ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թուրքիան և Եվրոպական միությունը, Հարցազրույց դր. Թեսսա Հոֆմանի հետ
Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարության՝ քաղաքական կրթության և
դաստիարակության խնդիրներով զբաղվող վարչությունը «Թուրքիան և Եվրոպական միությունը» խորագրի ներքո նախաձեռնել է քննարկում Եվրոպական միությանը Թուրքիայի
անդամակցության հարցի վերաբերյալ, և բազմաթիվ գիտական, մշակութային, հասարակական
գործիչներ և նաև կազմակերպություններ ներկայացրել են իրենց նկատառումները այդ խնդրի
մասին։ Ստորև ներկայացվում են այդ առթիվ ի հայտ եկած մի շարք տեսակետներ, որոնք
գերմաներենից թարգմանել է Աշոտ Հայրունին։
Սկիզբը՝
Հայնրիխ Ավգուստ Վինկլեր
«Օտար փետուրներ. Եվրոպան ապագայում պետք է սահմանակցի Իրաքի՞ն»
Հարցազրույց դր. Թեսսա Հոֆմանի հետ
(Գերմանացի վաստակաշատ հայագետ դր. Թեսսա Հոֆմանն աշխատում է Բեռլինի Ազատ
համալսարանի՝ Արևելյան Եվրոպայի ինստիտուտում։ Հայ ժողովրդի, նրա պատմության և
մշակույթի վերաբերյալ մի քանի տասնյակ աշխատությունների հեղինակ է։ Հիմնադրել և
ղեկավարում է Բեռլինի «Ճանաչում» աշխատանքային հանձնախումբը)։
- 1. Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում մարդու իրավունքների, օրինակ, խոսքի
ազատության, կրոնի և դավանանքի ազատության, ապրելու իրավունքի, կյանքի ապահովության
և այլ իրավունքների օրենսդրական պաշտպանվածության և գործնական կիրառման
հարաբերակցությունը։
- Ինձ մտահոգում է թուրքական քաղաքական էլիտայի լայն շրջանների տևական
անկարողությունը կամ ցանկության բացակայությունը՝ սահմանազատվելու այն
ուլտրանացիոնալիստական ղեկարներից, որոնք պատասխանատու էին 20-րդ դարի առաջին
քառորդում իրականացված կոտորածների և աքսորումների համար։ Այն ժամանակվա «հասարակական կյանքի ինժեներները» ֆեոդալական բազմազգ պետությունը մի միաէթնոս
պետության՝ «թուրքական Թուրքիայի» վերափոխելու ժամանակ դիմեցին նաև ցեղասպանական
միջոցների։ Դրանցից ամենից առաջ տուժեցին քրիստոնյա էթնոսները (հայերը, արամեական
ասորիները, Փոքր Ասիայի և արևելյան Թրակիայի հույները), որոնք դեռ Բալկանյան
պատերազմներից հետո բնութագրվում էին որպես «ներքին թշնամիներ»։
Ներկայումս՝ այդ ամենից իննսունմեկ տարի անց պաշտոնական Թուրքիան ոչ միայն
շարունակում է հրաժարվել՝ հայոց ցեղասպանության զոհերի հետնորդների առջև պատմական
փաստերը որպես ցեղասպանություն ճանաչելուց, այլև գազազած կերպով պաշտպանում է
քրեական իրավունքի այն հոդվածները, որոնք կիրառվում են որպես ձայնի,
գիտահետազոտական գործունեության և մամուլի ազատության գելարանակ։ Եթե գրողները,
լրագրողները և մարդու իրավունքների պաշտպանները, ինչպես օրինակ (2005 թ-ին)
հեղինակավոր վիպասան Օրհան Պամուկը, հայոց ցեղասպանությունը նույնիսկ միայն այլ
աղբյուրից արտագրման կարգով համարձակվեն հիշատակել, ապա հարկադրված կլինեն հաշվի
նստել պատժամիջոցների, տեղեկատվամիջոցներում կատարվող հրապարակային
զրպարտությունների, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ՝ գրքերի այրման փաստերի հետ։
Դատախազությունն, օրինակ, հրատարակիչ և մարդու իրավունքների պաշտպան Ռագիֆ
Զարաքողլուի դեմ կազմակերպված քրեական դատավարության ժամանակ պահանջել է նրան 7,5
կամ 6 տարվա բանտարկության ենթարկել երկու հայ հեղինակների աշխատություններից
կատարված թարգմանությունների հրատարակման համար։„The Truth will Set Us Free“-ը
բովանդակում է լոնդոնաբնակ հեղինակ Գևորգ Երջյանի նկատառումները հայերի և թուրքերի
հաշտեցման խնդրի վերաբերյալ։ Հայ հեղինակն այնտեղ Թուրքիայից պահանջում է ճանաչել
պատմական փաստացի եղելությունները, իսկ հայերից՝ հրաժարվել հետագա այլ պահանջներից։
Բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը, որը հրատարակված է նրա թոռնուհու՝ Դորա Զաքայանի
կողմից, պարունակում է մի ականատեսի վկայություն Զմյուռնիայի (այսօր Իզմիր)
քրիստոնեաբնակ թաղամասի դիտավորյալ հրդեհման և ոչնչացման մասին, այն բանից հետո,
երբ անպաշտպան քաղաքը 1922 թ-ի սեպտեմբերին ընկել էր քեմալական «ազատագրական
ջոկատների» ձեռքը։ Մեղադրականում Խաչերյանի օրագիրը բնութագրվել է որպես «թուրքականության ստորացում», ինչպես
և «բանակի անպատվում»։ Ինչ վերաբերում է
Երջյանի գրքին, ապա այն պետք է, իբրև թե, վնասած լինի Մուստաֆա Քեմալի
հեղինակությունը։
Նմանապես և 2006 թ. հունիսին թուրքական իրավաբանների միության
ուլտրանացիոնալիստական կողմնորոշում ունեցող նախագահը մեղադրանք ներկայացրեց
թրքուհի գրող Էլիֆ Սաֆակի դեմ ՝ իր «Հայրը և հետնորդները» գրքում իբրև թե «թուրքականությունը անարգելու» համար։ Իրավաբանների միությունը
«թուրքականությունը
անարգելու» առնչությամբ մեղադրական հայց ներկայացրեց նույնիսկ Գարեգին II-ի դեմ,
այն բանից հետո, երբ հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը Թուրքիայում 2006 թ.
հունիսին ձեռնարկած իր առաջին թեմական ճանապարհորդության ժամանակ հիշատակել էր
հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայում գտնվող հայ առաքելական եկեղեցու առաջնորդը՝
պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, մեղադրական հայցը քննադատեց հատկանշական
զգուշավորությամբ. «Չնայած արդարադատությունը պետք է գործադիր իշխանությունից անկախ
լիներ, սակայն Թուրքիայում այդ երկու իշխանությունները միմյանց խիստ տարօրինակ
կերպով հակասում են։ Այն ժամանակ, երբ Թուրքական հանրապետության կառավարության
ղեկավարը և արտաքին գործերի նախարարն առաջարկում են համատեղ կերպով ուսումնասիրել
1915 թ-ին հայերի հետ տեղի ունեցած աղետը, արդարադատությունը զրոյական
հանդուրժողականություն է ցուցաբերում տարբերակվող պատկերացումների դեմ։
Երկխոսության և համատեղ ուսումնասիրությունների առաջարկված գործընթացը ինչպե՞ս
կարող է այդ պայմաններում իրականացվել»։
Թուրքական հրատարակիչների միության տվյալներով 2005 թ-ին դատավարություններ են տեղի
ունեցել 22 հրատարակչությունների, 47 հեղինակների, ինչպես և 49 գրքերի դեմ։
Դատավարություններից տասնմեկը ավարտվեցին արդարացման վճռով, ևս տասնմեկը
դատապարտումներով, իսկ երկու դատավարություն կասեցվել են։
2. Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում փոքրամասնությունների, զորօրինակ քրդերի,
ալեվիտների կամ քրիստոնյաների արդի դրությունը։
- Քրդերի և ալեվիտների թվաքանակը Թուրքիայում հասնում է միլիոնների, և նրանք ըստ
Մաքս Վեբերի կողմից մշակված չափանիշների կազմում են ամենամեծ փոքրամասնությունը։
Ազգայնական գաղափարներով առաջնորդվող թուրքական «ենթապետության», այն է՝ թուրքական
բանակի ղեկավարության պրովոկատորները գիտակցաբար դարձյալ սրել են թուրք-քրդական
հակասությունները իրենց՝ Անկարայի բարեփոխումների քաղաքականության հետևանքով
նվազեցված իշխանությունը ետ բերելու համար։ Կառավարության ղեկավար Էրդողանը դրա
հիման վրա հրաժարվել է քուրդ-թուրքական համակարտությունը բարեփոխումներով լուծելու
իր մտադրությունից։
Ինչպես վերջերս Թուրքիայի՝ մարդու իրավունքների միության (IHD) քրդական շրջանների
ներկայացուցիչ Միհդի Պերինչեկն է քննադատաբար նշել, Թուրքիայում մարդու
իրավունքների ոտնահարման ներկայիս աճը հիշեցնում է 1990-ական թվականները։ 2004 թ-ի
համեմատությամբ 400 տոկոսով աճել են մարդու իրավունքների ոտնահարումները, իսկ 2005
թ-ի համեմատությամբ նույնիսկ 445 տոկոսով։ Պերինչեկը նոր հակաահաբեկչական օրենքի
նախագիծը բնութագրել է որպես Եվրոպական միությանը անդակցելու՝ Թուրքիայի ցանկության
վախճանը։
Դեռևս Թուրքիայում մնացած 109.300 տեղաբնիկ քրիստոնյաները (2004 թ-ի տվյալներով)՝
հայերը, ուղղափառ հույները, արամեացիները և արաբախոս քրիստոնյաները քրդերի հետ
միասին պատկանում են Թուրքիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության կողմնակիցների
թվին։ Ներկայումս, սակայն, նրանք իրենց փայփայած հույսերում իրենց խաբված են զգում,
քանի որ նրանց ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական իրավունքները Թուրքիայում էլ
ավելի են սահմանափակվել։ Տեղի է ունենում կրոնի ազատության շատ զգուշավոր ճնշում,
որի մասն է կազմում նաև քրիստոնեական համայնքային հաստատությունների թվի շեշտակի
հետընթացը։ Էրդողանի կառավարությունն արդեն տարիներ ի վեր այնպիսի օրենսդրական
փոփոխություններ է կատարում և այնպիսի որոշումներ է կայացնում, որոնք քրիստոնյա
համայնքներին իբրև թե պետք է հողի և անշարժ գույքի ձեռքբերման հնարավորություն
ընձեռեն, սակայն մինչև այժմ նույնիսկ Ստամբուլում իշխանությունների կողմից հայկական
և հունական հաստատություններից բռնագրավված անշարժ կարողության վերադարձում կամ
Դպրեվանքի և Խալկիսի համապատասխանաբար 1969 և 1971 թվականներին փակված ճեմարանների
վերաբացում տեղի չի ունեցել։ Դրանով էապես խոչընդոտվում է հունական-ուղղափառ և հայ
երիտասարդ քահանաների կրթությունը։ Ինչպես ցույց է տալիս թուրքական ֆինանսների
նախարարության կողմից օրերս Դպրեվանքի հայկական դպրոցի դեմ բացված դատը (որի, իբրև
թե ոչ օրինական կարգավիճակը դպրոցի սեփականության բռնագրավման պատրվակ է ծառայում),
ներկայումս նույնպես իշխանությունների կողմից սպառնում է քրիստոնյաների կոլեկտիվ
ունեցվածքի բռնագրավում։
Հարյուրամյակների պատմություն ունեցող այդ հին եկեղեցիներից ոչ բոլորն իրավունք
ունեն ժամերգություններ կատարել։ Այն ժամանակ, երբ երկրի բազմաթիվ մզկիթներն իրենց
էլեկտրաէներգիան պետությունից անվճար կերպով են ստանում, ոչ մուսուլմանական
համայնքները պարտավոր են դրա համար վճարել։ Մինչև 2004 թ-ի վերջը Ստամբուլի՝
կամայական կերպով սեփականազրկված 2.252 ոչ մուսուլմանական հողատերեր դիմել էին
թուրքական կառավարությանը իրենց բռնագրավված անշարժ կարողության վերադարձման համար,
բայց միայն 296 դիմումների ընթացք տրվեց։ Դիմումների մեծամասնությունը մերժվեց այն
հիմնավորմամբ, թե դիմողները նախ և առաջ վերադարձման վերաբերյալ դատական որոշում
պետք է ձեռք բերեին։ Փոքրաթիվ ուղղափառ ասորիները, որոնց թույլատրվեց վերադառնալ
իրենց հայրենիքը, այնտեղ մատնված են քուրդ «գյուղապաշտպանների» հետապնդումներին։
Թուրք ազգայնականների ատելության քարոզիչները, որոնք երկրում ամենուրեք
արտասահմանյան ազդեցությունների և քրիստոնեական հեղաշրջիչ միսիոներական փորձերի «հոտ են առնում», ուժգնացնում են այն երկյուղը, որը քրիստոնյաների մեծամասնությունը
կրում է թուրք-մուսուլմանական մեծամասնական հասարակության մեջ ոչ մուսուլմանների
նկատմամբ խորը արմատ նետած կասկածամտությունից։ Մի՝ նաև Եվրոպական միության կողմից
համաֆինանսավորված ծրագրի շրջանակներում 190 թուրքական դպրոցական դասագրքերում
հայտնաբերվեցին կրոնական, ռասիստական և սեռական խտրականության 4000 օրինակներ։
Մինչև իսկ դպրոցական դասագրքերի նոր հրատարակություններում ոչ մուսուլմանական
համաքաղաքացիները որպես «լրտեսներ», «դավաճաններ» և «բարբարոսներ», իսկ նրանց
դպրոցները, եկեղեցիները և սինագոգները որպես «վնասակար հաստատություններ» են
ներկայացվում։
Թուրք ազգայնականները Կոստանդնուպոլսի էկումենական պատրիարքարանին, ի դեմս որի մոտ
300 միլիոն ուղղափառ քրիստոնյաներ տեսնում են իրենց հոգևոր կենտրոնը, մեղադրում են
այն բանում, թե այն իբրև թե կամենում է թուրքական հողի վրա մի «երկրորդ վատիկանյան
պետություն» ստեղծել, և պահանջում են պատրիարքին վտարել Հունաստան։ Տրապիզոնում մի
կաթոլիկ քահանայի սպանությունը և Իզմիրում մի ֆրանցիսկյան քահանայի վրա կատարված
հարձակումը 2006 թ-ի առաջին չորս ամիսներին ազդարարեցին հակաքրիստոնեական
բռնությունների ուժգնացումը։ Իզմիրում և Կեսարիայում մի հունական և մի հայկական
եկեղեցի դարձան հրձիգ ռումբերի նշանակետ, ինչպես 1990-ական թվականներին։
Բացի այդ, շարունակում է տագնապալի մնալ ուժեղ հակասեմիտիզմը։ Հակահրեական «դասականները», ինչպես օրինակ
«Սիոնի իմաստունների արձանագրությունները» կամ
Հիտլերի «Իմ պայքարը» գրքի էժանագին թուրքերեն թարգմանությունը, որը 1939 թ-ից
տարեկան մոտավորապես 10.000 վաճառքի օրինակներով առկա է թուրքական գրախանութներում,
շարունակ աճող համակրություն են գտնում, հենց նաև ոստիկանական ակադեմիաների
անդամների մոտ։
3. Ձեր կարծիքով ինչպիսի՞ տեսք կունենա Թուրքիան բանակցությունների գործընթացի
վերջում (մարդու և փոքրամասնությունների իրավունքների դիտակետից)։
-Փոքրամասնությունների պաշտպանությունը ճշմարիտ ժողովրդավարության փորձաքարն է։
Ներկայումս Թուրքիան ոչ միայն շարունակ ավելի դանդաղ և հակասականորեն է մոտենում
այդ նպատակակետին, այլև այդ գործընթացում կարծես նույնիսկ քաղցկեղ է տեղադրել։
Եվրոպական իրավական համակարգերի և արժեքային նորմերի հետ կապվածությունը, սակայն,
միլիոնավոր մարդկանց համար մնում է որպես միակ շանսը մարդու իրավունքների բնագավառի
բարելավման համար։ Պատահական չէ, որ թուրք ազգայնականները գերադասում են ձեռք բերել
իրենց երկրի մի «արտոնյալ գործընկերություն»՝ եվրոպական միջամտությունից և
վերահսկողությունից խուսափելու համար։
Թուրքիայում բարենորոգումներ կատարելու նպատակով այդ երկրի վրա Եվրոպայի կողմից
գործադրվող ճնշումն ունի մոտ 150 տարվա պատմություն։ Այն ժամանակ Օսմանյան
կայսրությունը մի քանի հնարքների էր դիմում՝ բարեփոխումների գործադրումից
խուսափելու և այն ժամանակվա եվրոպական «տերությունների» շահերում առկա
հակասությունները միմյանց դեմ խաղարկելու համար։ Եվրոպայի միջամտությունը
Թուրքիայում համարվում էր որքան սպառնալից, նույնքան էլ անօրինական և առաջ բերեց
մինչև այսօր ներգործող հակաքրիստոնեական ռեֆլեքսները։
Եվրոպացի ժամանակակիցների կարծիքով Բեռլինի 61-րդ հոդվածով (1878 թ.) Օսմանյան
կառավարությանը պարտադրված և 1913 թ-ին գրեթե իրագործված «Հայկական բարեփոխումները» հանդիսացան Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների բնաջնջման հիմնական պատճառը։
Հարցը, փաստորեն, հիմնականում վերաբերում է այն բանին, թե ինչպես է Եվրոպան
Թուրքիայում բարեփոխումների իր ակնկալիքներն իրականացնելու՝ թույլ չտալով, որ
էթնիկական-կրոնական փոքրամասնությունները դրա պատճառով վնասվեն։ Բարեփոխումների
գործընթացի հետագա բարեհաջող ընթացքն ու ավարտումը միայն այն ժամանակ ապահովված
կլինի, եթե Եվրոպան նույնպես պատրաստ կամ ունակ լինի պատմությունից սովորելու, և
բարեփոխումները ոչ միայն պահանջի ու դրանց աջակցի, այլև դրանք հետևողականորեն
իրականացնի, և արդյունքներն էլ հիմնավորապես ստուգի։
Շարունակելի...
