Դադարե՛ք գործել Հայաստանի պետության դեմ, ճորտե՛ր

Բոլորն են այսօր տեսնում, թե երկու հազար տարի առաջ ծայր առած քարոզն ինչպես է
փոխել աշխարհը` իր ճանապարհին վերացնելով համաշխարհային կայսրություններ ու

ստեղծելով նորերը: Այսօր նրա զարգացման արդյունքում նույն կրոնի ժամանակակից
քարոզիչներն այլեւս առանձնահատուկ տարազ չեն հագնում, իսկ հագնողներն ընդամենն
ավանդույթների պահապաններն են: Ժամանակակից աշխարհում դրանք կոչվում են
լրատվամիջոցներ: Ամեն երկիր իր լրատվամիջոցների,- ընդ որում` հարաբերականորեն ազա՛տ
լրատվամիջոցների,- միջոցով քարոզում ու սերմանում է իր շահերը:

Հայաստանի
պետությունն ունի՞ այսօր շահեր, թե՞ դրանց գիտակցման բացակայությունն էլ պիտի
պայմանավորենք «մեր նորանկախ երկրի մանուկ» լինելով: Վստահաբար կարծում ենք, որ այդ
գիտակցումը բացակայում է. իսկ պարապ տարածքը լցված է անհատական շահի խորը եւ
դետալացված գիտակցությամբ:

Այսպես. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից համաշխարհային խաղի կանոններով
պետական կառավարման ժողովրդավարական կերպն իրականացվում է կուսակցությունների
միջոցով: Այլ հարց է` դա լա՞վ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, մարդկությունը դեռ ավելի
արդյունավետ միջոց չի գտել, գուցեեւ` դժբախտաբար: Կուսակցությունների միջոցով են
այսօր իրականացվում հասարակական գրգիռների երեւակումները, նրանց միջոցով են պետական
լուծման մակարդակի հասցվում հասարակական պահանջներն ու ապահովում պետություն
մեքենայի հավասարակշռությունը: Հիմա` եթե փարիսեցիաբար օրնիբուն աղաղակում ենք, թե
«իրականացավ մեր դարավոր երազանքը, մենք ունենք անկախ պետություն, ու հիմա մեր
խնդիրն է արեւմտյան երկրների օրինակով կառուցել առավել ազատ ու ժողովրդավարական
երկիր», ապա ինչպե՞ս ենք պատկերացնում դա` առանց պետականավարման այդ դեռեւս նոր
մոդելով չփոխարինված գործիքի: Սկսենք ասված դրույթի առաջին մտքից. արդյո՞ք մենք
իրոք դարերով երազել ենք անկախ պետության մասին, թե՞ խարխափել ենք կողմնորոշումների
ճիրաններում – համոզված ենք, որ չհաշված մեկուսի բացառությունները` մեր
համաժողովրդական երազանքը եղել է որեւէ հզոր, ցանկալի է` քրիստոնյա երկրի հովանու
տակ ծվարելը, «գլուխներս կախ» գոյապահպանվելը: Երազանքի համար կոնկրետ քայլեր են
արվում. ճիշտ կամ սխալ, արդյունավետ կամ անարդյունավետ, սթափ կամ խենթ, բայց քայլեր
են արվում: 70 տարվա խորհրդային ճորտության ընթացքում քանի՞ ըմբոստ ունեցանք,
կարելի՞ է դա անվանել համաժողովրդական երազանք, թե՞ այն սոսկ մոտ հարյուր
քաղբանտարկյալներինն էր, ովքեր հանուն պետականության` դրոշ պարզեցին անկխորտակելի
թվացող խորհրդային կայսրության դեմ (կրկնում եմ` տվյալ պարագայում էական չէ
արդյունավետության վիճարկելի աստիճանը). այդպիսի համաժողովրդական, ժողովրդի
համենայնդեպս շոշափելի զանգվածներ ու մանավանդ նրա սերուցքը համարվող մտավորականներ
ընդգրկած անկախականություն մենք տեսանք մերձբալթյան ժողովուրդների մեջ: Մինչդեռ մեր
լուսահոգի Վեհափառն անգամ աթեիստական երկրի քարոզչամիջոցներով խոստացավ անիծել
բոլորիս, ովքեր ականջ կկախենք անկախականների կոչերին ու սկուտեղի վրա մեր հայրենիքը
կմատուցենք թշնամուն, թեեւ այդ թշնամի կոչվածի եւ մեր հայրենիքի գույնն աշխարհի
բոլոր քարտեզներում միեւնույն կարմիրով էր ներկված:

Առավել անմխիթար է դրույթի երկրորդ հատվածը: Մի՞թե հնարավոր է երկիր կառուցել`
մերժելով պետականավարման հիմքը` կուսակցությունները: Այո՛, հնարավոր է, եթե
հայտարարենք, որ մեր ուզածը արեւելյան տիպի միապետություն է կամ առաջնորդական
հանրապետություն: Բայց, կարծեք թե, Սահմանադրության մեջ երկու անգամ էլ այլ բան ենք
գրել: Սա հիմարությա՞ն, թե՞ այլ բանի նշան է:

Հայաստանյան իրականության մեջ երեւակման երկու երես ենք տեսնում: Նախ` 1999-ից
շրջանառվում է այն միտքը, թե մեր երկրին պետք են երկու-երեք կուսակցություններ, եւ
ցայսօր ամեն ինչ արվում է արհեստածին փուչիկների միջոցով կռել այդ երկու-երեքը,
մինչդեռ անհրաժեշտ էր, որ նպաստավոր պայմաններ ստեղծվեին առողջ մրցակցության համար,
որի արդյունքում էլ կյանքի ու քաղաքականության դժվարին փորձությունները
հաղթահարածները տոնայնություն կտային քաղաքական դաշտին: Մեր երկրի ղեկին գտնվող
գավառական պլեադայի որեւէ ղեկավար ցայսօր չի կարողացել իր տգիտության բարձունքներից
հոդաբաշխ ներկայացնել, թե հատկապես ի՛նչ վտանգ է պետության համար ներկայացնում
կուսակցությունների «շատ» լինելը (թեեւ դրանք երբեք շատ չեն լինում, այլ լինում են
ճիշտ այնքան, որքան հասարակական օբյեկտիվ բեւեռացումներն ու իշխողների գրպանային
կամքն են թելադրում): Այսինքն` տոտալ պատերազմը կուսակցություն հասկացության դեմ ու
նրա հանդեպ հասարակական զզվանքի մթնոլորտ ստեղծելը (նույնն է, թե ժամանակակից
պետության դեմ) ուղղորդված է իշխանական բարձունքներից: Եվ սա դեռ չարյաց
փոքրագույնն է:

Եթե մի պահ մտածենք, թե մեր երկիրն այսօր զավթված է տկարամիտների կողմից, ու նրանք
չեն պատկերացնում, թե ինչպես են սղոցում կապտարյուն հայորդիների երազ պետության այն
ճյուղը, որի վրա հայտնվել է մեր ողջ ժողովուրդը, ապա մեղմացուցիչ դեպք հանցանացի ոչ
մի տեսակից չի կարող օգտվել հայաստանյան քարոզչամիջոցների ոչ մի ղեկավար ու
աշխատակից կամ որեւէ մտավորական, ով իր կրթությամբ ու ազգի կենսականությունն իր մեջ
կրելու երեւույթով կոչված է ոչ միայն գավառամիտների տված սղոցն իր ձեռքը չառնելուն,
այլեւ կարգված է պետականության հավատարիմ այգեպան: Եթե մի կողմ թողնենք մեկ-երկու
մտավորականի ու մեկ-երկու լրատվամիջոցի (այո՛, մեկ-երկու, եւ ո՛չ ավելի), ապա
բոլորը զբաղված են կուսակցություն, որ նույնն է` թե պետականություն վարկաբեկելու
աշխատանքով հաց վաստակելուն: Որպես հպարտանք օրական նվազագույնը հարյուր անգամ մեր
եթերից հնչում է. «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, կուսակցությունները բաժանարար
գործ են անում հայ ազգի ներսում»: Եթե սրիկայություն է անում բժիշկը, ուսուցիչը կամ,
ասենք, երգիչը, չենք ասում, թե սրիկայություն է բժշկությունը, մանկավարժությունը,
երաժշտությունը: Զլացվում է ասելու, թե այսինչը, որ իքս կուսակցության անդամ է, իր
գործունեությամբ վարկաբեկում է ոչ միայն իր կուսակցությունը, այլեւ կուսակցություն
գաղափարն ընդհանրապես: Զլացվում ու հասարակական անհանդուրժողության մթնոլորտ է
ստեղծվում ոչ թե բացասական երեւույթի կամ այն կրողի նկատմամբ, այլ պետականավարման
ժամանակակից միակ գործիքի` կուսակցության նկատմամբ: Թեեւ միեւնույն ժամանակ չի
զլացվում ներբողերգություն եթեր արձակել կամ հոդվածներ թխել այն կուսակցությունների
լիդերների, բազմահազարանոց բանակի ու կազմակերպած միջոցառումների մասին, ումից հաց
կամ պաշտոն է պոկվել կամ պոկվելու:

Ու այդքանից հետո էլ նիհիլիստաբար զայրանում ենք, թե ընտրությունների ժամանակ
ժողովուրդը կա՛մ պասիվ է, կա՛մ ընտրակաշառք է վերցնում: Այդ զայրույթն առնվազն
անբարոյականություն է, քանի որ ոչ թե պասիվը, այլ հանցագործը` պետակա՛ն հանցագործը,
նույն քարոզիչն է, ընտրակաշառք երեւույթը սերմանողը, դրա մեղավորության կրողը ոչ թե
ժողովուրդն է այլ դարձյալ նույն հանցագործ քարոզիչը: Ուզու՞մ եք ճանաչել դրանց,
բարի եղեք նայել հայկական հեռուստատեսության անխտիր բոլոր ալիքները, կարդալ
հայաստանյան թերթերի առնվազն 90 տոկոսը: Այդ քարոզիչները, եթե մինչեւ այսօր ձգվեր
խորհրդային իշխանությունը, լինելու էին կոմսոմոլներ ու ԿԳԲ-ի ագենտներ, լավագույն
դեպքում` իրենց ճիվաղային դիրքերից ազատության մարտիկների վրա քմծիծաղող մորթապաշտ,
որկրամոլ «լուրջ», «ծանր» ազգային ջոջեր: Խոստովանենք` մենք տանուլ ենք տվել
կոմունիստական հակահեղափոխությանը, որ երկար ժամանակ մարաղ մտնելուց հետո դարձյալ
իր կարմիր դրոշն է պարզել մեր պետականության դեմ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ,

Մինչեւ 1998թ. ոչ մի կուսակցության անդամ չեղած,
իսկ 1998-ից Պահպանողական կուսակցության անդամ