Կքվեարկեն արդյոք երկքաղաքացիության հարցը

Ազգային Ժողովի արտահերթ նիստը ավարտեց իր աշխատանքը: Ավարտեց, որոշակիորեն մնալով կիսատ, քանի որ քվեարկությունները տեղի են ունենալու հերթական քառօրյա նիստի ընթացքում: Մինչդեռ պատգամավորներից շատերն ունեն մտավախություն, որ հաջորդ քառորյան չի կայանա, քանի որ արդեն շատ մոտ է նախընտրական արշավի մեկնարկը եւ ըստ ամենայնի այլեւս հնարավոր չի լինի պատգամավորներին բերել խորհրդարան եւ նիստեր կազմակերպել: Իսկ դա նշանակում է, որ արտահերթ նիստի ընթացքում քննարկված օրինագծերը կարող են եւ չքվեարկվել: Դրանց թվում է նաեւ արտահերթի ամենաաղմկահարույց նախագիծը` երկքաղաքացիության մասին օրինագիծը, որի հեղինակը կառավարությունն էր, բայց որը բավական անհամաձայնություններ էր առաջացրել կառավորղ կոալիցիայի երկու կուսակցությունների` ՀՅԴ եւ ՀՀԿ միջեւ: ՀՅԴ-ն կողմ է երկքաղաքացիներին Հայաստանի քաղաքացիներին հավասար իրավունք եւ պարտականություն տալուն, իսկ ՀՀԿ-ն ունի վերապահումներ: Այդ առնչությամբ, բացի ՀՅԴ-ից, վերապահումներ ունեն նաեւ ԱԺ գրեթե բոլոր խումբ-խմբակցությունները:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ժամանակին ԱՄՆ, հիմա Հայաստանի հանրապետության քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է երկքաղաքացիությանը, ընդհանրապես, բայց ոչ այս պահին: «Նորովի պետք է սկսել այս հանրային զրույցը, ընտրություններից հետո», կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս պահին այց ձեւով, մարտավարական եւ բանական տեսակից ուղղակի ժամանակավրեպ: Այն, ինչ-որ այսօր կատարվում է Ազգային ժողովում համալիր, արդյունավետ, մեր սերունդների համար երկարատեւ արդյունք չի տա», փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի համար Հայաստանի Հանրապետությանը հավատարմությունը բացարձակ արժեք է, իսկ երկքաղաքացիությունը պետք է լինի հստակ ձեւակերպումներով: Օրինակ, քանի դեռ Հայաստանում չկա պրոֆեսիոնալ բանակ, գործում են պարտադիր զինվորական ծառայության ու այլընտրանքային ծառայության համակարգերը, «պարտականությունների իրացումը պետք է դիտարկվի այդ ծիրի մեջ: Ովքեր դիմում են ՀՀ քաղաքացիության` իրացնեն այդ պարտականությունը»: Րաֆֆի Հովհաննիսյան առաջարկում է նաեւ կապել երկքաղաքացիներին ընտրել-ընտրվելու իրավունքը եւ Հայաստանում մշտապես բնակվելու ժամկետը: