ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոշտանգումների կանխարգելման նոր գործիք
«Խոշտանգումների դեմ ՄԱԿ–ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը խոշտանգումների արդյունավետ կանխարգելման կարևորագույն զարգացումներից է՝ համաշխարհային մակարդակով»,– ասել է Խոշտանգումների գծով ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Մանֆրեդ Նովակը։
Խոշտանգումների կանխարգելման նոր միջազգային գործիքը՝ Խոշտանգումների դեմ ՄԱԿ–ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, ուժի մեջ կմտնի 2006 թ. հունիսի 22–ին։ Դրանից հետո կստեղծվեն ՄԱԿ–ի կանխարգելող ենթակոմիտե եւ ազգային անկախ մարմիններ, որոնք կիրականացնեն այցեր երկրների բոլոր ազատազրկման վայրեր։ Այն երկրները, որոնք վավերացրել են Խոշտանգումների դեմ ՄԱԿ–ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, պարտավոր են, մեկ տարվա ընթացքում, կազմավորել այցելություններ իրականացնող ազգային մարմիններ։
Կանոնավոր եւ չհայտարարված այցերը՝ ազատազրկման վայրերում խոշտանգումներ եւ դաժան վերաբերմունք կանխարգելող լավագույն միջոցներից են։ Մինչ օրս, համաշխարհային մակարդակով, գոյություն չուներ կանխարգելման նման համակարգ, ինչը ազատազրկված անձանց պայմանների եւ նրանց հանդեպ վերաբերմունքի թափանցիկության բացակայության պատճառ էր հանդիսանում։ Ենթակոմիտեն եւ այցելություններ իրականացնող ազգային մարմինները հնարավորություն կունենան մտնել ցանկացած ազատազրկման վայր, որտեղից մարդիկ չեն կարող ինքնակամ դուրս գալ՝ բանտ, ոստիկանական բաժին կամ հոգեբուժարան։ Ըստ արձանագրության, երկրները նաև պետք է երաշխավորեն, որ այդ ազգային եւ միջազգային մարմինները հնարավորություն կունենան ծանոթանալ ազատազրկվածների հանդեպ վերաբերմունքի եւ պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկատվությանը, ինչպես նաև հնարավորություն կունենան առանձնազրույցներ վարել ազատազրկվածների հետ։ Վավերացման շնորհիվ, նրանք կբացեն ազատազրկման վայրերը ազգային եւ միջազգային մարմիններին։
2006 թ. մայիսի 23–ին Հոնդուրասը եւ Բոլիվիան վավերացրեցին արձանագրությունը՝ լրացնելով այս փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ 20 երկրների շարքը։ Սա դարձավ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթի ամենաարագ վավերացումներից մեկը, քանի որ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան այն ընդունել էր 2002 թ. դեկտեմբերի 28–ին։
«Խոշտանգումների կանխարգելման Ասոցիացիա» (APT) հասարակական կազմակերպությունը, որի գրասենյակը գտնվում է Ժնևում, արձանագրության ակունքներում է եւ վավերացման գործընթացի հիմնական ջատագովներից է։ Կազմակերպությունը ողջունում է այս վավերացումը եւ կոչ է անում մյուս երկրներին հնարավորինս արագ վավերացնել արձանագրությունը՝ ամբողջ աշխարհում խոշտանգումները կանխարգելելու նպատակով։ Խոշտանգումների կանխարգելման Ասոցիացիան նաև կոչ է անում ՄԱԿ–ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, ՀԿ–ներին եւ քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներին նորարար կանխարգելող մեխանիզմի իրագործումն ընդգրկել առաջնային խնդիրների շարքում։
2006թ. մայիսի 31–ին Հայաստանի Հանրապետությունը նույնպես վավերացրեց այս արձանագրությունը և ընդգրկվեց այս առաջատար միջազգային փաստաթուղթը վավերացրած երկրների շարքում։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք՝
Լիլիթ Պետրոսյանին՝ lilit@csi.am
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
կամ այցելեք
www.csi.am էջը։
