ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը «հողին է հավասարեցրել» հայկական սուրբ վայրը
Նոր Ջուղայի հայկական պատմական գերեզմանատան ամբողջական ավերումից հետո այդ տարածքը,
ինչպես հայտնի է բետոնապատվել և ներկայումս վերածվել է ռազմական ճամբարի։ Այն
հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ տարածքում Եվրոպական պառլամենտի
հանձնաժողովին դիտարկումներ կատարելու թույլտվություն հատկացնել, Բրյուսելում,
ինչպես տեղեկացնում է բրիտանական "Independent" թերթը իր այս տարվա մայիսի 30-ի
համարում, շարունակ աճող վրդովմունք է հարուցել։ Ստորև ներկայացնում ենք այդ մասին
թերթի ամբողջական հրապարակումը, որը թարգմանել է Աշոտ Հայրունին։
“Ինդեփենդենթ” մայիսի 30, 2006թ.
Ադրբեջանը «հողին է հավասարեցրել» հայկական սուրբ վայրը
ՍտեՖան Քեսըլ, Բրյուսել
Այն մտավախությունը, որ Ադրբեջանը պարբերաբար ոչնչացրել է հինգ հարյուր տարվա
պատմություն ունեցող հարյուրավոր քրիստոնեական արվեստի կոթողներ, վերածվեց իսկական
դիվանագիտական սկանդալի այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդանի անդամներին
արգելվեց զննել հին հայկական տեղանքը:
Հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող երկրի կառավարությանը մեղադրեցին «սարսափելի
վանդալիզմի» մեջ, որը չէր տարբերվում ԱՖղանստանում թալիբանների կողմից Բամիյան
Բուդդայի արձանների ոչնչացումից: Հայտարարությունները հատկապես վերաբերում էին
Ադրբեջանի Նախիջևանի շրջանի` Հայաստանից առանձնացված անկլավի ՋուլՖայի գերեզմանատան
հազվագյուտ «խաչքարերի» ճակատագրին:
Այս աշխատանքները, որոնք հայկական ժառանգության առանցքային նմուշներից են համարվում,
ավերվել են բուլդոզերների միջոցով անցած դեկտեմբերին, երբ ամբողջ տեղանքը
բետոնապատվում էր:
Ադրբեջանի կառավարությունը, որը հերքում է այս հայտարարությունները, այժմ
եվրախորհրդարանի (Euro parliament) անդամների հետ ստեղծված սկանդալի առանցքում է:
Ադրբեջանցիները նրանցից ոմանց նույնիսկ մեղադրում են «կողմնակալ և հիստերիկ
մոտեցումներ» ունենալու մեջ: Եվրամիությունում նրանց դեսպանը մինչև անգամ նշել է,
թե Եվրոպայի խորհրդարանը անտեսել է Հայաստանում մահմեդական շինություններին հասցվող
վնասը: Ադրբեջանը հրաժարվել է Եվրոպայի խորհրդարանի անդամներից բաղկացած
պատվիրակությանը թույլատրել այցելել 1500 տարվա պատմություն ունեցող ՋուլՖայի
գերեզմանատուն անցած շաբաթ տարածաշրջան կատարած նրանց այցի ընթացքում:
10 հազար խաչքարերի մեծ մասը, որոնցից շատերը պատկանում էին 15-16-րդ. դարերին,
ոչնչացվել էին 20-րդ դարի սկզբին: 1970-ականների վերջին դրանց թիվը չէր գերազանցում
երեք հազարը: Համաձայն Հուշարձանների և շինությունների միջազգային խորհրդի (Incomos),
1998 թ-ին ադրբեջանական կառավարությունը ավերել է 800 խաչքար: Եվ թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ի
ճնշումների ներքո ավերածությունները կասեցվեցին, ապա դրանք այնուամենայնիվ
վերսկսվեցին 4 տարի անց: «Մինչև 2003 թվականը 1500 տարվա պատմություն ունեցող
գերեզմանատունը հողին էր հավասարեցվել»,- գրում է Icomos-ը:
Ըստ հայկական մամուլի, ականատեսները պնդում են, որ վանդալիզմի վերջին փուլը սկսվել
է անցած տարվա դեկտեմբեր ամսին, երբ ադրբեջանցի զինվորները գործի դրեցին
բուլդոզերները:
Icomos-ի նախագահ Մայքլ Փեթզեթն ասել է. «Այժմ, երբ հողին է հավասարեցվել այս
չափազանց կարևոր պատմական վայրը, մեզ մնում է միայն սգալ մեծ կորուստը և բողոքել
այս միանգամայն անիմաստ ավերածության դեմ»:
Եվրոպայի խորհրդարանի որոշ անդամներ կարծում են, որ, ոգևորված իր նավթի
եկամուտներով, Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի հաստատակամ դիրքորոշում է որդեգրում
տարածաշրջանում: Եվրոպայի խորհրդարանի արտաքինհ գործերի խոսնակ, պահպանողական Չարլզ
Թենոքը նշել է. «Սա շատ նման է թալիբանների կողմից բուդդայական արձանների
ոչնչացմանը: Նրանք բետոնել են տարածքը և այն վերածել զինվորական ճամբարի: Եթե
թաքցնելու բան չունեն, մեզ պետք է թույլ տան այդ տարածքն ուսումնասիրել»:
Երբ փետրվարին խորհրդարանականները քննադատող բանաձև ընդունեցին, Ադրբեջանի
արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական բողոք ներկայացրեց: Այնուհետև, երբ
խորհրդարանի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերութունների հարցերով
պատվիրակությունը առաջարկեց ՋուլՖայի տեղանք հնէաբանական մասնագետների այցի հետ
մեկտեղ առաքելություն ուղարկել Հայաստան, նրանց խնդրանքը մերժվեց:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը լիահույս է, որ կայցելի Նախիջևանի
շրջան: Գլխավոր քարտուղարն առաջարկել է փորձագետների խումբ ստեղծել` Ադրբեջանում և
Հայաստանում մշակութային շինություններն ուսումնասիրելու նպատակով:
Խորհրդարանականները պնդում են, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է բացեն իրենց
դռները, եթե իսկապես թաքցելու ոչինչ չունեն:
Ավստրիացի սոցիալիստ խորհրդարանական և հանձնաժողովի անդամ Հանես Սվոբոդան, որին, ի
դեպ, արգելել էին զննել տարածքը, նշել է, որ հույս ունի, թե այս աշնանը երկար
սպասված այցը կիրականա: Նա ավելացրել է. «Եթե մեզ թույլ չեն տալիս գնալ, պարզ է
դառնում, որ ինչ–որ վատ բան է պատահել: Եթե ինչ-որ բան են թաքցնում, մենք ուզում
ենք հարցնել` ինչու՞: Պատճառը կարող է լինել միայն այն, որ որոշ ենթադրություններ
ճիշտ են»:
Նա նաև զգուշացրել է. «Եվրոպա մուտք գործել ցանկացող յուրաքանչյուր երկրի հիմնական
պարտավորություններից մեկը հարևանների մշակութային ժառանգությունը հարգելն է»:
