոր հաղթաթղթերը, երկրի անկախության գրեթե բոլոր գրավականներն անհատույց հանձնեց Ռուսաստանին, հանրապետության քաղաքական դաշտն ամբողջությամբ դարձրեց ռուսական կողմնորոշման կապիտուլյանտների խառնարան:

Քաղաքակիրթ աշխարհում, նույնիսկ Ռուսաստանում, քաղաքական դաշտը գունավորվում է սեփականության եւ սոցիալական հարցերի լուծման մոտեցումների առանցքով պայմանավորված, մինչդեռ Հայաստանում իսպառ վերացված է այդ առանցքը. այն փոխարինված է Ռուսաստանին հավատարմության աստիճանացույցով: Խայտառակություն է, բայց փաստ, որ քաղաքական ուժերի մինչեւիսկ նախընտրական մոտեցումներում որպես հաղթաթուղթ է օգտագործվում Ռուսաստանի այս կամ այն պաշտոնյայից, այս կամ այն կառույցից մոնղոլական յառլիկ ունենալը, նրանց բարեհաճությունը վայելելը: Իսկ որ ամենից ամոթալին է, հայ քաղաքական վերնախավը` եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր, սեփական ժողովրդին հասցրել է սեփական պետության լրջությանը չհավատալու, նրա իրողությունը սոսկական ձեւականություն համարելու, հավերժորեն Ռուսաստանի փեշերից կառչելու (մենթալության առումով նույնն է` որոշների համար էլ` Եվրոպային տզրուկի պես կպչելու) հանգրվանին: Այժմ արդեն հայաստանցին անտարբեր է իր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ, ավելին` այն իր երկիրը չի համարում: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ այս կացության հեղինակները որպես վերջին հույս դիտում են Սփյուռքը, որ երկքաղաքացիության սահմանադրական դրույթի «շնորհիվ» գուցե շունչ տա Հայաստանի անկենդան մարմնին:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որպես լակմուսի թուղթ, կերեւակեն բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք սեփական երկրին մոտենում են ամենեւին էլ ոչ սեփականատիրոջ պես, այլ որպես մի ձեռնարկության, որի կառավարիչները կարող են եւ օտարները լինել, իսկ իրենք կա՛մ կաշխատեն այդ ձեռնարկությունում, կա՛մ, գենետիկ փայատիրոջ իրավունքով, պարզապես տոկոսադրույքներ կուզեն ու դրանցով կփորձեն իրենց անձնական կյանքը կառուցել ծովափնյա խաղատներում: Իսկ այստեղ Իսրայել Օրին, հաստատ, ոչ մի մեղք չունի, ինչպես Գարեգին Նժդեհը, որ այսօր Հայաստանում պատանդ է վերցված կոմունիստների ժառանգների կողմից ու որպես ծխածածկույթ է օգտագործվում իրենց հայրենադավության ու գաղափարալլկումների համար: