ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թռչող կայծեր նավթատարի մոտ
Գերմանական հանրահայտ «Der Spiegel» ամսագիրն իր հուլիսի 3-ի համարում
հրապարակել է Վալտեր Մայերի կողմից հեղինակված մի հոդված, որտեղ հեղինակն
արտահայտում է իր նկատառումները Լեռնային Ղարաբաղի խնդրի և Բաքու-Թիֆլիս-Ջեհյան
նավթամուղի գործարկման հարցերի առնչությամբ։ Ստորև առանց որևէ մեկնաբանության
ներկայացնում ենք այդ հոդվածը, որը գերմաներենից թարգմանել է Աշոտ Հայրունին.
03.07.2006
Միլիարդների արժողություն ունեցող՝ Բաքու-Թիֆլիս-Ջեհյան ծրագիրը առաջիկա օրերին
վերջնականապես կդրվի գործողության մեջ։ Կասպիական նավթի նոր՝
Արևելք-Արևմուտք-խողովակաշարը ամեն դեպքում ունի մի բնածին արատ. իր ամենախոցելի
տեղում այն գտնվում է Լեռնային Ղարաբաղի հայ մարտիկների նշանակետի տակ։
Ադրբեջանի ապագան անփոփոխ կերպով շարունակում է մնալ մթության մեջ՝ գետնի տակ, 1067
միլիմետր տրամագիծ ունեցող պողպատե խողովակների մեջ։
Ցուցատախակների վրա, որոնք՝ նորերս փոցխված գետնի մեջ տնկված, նշանագծում են նոր
նավթատար խողովակաշարի ուղղությունը, գրված է՝ «Զգուշացում. ծայրահեղ բարձր ճնշում.
չզտված նավթ»։ Այն պետք է տասնամյակներ շարունակ Կասպից ծովից ստորգետնյա նավթ
փոխադրի դեպի Միջերկրական ծով, վառելանյութ Արևմուտքի երկրների ժողովրդական
տնտեսության համար։
Խողովակաշարի գծի երկայնքով, որը ծաղկուն հլածուկի և կակաչների դաշտերի միջով
շեղակի ընթանում է դեպի արոտավայր, կաղինի գույն ունեցող դեմքերով հովիվները քշում
են իրենց նախիրները։ Ադրբեջանական հարթավայրում արևաշող կիրակնօրյա առավոտ է։ «Britisch
Petrolium»-ի ծառայության մեջ գտնվող՝ անվտանգության հեծյալ և մոտոցիկլավոր
ներկայացուցիչները տեղեկացնում են, որ խողովակաշարին հարող տեղամասում ոչ մի
առանձնահատուկ պատահար տեղի չի ունեցել, իսկ շուտով հարավային կողմից, զինադադարի
գծից մոտենում է Գերանբոջ քաղաքին պատկանող մի բանակային ավտոմեքենա։
Թափքի վրա Էտկան Հաջիկաիբովի դիակն է։ Նրա ընկերները վկայում են, որ նա մահացել է
այդ առավոտ ժամը 6.30-ին հայկական կողմից արձակված մի գնդակից։ Նա նորակոչիկ էր,
որն իր ծառայությունն անցկացնում էր խողովակաշարի հարավային պոստում՝ «անհավատարիմ»
Լեռնային Ղարաբաղի հանրապետության՝ Կասպից և Սև ծովերի միջև, փոքր Կովկասում գտնվող
մի արգավանդ բարձրավանդակի սահմանի մոտ։
Էկտանը ծնվել էր հենց այն ժամանակ, երբ Ղարաբաղի ինքնավար մարզի հայերը պայքար էին
սկսել Ադրբեջանից անջատվելու համար։ Նա վեց տարեկան էր, երբ պաշտոնապես ավարտվեց
պատերազմը, որը 30000 մարդկանց կյանք էր արժեցել և մեկ միլիոն մարդկանց
հայրենազրկել էր։ Եվ նա 18 տարեկան էր, երբ մահացավ, հենց միմյանց դեմ թշնամացած
ադրբեջանցիներին ու հայերին բաժանող սահմանագծում, որը 1994 թ-ից անվանվում է
Զինադադարի գիծ։
Տափ-Կարակոյունլուի ադրբեջանցի բնակիչները, որոնց Էկտանը պետք է պաշտպաներ, գրեթե
մի սերունդ է, ինչ ապրում են արտակարգ դրության պայմաններում։ Նրանց բնակավայրից մի
քանի հարյուր մետր դեպի հարավ սկսվում է հայերի կողմից վերահսկվող Լեռնային
Ղարաբաղը։ Դեպի այնտեղ տանող ճանապարհը 16 տարի է, ինչ արգելափակված է։ Գյուղեզրից
դեպի արևմուտք մի քանի հարյուր մետրի հեռավորության վրա սկսվում է Շահումյանի
շրջանը։ Այդ շրջանը, որտեղ նախկինում հայեր էին բնակվում, պատերազմի ժամանակ
արյունահեղ միջոցներով «զտվեց», և մինչև այժմ Ադրբեջանին ուղղված հայկական
տարածքային պահանջների մաս է հանդիսանում։
Իսկ հյուսիսում, նմանապես խիստ հսկողության ներքո (քանի որ դա կարևոր ստրատեգիական
նշանակություն ունի) ընթանում է Բաքու-Թիֆլիս-Ջեհյան խողովակաշարը։ Այն մի քանի
օրից՝ հուլիսի 13-ին, տասներկու տարի տևող նախագծումից և շինարարարական
աշխատանքներից հետո պետք է վերջնականապես սկսի իրագործել իրեն վերապահված
գործառույթը։ Մի ընկերություն 3,9 միլիարդ դոլարի ներդրում է կատարել, որպեսզի
հետագայում Ադրբեջանից տարեկան 50 միլիոն տոննա նավթ պոմպերով Վրաստանի վրայով մղվի
դեպի թուրքական ծոփանյա գոտին և այնուհետև էլ նավերով փոխադրվի դեպի Ամերիկա և
Եվրոպա։
Դեռ Բիլ Քլինտոնի կառավարման ժամանակաշրջանում՝ 1994 թ-ին մտահղացված «հարյուրամյակի
պայմանագիրը» արտացոլում է գերիշխանության համար մղվող կատաղի պայքարը մի տարածքում,
որտեղ ռուսական, թուրքական և պարսկական տիրապետողների շահերը ավանդաբար բախվել են
միմյանց։ Բաքու-Թիֆլիս-Ջեհյան նավթամուղ խողովակաշարն արդեն այս իսկ պահից պարզորոշ
ցույց է տալիս այն ստրատեգիական նպատակները, որոնք Կասպից ծովի տարածքում
հետապնդում է Վաշինգտոնը. իր համար տևականորեն ապահովել մուտք դեպի այնտեղ նիրհող
ստորգետնյա նավթի և գազի հանքավայրերը և միաժամանակ Հյուսիս-ատլանտյան դաշինքի իր
հին դաշնակից Թուրքիային, ինչպես նաև նոր, դեպի արևմուտք կողմնորոշված
գործընկերներին՝ Ադրբեջանին և Վրաստանին օգնել ձեռք բերելու եկամուտներ ։
Նախագիծը առաջ է մղել Ջիմմի Քարտերի անվտանգության հարցերով նախկին խորհրդական
Ցբիգնիև Բրժեժինսկին, որը մինչև այժմ ուղևորությունների մեջ է՝ անխոնջ կերպով
շարունակելով գործել որպես Կովկասում ամերիկյան լոբբիի ներկայացուցիչը։ Ռուսաստանը
երկրորդ չեչենական պատերազմի բռնկումից հետո, 1999 թ-ի սեպտեմբերին ստիպված եղավ
հրաժարվել մի սեփական նավթամուղով Բաքվից Չեչնիայում գտնվող Գրոզնի քաղաքի վրայով
Սև ծով հասնելու՝ սկզբնական պլաններից։ Մոսկվան բավարարվում է մի խողովակաշարով,
որը Կասպից ծովի ղազախական հատվածից է նավթ տեղափոխում դեպի ռուսական ծովափնյա
շրջանները։
Արևմուտքի համար նախատեսված վառելանյութն իր հերթին, որպես տարիներ շարունակվող
աշխարհաքաղաքական շախմատի արդյունք, 1768 կիլոմետր հեռավորությունից, շրջանցելով
բոլոր ոչ արևմտյան կողմնորոշում ունեցող պետությունները, կմղվի դեպի թուրքական
Ջեհյան բնակավայրը։ Խողովակաշարը պլանավորողները չէին կամենում ռիսկայնություն
պարունակող գործարքներ կնքել ոչ Իրանի մոլլաների, ոչ էլ Մոսկվայի Կրեմլում
իշխողների և կամ Հայաստանի՝ պատերազմը շահած իշխանությունների հետ։
Դրա գինը հանդիսացավ նավթամուղի մի ճանապարհ, որը Լեռնային Ղարաբաղի բլուրներից
ծանր զրահատանկային արկերի հասանելիության տարածքում է ընկած։ Դրան գումարվում է
մատակարարման մի պայմանագիր, որը Բաքվում Ալիևի՝ երկաթյա ձեռքով իշխող ռեժիմին
արժեվորում է որպես արևմտյան աշխարհամասի հեղինակավոր գործընկերոջ։ Ադրբեջանցիների՝
2003 թ-ին վախճանված «հոր»՝ KGB-ի նախկին գեներալ Հեյդար Ալիևի փոխարեն այժմ նրա
որդին և նախագահական ծառայությունում հաջորդը հանդիսացող՝ Իմամ Ալիևն է, որ
իրավունք ունի հաշվետյանում գրանցել խողովակաշարի ծրագրից ի հայտ եկող վարկանիշի և
դոլլարի շահույթը։
Բաքվի ռեժիմը մինչև 2025 թ-ը նավթամուղ խողովակաշարից իրեն տարեկան մեկ միլիարդ
դոլարի եկամուտներ է խոստանում։ Դա շատ է մի երկրի համար, որտեղ մարդկանց ավելի քան
40 տոկոսի կենսամակարդակը աղքատության սահմանագծից ներքև է գտնվում, և գավառներում
միջին աշխատավարձը ամսական կազմում է 40 դոլար։ Շուրջ 750 հազար փախստականներ,
նրանցից շատերն արդեն 18 տարի շարունակ երկաթուղային վագոններում, թիթեղյա
տնակներում և կառավարության կողմից հատկացված ժամանակավոր ապաստարաններում դեռ
համբերությամբ սպասում են։ Ադրբեջանական պետական տարածքի մեկ ութերորդը՝ շատ ավելին,
քան միայն Լեռնային Ղարաբաղը կարող էր լինել, գրավված է հայկական զորամասերի կողմից։
Նաև սահմանի մոտ գտնվող Տափ-Կարակոյունլու գյուղում, որտեղ նորակոչիկ Էկտանը
հեռացավ կյանքից, մարդիկ բողոքում են իրենց ճակատագրից. տևական հրաձգության
հետևանքով սպանվածներ և վիրավորներ, բաժանման գծից այն կողմ գտնվող՝ կորուսյալ
արոտավայրեր և միշտ, երբ սահմանային գետը փայտաբեկորներով խցանվում է, խմելու ջրի
պակասություն։
Զինադադարի գծի մոտ գտնվող մուսուլմանական գյուղերի բնակիչները Հայաստանի հետ
պատերազմը տանուլ են տվել։ Նրանք խողովակաշարի միջոցով նույնպես ոչինչ ձեռք չեն
բերի։ Երբ նրանք ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը հարևան Թալիշ գյուղի քրիստոնյա հայերի
հետ յուրաքանչյուր մայիսի 9-ին դեռ համատեղ կերպով նշում էին, երբ նրանք դեռ
այնտեղից գինի և կոնյակ էին գնում, այդ երկու բնակավայրերը երեքուկես կիլոմետրանոց
խճապատված ճանապարհով կապված էին միմյանց հետ։ Ով այսօր կկամենա
Տափ-Կարակոյունլուից Թալիշ գնալ, կովկասյան զարտուղի ճանապարհներով պետք է անցնի
1002 կիլոմետր, երեք պետությունների և ոչ ոքի կողմից չճանաչված մի փոքրիկ
հանրապետության միջով։
Ճանապարհը սկզբում տանում է նավթամուղ խողովակաշարի երկայնքով, Մռավի լեռնազանգվածի
երեք և կես հազար գագաթների ստվերի տակ, այնուհետև «Կարմիր կամուրջով» դեպի Վրաստան
և ի վերջո կտրուկ դեպի հարավ, դեպի հայկական բարձրավանդակ։
Կովկասյան պետությունների թվում Հայաստանը ամենաաղքատն է։ Ադրբեջանի և Թուրքիայի
սահմանները փակված են։ Երկիրը թույլ տնտեսությամբ և թանկ ներկրումներով վճարում է
Լեռնային Ղարաբաղի՝ հաղթանակով ավարտված պատերազմի գինը։
Երևանի՝ մայրաքաղաքի ետևում Արարատի՝ հայերի սրբազան լեռան ձյունածածկ կոնաձև
գագաթն է, այնքան մոտ, որ կարծես կարելի է բռնել։ Ըստ ավանդության Նոյը պետք է
այստեղ իջևանած լինի։ Արարատը գտնվում է Թուրքիայի պետական տարածքում։
Հրանոթների շարասյան կողքով, որոնք լեռնաշխարհի միջով տարվում են Ղարաբաղի
ուղղությամբ, ավտոմեքենայով երկու ժամ ընթանալու հետո մենք հասանք Լաչինի միջանցքին։
Այն ծառայում է որպես պորտալար Հայաստանի Հանրապետության և հայերի կողմից
վերահսկվող Լեռնային Ղարաբաղի միջև։
Այնտեղ, որտեղ ավարտվում է միջանցքը, սկսվում է Ստեփանակերտը՝ Լեռնային Ղարաբաղի
մայրաքաղաքը։ Աշխարհի ոչ մի պետության կողմից չճանաչված հանրապետության ղեկավարները
կառավարական գործարքների հետ միասին այստեղ հիմնականում զբաղվում են անվտանգության
և կայունության ապահովմամբ։ Որպես հատուկ տնտեսական գոտի հռչակված շրջանում
շվեյցարացի ֆաբրիկանտները ժամացույցի մեխանիզմներ են պատրաստում, իսկ ռուսները
ադամանդներ են հղկում։
Մինչև Թալիշ՝ Ղարաբաղում հայերի հյուսիս-արևելյան առաջավոր պահակակետը, հասնելու
համար դարձյալ անհրաժեշտ է երկու ժամ դեպի հյուսիս ընթանալ՝ չսալահատակված
ճանապարհներով և վերջում զառիվայր արահետներով, որոնք միայն ջիպը կհաղթահարի։
Թալիշը, որի մասին առաջին անգամ գրավոր հիշատակություն կատարվել է Քրիստոսից հետո
461 թ-ին, հնուց ի վեր հայերի արծվաբույնն է և ադրբեջանական հարթավայրին նայող
նրանց դիտակետը։ Մուսուլմանական հարևանների բնակատարածքը, ինչպես հյութեղ ճարպակտոր,
ընկած է հայերի քթի տակ։ Անմիջապես առջևում Տափ-Կարակոյունլու գյուղն է, դրա ետևում
Նավթալանի հանգստավայրը, իսկ հորիզոնում նոր խողովակաշարը։
«Մենք՝ հայերս, փոքրիկ ժողովուրդ ենք, այդ պատճառով ապրում ենք լեռներում, որտեղ
ավելի լավ կարող ենք պաշտպանվել»,- ասում են շատերը Թալիշում։ Պատերազմի ժամանակ 22
ամիս շարունակ, մինչև 1994 թ-ի ապրիլ ամիսը, նրանց գյուղը գրավված էր ադրբեջանական
գնդերի կողմից։ Նախկին 2500 բնակիչների մեկ քառորդից նվազ մասն է վերադարձել իր՝
մասամբ հիմնովին ավերված տները։
Նրանք հիմա դարձյալ խոզեր և կովեր են քշում ճանապարհներով։ Կանայք գյուղի աղբյուրի
մոտ քամում են լվացված սպիտակեղենը, իսկ ծերունիները ակացիաների տակ պատմում են
իրենց ժողովրդի փառավոր պատմությունը։
Հայաստանը երկրագնդի հնագույն քրիստոնյա պետությունն է, այն ժամանակից ի վեր, երբ
Տրդատ չորրորդ թագավորը 303 թվականին մկրտվեց։ Հայերը իրենց բազմահազարամյա
պատմության գիտակցությամբ ապրում են, ինչպես հարսնյակներն իրենց թաղանթում՝ խորը
մտած դրա մեջ և միաձուլված դրան։ Այդ պատճառով հայ ազգայնականների համար Ղարաբաղի
համար պայքարը միայն մի խճաքար է մի ավելի մեծ պատկերի մեջ։ Ընդ որում, Օսմանյան
կայսրությունում կատարված ցեղասպանությունը, որին 1915 թ-ին զոհ դարձան մոտ մեկ
միլիոն հայեր, հանդիսանում է սոսկ բարձրակետը մի ժողովրդի երկարատև տառապանքների
պատմության, որն իրեն համարում է Եվրոպայի և Ասիայի սահմանագլխում քրիստոնեական
քաղաքակրթության տոկուն առաջասյունը։
Որպես նաև պատերազմական ժամանակաշրջանում իրենց դրսևորած կրոնական
հանդուրժողականության օրինակ՝ Ղարաբաղի հայերը ցույց են տալիս Աղդամի մզկիթի երկու
ամբողջականորեն պահպանված մինարեթներ, որոնք ավերակների մեջ վեր են բարձրանում
որպես ազգային ատելությունը հերքող խոսուն վկայություններ։ Ամեն դեպքում, մզկիթի
ներսում, որտեղ նախկինում Աղդամի մոլլան դրվատում էր Ալլահին, այժմ մի նախրապանի
հրամանատարությամբ 27 շագանակագույն կովեր չփչփացնում են մինչև շղթաները հասնող
կեղտի մեջ, իսկ քաղաքի նրբանցքներով հեռանում են ընտանի խոզերը։
Ուրիշ ոչ ոք այնտեղ չկա, որ կարողանար դրա համար ցավել։ Աղդամը, որը պատերազմից
առաջ ծաղկուն, հիմնականում մուսուլման ադրբեջանցիներով բնակեցված, 160 000
բնակիչներ ունեցող քաղաք էր, այսօր քարից և փոշուց բաղկացած անապատ է։ Սկզբից ի վեր
Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող Աղդամը հայերի կողմից անփոփոխ կերպով համարվում
է «չեզոք գոտու» մաս, մի գրավ այն օրվա համար, երբ Կովկասում Լեռնային Ղարաբաղի
ապագան և սահմանները կվճռվեն։
ԵԱՀԿ-ի «Մինսկի խումբը», որը 14 տարի է, ինչ ձգտում է
հակամարտության համար լուծում գտնել, վերջին անգամ անարդյունք կերպով մայիսին նիստ
գումարեց։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նույնպես ոչ մի առաջընթաց
չարձանագրեց։ Ղարաբաղում ծնված հայ Ռոբերտ Քոչարյանը և նրա հակառակորդ կողմը՝ Իմամ
Ալիևը, որը Նախիջևանի մի կլանի հետնորդ է, իրենց ծագումով, ինչպես և մտածելակերպով
մարմնավորում են ամենածայրահեղ դիրքորոշման տրամադրվածությունը։
Ադրբեջանը պնդում է, որ բոլոր գրավված տարածքներն ամբողջությամբ վերադարձվեն։
Հայաստանը պնդում է, որ ճանաչվեն Լեռնային Ղարաբաղի և մի հարևան շրջանի՝ 1991 թ-ի
անկախության հայտարարությունները։ Ղարաբաղի՝ հայկական մայր երկրին միանալու մասին
այլևս բացորոշ կերպով չի խոսվում։
Այն խնդրին, որ հենց իրենց դիրքերին դեմ հանդիման Բաքու-Թիֆլիս-Ջեհյան խողովակաշարն
է ողջ ծանրաբեռնվածությամբ գործելու, Ղարաբաղի կառավարողները արձագանքում են պոկեր
խաղացողների ժեստով, որոնք մի նոր հաղթաթուղթ են ձեռք բերել։ Բաքվից հնչող վերջին
սպառնալիքները նրանք լսել են, սակայն միայն Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարարը՝
Մասիս Մաիլյանը չէ, որ այդ տեսանկյունից կարևորում է միջազգային ներդրողների
չափավորիչ ազդեցությունը. «Այդ ծրագիրը պահանջում է
տարածաշրջանում կայունություն հաստատել։ Իսկ մենք միանգամայն կողմ ենք
կայունությանը։ Հենց որ ազերիները զինված հակամարտություն սկսեն, խողովակաշարը
կհայտնվի պատերազմական գոտու կենտրոնում»։
Ամեն դեպքում, ներկայիս թռչող կայծերից մինչև խողովակաշարին հարող հարթավայրի
հրդեհաբռնկումն ընկած ճանապարհը մեծ չէ։ Ադրբեջանական զինվորական փորձագետ Ուզեյր
Ջաֆարովը նախազգուշացնում է, որ նույնիսկ Թեհրանի մոլլայական ռեժիմի համար
բավականին հեշտ է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում պատասխանել խողովակաշարին
ուղղված հրթիռային հարվածներով։ Իսկ ղարաբաղցի ամենահեղինակավոր քաղաքացիական
իրավունքների պաշտպանը՝ Կարեն Օհանյանը, պահանջել է «խողովակաշարը
ոչնչացնել», եթե Ադրբեջանը նավթից ստացած իր եկամուտները կներդնի Ղարաբաղի համար
մղվող մի նոր պատերազմ սանձազերծելու նպատակին։
«Բաքվից հնչող հայտարարությունները թույլ էին տալիս, առանց որևէ կասկածի,
եզրակացնել, որ այնտեղ պատերազմի նախապատրաստություններ են կատարվում»,- ասում է
Սեյրան Օհանյանը՝ Ղարաբաղի պաշտպանության նախարարը։ Սակայն, ինչպես նշում էր
Խորհրդային բանակի այդ նախկին սպան և Ղարաբաղյան պատերազմի՝ գեներալի կոչում
ունեցող վետերանը, նրա փոքրիկ հանրապետությունը պատրաստված է ամեն տեսակի
հարձակումներին դիմագրավելու համար։ «Մեր բանակը կազմ ու պատրաստ է,- ասում էր նա։
- Մենք ի վիճակի ենք պաշտպանել ստատուս քվոն, սակայն նաև պատասխանել հարձակումներին
կամ նախազգուշական հարվածներ իրականացնել»։
Ղարաբաղի բնակչության թիվը հասնում է 137 000-ի, իսկ զենքի տակ են 25 000-ը։ Թե
արդյոք նրանցից քանիսն են գործուղվել հայկական մայր երկրից, համարվում է խնամքով
պահպանվող գաղտնիք։ Անվիճելի է, սակայն, որ Ղարաբաղի կառավարության ետևում
Հայաստանի դրամն ու տրամաբանությունն են, իսկ Հայաստանի ետևում՝ հին դաշնակից
Ռուսաստանը, որը շարունակում այնտեղ ռազմական հենակատեր պահել։ Որպես փոխհատուցում
Ռուսաստանը կարող է յուրացնել Հայաստանի տնտեսության կարևոր ենթաճյուղերը։
«Իրականում այստեղ խնդիրը վերաբերում է մեծ քաղաքականության և ամենից առաջ նավթին»,-
ասում է Վալերի Բաբայանը՝ Թալիշ սահմանային գյուղի տեղական ժամանակագիրը։ Նա անձամբ
90-ական թվականներին գտնվում էր ճակատում։ Նրա մեջ դեռ մինչև այժմ չի խամրել այն
այն հիշողությունը, թե ադրբեջանցիները դեպի հարավ իրենց առաջխաղացման ժամանակ
ինչպես էին ավերում իր նախնիների տապանաքարարերը։
«Այնուամենայնիվ կգա մի ժամանակ,- ասում է Բաբայանը և մատնացույց անում դեպի ներքև՝
հարթավայր,- երբ մենք այնտեղ՝ Տափ-Կարակոյունլուում գտնվողների հետ դարձյալ կապրենք
խաղաղ փոխհարաբերության պայմաններում»։ Նրանց հետ, որոնց համար նորակոչիկ Էկտան
Հաջիկաիբովը առավոտյան աղջամուղջում սպանվեց։
Մահացու գնդակը պետք է այստեղ վերևից՝ Թալիշի վերևում գտնվող բլուրներից եկած լինի,
որտեղ հայերը՝ կրծքի բարձրությամբ պարսպապատված, քառակուսի կոփածո քարերով և
երկաթյա կեռիկներով պաշտպանված խրամատներում խրամատավորված՝ փոքրիկ խոռոչների միջով
դիտելով հետևում են թշնամուն։
«Խորհրդային ժամանակաշրջանում մենք ադրբեջանցիներից մեզ բաժանող հեռավորությունը
հաշվարկում էինք ճանապարհային կիլոմետրերով,- ասում են նրանք։ - Այժմ մենք
հրետանային արկերի հասանելիության չափով ենք պահպանում մեզ բաժանող տարածությունը։
