ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազգայնականությունը և ժողովրդի ինքն իշխանությունը
Սովետական Միության փլուզումը ուղեկցվեց ազգային ուժեղ շարժումներով: Շուրջ 70
տարվա ընդմիջումից հետո կոլեկտիվ հիշողությունը ետ բերեց թվում է արդեն անհետացած
երևույթները` անշուշտ վերափոխված և մասնակիորեն արդիականացված ձևերով:

Այդ շարժումները որոշ վերապահությամբ կարելի է անվանել ժողովրդավարական: Բայց
այստեղ կան խնդիրներ` որքանո՞վ են ազգայնականությունը և ժողովրդավարությունը
համատեղելի: Բազմաթիվ ժողովուրդների մոտ սովետական կայսրության հակազդումը ստացավ
իզոլիացիոնիզմի` ինտեգրողական շարժումներին հակազդելու բնույթ:
Հայկական իզոլիացիոնիզմը նույնիսկ ունի իր մանիֆեստը և գաղափարախոսները: Դա մի
գաղափարախոսություն է, որ հիմնված է հայ ժողովրդի առանձնահատուկ, միայն էզոթերիկ
գիտություններով բացատրվող արքետիպային աշխարհզգացողության սկզբունքի վրա:
Մասնավորապես նրանք հղվում են հայկական էպոսի վրա, համարելով, որ Փոքր Մհերի
փակվելը քարայրում ազգային կտակի` ազգային ինքնությունը կանխորոշող արքետիպի
նշանակություն ունի: Նրանք բաց հասարակության գիտակից հակառակորդներ են, և որքան էլ
նրանց գաղափարախոսությունը թվա էկզոտիկ, այն բացարձակ ուտոպիա չէ: Աշխարհում կան մի
շարք պետություններ, որոնք ընտրել են մեկուսացման ուղին: Այդպիսին էր Ալբանիան, իր
զարգացման պարամետրերով շատ մոտիկ Հայաստանին, և անշուշտ Հյուսիսային Կորեան իր «չուչխե» գաղափարով: Երկու դեպքում էլ գործ ունենք տոտալիտար վարչակարգերի հետ, քանզի
ակնհայտ է, որ փոխկապակցված աշխարհում միայն շատ ուժեղ իշխանությունը և
համընդհանուր հսկողությունը կարող են ապահովել «մաքուր» մեկուսացումը: Հնարավոր են
նաև ավելի մեղմ տարբերակներ: Օրինակ կարող է ծառայել ռուսական «եվրասիական» գաղափարախոսությունը, որը պնդում է Ռուսաստանի առանձնահատուկ աշխարհքաղաքական և
քաղաքակրթական դիրքի մասին: Այդ գաղափարախոսությունը երբեք մաքուր ձևով չի
իրագործվել, բայց դժվար չէ նկատել, որ ժամանակակից Ռուսաստանը մասնակիորեն այն
դարձրել է իր արտաքին քաղաքականության սկզբունքը: Կարելի է համարել, որ
կիսամեկուսացված Բելառուսը, որ համագործակցում է համարյա բացառապես Ռուսաստանի հետ,
իր դիկտատորական վարչակարգով ռուսական իզոլիացիոնիստական գաղափարախոսության
արմատական իրագործումն է: Այսօր Ա. Լուկաշենկոն համարում է, որ Բելառուսի երկրորդ
թշնամին Ռուսաստանն է` Արևմուտքից հետո: Այսինքն իզոլիացիոնիզմը աստիճանաբար գալիս
է իր տրամաբանական ամբողջականությանը:
Եթե հիշենք, որ Հայաստանում կան շատ ազդեցիկ ուժեր, որոնք ձգտում են միանալ
Ռուսաստան-Բելառուս դաշինքին, ապա կարելի է հասկանալ այդ գաղափարախոսությունը որպես
ազգայնականության ձևերից մեկի` իզոլիացիոնիստական միտումների արտահայտություն:
Այսինքն կողմնորոշումը դեպի Ռուսաստան պարզապես գալիս է սքողելու մեկուսացված, փակ
և ամողջատիրական հասարակության կառուցումը:
Իզոլիացիոնիստական ազգայնականությունը ազգայնականության մի տարատեսակն է: Կա կարծիք,
որ բոլոր տարատեսակներն էլ նեգատիվ երևույթներ են, որոնք ծնում են մեծապետական
ազգային քաղաքականություն, ինչպես ժամանակակից Ռուսաստանում` միլիտարիզմ,
անհանդուրժողականություն, բռնապետություն, այսինքն ազգայնականության տարբեր ձևերը
ընկալվում են որպես շովինիզմի մեղմ տարատեսակներ: Բայց դիմելով ազգայնականության
արմատներին, տեսնում ենք, որ ժողովրդավարությունը և ազգայնականությունը մոտենում են
իրար և հանգում են կոսմոպոլիտիզմին: Այդպես է ժողովրդական ինքնիշխանության տեսաբան
Ժ.Ժ. Ռուսոյի մոտ, որը համարում էր, որ փոքր ազգային պետությունները պետք է
համաշխարհային դաշինք կազմեն: Յ. Գ. Հերդերի մոտ ազգայնականությունը և
կոսմոպոլիտիզմը նույնանում են ունիվերսալ քաղաքակրթության հիմքի վրա:
Ե’վ ազգայնականությունը, և’ ժողովրդավարությունը սկսել են ժողովրդի ինքնիշխանության
հիմնարար գաղափարից: Հետևաբար ազգայնականությունը ժողովրդի ինքնիշխանության
հնարավոր մեկնաբանություններից է:
Տեսաբանները առանձնացնում են ազգայնականության հինգ ձևեր` արդեն հիշատակված
իզոլիացիոնիստական ազգայնականություն, ազգայնական իմպերիալիզմ, էթնիկական
առանձնաշնորհումների համար պայքարող ազգայնականություն, հակաիմիգրացիոն
ազգայնականություն, ազգային պետականության ստեղծելուն ձգտող սահմանադրական
ազգայնականություն:
Ազգային իմպերիալիզմը դեմոկրատական չէ, քանզի ձգտում է ճնշել նվաճված կամ սեփական
տարածքում ապրող ժողովուրդների դեմոկրատորեն արտահայտված կամքը:
Մյուս դեպքում մեկ ազգի նացիոնալիզմը հակադրվում է մեկ այլ ազգի նացիոնալիզմին,
ինչպես, ասենք, աբխազական ազգայնականությունը հակադրված է վրացականին, կամ
կատալոնականը` իսպանականին:
Այն երկրներում, ուր սովորաբար կա քաղաքացիական հասարակություն, սկսում են
հակադրվել էմիգրանտներին քաղաքացիություն շնորհելուն, քանզի սովորաբար էմիգրանտները
այլ էթնիկական և ռասայական ծագում ունեն:
Ազգային պետություն ստեղծելու ձգտումը նշանակում է, որ փորձում են
համապատասխանության բերելէթնիկական սահմանները ազգային սահմանների հետ: Ըստ էության,
վերոհիշյալ ձևերի մեծամասնությունը այս ձևի այս կամ այն բնույթի հետևանք է:
Ազգայնականությունը ենթադրում է տարածքային պետություն և ժամանակակից ազգեր:
Հայկական մինչարդիական ազգը ըստ էության կրոնական համայնք էր և ինքնակազմակերպման
սուղ ձևը համախմբումն էր եկեղեցու շուրջը: Դա նման էր ինչ-որ տեղ դինաստիական
պետությանը, ուր իշխանությունը տրված էր վերուստ` Աստծո կողմից: Բագրատունիների
պետության տարածքը պատկանում էր Բագրատունիների տոհմին, այլ ոչ թե այդ տարածքում
ապրող ժողովրդին: Ազգայնականությունը, ինչպես ժողովրդավարությունը, սկսվում է, երբ
սկսվում են հաշվի առնվել ժողովրդի ցանկությունները և պետքերը` նրա կամքը:
Ազգը կարող է հասկացվել երկակի, որպես ժողովուրդ` հակադրված իշխող
փոքրամասնությանը, կամ ազգ մյուս ազգերի մեջ` նրանց համեմատությամբ: Այսինքն ազգի
կազմավորման համար կարևոր է նաև ոչ միայն արտաքին ինքնիշխանությունը, այլ նաև
ներքին ինքնիշխանությունը:
Խորհրդային Միությունում ժողովրդի ինքնիշխանությունը ուզուրպացված էր կուսակցական
վերնախավի կողմից: Ձևականորեն Խորհրդային Միությունում ևս հռչակված էր ժողովրդի
ինքնիշխանությունը, բայց արհեստականորեն նրանից տարանջատված էր ժողովրդի «ավանգարդը», որը նրա անունից իշխում էր: Այդպիսի կառավարման ձևը անվանում են
դեմոտիկ, տարբերելու համար դեմոկրատիայից: Այն կարելի է անվանել նաև
քվազիդինաստիական, մատնանշելու համար խշխանության արխայիկ, մինչդեմոկրատական ձևերի
գերակշռությունը այդպիսի համակարգում: ԽՍՀՄ փոքր ժողովուրդները ազատագրության երկու
խնդիր ունեին` ազատվել կայսերության գերիշխանությունից և փոխարինել դեմոտիկ
վերնախավը ժողովրդական իշխանությամբ:
1988-91 թթ. հայկական հեղափոխությունը ապահովեց ժողովրդի ինքնիշխանության միայն մեկ
խնդիրներից մեկը` արտաքին քաղաքական ինքնիշխանության խնդիրը: Ենթադրվում էր, որ
քանզի այդ հեղափոխությունը ժողովրդական էր, ապա պետությունը, իշխանությունները
նույնպես հանդիսանում են ժողովրդի ինքնիշխանության արտահայտություն: Իրականությունը
սակայն այն էր, որ ձևավորվեց ոստիկանական պետություն: Ոստիկանական պետություն
ասելով հասկանում ենք այնպիսի համակարգ, երբ ղեկավարները ղեկավարում են, իսկ
ենթակաները` ենթարկվում: Այսինքն պետության քաղաքացիները անմասնակից են
ղեկավարմանը: Դա ոստիկանական իշխանության հիմնական նպատակն է` քաղաքացիներին
վերածել բնակչության: Մեծ նշանակություն չունեն նաև ժամանակ առ ժամանակ անցկացվող
ընտրությունները, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրանք հետխորհրդային տարածքում
հաճախ կեղծվում են: Քաղաքացիներին բնակչության վերածելու միջոցներից հիմնականը
դառնում են ԶԼՄ-ները: Քաղաքական անմիջական գործունեությունը ԶԼՄ-ներում վերածված է
«լրագրողականության»,երբ լրագրողը իր լսարանի մոտ ստեղծում է այն կեղծ
տպավորությունը, որ նրանք մասնակից են ինչ-որ քաղաքականության:
Ժողովրդական ինքնիշխանությունը իր հաստատումը կարող է գտնել բացահայտ ձևով`
ժողովրդական կամքը աներկբա և տեսանելի արտահայտությամբ: Միայն այդ կամքն է
իշխանություններին հաղորդում կառավարման համար անհրաժեշտ լեգիտիմությունը:
Արտաքին-քաղաքական` տարածքային պետության իմաստով հայ ժողովուրդը իր ինքնիշխան
կամքը, անշուշտ, հայտնել է: Բավարար է արդյո՞ք դա իշխանությանը լիարժեք
լեգիտիմություն հաղորդելու համար: Հավանաբար ոչ, քանզի ամեն մի ընտրությունից հետո
ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունները լեգիտիմ չեն: Ըստ երևույթին
գործը միայն ընտրություններում առկա խախտումները չեն: Կարծում եմ խնդիրը ավելի
սկզբունքային է: Դիմենք առկա քաղաքական երևույթներին հետխորհրդային տարածքում, ես
նկատի ունեմ «գունավոր» հեղափոխությունները:
Առաջին բուրժուական հեղափոխությունները մի նպատակ ունեին` փոխարինել դինաստիական
ինքնիշխանությունը ժողովրդի ինքնիշխանությամբ: Դրանով նրանք տարբերվում էին
խռովությունից կամ հեղաշրջումներից: «Գունավոր» հեղափոխությունների ֆենոմենը
հետաքրքրական է այնքանով, որ նրանք երկրորդն էին ազգային հեղափոխություններից հետո:
Հետևաբար «գունավոր » հեղափոխությունները ծառայում են ժողովրդի «ներքին » ինքնիշխանության փաստի հաստատմանը և ուղղված են ընդդեմ հետխորհրդային տարածքի
երկրներում քվազիդինաստիական կառավարումը վերացնելուն:
Հիշենք XIX դարի ֆրանսիական հեղափոխությունները: Ամեն մի հեղափոխություն մի կարճ
ժամանակով վերականգնում էր ժողովրդի ներքին ինքնիշխանությունը: Այնուհետ որոշ խմբեր
ուզուրպացնում էին իշխանությունը, և ձևավորված իշխանությունները համառորեն, մի կարճ
ժամանակահատված հետո, կրկին վերականգնում էին քվազիդինաստիական կառավարման
համակարգը: Հիշելով, որ հետխորհրդային տարածքի երկրների զգալի մասը գտնվում է XIX
դարի քաղաքական մշակույթի մակարդակին, ապա կարելի է հասկանալ, թե ինչու այս
տարածաշրջանում ևս կոմունիստական քվազիդինաստիական համակարգը իրեն վերականգնում է
երբեմն բացահայտ, երբեմն սքողված ձևերով: Բացահայտ ձևի օրինակ կարող են ծառայել
Ուզբեկիստանը կամ Ադրբեջանը, անբացահայտ` Հայաստանը, նկատի ունենալով, որ
իշխանության փոփոխությունը տեղի է ունեցել ըստ էության վերնախավային հեղաշրջման
ճանապարհով:
«Գունավոր» հեղափոխությունները լուծում են մի շարք խնդիրներ նրանք ուղղված են ոչ
միայն քվազիդինաստիական կառավարման դեմ, այլ նաև ոստիկանական պետության, այսինքն`
քաղաքացիներին բնակչության վերածելու իշխանությունների փորձի դեմ: Մյուս կարևոր
խնդիրը քաղաքականության վիրտուալացման դեմ պայքարն է, երբ իշխանությունների կողմից
վերահսկվող ԶԼՄ-ները փոխարինում են իսկական քաղաքականությունը հեռուստատեսային
հանդիսանքով` «թամաշայով»: Հեղափոխության ժամանակ քաղաքացիները իրենց քաղաքական
գործունեությունը իրականացնում են ֆիզիկապես, հեռուստաէկրանից տեղափոխվելով փողոց:
Հեղափոխության շնորհիվ իշխանության եկած քաղաքական գործիչները ձեռք են բերում
կրկնակի լեգիտիմություն` ընտրությունների և քաղաքացիների անմիջական քաղաքական
գործունեության միջոցով: Բայց նշենք նաև, որ նույնիսկ «գունավոր» հեղափոխությունները չեն բացառում, որ անմիջական ժողովրդավարական գործողությամբ եկած
իշխանությունները չեն կարող վերասերվել քվազիդինաստիականի: Ժողովրդավարության`
ժողովրդի լիակատար ինքնիշխանության պայքարը դադարներ չի կարող ունենալ:
Բայց հիշենք, որ Անգլիայում ժողովրդավարության լիարժեք հաստատումը այլ ճանապարհով է
ընթացել: Անգլիայի համար մեծ նշանակություն է ունեցել խաղաղ դասակարգային պայքարը,
երբ «ստորին»` քաղաքական կառավարումից բացառված դասակարգը այդ միջոցով ընդարձակում
էր իր իրավունքները և մասնակից դառնում իրական քաղաքականությանը: Բայց
հետխորհրդային տարածքում դասակարգային պայքարը համարյա բացակայում է: Հայաստանում
ես հիշում եմ միայն մի այդպիսի դեպք, երբ վերջերս «Օրինաց Երկրի» ղեկավարը
հակաօլիգարխիական հայտարարություն արեց:
Հայաստանը ևս չի կարող խուսափել «գունավոր» հեղափոխությունների օրինաչափությունից:
Կան մի շարք հանգամանքներ, որոնք հետաձգել են այն: Եթե դիտարկենք իշխող վարչակազմի
ռազմավարությունը, ապա կնկատենք, որ այդպիսի գործոններից են Ղարաբաղյան բախումը,
Ցեղասպանության արծարծումը, համազգային միջոցառումները` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնից մինչև Արագածի շուրջ շուրջպարը: Այսինքն արտաքին քաղաքական
ինքնիշխանության, էթնիկական ազգայնականության վերարծարծումը իշխանությունների
կարծիքով պետք է հետաձգի ժողովրդական ներքին ինքնիշխանության հարցի բարձրացումը և,
ի վերջո, «գունավոր» հեղափոխության պահը: Այստեղից էլ, փաստորեն, Վարդան Օսկանյանն
ԶԼՄ-ների կողմից գլխավոր հեռուստատեսային հերոսի վերածելը:
Հայաստանյան քաղաքական կարգը ևս դեմոտիկ է` քվազիդինաստիական, ինչպես
կոմունիստականը, բայց, անշուշտ, գաղափարախոսական չէ, տարերային բռնապետություն է,
ոստիկանական պետություն: Նրանց կողմից շահագործվող ազգայնականությունը ևս
գաղափարախոսական չէ, տարերային է:
Եթե ազգայնականության հիմնական դրսևորումը Հայաստանում համարենք
իզոլիացիանիստականը, մյուս ձևերի համար ասպարեզ չկա, հաշվի առնելով
իզոլիացիոնիստական ազգայնականության ավտորիտար միտումները, ապա պարզ է դառնում նաև
հայկական ազգայնականության քաղաքական արդյունքը` մերժել ժողովրդի լիարժեք
ինքնիշխանությունը, ժողովրդական կամքի արտահայտությունը ճանաչելով միայն արտաքին
քաղաքական ասպարեզում:
