ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հասարակ հարցեր
Զուր է այն պետության ստեղծումը, որի քաղաքացիները
ցանկություն կամ արիություն չունեն այն պահպանելու:
Նադիր Շահ

1960-ականներին ձեւավորված աֆրիկյան մի շարք պետություններում ժողովրդավարական
քաղաքական համակարգը չկայացավ. մի քանի տարի անց այդ երկրներում արգելվեցին
քաղաքական ազատությունները եւ հաստատվեցին խունտայական բռնապետություններ: Աշխարհը
հաշտվեց աֆրիկյան նորաստեղծ ազգերի եւ ժողովուրդավարության անհամատեղելիության
փաստի հետ: Արդյո՞ք Հայաստանին նման բան չի սպառնում:
Երբ անվերջ կեղծվեն քաղաքական գործընթացների արդյունքները, երբ այսպես շարունակվի
այլասերվել քաղաքականությամբ զբաղվողի էությունը, բացառված չէ, որ մի օր նույնը
պատուհասի եւ մեզ: Քաղաքական ազատությունները ոչ միայն հնարավորություն են ընձեռում
իրացնել անձնական հավակնությունները, այլեւ ենթադրում են քաղաքական
պատասխանատվություն պետության ներկայի եւ ապագայի նկատմամբ: Այս զգացումը առկա չէ
իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների մեծամասնության մեջ, որոնք անխնա
մսխելով քաղաքացու վստահության վերջին պաշարները` ստիպված օտար հենարաններ են
փնտրում:
Կուսակցությունները մեղավո՞ր են, որ հասարակությունը քաղաքական գործունեության
էությունն ընկալում է որպես սոսկ իշխանակռիվ, որտեղ ինքն անտեղյակության պատճառով
դիտորդ կամ լավագույն դեպքում գործիք է: Գործիչների մեծ մասի քաղաքական
մտածողության բացակայությունն ու հակամտավորական էությունը պարարտ հող են
պատեհապաշտների եւ ստորին բնազդներով առաջնորդվողների բազմացման համար, որոնց համառ
ջանքերով քաղաքացու ընտրանքն այլ խթան, քան ընտրակաշառքն է` այլեւս չի ճանաչում:
Անկախության առաջին տարիներին լենինյան ծրագրերով առաջնորդվող մեծ թվով
մտավորականներ, մասնավորապես մանկավարժներ, ազնվորեն լքեցին իրենց դիրքերը`
ճանապարհը զիջելով նոր մտածողության կրողներին, որոնք դպրոցի համար մղված
ճակատամարտում հասարակական անհրաժեշտ աջակցություն չստանալով` պարտվեցին. եւ այսօր`
15 տարի անց, դպրոցը նորից կուսակցականացվում է: Բայց եթե սովետական ուսուցչին
կուսակցականացնում էր մարքս-լենինյան ուսմունքը, ապա հայ ուսուցչին առաջնորդում է
ոչ թե նժդեհականությունը կամ սոցիալ-հեղափոխականությունը, այլ մանրավաճառի ողորմելի
շահն ու ստրուկի երաշխավորված ապահովության ծարավը:
Ստրկությունը վերացնելու համար մղված քաղաքացիական պատերազմից առաջ լայն
արտոնություններով նեգրական ինքնավար նահանգ ստեղծելու Աբրահամ Լինկոլնի
առաջարկությունը սեւամորթ առաջնորդները մերժեցին` պատճառաբանելով թե` «Մեր
ժողովուրդը ազատություն չի ուզում, մեր ժողովուրդը աշխատանք է ուզում»:
Բոլոր ազատ երկրների կողմից ժամանակին հաղթահարված Ազատ տնտեսվարության առաջին
փուլին բնորոշ մերժելի դրսեւորումները շարունակում են հաղթարշավը մեր հայրենիքում:
Եթե տնտեսական նախաձեռնությունները կամայականորեն սահմանափակվեն, չհաստատվեն
մրցակցային ազնիվ կանոններ, օրենքները չփոխարինեն տանիքներին եւ չվերանան
մենաշնորհներն ու կոռուպցիան, ապա հարստությունը բարիք եւ ազատություն չի բերի,
նեգրերն էլ «սեւ» չեն դառնա:
Ռազմավարի մսխումը ուղենիշ ընտրած օրվա իշխանությունը Հայաստանի միջազգային
հեղինակության բարձրացման, ազատ նախաձեռնությունների պաշտպանության, սեփականության
անձեռնմխելիության, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ
խաղաղության հաստատման հարցերում ոչ մի ձեռքբերում չի արձանագրել: Դեմագոգներն ու
պոպուլիստները պատմության մեջ հետք չթողնողներից են` կապ չունի, թե ինչքան երկար են
իշխելու: Կառավարությունը կեղծում է դեմագոգի պես, որովհետեւ Հայրենիքը դիտում է
որպես մի արտադրամաս, կամ մի բանջարանոց, կամ մի խանութ, իսկ ժողովրդին վերաբերվում
է ինչպես տգետ ու համբերատար բանվորների, որոնց պետք է շատ աշխատեցնել ու քիչ
վճարել` միաժամանակ ներշնչել ղեկավարի նկատմամբ հարգանք, եթե իհարկե վախը չստացվի:
Օրենսդիրը կեղծում է պոպուլիստի նման, բայց նրա գոյությունը կախված է ոչ այնքան
ընտրողի, որքան կառավարության բարեհաճությունից: Վերջինով են պայմանավորված
սկզբունքների ձեւական պայքարը, քվեարկությունները եւ նման անմեղ դերասանությունները:
Հանդիսատեսին ու արվեստագետին միավորում են ցածրակարգ, կենդանական մղումներն ու
համընդգրկուն նիհիլիզը: Ստեղծագործելն ու այն ներկայացնելը դիտարկվում է սոսկ
զգացմունքների, հույզերի արտահայտման ասպարեզ: Գոռոզամտության հետեւանքով
հասարակական, քաղաքական, ընդհանրապես մշակութային խնդիրները երկրորդվում են`
առջեւում թողնելով ոչ իմաստային անավարտ կապկումները: Մշակույթի քննադատությամբ
սկսված Վերածնունդը հիմնովին փոխեց աշխարհը: Մերոնք, ազատության թյուրըմբռնմամբ
պայմանավորված, տառապում են անվերջ նորի հիվանդագին փնտրումներում կամ խարխափում
կղերային խավարում:
Չարիքի կայսրության կործանմամբ ավարտված Սառը պատերազից հետո կանոնիկ եկեղեցիների,
այդ թվում Հայ եկեղեցու` բողոքականության նկատմամբ դիրքորոշումը փոխվեց: Ավարտվեց
նաեւ բոլոր արեւելյան ժողովուրդներին ուղղափառության կոչելու Բյուզանդական,
այնուհետեւ Ռուսական կայսրության առաքելությունը: Բողոքականների համաշխարհային
տիրապետությունը մի քանի դար առաջ Օլիվեր Կրոմվելի երազանքն էր: Հաղթարշավող
Արեւմտյան քաղաքակրթության արշալույսի քաղաքացիական-ժողովրդավարական շարժումներն ու
պատերազմները ուղեկցվել են բարոյական արժեքների վերագնահատմամբ: Քաղաքացիական
հասարակությունների ձեւավորման սկզբում կաթոլիկը բողոքական, հպատակը` քաղաքացի ու
ազատ մարդ դարձավ, իսկ ռուսները կորցրին Աստծուն ու դարձան նախիր. մենք էլ հետները:
Հեթանոսների դեմ հարատեւ կռիվ ենք մղում ու վերջ: Իսկ դրա համար պետք չեն Սուրբ
հոգի կամ Սեր, այլ աղվեսի մորթին երեսին քաշած, սեւի մեջ կորած երեց, որի քարոզի
մեխը ուրիշի մահն է: Գաղջ մթնոլորտը հրաշալի պայման է մարդատյաց եւ աստվածամերժ
տարաբնույթ ուսմունքների փթթման համար: Հակաքրիստոնեական օդում շնչահեղձությունը
մղում է նոր տաճար կառուցել, որպեսզի հայ քրիստոնյան էլ Կյանք ունենա եւ ուրախանա,
որ կա, այլ ոչ թե անվերջ սգա կորուստներն ու տենչա վրեժ:
1990 թ. սկզբին հայերիս 39 տոկոսը, այդ թվում ՀՀՇ-ականներ, կարծիք էին հայտնում, թե
մեր ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ չէ անկախությանը, պետություն ունենալուն եւ այն
պաշտպանելուն: Իսկ Ազատությունից քիչ չանցած սկսվեց խայտառակ փախուստ նույն
Ազատությունից: Հպատակը կոտրեց քաղաքացուն, ազատորեն կյանքը տնօրինելու
փորձությունը ընկրկեց երաշխավորված անասնական աշխօրի դիմաց: Գլուխ բարձրացրած ներսի
որդը կերավ պետական բարոյականության կրողին: Մյուս կողմից երջանիկ ստրկության վառ
հուշերի անդառնալիությունը սգացողը անխնա ոչնչացնող գրոհ ձեռնարկեց: Անկախության
պաշտպանների պաշտոն ստացած մասը հարմարվողականության քարոզիչ ու պոպուլիստ դարձավ,
մի մասն էլ ընկճվելով կյանքի ծանրությունից` կորցրեց պայքարելու իմաստը` մեծ հաշվով
պետության գոյության իմաստը: Սերնդի կրթության պատասխանատուները, չստանալով
քաղաքական հստակ պատվեր, մյուս կողմից բարոյապես արհամարհվելով իշխանության կողմից,
գերադասեցին մնալ սովետական իներցիայի մեջ: Այնինչ ազատ երկրի դաստիարակության
հայեցակարգային նպատակը ԱԶԱՏ ԱՆՀԱՏԻ կայացումն է, որովհետեւ միայն Ազատ անհատը
կարող է արժեւորել Հայրենիքը, Ընտանիքը, Օրենքները, Հավատքը, Բարոյականությունը,
Մայրենի լեզուն, Մշակույթը, եւ դրանցով ապահովել ու պահպանել իր Ազատությունը:
