Քաղաքացու ազատ ընտրությունը եվ քաղաքացիական հասարակությունը

Բացառությամբ, թերևս, 1991թ. նախագահական ընտրությունների (երբ ժողովրդի
մեծամասնությունն իր քվեն տվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության
շարժումն առաջնորդած քաղաքական ուժի ղեկավարին), Հայաստանում անցկացված մնացյալ

ընտրությունները` թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական, թե՛ տեղական
ինքնակառավարման մարմինների, ուղեկցվել են մեծ թիվ կազմող ընտրակեղծիքներով,
ընտրակաշառքներով, ընտրողների վրա ճնշումներով, ահաբեկումներով և այլ
ապօրինություններով: Այդ ամենը, որպես կանոն, յուրաքանչյուր հաջորդ ընտրության
ընթացքում է՛լ ավելի էին «կատարելագործվում և քաղաքակրթվում»: Սույն «մեխանիզմը»,
ցավոք, ոչ միայն սկսեց «անխափան» աշխատել, այլև, ինչն ամենավտանգավորն է, ցանկացած
ընտրության արդյունքի առումով դարձավ վճռորոշ` որպես այդպիսին լրջորեն խոչընդոտելով
քաղաքացու ազատ ընտրությանն ու կամարտահայտությանը, նույնն է, թե` քաղաքացիական
հասարակության ձևավորմանը:

Անշուշտ, կեղծիքներն ու ապօրինություններն իրագործողը հիմնականում հենց
իշխանությունն է (կամ իշխանական «դաբրո» ստացած անհատ թեկնածուներն ու
կուսակցությունները), սակայն հարկ է նաև ընդգծել, որ վերոնշյալ երևույթների «պարարտացմանը»
որոշակիորեն օժանդակեցին նաև… ընտրողները, ավելի ստույգ` նրանց այն հատվածը, ովքեր
պարզապես վաճառում են իրենց ձայները: Իհարկե, մեկ հասարակարգից մեկ այլ հասարակարգի
անցման շրջանում գտնվող Հայաստանում նման արատավոր երևույթները գուցե և անխուսափելի
էին, սակայն, այնուամենայնիվ, արդեն հասունացել է ժամանակը, որ անկախությունը
վերստին նվաճած մեր ժողովուրդը գիտակցի այն պարզ իրողությունը, որ եվրոպական
քաղաքակիրթ պետությունների ու ժողովուրդների ընտանիք մտնելու նպատակով անհրաժեշտ է,
որ ընտրություններում իրենց ձայները վաճառող ընտրողները վաճառքի մի քանի հազար
դրամը ստորադասեն իրենց քաղաքացիական պարտքին և վերագտնեն ազատ ու անկաշառ ընտրելու
իրենց քաղաքացիական կամքն ու կեցվածքը:

Այդ հարցում, անտարակույս, մեծ դերակատարում կարող են ունենալ, նախ և առաջ,
հասարակական կազմակերպությունները, քիչ թե շատ անկախ լրատվամիջոցները,
մտավորականները և ընդդիմադիր կուսակցությունները, ովքեր ի զորու են հույսն ու
հավատը կորցրած ընտրողներին բացատրելու, որ.

  • իրենց ձայները վաճառելով և մի քանի օրվա կենցաղային հարցեր լուծելով` նրանք
    առնվազն մինչև հաջորդ ընտրությունները անկարող կլինեն որևէ բան փոխելու` նույնիսկ
    բողոքելու բարոյական իրավունք չունենալով,
  • ձայներ վաճառելը նույնն է, թե` «երեսուն արծաթով» հոգին վաճառել, ինչը
    քաղաքացիական հասարակության ձևավորման և նորանկախ պետականության հզորացման
    ճանապարհը չէ, այլ, պարզապես` հուդայականություն է,
  • նման «ընտրության» արդյունքով նրանք պետության օրենսդիր մարմին են գործուղում
    այնպիսի մեկին, ով, փաստորեն, հենց իրե՛նց զավակների համար պետք է օրենքներ գրի կամ
    դրանք լրամշակի, և իրենց տարածած ինքնաարդարացումը, թե` ընտրությունների ելքը,
    միևնույն է` կանխորոշված է, ու իրենց ձայները վաճառելով միայն կարող են շոշափելի
    օգուտ ստանալ` ընդամենը ինքնախաբեություն է,
  • եթե անգամ, իրոք, նրանք կարծում են, թե տվյալ ընտրության ելքը նախապես վճռված է,
    ապա առավել ևս` հանուն իրենց զավակների առաջ պարզերես լինելու, իշխանություններին իրենց քաղաքացիական կամքը ցուցադրելու մղումով նրանք պետք է ընտրելու իրենց
    քաղաքացիական պարտքը կատարեն խղճի մտոք, այլ ոչ թե` «ով շատ տա` նրան կտամ…»
    հնագույն և ծեծված կարգախոսով…

Եվս մեկ, ըստ իս, շատ կարևոր հանգամանք` իրենց ձայները հերթական անգամ վաճառելու
պատրաստվող ընտրողների վրա ներազդելու համար: Խոսքը հասարակական
կազմակերպությունների, անկախ լրատվամիջոցների, մտավորականների և ընդդիմադիր
կուսակցությունների համատեղ հայտարարություն-կոչի մասին է առ այն, որ գեթ մեկ անգամ
ընտրողները դրսևորեն քաղաքացիական արիություն, և ոչ միայն չվաճառեն իրենց ձայները,
այլև անպայման մասնակցեն համապետական նշանակության ԱԺ հերթական (2007թ.)
ընտրություններին, քվեարկեն, այնուհետև իր երկրի իսկական տիրոջ` ազատ քաղաքացու պես,
մինչև վերջ տեր կանգնեն իրենց ընտրությանը` «իշխանությունը պատկանում է ժողովրդին»
սահմանադրական նորմը գործնականորեն կիրառելով: Հենց դա՛ կխթանի նրանց ուղեղներում
երկար սպասված այն հեղափոխությունը, որի շնորհիվ ժողովրդի լայն զանգվածները
վերջապես իրենց կընկալեն որպես քաղաքացիական հասարակության կայացման և
ժողովրդավարության հաստատման գործուն մասնակիցների ու երաշխավորների:

Ինչ վերաբերում է իշխանություններին, չցանկանալով կրկնել նրանց հասցեին անընդհատ
նշվող արդարացի քննադատությունը, ընդգծեմ միայն, որ արդար ընտրությունների
կարևորության մասին խոսող յուրաքանչյուր իշխանություն ոչ թե անընդհատ պետք է
հորջորջի այդպես վարվելու «տեսական» անհրաժեշտությունը, այլ պարտադիր կյանքի կոչի
այդպիսի ընտրություններ: Այդ առումով, թերևս, նույնիսկ բավարար կլինի
ընտրահանձնաժողովների` կեղծիք թույլ տված մի քանի անդամի ցուցադրական, բաց
դատավարությունը և նրանց դատապարտելը թեկուզ մեղմ, բայց իրական պատժի:

Ավելորդ չէ ընդգծել, որ մշտապես աշխատասեր, անկախության ձեռքբերման դարավոր փափագը
վերջապես իրագործած, խաղաղասեր, մշակութային հարուստ ժառանգություն ունեցող և
մարդկությանն արվեստի համաշխարհային գլուխգործոցներ պարգևած, մարդասիրական առաջադեմ
արժեքներով ապրելու ձգտող մեր ժողովուրդն իր այդ հոգեկերտվածքով լավագույնս է
համապատասխանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հիմնական
պահանջները` խոսքի և խղճի ազատությունը, անկախ դատական համակարգը, շուկայական
տնտեսությունը և գերակա այլ արժեքները կենսակերպ դարձնելուն:

Որպես ամփոփում կարելի է մեկ անգամ ևս փաստել, որ ընտրողների մի մասի կողմից իրենց
ձայների վաճառքը կանխելու, ԱԺ հերթական ընտրություններն առավելագույնս արդար և
թափանցիկ անցկացնելու համար պետք է իրենց ջանքերը ներդաշնակեցնեն մտավորականները,
հասարակական կազմակեպությունները, լրատվամիջոցները, միով բանիվ` լայն
հասարակությունը: Եվ թող մշտապես հիշեն իրենց ձայները վաճառող ընտրողները և այդ
ձայների հղփացած «գնորդները», որ գնված ձայնը բումերանգ է, որը վաղ թե ուշ
հարվածելու է թե՛ վաճառողին, թե՛ գնողին: Արդար և ազատ ընտրությունների ցանկացած
այլընտրանք կնշանակի Հայաստանի կատարյալ և, թերևս, անդառնալի ինքնամեկուսացում`
ինքնախայթման նորանոր կործանիչ դրսևորումներով: