Արթուր Բաղդասարյան` «Մենք պայքարելու ենք մեր ձայների համար»

Եթե Հայաստանում կլինեն կեղծիքներ, կլինեն դրան հաջորդող մեծ ցնցումներ, փետրվարի 22-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Կոնկրետ ինչ ցնցումների մասին է խոսքը, փորձել են պարզել լրագրողները: Ըստ Արթուր Բաղդասարյանի, դրանց արտահայտման տարբեր եղանակներ կան, բայց այդ մասին խոսելն ինքը ճիշտ չի համարում, որովհետեւ դա հուսահատեցնում է հանրությանը` տալով այն զգացումը, թե միեւնույն է, ընտրությունը կեղծելու են: «Առավել եւս, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք իրենց վեր են համարում օրենքից եւ ցանկանում են հանրությանը ցույց տալ, թե ինչ էլ անեք, մենք մեր ուզածն ենք անելու», ասում է Արթուր Բաղդասարյանը: ՕԵԿ-ը լինելու է այս ընտրության քաղաքական պայքարի առաջամարտիկներից մեկը, բայց նաեւ այն ուժը չէ, որ ասում է մեկ է կեղծելու են, եւ հուսահատեցնում է հանրությանը, ընդգծում է Արթուր Բաղդասարյանը:

Նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ ՕԵԿ-ը գնալու է ընտրությանը միայնակ, բայց ընտրության օրինականությունը եւ արդարությունն ապահովելու եւ կեղծիքները կանխելու հարցում արդեն իսկ ակտիվ գործակցում է մյուս ընդդիմադիր ուժերի հետ: ՕԵԿ նախագահի համոզմամբ, բոլորովին էլ պարտադիր չէ ընդդիմության միասնական ցուցակը: Դա իշխանության առաջ քաշած թեզն է, որի նպատակը հանրության աչքին ընդդիմությանը վարկաբեկելն է, թե իբր ընդդիմությունը չի կարողանում միավորվել, կարծում է ՕԵԿ ղեկավարը:

Նրա խոսքով, իր կուսակցությունը միաժամանակ ողջունում է միավորում կազմելու այն փորձը, որ անում են ընդդիմության որոշ կուսակցություններ: ՕԵԿ-ը հանդես է գալիս կուսակցությունների կոնսոլիդացիայի, խոշորացման օգտին եւ եթե կան քաղաքական ուժեր, որոնք իրենց գաղափարներն ու ծրագրերը կարող են համախմբել ընտրությունից առաջ, ապա ՕԵԿ-ը ողջունում է դա, ասել է Արթուր Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, թե ամեն ինչ անելու են արդար ընտրության համար, Արթուր Բաղդասարյանը դա համարում է դրական, բայց ոչ բավարար: «Մենք պայքարելու ենք մեր ձայների համար: Եվ ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանում այս անգամ ընտրակեղծիքները բերելու են շատ լուրջ հետեւանքի երկրի համար: Նաեւ ողջունում եմ բոլոր այն հայտարարությունները, որոնք ուղղված են նրան, որ այս ընտրությունները պետք է անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան: Ուղղակի գործողություններն ավելին արժեն, քան բառերը», ասում է ՕԵԿ նախագահը:

Նկարը՝ Photolur