ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խաղաղության մշակույթն ընդդեմ պատերազմի մշակույթի
Եթե ելակետ ընդունենք այն դրույթը, թե մշակույթ ասվածն անհատի եւ կամ հանրույթի
զարգացածության աստիճանն է, որ ներառում է կյանքի բոլոր ոլորտները, ապա խաղաղության
եւ պատերազմի սահմանները եւս մշակույթի առաջնային տիրույթում են: Խնդիրն այստեղ այդ
մշակույթների բազմանիստությունն ու կյանքի մատրիցային համակարգում դրանց սահմանման
եւ դերակատարման ընկալումն է:

Այսպես. չկա մի հին ժողովուրդ, որն իր ծագումնաբանությունը չկապի որեւէ բախտորոշ,
գերբնական, թռիչքային պատերազմական ճիգի հետ, որով հաճախ պայմանավորվել է այդ
ժողովրդի իդենտիֆիկացիան: Հայերի պարագայում եւս այդպես է. հայ առասպելաբանության
մեջ Հայկի կռիվը Բելի հետ պայմանավորում է հայ էթնոսի ծագումը, ժողովրդի
ինքնանվանումը: Սակայն մյուս կողմից, ինչպես պատմությունն է գրեթե առանց
բացառության ցույց տալիս, դատապարտված են լճացման ու վերջնական անհետացման բոլոր
այն ժողովուրդները, որոնք չեն ապահովում մշակույթի վերոնշյալ պարզ սահմանման միակ
պահանջը` զարգացածությունը: Պերմանենտ պատերազմի գաղափարը, ինչն առկա է
ֆունդամենտալիստական կրոնական դոգմաներում, խոչընդոտել եւ խոչընդոտում է զարգացումը.
20-րդ դարի մեծ հետախույզ Թոմաս Էդուարդ Լոուրենս Արաբիացին սա ի նկատի ուներ, երբ
արաբների մասին ասում էր, թե մեռել է քաղաքակրթություն տարածող նախկին արաբը, իսկ
այսօրվանը սոսկ անապատի փոշին է: Եվ սա ամենեւին քսենոֆոբիա չէ: Ինչպես ասվում է
Աստվածաշնչում. «Կա քարը շպրտելու եւ քարը հավաքելու ժամանակը»: Պարզապես,
պերմանենտ պատերազմի ջատագովներն այդ քարերը հավաքելու ժամանակից իրենք իրենց դուրս
են դնում: Պատերազմի ժամանակ ցանկացած անհատի եւ կամ հանրույթի ամբողջ էներգետիկ
պաշարը ծախսվում եւ սպառվում է նույն պատերազմի սպասարկման վրա, մինչդեռ
խաղաղության պայմաններում էներգիայի չակերտյալ ավելցուկն ուղղորդվում է արարման
սկզբունքի իրացման վրա:
Մինչեւիսկ կրոնական ուսմունքներում պատերազմները դասակարգելու պրակտիկան առկա է:
Ֆունդամենտալիստները պատերազմի սրբազանության (ջիհադ) մասին են խոսում: Սրանից քիչ
է տարբերվում արտաքուստ հակառակ բեւեռում գտնվող հայրենական կամ ինքնապաշտպանական
պատերազմը, ինչպիսին էր, ասենք, բազմաթիվ ժողովուրդների պատերազմը նացիզմի դեմ: Իսկ
ինչու՞ ենք ասում, թե քիչ է տարբերվում: Քանի որ միշտ հնարավոր է մանիպուլյացիաների
միջոցով զավթողական, գաղափարախոսականացված ագրեսիվ պատերազմը ներկայացնել որպես
պաշտպանական, հայրենական պատերազմ. սահմանը շատ սորուն է եւ ճշմարտությունները`
բազմաթիվ. նայած թե որ տեսանկյունից ենք մոտենում խնդրին: Ամերիկյան պատերազմն
Իրաքում ամերիկացիների եւ մարդկության մի զգալի հատվածի համար ներկայացվում է որպես
պաշտպանական, հանուն համաշխարհային անդորրի մղվող պատերազմ, մինչդեռ արաբական
աշխարհում այն ներկայացվում է որպես ագրեսիա, որին պետք է հակադրել
ազգային-ազատագրական պատերազմը, ավելին` իսլամական ֆունդամենտալիստների համար այն
քաղաքակրթական պատերազմ է, ուր սատանան փորձում է հաղթել աստվածայինին:
Եվ սա դեռ միայն պատերազմի սահմանման շրջանակում: Մինչդեռ առկա է խնդրի նաեւ
փիլիսոփայական կողմը, որը վարպետորեն տրանսֆորմացվում է հանրային գիտակցությունների
համար: Կա խնդրի այլ մոտեցման կերպ եւս. ինքը` խաղաղությունը, պե՞տք է պատերազմ
հայտարարի պատերազմին, թե՞ պարտավոր է ընդունել նրա ագրեսիան միստիկ
ներհայեցությամբ: Մերժելով պատերազմը` հաստատակամորեն վստահ ենք, որ կրավորական
կեցվածքը խաղաղության ջահակիրների կողմից` հղի է տոտալ համակործանմամբ. սա՛ է
պատճառը, որ, օրինակ, մենք` հայ պահպանողականներս, ողջունեցինք եւ՛ ամերիկյան
մոտեցումը Իրաքի հարցում, եւ՛ իսրայելական մոտեցումը ՀԱՄԱՍ-ի, Հզբոլահի ու Լիբանանի
կառավարության հարցում:
Իսկ եթե սրան ավելացնենք, որ ժամանակակից մոլորակը զարգացած է (ուշադրություն` «զարգացած» բառն օգտագործվում է կուլտուրոլոգիական վերոնշյալ դիրքից) խիստ անհամաչափորեն, երբ
մի կողմում ռենեսանս ապրած Արեւմտյան քաղաքակրթությունն է իր հունա-հռոմեական եւ
քրիստոնեական ակունքներով, որը միայն նախորդ դարում անցավ երկու համաշխարհային
պատերազմների միջով, իսկ մյուս կողմում քաղաքակրթական մի քանի շրջափուլ բաց թողած
ու ժամանակակից չափորոշիչներով անմրցունակ այլ քաղաքակրթություններ են, ապա
հասկանալի է դառնում նաեւ ժամանակակից պատերազմի քաղաքակրթական անխուսափելիության
կողմը: Այս պահին անձամբ մեզ եւ, կարծում եմ, շատերիս հետաքրքրողը մասնավոր դեպքն
է` միջէթնիկական պատերազմները կամ բախումները: Առավել ցցուն օրինակ է նախկին
Հարավսլավիայում վերջին երկու տասնամյակում կատարվածը: Չէ՞ որ մշակութային բախումը
խոշոր առումով պետք է որ բացակայեր, ասենք, սերբերի եւ խորվաթների պարագայում: Թեեւ
մեծ առումով նաեւ սերբ-ալբանական կամ սերբ-մուսուլմանական բախումն էլ տվյալ
պարագայում չէր կարող ունենալ լուրջ կրոնական երանգավորում, քանի որ ժամանակակից
աշխարհում կրոնն ինքը մշակույթի թեկուզ ոչ երկրորդական, սակայն մի մասն է ընդամենը:
Շատերը կուզենային, օրինակ, հայ-ադրբեջանական սառեցված պատերազմը, որն անշուշտ
պատերազմ է եւ երկու կողմերում էլ ներկայացվում է որպես հայրենական, մատուցել որպես
միջկրոնական բախում: Սակայն այդ պնդումը քննադատության չի դիմանում, քանի որ ո՛չ
ադրբեջանական մշակութային ընկալումներում է դոմինանտություն անում իսլամը, ո՛չ էլ
հայկական ժամանակակից ընկալումներում` քրիստոնեությունը. հիշենք միայն այն 70 տարին,
որ մեր ժողովուրդները դժբախտությունն ունեցան ապրելու նույն աթեիստական
տոտալիտարիզմի պայմաններում, իսկ դա առնվազն երեք սերունդ է նշանակում: Մյուս
կողմից, անշուշտ, կրոնական նախնական դրվածքն իր նշանակալի դերն ունի պատերազմի եւ
խաղաղության ընկալումների մեջ:
Այսօրվա հայ քահանայի եւ ադրբեջանցի մոլլայի գործառույթները ստանձնել են խորհրդային
կոմունիստական մենթալությամբ դաստիարակված մտավորականները, լրագրողները: Կարծում եմ
կարիք չկա գիտականորեն ապացուցելու այս կտրվածքի գերակա լինելը, քանի որ բոլորին է
դա պարզ: Ժամանակակից քարոզչամեքենայի ղեկին կանգնած հայ եւ ադրբեջանցի
իշխանություններն ու մտավորականները շարունակում են գործածել նույն այն
մեթոդոլոգիան, ինչը ժառանգություն է մնացել խորհրդային տոտալիտարիզմից. այն է`
անհանդուրժողականություն, հաղթանակի կոմունիստական-մաքսիմալիստական պատկերացում,
երբ հաղթանակ նշանակում է միայն դիմացինի լրիվ ոչնչացում կամ կապիտուլյացիա:
Մինչդեռ հանդուրժողականությունն էլ ընկալվում է որպես պարտվող կողմի համար նետված
խայծ, մանիպուլյացիայի միջոց, միջազգային դավադրություն: Սրանում համոզվելու համար
բավական է ծանոթանալ հայկական եւ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների
նյութերին, այդ նյութերի տրամաբանությանը: Ես մեր ընկալումների մեջ հավասարման նշան
եմ դնում ոչ թե հավուր պատշաճի, այլ այն պատճառով, որ տարբերություններն իրոք
կոսմետիկ են առնվազն երկու երկրների ղեկավարների կուլտուրոլոգիական համակարգերի եւ
նրանց կողմից վերահսկվող զանգվածային լրատվամիջոցների համար: Եթե նրանք խոսում են
գենետիկ անհամատեղելիության մասին, իսկ լրատվամիջոցներն էլ քարոզում են ռազմական
ճանապարհով կերտվելիք հաղթանակի մասին, ապա ենթադրելի է, որ նրանց պատկերացումները
ոչ միայն նույնն են միմյանց հետ, այլեւ տրամագծորեն հակառակ առնվազն արեւմտյան
քաղաքակրթական համակարգում ներկայացվող «պատերազմ», «հաղթանակ», «խաղաղություն», «հանդուրժողականություն» կատեգորիաների սահմանումներին:
Անշուշտ, պարզ է, որ 1700 տարվա քրիստոնեական ավանդույթներ ունեցող եւ
քաղաքակրթությունների խաչմերուկում գոյատեւած ժողովրդի մոտեցումներն ավելի հակված
են մեղմության, սակայն դա բավականին երկրորդական է դառնում, երբ իրական
կողմնորոշիչների լծակները չեն գտնվում իր ավանդույթների կրողների ձեռքին: Իսկ թեեւ
ադրբեջանական ժողովուրդը մահմեդական է, սակայն այստեղ էլ չի գործում իսլամի
խաղաղարարական կողմը, այլ միայն կոմունիզմից ժառանգած տոտալիտարիստական
մեթոդոլոգիան ու խորհրդային հասարակարգի փլուզման արդյունքում Ադրբեջան թափանցած
իսլամիստական ուղղությունների (հիշենք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատ մեծ
թիվ էին կազմում աֆղանական վարձկանները եւ իսլամիստ կամավորները) ներազդեցությունը.
իսկ եթե ասվածին հավելենք այն, որ իշխանությունը ժառանգական դարձնելու
հակվածությամբ ադրբեջանական վերնախավը փորձում է ռազմական անհաջողություններն իր
ժողովրդի առջեւ մեղմել մահմեդական պետությունների ու ֆոնդերի հետ սերտացումներով,
ապա այնտեղի վերնախավի անմխիթարությունն ու ժամանակավրեպությունը ոչնչով ավել կամ
պակաս չի դառնում հայկական իշխանական վերնախավի անախրոնիզմից:
Խաղաղության մշակույթի կոնցեպցիան, ի տարբերություն պատերազմականի, իր
շեշտադրումներն անում է ընդհանրությունների վրա` կոնսերվացնելով տարբերությունները,
որոնք ժամանակի մեջ ի հայտ եկող իրողությունների ֆոնին աստիճանաբար խամրում են:
Պատմությունից կարելի է բերել տասնյակ օրինակներ: Այս ընդհանրությունները որպես
գործունեության դաշտ ընտրելը Հարավային Կովկասի ժողովուրդների պատկերացումներում
հավասարազոր է դավաճանության: Եվ սա ամենեւին գենետիկ բան չէ, այդ ժողովուրդների
վայրիության նշան չէ, այլ անտեսանելիորեն ներարկված աշխարհընկալում, որ սերմանվել է
«Բաժանիր, որ տիրես» սկզբունքով առաջնորդվող ռուսական երկուհարյուրամյա
քաղաքականությամբ: Մյուս կողմից` որքան էլ պարադոքսալ հնչի, հենց ռուսական,
այնուհետեւ` ռուս-կոմունիստական շրջանը կարողացավ այս ժողովուրդների համար կատարել
արեւմտյան, կամ եթե կուզեք` քրիստոնեական քաղաքակրթության մի քիչ, այսպես ասած,
աղանդավորական քարոզչի եւ առաջմղիչի առաքելությունը: Սա ամենեւին ռուսական
քաղաքական հեգեմոնիայի արդյունքը չէր, այլ արեւմտյան քաղաքակրթության մաս կազմող
ռուսական իսկական մշակույթի:
Քանի որ մեր «Քաղաքակրթական ընտրանքի խնդիրը հայ մշակույթում» մենագրության եւ «Հրավային
Կովկաս. մշակութային խառնարան» ու մի քանի այլ հրապարակումների մեջ հանգամանալից
անդրադարձել ենք կենցաղայինից սկսած մինչեւ հոգեւոր մշակույթի հայ, վրաց եւ
ադրբեջանական մշակույթների բավականին խոշոր ծավալի ընդհանրություններին, ուստի
այստեղ ընդամենը մեկ անգամ եւս արձանագրենք, որ առ այսօր բաց է թողնվում
խաղաղության մշակույթի այդ կարեւոր դաշնակիցը կամ գործիքը, որը ներքին քաղաքական
կամքի եւ արտաքին տարատեսակ խրախուսումների հաջող խաղարկման պարագայում կարող է
ընդհուպ մինչեւ վճռորոշ գործոնի վերածվել:
Հայտնի իրողություն է, որ ճիշտ է` մշակույթի կրողներն ամբողջական հանրույթներն են,
սակայան դրանք ոչ միայն ուղղորդողները, այլեւ ստեղծողներն ու մշակույթի նոր
ավանդույթներ հիմնողներն անհատներն են, ովքեր օժտված են նաեւ քարոզչամեքենան
աշխատեցնելու լիազորությամբ: Այս պարագայում առաջին հայացքից ստացվում է փակ շղթա,
որի թույլ եւ ճեղքելի օղակները մնում են անտես: Սակայն այդպիսիք կան եւ գիտությանը
հայտնի են վաղուց: Սկսենք սերնդափոխության ֆենոմենից: Երբ Խորհրդային Միությունը
փլուզվեց, Հարավային Կովկասի երեք երկրներում էլ իշխանության եկան ոչ միայն
հակախորհրդային հակվածությամբ, այլեւ որոշակի տարիքային շեմի անձինք, որոնցից
դժբախտաբար երկուսը` հանգուցյալ պարոնայք Գամսախուրդիան եւ Էլչիբեյը չբռնեցին
ժամանակի քննությունը, եւ այդ երկրներում կոմունիզմը ռեւանշի դիմեց, հաղթեց
հակահեղափոխությունը: Փառք Աստծո, մեր հարեւան Վրաստանը կարծես թե կարողանում է
վերջնականապես թոթափել ռուս-կոմունիստական իշխանության բեռը` այնտեղ իշխանության
եկավ երիտասարդ քաղաքական գործիչների կենսունակ թիմ, որին սատարելը բոլորիս պարտքն
է: Չնայած պարոն Իլհամ Ալիեւի երիտասարդական տարիքին, վստահ ենք, որ Հեյդար Ալիեւից
հետո այնտեղ իշխանափոխություն չի եղել, այլ շարունակվում է հաղթանակած
կոմունիստական հակահեղափոխությունը: Հայաստանում կոմունիստական նոմենկլատուրայի
թավշյա հակահեղափոխությունն իրականացավ ավելի ուշ` 1998-ից, սակայն իրականացավ,
որքան էլ որ տարբերակիչ ու մեղմացուցիչ երանգներ ունենա հարեւան երկրների հետ: Մի
առումով 100 տոկոսանոց նույնականությունն ակնբախ է` սերնդափոխության խնդիրն առկա է
նաեւ Հայաստանում, որն ի տարբերություն Ադրբեջանի, որ հարուստ է նավթով, եւ
Վրաստանի, որ ելք ունի դեպի ծով, կարող է ունենալ բացառապես մեկ ռեսուրս, դա
դեմոկրատիան է, համաշխարհային խաղի կանոններին լրիվ համապատասխանելիությունը:
Ամփոփելով այս հատվածն արձանագրենք, որ պատերազմի եւ խաղաղության մշակույթների
բախումը հօգուտ խաղաղության լուծելու առաջին ճեղքման օղակը կամ ճակատը հայ եւ
ադրբեջանական վերնախավերի` եւ՛ իշխանական, եւ՛ նրանց կողմից մինչեւ վերջ վերահսկվող
քարոզչամիջոցների սերնդափոխությունն է:
Մի շատ կարեւոր հանգամանք. դա, կուլտուրոլոգիայի տերմինով ասած, մշակութային
դոմինանտության ֆենոմենն է, որն էլ հենց վերոնշյալ կախարդական, փակ շրջանի ճեղքման
հաջորդ, գուցեւե առավել առաջնային օղակն է, ճակատը: Մշտապես ուժեղ, կենսունակ
մշակույթներն իրենց մեջ են տարրալուծել առավել հետադիմականներին, իրենց դարն
ապրածներին, անախրոնիկներին: Սրանով է ապահովվել մարդկության զարգացումը: Ու եթե
այսօր Հարավային Կովկասի երեք պետություններն էլ, փորձելով արագ անցնել արեւմտյան
երկրների մոնդեալիստական ճանապարհը, այնուհանդերձ ձգտում են դեպի համաշխարհային
ընտանիք ու մասնավորապես եվրոպական կառույցներ, ապա դա հույս է ներշնչում, որ
կարելի է դրանից օգտվել: Իսկ ո՞վ պետք է լինի օգտվողը: Ինչպես Աստվածաշնչում է
ասվում` Սուրբ տեղը դատարկ չի մնում: Եթե արեւմտյան մշակույթի գրավչությունը
չկարողանան քարոզել ու տեղ հասցնել արեւմտյան ուժային կենտրոնները (խոսքը միայն
ռազմական ուժի մասին չէ), որոնք հռչակել են «Մերձավոր հարեւաններ» ռազմավարությունը,
ապա երեք երկրներն էլ կամ դրանցից ցանկացածը կարող է ինքնապահպանման իր բնական
իրավունքից օգտվելով` իրեն տեսնել անվտանգության, այսինքն` քաղաքակրթական այլ
համակարգերում: Մեր տարածաշրջանի տանջված ժողովուրդները դրա դառը փորձը եւս ունեն:
Բոլորն են հիշում, թե ինչպիսի սպասումով էին լցված մեր երկրները Խորհրդային
Միության փլուզումից անմիջապես հետո, սակայն մի փոքր հապաղումը հանգեցրեց նրան, որ
երեքն էլ դատապարտված եղան մտնել ԱՊՀ ու նման կառույցներ, քանի որ Արեւմուտքին
սպասելը բավականին թանկ էր նստում երեքիս վրա էլ: (Ի միջի այլոց, սա եւս մեկ
ընդհանրություն է, որ վարպետորեն օգտագործելու դեպքում` մեծ հարված կհասցվի
պատերազմի մշակույթին:) Ավելին` այսօր, երբ քաղաքակիրթ աշխարհը կանգնած է գլոբալ
մարտահրավերների առջեւ, չի կարելի էգոիստաբար թույլ տալ, որ նորանկախ, իր անցյալի
ու ապագայի միջեւ խարխափող, Չինաստանի ու Հեռավոր արեւելքի չակերտյալ սահմանապահի
առաքելությունը կատարող Ռուսաստանի ուսերին ծանրանա նաեւ Կովկասյան տարածաշրջանի
բեռը. նա կքած է սեփական տասնյակ կնճիռների տակ եւ պետք է մտածել ահագնացող
սկինհեդությունից ու չեկիզմից հենց Ռուսաստանին փրկելու մասին: Եկել է
տարածաշրջանից ռազմական ու ռազմա-քաղաքական Ռուսաստանին քաղաքակիրթ ճանապարհով
հրաժեշտ տալու եւ նոր Ռուսաստանին, որը երբեւէ կարող է լինել միայն մշակութային,
էներգետիկ, կոմունիկացիոն եւ նմանատիպ այլ տեսքերով, մեր Կովկասյան ընդհանուր տանը
բարեկամաբար ողջունելու ժամանակը: Սակայն դա չի կարող լինել, քանի դեռ մենք ինքներս
չունենք Կովկասյան տան հարազատության գաղափարը: Այստեղ եւս փակ շղթա է ստացվում. մի
կողմից Կովկասյան տունը կարող է կառուցվել ռազմական եւ ռազմա-քաղաքական Ռուսաստանի
հեռացման դեպքում, մյուս կողմից` Ռուսաստանը կհեռանա միայն այն դեպքում, երբ
կարողանանք կառուցել Կովկասյան ընդհանուր տունը, որի մեջ էլ երբեմն նույնիսկ
ինքնաբերաբար կլուծվեն այսօր անլուծելի թվացող բազում կոնֆլիկտներ:
Սակայն ոչ մի դեպքում ոչ մի շղթա բնության մեջ փակ չի լինում, եւ լավատեսությունն
էլ որդեգրելը` ավելորդ: Մեր երկրի հիմնադիր-նախագահը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, տվեց
իր հրաժարականը` ասելով, որ խաղաղության ուժերը «պարտություն կարող են կրել շատ
վայրերում, սակայն դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր նահանջ, վաղ թե ուշ
խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը»: Բանական եւ բարի կամքի տեր բոլոր մարդկանց
խնդիրն է այդ ժամանակը հնարավորինս մոտեցնելը. իսկ այդպես վարվողներին Ավետարանը
Խաղաղության որդիներ է կոչում:
