Թուրքիան և Եվրոպական միությունը. Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական միությանը կարժենա 45 միլիարդ եվրո

Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարության՝ քաղաքական կրթության և
դաստիարակության խնդիրներով զբաղվող վարչությունը «Թուրքիան և Եվրոպական միությունը» խորագրի ներքո նախաձեռնել է քննարկում Եվրոպական միությանը Թուրքիայի
անդամակցության հարցի վերաբերյալ, և բազմաթիվ գիտական, մշակութային, հասարակական
գործիչներ և նաև կազմակերպություններ ներկայացրել են իրենց նկատառումները այդ խնդրի
մասին։ Ստորև ներկայացվում են այդ առթիվ ի հայտ եկած մի շարք տեսակետներ, որոնք
գերմաներենից թարգմանել է Աշոտ Հայրունին։

Սկիզբը՝
Հայնրիխ Ավգուստ Վինկլեր
«Օտար փետուրներ. Եվրոպան ապագայում պետք է սահմանակցի Իրաքի՞ն»


Հարցազրույց դր. Թեսսա
Հոֆմանի հետ

Պետեր Հինթցե

Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական միությանը կարժենա 45 միլիարդ եվրո

(Պետեր Հինթցեն ուսանել է ավետարանական աստվածաբանություն, որոշ ժամանակ վարել է
քահանայական գործունեություն։ Որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության
փոխնախագահ և Բունդեսթագում Եվրոպական միության հարցերով զբաղվող հանձնաժողովի
անդամ նա առանձնապես զբաղվում է եվրոպական ինտեգրացիայի խնդիրներով

Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ կուսակցությունների խմբակցության Եվրոպայի քաղաքականության
հարցերով խոսնակ Պետեր Հինցեն դարձյալ նախազգուշացրել է Եվրոպական միությանը
Թուրքիայի անդամակցության քաղաքական, տնտեսական և սոցիալական հետևանքներից։
Եվրոպական միությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության դեմ միության փաստարկներն
այժմ անկախ փորձագետների ուսումնասիրությունների միջոցով նորանոր հիմնավորումներ են
ստանում։ Օրինակի համար Բրյուսելի «Friedens of Europe» արտադրական հաստատության
տնօրինությունը հանգել է այն հետևությանը, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության միայն
առաջին երեք տարիներին Բոսֆորի երկիրը կհոսի 45,5 միլիարդ եվրո։ Կենտրոնական և
Արևելյան Եվրոպայի երկրների՝ մայիսի 1-ին հաստատված անդամակցությունը ԵՄ-ի համար
կարժենա 41 միլիարդ եվրո։ Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության դեպքում
ամենամեծ վճարողը (2,4 միլիարդ եվրոյի հատկացմամբ) կլինի Գերմանիան։

Ներկայումս Բրյուսելի հանձնաժողովում աշխատում են տեղեկագրի պատրաստման վրա, որը
պետք է վերաբերի ԵՄ-ին անդամակցության համար Թուրքիայի հասունության հարցին։
Եվրոպական միության ընդլայնման հարցերով կոմիսար Գյունտեր Ֆերհոյգենը կամենում է
ներկայացնել հասարակայնության դիրքորոշումը։ Դիտորդները գտնում են, որ հանձնաժողովը
պետական այրերին և կառավարություններին հանձնարարելու է ձեռնամուխ լինել
անդամակցությանը վերաբերող բանակցությունների սկսմանը։

Մյունխենի Արևելյան Եվրոպայի ինստիտուտի առաջավոր գիտնականների գնահատմամբ
Թուրքիայի անդամակցությունը սանձազերծելու է արտագաղթի մեծ ալիք՝ ամենից առաջ դեպի
Գերմանիա։ Չհաշված այստեղ ապրող թուրքերին՝ Թուրքիայում կա արտագաղթի ցանկություն
ունեցող 4,4 միլիոն մարդկանց մի մեծ պոտենցիալ։ Նրանց տեղաշարժը կդյուրանա
«Գերմանիայում ապրող թուրք բնակչության՝ արդեն առկա զանազան ցանցերի միջոցով»։ Այս
դեպքում խոսքը վերաբերում է 2,5 միլիոն մարդկանց, ներառյալ քաղաքացիության իրավունք
ստացածները։ Ընդ որում, Անատոլիայից և գյուղական շրջաններից սերող թուրքերը
առանձնակի բարձր թիվ են կազմում Գերմանիայում ապրող թուրք բնակչության մեջ։

Շարունակելի...