Հավերժական ուղեկիցների արժեզրկումը Հայաստանում

Արդար ապրելու մարդկության երազը մշտապես ուղեկցել է իրեն. դա մեխանիզմ է` դրված
նրա հավաքական հոգեբանության մեջ: Իսկ դրա քաղաքական դրսեւորումը, մանավանդ վերջին
150 տարում, արտահայտվել է եռաֆազ` սոցիալիզմի, կոնսերվատիզմի եւ լիբերալիզմի
տեսքով: Անշուշտ, կապված մեկնակետի ու աշխարհընկալման հետ, արդարության

լուսանցքային դրսեւորումներ եւս եղել են ու կան, ասենք, նացիոնալիզմի,
կոսմոպոլիտիզմի, հեղափոխականության, գողականության, անարխիզմի եւ այլնի տեսքով,
որոնք էլ յուրովի են փորձել հաստատել արդարության սեփական պատկերացումների մոդելը
հասարակության զարգացման մեջ:

Հարավային Կովկասում, բնական է, յոթանասունամյա խորհրդային կարգերի աղավաղումների
արդյունքում ծնվել էր բնական ինքնապաշտպանության արտահայտություն` մերժումը
սոցիալիզմի: Հարավկովկասյան ժողովուրդներն իրենց էթնոհոգեբանական ավանդույթով ավելի
շատ համայնքայինի կրող լինելով` խորհրդային զուտ գռեհիկ-սոզիալիզմի պատճառով,
ամբողջության մեջ, դեռ երկար ժամանակ կմնան «սոցիալիզմից» կշտացած-զզվածի վիճակում:
Երբ ամեն ինչ հանդարտվի, երբ գա նոր սերունդը, ում համար անիրական կթվան գուլագներն
ու կոլեկտիվացումը, բացառված չէ, որ արդեն կայուն արժեքներ դավանող
հասարակությունները դարձյալ հայացքները հառեն դեպի «մարդկային դեմքով» սոցիալիզմը,
որ մարդկության քաղաքական գիտակցության վաղնջական ուղեկիցներից է: Այսօր այն
Հարավային Կովկասում, մասնավորապես քրիստոնեական ավանդույթներ ունեցող Հայաստանում
ու Վրաստանում, հանիրավի, սակայն միանգամայն ըմբռնելի պատճառով վարկաբեկված է:

Նույնիսկ Հայաստանում, ուր սոցիալիզմը նույնականացվում է մեր ազգային խրոնիկ
հիվանդության` Ռուսաստանի կամ ռուսական կողմնորոշման հետ, սոցիալիստական
կուսակցությունները զորեղ չեն քաղաքական լղոզված դաշտում: Այդ հատվածի գրեթե պարապ
վիճակը հասարակական գիտակցության մեջ լցնում են ռուսական բարեհաճության ուժերը`
արգելակելով բուն ձախական գաղափարախոսության տարածումն ու քաղաքակիրթ աշխարհի խաղի
կանոններին համապատասխան` որպես հոսանք կայացմանն ու երբեմն-երբեմն իշխանության
գալը: Ուստի պատահական չէ, որ սոցիալական արդարությունից խոսելն ընկալվում է որպես
պոպուլիզմի պարտադիր ու թմրամոլին անհրաժեշտ չափաբաժին, ինչպես նաեւ սոցիալիստական
լինելու չափորոշիչ:

Խորհրդային բռնակալության անկման ու Ազատ աշխարհի խաղի կանոնների հախուռն ու
դարձյալ գռեհիկ մատուցման առաջին էյֆորիկ ու սպասումներով լի տարիների արդյունքում
ձեւավորվեց նոր ներքին դիմադրություն-ինքնապաշտպանություն` այս անգամ արդեն
ազատականության (լիբերալիզմ) նկատմամբ: Ամենեւին չենք ուզում սա պայմանավորել մեր
տարածաշրջանի հետխորհրդային երկրների առաջին ղեկավարների ընչաքաղցությամբ,
անփորձությամբ կամ ի բնե սատանայական բնույթով, ինչը պոպուլիստական նկատառումներով
շրջանառվում է քարոզչության մեջ: Նույնիսկ աստվածային ջրհեղեղը, որ կոչված էր
մաքրելու նախկին կեղտը, ետ քաշվելուց հետո օբյեկտիվորեն քաոսով, տիղմով ու աղբով էր
պատել մոլորակը: Խորհրդային պսեւդո-սոցիալիզմին հակադրվելու մղումը, նրանից
հիմնավորապես հրաժարվելու փափագն այն աստիճան զորեղ էր, որ չորի հետ վառեց նաեւ
թացը: Ազատության հեղափոխության կուռքերը կարճ ժամանակ անց հասարակական
գիտակցության մեջ դարձան բոլոր դժբախտությունների մարմնավորողը: Եվ
հասարակությունների հիմնականում չհիմնավորված ատելությունը բեւեռացրեց
զգացողություններն այն աստիճան, որ համազգային պաշտամունք Գամսախուրդիան փոխարինվեց
ընդամնը կարճ ժամանակ առաջ մերժված Շեւարդնաձեով, համազգային պաշտամունք Էլչիբեյը`
Ալիեւով: Հայաստանում այդ խաղը` հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ կիսատ մնալու
պատճառով ընդունեց նոր տեսք: Այն Դեմիրճյանը, որին Օպերայի (Ազատության)
հրապարակում ընդամենը 10 տարի առաջ ամբողջ ժողովուրդը սուլել ու թիկունք էր ցույց
տվել, 1998թ. նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրություններում գլխապտույտ
հաջողություններ ունեցավ:

Եվ սա ամենեւին սոցիալիզմի, որպես գաղափար ու քաղաքական ընտրանք, հաղթանակը չէր,
այլ ազատականությունից կշտացած-զզված լինելու արտահայտությունը: Ազատականությունը
վարկաբեկված էր երկար ժամանակի համար, որից օգտվեցին ամենաճարպիկները` մեծ ու փոքր
տրամաչափի կոմունիստ նոմենկլատուրայինները, որոնք հակաբռնապետական հեղափոխությունից
հետո տազ էին արել ու ճանաչել իրենց տեղը: Իրենց ազատական հռչակած
կուսակցություններն այսօր Հայաստանում, դժբախտաբար, սակավ ժողովրդականություն են
վայելում: Ճիշտ այնպես, ինչպես սոցիալիստ են գիտակցվում ռուսական հինգերորդ
շարասյան քաղաքական ուժերը (իսկ դրանք մեծամասնություն են մեր իրականության մեջ),
այնպես էլ լիբերալներին նույնացնում են Եվրամիության կենտկոմականների կամ
շրջկոմականների հետ` իսպառ հանելով նրա միջից բուն գաղափարը: Հասարակական այդ «պատվերը» գիտակցելով էլ իրենց լիբերալ հորջորջողների մեծամասնությունը ներկայանում
է որպես Արեւմուտքի անփոխարինելի էմիսար` թքած ունենալով ազատականության`
մարդկության այդ վաղնջական ու հավերժորեն նոր ուղեկցի բուն էության վրա:

Սոցիալիզմի եւ լիբերալիզմի հայկական այս տմարդի վարկաբեկման պարագայում
տրամաբանական կլիներ, որ հասարակությունը հայացքն ուղղեր դեպի կոնսերվատիզմ`
ժամանակակից աշխարհում ընդունելի եւ վերջինը մեզանում չվարկաբեկված վաղնջական
ուղեկիցներից: Եթե սոցիալիզմը կոմունիստական շրջանի, իսկ լիբերալիզմը հետխորհրդային
հախուռնության շրջանի պատճառով վարկաբեկված են հայկական հասարակական գիտակցության
մեջ, ապա կոնսերվատիզմի դրոշի ներքո դռեւս որեւէ հասարարական դժվարություն չի եղել:
Սակայն ինչպես սոցիալիզմն ու լիբերալիզմը դեֆորմացվեցին ու կորցրեցին իրենց իրական
դեմքը ներկա հայկական քաղաքական իրականության մեջ, նույն կերպ սկսվել է արդեն
վերջին հույսի արժեզրկման գործընթացը: Մի կողմ թողնելով ընդդիմության միջի` իրենց
պահպանողական համարողներին, մեկ-երկու բառով անդրադառնանք այն վտանգին, որ կարող են
իրենց հետ բերել իշխանական արհեստականորեն ուռճացված կուսակցությունները, ովքեր
այսօր մոդայիկ են համարել պահպանողականի տեսքով հանդես գալ: Բոլորին է հայտնի, թե
ազգայնախեւ ու օլիգարխիկ ինչ կուսակցություններ են փորձում մսխել քաղաքական վերջին
փամփուշտը: Ցավոք, դրանով Հայաստանում կոնսերվատիզմին սպառնում է նույն
վարկաբեկումը, ինչի զոհը դարձան սոցիալիստական ու լիբերալ գաղափարախոսությունները.
իսկ դա նշանակում է, որ մեր հասարակությունը սպառում է աշխարհի համար ընկալելի
եռյակ քաղաքական հոսանքների պաշարը: Անորոշ այդ հեռանկարը կարող է հանգեցնել
հասարակական հայացքի` դեպի լուսանցք հառելուն, ուր կիսարթուն սպասում են մեկ անգամ
արդեն ազգին դժբախտությունների միջով անցկացրած հայկական-գավառական նացիզմն ու
նիհիլիզմը: