Կոնֆլիկտային իրավիճակների հավանականությունը Հայաստանում

Այս հոդվածը ռուսերեն

Микаел Багдасарян, режисер

Потенциал конфликтных
ситуаций в Армении

Հայաստանում ներհասարակական կոնֆլիկտների առաջացման հնարավորությունն աչքի չի
ընկնում իր յուրահատկությամբ։ Իրավական դաշտի հեղհեղուկ վիճակը, իշխանությունների
նկատմամբ քաղաքացիների «վստահությունը», դրան գումարած՝ հասարակության անդամների
հայկական մտածելակերպով հարստացված «օրինապահությունը»։ Իհարկե, կոնֆլիկտներն
անխուսափելի են ցանկացած հասարակությունում։ Տարբերությունը միայն դրանց առաջացման
պատճառների և լուծման եղանակների մեջ է։ Անկախ կոնֆլիկտի բնույթից՝ լինի դա
քաղաքական, սոցիալական, թե այլ՝ դրա լուծումը պետք է կարգավորվի իրավական դաշտում։
Իր հերթին իրավական դաշտ հասկացությունն այս կամ այն պետությունում՝
ֆեոդալ-տոտալիտար կամ ժողովրդավարական, կարող է մեկնաբանվել ելնելով գործող
քաղաքական համակարգից։


Հայաստանում ներհասարակական կոնֆլիկտները, որպես կանոն, հարթվում են ավանդական
եղանակներով, այսինքն կողմերը հարցերը լուծում են միմյանց հետ տեղական
հեղինակությունների, ինչպես նաև համայնքների ակտիվ անդամների միջնորդությամբ։ Որպես
կանոն, այս պարզաբանումների արդյունքում հակամարտող կողմերը գալիս են ընդհանուր
հայտարարի և փոխհամաձայնության։

Բայց ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան կարող է թվալ։ Կոնֆլիկտային իրավիճակներով
ներծծված են հասարակության բոլոր ոլորտները։ Դրանց ծագման պատճառներն առաջին հերթին
ուրվագծվում են տնտեսական հնարավորություններում՝ «նոր հայ» սեփականատերերին
ներկայացնող իշխող քաղաքական վերնախավի և երկրի բնակչության միջև։ Քանի որ,
տնտեսական ռեսուրսները կենտրոնացած են վերնախավի ձեռքերում՝ հիմնականում իշխող
դասի, ապա բնակչությունը բացասական վերաբերմունք ունի տեղական և հանրապետական

իշխանությունների նկատմամբ։

Սոցիալ-տնտեսական կոնֆլիկտները Հայաստանում տարբերվում են իրենց կոնկրետ
արտահայտություններով ու ձևավորման յուրահատուկ պատճառներով։ Կոնֆլիկտների հիմնական
պատճառը կապված է այնպիսի «շուկայական» հարաբերությունների կայացման հետ, որոնցում
ակնհայտ է բացարձակ անհավասարությունը միջին և մանր ձեռնարկատերերի և իշխանական
կառույցների միջև։ Հիմնական պատճառներն են՝ կոռուպցիան, բազմաթիվ պետական
կառույցների՝ մասնավորապես չինովնիկների գործունեության ֆունկցիաների
անորոշությունը, ձեռներեցությունը կարգավորող օրենքների ոչ միանշանակ
մեկնաբանությունները։ Ձեռներեցների և չինովնիկների հարաբերություններն ավելի շատ
իրականացվում են բացասական հոգեբանական կարծրատիպերի միջոցով։ Որոշ կոնֆլիկտներ
առաջանում են այն պատճառով, որ չկա հստակ օրենսդրական հիմք սաղմնավորման շրջանում
դրանց վերացման համար։

Քաղաքացիների մոտ առաջացող խնդիրների լուծման հարցերով հազվադեպ, բայց
այնուամենայնիվ զբաղվում են պաշտոնական ինստիտուտներն, աշխատելով լուծմանը հանգել
«օրենքի շրջանակներում»։ Սակայն, նման կոնֆլիկտային իրավիճակները հաճախ հարթվում են
միջնորդների, կապերի, ծանոթությունների շնորհիվ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հարցն
արդեն հասել է դատական մարմիններին, կարելի է ամեն ինչ հարթել կաշառքի միջոցով։

Ներկա իշխանությունների բացարձակ անտարբերությունը արդարության հասնելու մարդկանց
ցանկությունների նկատմամբ (և՛ մասնավոր հարցերում, և՛ ընդհանրապես հասարակական
կյանքում) բերում են մի կողմից հուսախաբության, մյուս կողմից՝ այդ
անբավարարվածությունը սկսում է փոխանցվել կյանքի այլ ոլորտներին և արդյունքում
բազմանում ու հաճախանում են կոնֆլիկտները։

Բյուրոկրատական ապարատը ստեղծում է «բարենպաստ» պայմաններ սեփական անօրինական
ֆանդրայզինգի համար։ Արդյունքում, բնակչության համար ավելի շահավետ է փող տալ
չինովնիկին, քան թե վճարել պետական հարկերը։ Տնտեսական իրավիճակի նման զարգացումը
(անկառավարելի միջամտություն շուկայական հարաբերություններին) այս կամ այն կերպ
կարող է բերել պետության քաղաքական և տնտեսական ինստիտուտների քայքայման
դեգրադացիայի։

Քաղաքացիների մոտ երկրում առկա իրավիճակով անբավարարության զգացումն առաջանում է
աննկատ ու դանդաղ, քանի դեռ տեղի չի ունեցել որոշակի իրադարձություն, որը կարող է
«ձգանի» դեր խաղալ այդ փոթորիկն արտաքին միջավայր հանելու։

Նման իրավիճակներում կոնֆլիկտներն աչքի են ընկնում յուրահատուկ սրությամբ, հաճախ
բռնության կիրառմամբ։ Եվ հարցն այնքան էլ կոնֆլիկտների քաղաքական կարգավորման
հիմքերի բացակայության և ընդունվող որոշումների լեգիտիմության մեջ չէ։

Ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգերում, որպես օրենք, իշխանավորները նպատակ
ունեն լիովին վերացնել նման կոնֆլիկտները հանուն «կայունության և միասնության»։
Սակայն, նման նպատակներն ի վերջո անհասանելի են դառնում։ Հակասությունները չեն
հարթվում, չեն կարգավորվում, չեն մեղմանում այլ խցկվում են «հասարակության
գիտակցության» խորքերը, արդյունքում այդ ամենը կարող է վաղ թե ուշ ի հայտ գալ
քաղաքական պայքարի բոլորովին ոչ ինստիտուտային եղանակներով։ Մասնավոր կոնֆլիկտների
փոխարեն կարող է առաջանալ մեկ մակրո կոնֆլիկտ, որն արդյունքում հասարակությունից
կպահանջի սոցիալական բարձր վճար։

Այսպես կոչված քաղաքակիրթ երկրներում, քաղաքական պայքարի ընթացքում քաղաքական
ուժերը ձգտում են ղեկավարել նման կոնֆլիկտները, դրանք կարգավորելու նպատակով։
Սոցիալական կոնֆլիկտների ղեկավարմանն են ձգտում նույնիսկ այն քաղաքական ուժերը,
որոնք շահագրգռված են ոչ թե կարգավորման, այլ դրանց սրման կամ սառեցման հարցում,
որպեզի հետագայում օգտագործեն այդ իրավիճակներն իրենց մարտավարական նպատակներին
հասնելու համար ավելի արդյունավետ, քան իրենց հակառակորդները։

Հայաստանում հաստատվել է «քաղաքական կուլտուրա», որն իր մեջ կրում է այլ կերպ
մտածողների և այլ կերպ գործունեություն ծավալողների նկատմամբ
անհանդուրժողականություն։ Նման քաղաքական կուլտուրան արտահայտվում է հասարակության
և քաղաքական իշխանության տարբեր ինստիտուտներում։ Մեծ մասամբ մարդիկ չեն տարբերում
օրենսդրական և կառավարական իշխանությունները։ Նրանց համար իշխանության թե՛ մեկ, թե՛
մյուս ոլորտի ներկայացուցիչները մի խումբ են։ Դրանով է բացատրվում քաղաքացիների
անտարբերությունը քաղաքական ուժերի այսօրվա նախա-նախընտրական մանևրերի նկատմամբ։

2007-2008 թվականների ընտրությունները Հայաստանում տեսականորեն հույս են տալիս
հասարակության հրատապ խնդիրների լուծման վերաբերյալ։ Բայց, ավելի շուտ ապագայի
իրական պատկերն ի ցույց կդնեն այն եղանակները, որոնք կկիրառվեն նախընտրական պայքարի
ընթացքում և երկու հակառակ տենդենցներից մեկի զարգացումը, մի կողմից՝ հասարակության
պահանջը ժողովրդավարական հիմունքների հաստատման, պետության բոլոր սուբյեկտների
օրինապահության վերաբերյալ, մյուս կողմից՝ իշխանությունների ձգտումը՝ թողնել ներկա
համակարգը ժողովրդավարության ատրիբուտներով։

Երկրորդ տենդենցի զարգացման օգտին է խոսում այն, որ հասարակությունում դեռևս թույլ
են այն իրական քաղաքական ուժերը, որոնք կկարողանային պաշտպանել առաջին տենդենցի
զարգացումը։

Նախընտրական պայքարն ամենայն հավանականությամբ կունենա «վերնախավային» բնույթ։ Եվ
կոնֆլիկտը վերնախավերի միջև (խմբավորումների և նրանց մոտ խմբերի) իշխանության վերին
էշելոններում հազիվ թե հանգի փոխհամաձայնության։ Երբ կոնֆլիկտի մեջ ներքաշվածները
չեն վստահում միմյանց, և, որ կարևորն է, չկա ընտրողի վստահությունը, ապա խնդիրների
կառուցողական լուծման մասին ոչ մի խոսք լինել չի կարող։ Դե ֆակտո, իշխանությունն
ավելի շատ վարում է այնպիսի քաղաքականություն, որը հիմնված է իրավիճակի սեփական
ընկալման և ինքնապահպանման հիման վրա։

Քաղաքական համաձայնության հասնելու բարենպաստ պայմաններն ի հայտ են գալիս պետության
ներսում պրոցեսների լեգիտիմության, ներհասարակական սոցիալական, տնտեսական, կրոնական
և այլ կարգի հակասությունները հարթելու ձգտման դեպքում։

Անհրաժեշտ է առաջին հերթին բնակչության մոտ ստեղծել գոնե մի փոքր վստահություն
իշխանությունների նկատմամբ, միայն դրանից հետո կարելի է գտնել կոնֆլիկտային
իրավիճակների լուծման ճանապարհը։

Այս հարցում իրենց դերը պիտի խաղան քաղաքական ինստիտուտները, օրենսդրական
մարմինները, դատարանները, քաղաքական կուսակցությունները և այլն։

Սակայն, մենք առաջվա պես ապրում ենք այն հասարակությունում, որտեղ օրենքի առջև
հավասարության գաղափարը դեռ արմատներ չի ձգել։ Իրավականության հասկացությունն
առաջվա պես նույնացվում է ոչ թե անձի և նրա անհատական իրավունքների, այլ միայն
իշխող վերնախավի հետ։

Բնակչությունն ունի իր որոշակի պատկերացումը հասարակությունում համաձայնության
գալու ճանապարհների մասին։ Դա իհարկե, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն է։ Իսկ,
կարևորը՝ հավասարությունն է օրենքի առջև։