ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայկական բիոքաղաքականություն
Գիտությունը սկսած XIX-րդ դարից հանդիսանում է արդիականացման հիմնական ուժը: Նրա
ներկայությունը նշանակում է, որ հասարակությունը զարգանում է, որ ռացիոնալությունը
տիրապետում է սոցիալական գործընթացում: Նրա կարևորագույն ֆունկցիաներից են

ճանաչողականը և տեխնիկական առաջընթացի ապահովումը: Նկատենք, որ գլոբալացման
պայմաններում տեխնիկական առաջընթացը ապահովող գիտությունները կենտրոնանում են
քաղաքական ուժի կենտրոններում, և ոտնձգությունները աշխատանքի այս բաժանման դեմ
չարաչար պատժվում են: Հիշենք Իրանի ատոմային ծրագրի հետ կապված վերջին
իրադարձությունները: Եթե Հայաստանը դեռ քսան տարի առաջ համարվում էր
արդյունաբերական երկիր մեկ շնչին ընկնող միջին եկամտով, ապա այսօր նա զարգացող
երկրներից է, ագրարային-արդյունաբերական տնտեսական համակարգով, մեկ շնչին ընկնող
միջինից ցածր եկամտով: Հետևաբար պետք է փոփոխության ենթարկվեր նաև գիտության
կարգավիճակը: Ակնհայտ է, որ գիտության նկատմամբ ուշադրությունը պետք է նվազեր, կամ,
ինչպես սիրում են կրկնել մեր ակադեմիկոսները, «չկա պետական հոգածություն գիտության
հանդեպ»:
Գլոբալացման դրսևորումներից պետք է համարել այն, որ փաստորեն ոչ միայն բարձր
տեխնոլոգիական գիտության զարգացումը, բայց նաև կրթության բարձր մակարդակը «երրորդ» աշխարհում պատժելի են: Կարելի է հիշել Համաշխարհային բանկի քաղաքականությունը
կրթության ասպարեզում, որը մեր մոտ արտահայտվեց «դպրոցների օպտիմալացման» տեսքով:
XX-րդ դարի մեծագույն սոցիոլոգներից մեկը` Պիեռ Բուրդիեն սկսեց հակագլոբալիստական
իր շարժումը` բողոքելով հենց այդ քաղաքականության դեմ: Ենթադրում եմ, որ
Հայաստանում հերթը հասել է հիմնարար գիտությանը, նկատի ունենալով Գիտությունների
Ակադեմիան հասարակական կազմակերպության վերածելու ծրագիրը, չնայած ներկա վարչակարգը
ինքը, առանց «վերևից» ցուցումների այդ բանը վաղուց անում է: Համենայնդեպս այդպես
պետք է գնահատել ԳԱ-ի նախագահի հետ կապված սկանդալը և հրաժարականը:
Գիտական հետազոտությունը բարդ և աշխատատար գործընթաց է, օրինակ, գիտության մասին
իսկապես գիտական հոդված գրելու համար հարկավոր է ուսումնասիրել մի քանի հարյուր այլ
հետազոտություններ, մշակել մեթոդաբանություն, ամիսներով աշխատել արխիվներում և այլն:
Արդյունքը` մի քանի էջանոց տեքստ: Այսինքն նույնիսկ աշխատանքային միջոցների, (թվում
է, թե միայն «թուղթ ու գրչի» առկայություն) պահանջող հետազոտությունը հայաստանյան
պայմաններում համարյա անհնար է: Բայց նույնիսկ այս դեպքում այսբերգի միայն վերևի
մասն է տեսանելի: Հայաստանը երբեք չի ստացել միջազգային առաջատար գիտական ամսագրեր
և գրքեր, հատկապես հումանիտար բնագավառում (բնագիտականում ավելի բարվոք է եղել
վիճակը): Գիտությունը սկսվում է դասակարգումից, դասակարգումը գրադարանային
կատալոգից, իսկ եթե այնտեղ պահանջվող նյութը չկա, ապա գիտությունն այդպես էլ չի
սկսվում: Գիտական հետազոտությունների ցածր մակարդակը Հայաստանում միայն միջոցների
սղությամբ չի պայմանավորված: Հումանիտար բնագավառում դա գաղափարախոսական
ազդեցության մեծ դերն է` սովետականը և ազգայնամոլականը:
Գիտության մեր պատկերացումը կապվում է կրոնին նրա հակադրության հետ: Այդ
հակադրությունը չի հանգում միայն գաղափարախոսությանը: Հիշենք միջնադարյան
համալսարանները և գիտուն մարդու պաշտամունքը: Այսինքն գիտությունը զարգացնում է
աստվածաբանական փակ գիտելիքին հակադրելով բաց գիտելիքը, որը կարելի է անվանել
բանական, մատչելի և հասկանալի բոլորին: Միայն գիտության կողմից ստեղծված գիտելիքը
կարող էր դառնալ հանրակրթական նյութ: Փրկչի աստվածաբանական առաքելությանը գալիս է
փոխարինելու գիտնականի առաքելությունը, որը պարտավոր է ոչ միայն լինել գիտուն, այլ
նաև սովորեցնել զանգվածներին և բերել բոլոր մարդկանց փրկություն: Հայ լուսավորական
գործիչը գրում է. «Մարդկային միտքը դաստիարակությամբ խորհելու եւ խոսելու
ազատության վեհապետական հարկավորությունը կզգա, բայց ե՞րբ կսկսի այս հարկավորության
զգացումը: Մարդս աճելով եւ ազատ հրահանգությամբ կրթվելով, երբ կը հասնի այն հասակը,
ուր Արարչին մեզի տված իմացական կարողությունները կսկսին հետզհետե բացվիլ եւ
զարգանալ իրենց առարկաներուն նկատմամբ ..., եւ գրեթե բռնաբար անոր ձեռքեն բռնելով
զանիկա կառնուն, կը տանին եւ կը նետեն այն մտավորական ընդարձակ ասպարեզը, որ
գիտությանց դաշտ կ՚անվանի ...»: Գիտությունը նման է կրոնին, քանզի այլ եղանակներով
փորձում է կատարելագործել մարդկանց, նույնիսկ հասարակ մարդուն բարձրացնել
փիլիսոփայի մակարդակին: Գիտությունը իրեն կոչված էր համարում պայքարել տգիտության
դեմ այնպես, ինչպես եկեղեցին էր պայքարում մեղքի դեմ:
Գիտության և կրոնի համադրումը ուսանելի կարող է լինել նաև մեր օրերի համար:
Հավանաբար գիտեք գիտության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը Խորհրդային
Միությունում: Դրա տեսական հիմքերից մեկը մարքսիստական փիլիսոփայության մեջ
կրթության և գիտության հեղափախական նշանակության կարևորումն է: Բուրժուազիան
ստիպված է կրթել և գիտական գիտելիքներ տալ պրոլետարիատին, բարձրացնել նրա
գիտակցական մակարդակը, որը անխուսափելիորեն կմղի պրոլետարատին ապստամբության։Կ.
Մարքսը չգիտեր սպառողական հասարակության և գլոբալացման մասին, երբ գլոբալ
կապիտալիզմը ձգտում էր իջեցնել կրթական մակարդակը:
Խորհրդային պետությունը հալածում էր եկեղեցին: Նրա գաղափարախոսությունը
ամենաառաջադիմականն էր, իսկ կրոնը` հետադիմության խորհրդանիշ: Հետխորհրդային
Հայաստանում կրոնի դեմ հալածանքները դադարեցին: Ընդհակառակը, կրոնին տրվեց որոշակի
խորհրդանիշային բնույթ, համարվեց, որ այն ազգային ինքնության կարևորագույն
բաղադրիչներից է: Այսօր ամուսնության կամ պետական որևէ կարևոր միջոցառում չի
անցնում առանց կրոնավորի ներկայության: Ծիսական այս բաղադրիչից բացի ոչինչ չի
փոխվել` հասարակությունը չի դարձել հավատացյալ: Ավելի շուտ հավատաորսության մեջ
հաջողություն ունեցան այն աղանդները, որոնք ծնվել են Արևմուտքում և կրում են նրա
ռացիոնալիստական սկզբունքների կնիքը: Մասնավորապես հայտնի է , որ նրանցից շատերը
ունեն ավելի լավ կազմակերպված բյուրոկրատական ապարատ, որ նրանց օգնում է, օրինակ,
ավելի լավ կազմակերպել դրամահավաքը: Դրանցից մի քանիսը իրենց ուսմունքին փորձում են
տալ կվազիգիտական ձև: Դա նշանակում է, որ աշխարհայացքային առումով հետխորհրդային
Հայաստանում միայն անցում է կատարվել սովետական-գաղափարախոսականից և
տեխնոկրատականից կվազիգիտական սնահավատությանը (օրինակ` աստրոլոգիա և այլն) և
պսևդոգիտական հռետորությանը: Սովետական դիսկուրսը քայքայվում է` ծնելով սոցիալական
արժեք չունեցող գիտակցության մոլախոտեր:
Նշեցինք, որ ժամանակակից կրոնը բյուրոկրատացված է և հետևաբար բյուրոկրատացված է նաև
դրամահավաքը: Իսկ վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ կրոնական
քարոզչությունը այժմ պահանջում է նկատելի ներդրումներ, մինչդեռ շահույթը միշտ չէ
երաշխավորված: Այս զուգահեռը ինդուստրիալ աշխարհի շուկայական օրենքների և սրբազան
համարվող կրոնի միջև մեզ թույլ կտա բացատրել նաև մեկ այլ երևույթ: Հայտնի է, որ
գիտությունը ժամանակակից պլյուրալիստական հասարակությունում պարզապես մրցակիցներից
մեկն է այն բոլոր խմբերի հետ մեկտեղ, որոնք սպասարկում են իմաստի մարդկային
պահանջը: Այստեղ զանց ենք առնում գործնական նշանակություն ունեցող գիտությունը,
այդպիսին Հայաստանում պարզապես չկա: Այդպիսի մրցակից կարող է լինել կրոնական կամ
գեղարվեստական աշխարհայացքը, պարագիտությունը և այլն: ԱՄՆ-ում գիտությունը
(համալսարանները) մասնակցում են այդ մրցակցությանը և հաճախ շռայլորեն
հովանավորվում: Հայաստանում այդպիսի հովանավորության մասին ավելորդ է խոսել: Ավելի
մանրամասնելով ասենք, որ Հայաստանում գիտությունը պետք է կարողանա մրցակցել «թուղթ-գիր անողների», շոու-բիզնեսի կամ զանգվածային մշակույթի այլ դրսևորումների
հետ: Այսինք, նախագահ Ռ. Քոչարյանը ավելի շուտ կուզենա ստանալ իր տնտեսական ծրագրի
օրհնությունը Կաթողիկոսից, քան հարցնել հայ տնտեսագետ ակադեմիկոսի կարծիքը: Դա
նշանակում է, որ տնտեսական, ապա սոցիալական և , ի վերջո, գաղափարախոսական ոլորտները
այնպես են վերափոխվել, որ գիտությունը իմաստի արտադրության ոլորտում, նույնիսկ
ենթադրելով մասնագիտական կարողությունները, պարտված խմբերից է` գրականության,
կինոյի և այլ ասպարեզների հետ:
Հեռուստատեսությունը, օրինակ, հաղթողների մեջ է, քանզի հեռուստալրագրող լինելու
համար չի պահանջվում ոչ առանձնապես մեծ գիտելիք, ոչ էլ մեծ տաղանդ: Եթե աղջիկը
սիրունիկ է, ապա մի քանի օրն էլ բավական է նրան հեռուստալրագրող դարձնելու համար:
Աշխատում է տիպաժը, այլ ոչ թե բովանդակությունը: Վիզուալությունից զուրկը`
գիտությունը կամ գրականությունը պարտվողների մեջ են, եթե, իհարկե, գիտնականը իր
տեսությանը չի տալիս շամանական ծեսի տեսք, կամ գրողը չի դառնում գրական դերասան և
իր գեղագիությունը չի վերածում էպատաժային ցանցառության:
Գիտությունը եղել է ժամանակակից բյուրոկրատական ռացիոնալության ձևավորման
լաբորատորիան: Նրա նշանակությունը, ես նկատի ունեմ հիմնարար, գործնական
նշանակություն չունեցող գիտությունը, մեծ է եղել բյուրոկրատական /ֆորդիստական/
ինդուստրիալ հասարակությունում: Դրությունը այլ է հետինդուստրիալ,
պոստմոդեռնիստական մշակութային իրադրությունում գտնող հասարակությունում: Օրինակ,
հայտնի փիլիսոփա Մ. Ֆուկոն բացարձակապես դուրս է եղել ակադեմիական շրջանակից:
Ակադեմիական հետազոտության ավանդական եղանակներին, հատկապես ԱՄՆ-ում, գալիս են
փոխարինելու «ստադիները», «կալչրալ ստադի», «քվիր ստադի», «պոստկոլոնալ ստադի» և այլն: Հեղափախություն, որը մեր մոտ դեռ նոր է սկսվում (Հ. Բայադյանի
«պոստկոլոնալ» հետազոտությունները):
Ներկա Հայաստանում գիտության և սոցիումի հարաբերությունները այլևս միջնորդավորված
չեն պետական մեքենայի բռնություններով, ինչպես դա տեղի ուներ խորհրդային անցյալում:
Տնտեսական և սոցիալական հարաբերությունների «պոստսովետական» ձևերը թելադրում են
իրենցը: Այդպիսի կարևորագույն տարր է մի կողմից Հայաստանի համար հավերժական
կաշառակերությունը, մյուսը` վերջին տարիներին բում ապրող անշարժ գույքի շուկան:
Հասկանալու համար «շինարարության» սոցիալական իմաստը, հիշեցնենք, որ սիցիլիական
մաֆիան իր հայրենիքում հիմնականում վերահսկում է շինարարությունը: Երբ Մխիթարյան
միաբանությունը որոշեց եկամուտ ստանալու նպատակով այն ներդնել շինարարության մեջ,
դա եղավ մաֆիայի կեղծ շինարարական ֆիրմաներից մեկը: Ավելորդ է ասել, որ
միաբանությունը կորցրեց իր միջոցները:
Երբ Անրի Վարդանյանը Գիտությունների Ակադեմիայի ղեկավարությանը մեղադրեց գիտության
համար նախատեսված միջոցները շինարարությանը մեջ մսխելու, շենքերի վաճառքի և այլ
մեղքերի մեջ, ապա բացի գիտության ասպարեզի մաֆիոզականացումից, հարկ է տեսնել մեկ
այլ դրսևորում` բիոքաղաքական:
Բիոքաղաքականության օրինակ կարող է դիտարկվել Սովետական Ռուսաստանում, ապա
նացիստական Գերմանիայում տարածված եվգենիկայի գաղափարները: Մ. Բուլգակովի «Շան
սիրտը» հենց դրա մասին է: Պրոֆեսոր Պրեաբրաժենսկին արտահայտվում է այն իմաստով, որ
չարժե ստեղծել արհեստականորեն մարդկային կյանք, եթե դա կարող է անել «հասարակ
կնիկը»: Բայց հարցը հենց դրանում է. իշխանությունը հասնում է իր մաքսիմալ
արտահայտությանը, վերմարդկային հզորությանը, երբ կարող է զրկել ծննդաբերելու
հնարավորությունից կամ կարողությունից «հասարակ կնկանը», խառնվել բնական ընտրության
գործընթացին:
Հայաստանում իշխանամետ մտավորականությունը շատ է խոսում մշակութային ավանդույթների
մասին: Է. Օ. Ուիլսոնի և Չ. Լամսդենի բիոքաղաքական հետազոտություններից հետևում է,
որ մշակութային ավանդությունները ծառայում են որպես միջոց ապահովելու համար հաջորդ
սերնդին փոխանցվող գեների մեջ որոշակի խմբի առավելությունը: Օրինակ. ընտրախավը
հիմնականում ստեղծում է իր համար առանձնաշնորհային պայմաններ հաջորդ սերնդի մեջ իր
գեների վերարտադրման համար: Մյուս կողմից, ինչպես նշում են այդ հեղինակները,
մշակույթը ստեղծվում է գենոտիպերի բնական ընտրության միջոցով, այսինքն
ինտելեկտուալության, լիդերության ունակության ընտրությամբ: Այսինքն ընտրվում են
այնպիսի գենոտիպեր, որոնք թույլ են տալիս ստեղծել, բազմապատկել և վերարտադրել
մարդկային հասարակության մշակութային ավանդությունները: Հայկական ժամանակակից
էլիտան հակաինտելեկտուալ է և նրա բիոքաղաքական ռազմավարությունը միտված է առանց
ինտելեկտի սերնդի ընտրությանը և «ավանդապաշտության» գաղափարախոսությունը
հակաինտելեկտուալ ներկա էլիտայի առանձնաշնորհումները պաշտպանելու ցինիկ ձև է:
Հայ ժողովրդի պատմությունը աննպաստ է եղել ինտելեկտուալ կարողություններով
անհատների բնական ընտրության համար: Դա կարելի է ցույց տալ ինտրովերտ և էքստրովերտ
խառնվածքների տարբերության օրինակով: Էքստրովերտի և ինտրովերտի հասկացությունները
մտցրել է անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կ.-Գ. Յունգը: Էքստրովերտը դիտարկելով
իրադրությունը ստեղծում է պատկերացում, ինտրովերտը մշակում է պատկերացում և
կիրարկում իրադրությունում: Այսինքն, մեկի մտածողության ոճը կոնկրետ-գործնական է,
մյուսինը` տեսական: Մեկի աշխարհը տպավորություններից է ձևավորվում, մյուսինը`
պատկերացումներից : Հասարակության մեջ գաղափարների գեներատորներ հանդիսանում են
ինտրովերտները, նրանց ինտելեկտի գործակիցը զգալիորեն ավելի բարձր է, քան`
էքստրովերտներինը: Մյուս կողմից բիզնեսի ասպարեզում մարդկանց մեծամասնությունը
էքստրովերտ է: Նկատենք, որ ինտրովերտությունը և էքստրովերտությունը փոխանցվում են
գեների միջոցով, և այս երկու խառնվածքների հարաբերակցությունը խոսում է
հավաքականության ներսում առկա բիոքաղաքական միտումների մասին:
Հայերը արդեն 2000 տարի գաղթական են: Ինտրովերտը դժվար է հարմարվում նոր
իրավիճակին, էքստրովերտը ավելի հեշտ: Հենց այդ պատճառով հայերի մեջ ինտրովերտների
թիվը փոքր է, բնական ընտրության վերոհիշյալ մեխանիզմի շնորհիվ, մասնավորապես
բիոմշակութային վնասակար ավանդույթների արմատավորվածությամբ: Ավելորդ է ասել, որ
հայկական դժբախտությունները պայմանավորված են եղել այդ բիոքաղաքականությամբ: Մյուս
կողմից հանճարեղ մարդկանց ճնշող մեծամասնությունը` Հեգելից մինչև Էյնշտեյն,
Ֆլոբերից մինչև Խ. Կորտասար ինտրովերտեր են: Սովետական տարիներին ստեղծվեցին
բարենպաստ պայմաններ ինտրովերտների բնական ընտրության համար: Գիտությունը,
մշակույթը որոշ ասպարեզներ դարձան այն տեղերում, ուր կենտրոնացավ ինտրովերտների
զանգվածը: Այսինքն, գիտության ասպարեզում առկա անմխիթար վիճակը միայն
սոցիալ-հոգեբանական չէ, այլ նաև բիոքաղաքական:
