Մանկատներում սոցիալական որբությունն է տիրում

Նորքի «Մանկան տան» ավագ խումբը պատրաստվում է ավարտական հանդեսի, 6 տարին լրացած
երեխաները հրաժեշտ են տալու իրենց օրրանին: «Թողնում ենք մեր մանկան տունը»,-
երգում են երեխաները դեռեւս չգիտակցելով, թե էլ ինչ է սպասվում իրենց: «Երեխաների
25%-ը վերադառնում է սեփական ընտանիք, 20-25%-ին որդեգրման ենք հանձնում դատարանի
որոշումով: Ծնողը, եթե չի ուզում երեխային տուն տանել՝ տեղափոխում ենք Գավառի
մանկատուն, իսկ այն երեխաները, որոնք այստեղ հոգեկան առողջության խնդիրներ են
ունենում՝ տեղափոխվում են Գյումրիի մանկատուն»,- հայտնեց «Մանկան տան» տնօրեն Լիանա
Կարապետյանը:

Տնօրենը տեղեկացրեց, որ իրենց մոտ խնամում են նորածնային հասակից մինչեւ 6 տարեկան
երեխաներին, որոնց այստեղ են բերում կա’մ հիվանդանոցից, կա’մ փողոցից: Այստեղ
զբաղվում են երեխայի խնամքով, դաստիարակությամբ եւ բուժմամբ: Լիանա Կարապետյանի
ասելով ե’ւ խորհրդային ժամանակաշրջանում, ե’ւ մեր ժամանակներում ծնողներից երեխաներ
չեն ընդունել, եթե ծնողներից մեկը չի եղել հոգեկան հիվանդ կամ չի գտնվել
ազատազրկման մեջ: Ներկայումս մանկատան երեխաների 98%-ը միակողմանի ծնողազուրկ են,
երեխաներից միայն երկուսը լիարժեք ծնողներ ունեն, սակայն մեկի դեպքում մայրը
հաշմանդամ է, որի պատճառով է երեխան 6 տարի գտնվում մանկատանը, մյուսի հայրը
հանրապետությունում չի, մայրն էլ ի վիճակի չէ պահելու 4 երեխային եւ հանձնել է
մանկատուն: Երկկողմանի ծնողազուրկ միայն մի երեխայի մասին խոսվեց:

1998թ.-ին հաստատված կարգի համաձայն երեխաներին մանկատուն են ընդունում թաղապետարանների որոշման համաձայն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
ուղեգրով: Նրանք, երբ որոշում են, որ միակողմանի ծնողազուրկ երեխան չի կարող
ընտանիքում մեծանալ կամ ծնողները հրաժարվում են՝ երեխաներին ժամանակավոր կամ
ընդմիշտ տեղավորում են մանկան տներում: Տիկին Կարապետյանը նշեց, որ նույնիսկ
խորհրդային ժամանակաշրջանում, երբ միայնակ մայրերը կամ հայրերը արտահերթ բնակարան
ստանալու հնարավորություն ունեին, այս «Մանկան տանը» (հիմնվել է 1937թ.-ին) 110
երեխա կար: Տնօրենն իր 25 տարվա աշխատանքային փորձառությունից այն հետեւության է
եկել, որ երեխաներին մանկատուն հանձնելու պատճառներից մեկը ծնունդների
գաղտնիությունն է, երբ ընտանիքը չի ընդունում արտամուսնական կապից ծնված երեխային:
«Միգուցե նրանք բնակարան ունենային եւ երեխաների որոշ տոկոսը չգար այստեղ,
որովհետեւ հիմա երեխաներին մանկատուն հանձնելու պատճառներից մեկը ծնողների հիմնական
բնակարան չունենալն է»,- ենթադրում է տնօրենը:

Վերջինս նշեց, որ ամեն տարի 25%-ը հրաժարվում են իրենց երեխաներից եւ հիմնականում
հրաժարվում են առողջական խնդիրներ ունեցող երեխաներից: Ներկայումս տարբեր արատներ
ունեցող 18 երեխա է բնակվում Նորքի «Մանկան տանը»՝ նապաստակի շրթունք, գայլի երախ,
սրտի արատ եւ այլն, որոնք վիրահատության պետք է ենթարկվեն: Նրանց ծնողները
հրաժարվել են երեխաներից: Նրանք, որոնք սոցիալական վիճակից ելնելով երեխային
ժամանակավորապես են մանկատուն հանձնել՝ 6 տարին լրանալուց հետո, եթե չեն ցանկանում
նրանց Գավառ տեղափոխել, տեղավորում են գիշերօթիկ դպրոցներում:

Նորքի «Մանկան տանը» ներկայումս բնակվում է 88 երեխա: Տնօրենի վիճակագրության
համաձայն, 1988թ.-ից մինչեւ 94թ.-ը երեխաների թիվը կտրուկ պակասեց՝ մինչեւ 50 երեխա,
94թ.-ից կրկին աճ նկատվեց: Առհասարակ վերջին տարիներին երեխաների թվի աճ է գրանցվել
մանկատներում: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ մանկատներում հայտնվում
են ծնողներ ունեցող, բայց տարբեր պատճառներով իրենց երեխաների խնամքից եւ
դաստիարակությունից, նրանց օրինական շահերի պաշտպանությունից հրաժարված ծնողների
երեխաներ: Խորհրդային ժամանակաշրջանում, եթե Հայաստանում կար 4-5 մանկատուն, հիմա
13 մանկատուն կա, որտեղ ապրում են 1185 երեխա: Սոցիալական հարցերի նախարարության
համակարգում գործող 8 մանկատներում խնամվում է 935 երեխա, իսկ 5 մասնավոր
մանկատներում՝ 250 երեխա:

Մեր այցի օրերին Գավառի մանկատանը նույնպես հրաժեշտի էին պատրաստվում: Մանկատան
տարիքը վաղուց անցած Աննան արդեն բնակարան էր ստացել եւ պատրաստվում էր տեղափոխվել
իր հետ տանելով նաեւ ընկերուհուն՝ Ստելլային, որի 18 տարին նույնպես լրացել էր:
Տնօրենը մտահոգ չէր իր սանի հետագա ճակատագրով՝ Աննան լավ գորգագործ է եւ այդ
մասնագիտության մեծ պահանջարկ կա ներկայումս, նա աշխատանքի կտեղավորվի:

Գավառի մանկատունը գտնվում է քաղաքի կենտրոնում եւ չափազանցություն չի լինի ասելը,
որ տնօրեն Նիկոլայ Նալբանդյանին հաջողվել է Հայաստանի առաջին մանկատունը դարձնել
Գավառի ամենագեղեցիկ շինությունը: Երկու մանկատներում էլ աչք շոյողը մաքրամաքուր
կենցաղն է, երեխաների խնամված ու առողջ տեսքը, գեղեցիկ հագ ու կապը: Տնօրինությունը
բարերարների շնորհիվ նրանց շրջապատել է ծաղիկներով, մեծաքանակ խաղալիքներով,
յուրաքանչյուր տարիքին բնորոշ հետաքրքրություններով: Մանկատունը Գավառում գործում է
1936թ.-ից եւ այս քաղաքի բնակչությունը սովորել է մանկատան երեխաների ներկայությանը,
այստեղ նրանց օտար աչքով չեն նայում: Երեխաներն իրենց ճնշված չեն զգում, քանի որ ոչ
միայն չեն տարբերվում ծնողներ ունեցողներից, այլեւ իրենց հնարավորություններով
կարող են տարեկիցների նախանձը շարժել: Նրանք սովորում են Գավառի 3 հանրակրթական
դպրոցներում, հաճախում են արվեստի եւ երաժշտական դպրոց:

Մանկատանը գործում են տարբեր խմբակներ, որտեղ երեխաները արհեստներ են սովորում`
գորգագործություն, ասեղնագործություն, գոբելենագործություն, կարպետագործություն:
Փայտամշակման արհեստանոցում փոքրիկ արտադրություն կազմակերպելու առաջին փորձերն են
արվում: «Այսօր ուշադրությունն ավելի շատ ուզում ենք սեւեռել կրթության հարցերին,
որովհետեւ ժամանակը ցույց է տվել, որ որքան էլ այստեղ լավ լինի` գնալուց ամեն ինչ
մոռացվում է եւ մնում է կրթությունն ու դաստիարակությունը: Մեր նպատակն այն է, որ
շրջանավարտների գոնե կեսը բուհ ընդունվի, դրա համար պետք է զբաղվել նրանց հետ, ջանք
ներդնել»,- ասում է Ն. Նալբանդյանը: Մանկատանը հպարտությամբ նշեցին, որ
աշակերտներից 8-ը գերազանց են սովորում, 24-ը՝ հարվածային: Անցյալ տարի
շրջանավարտներից երկուսն ընդունվել են թատերական ինստիտուտ, երկուսը սովորում են
Գավառի համալսարանում: Նրանց ուսման համար վճարում է պետությունը եւ բարերարները՝
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) ու շվեյցարացի երկու կանայք:

Տնօրենը հայտնեց, որ այստեղից երեխաներ չեն որդեգրում, որովհետեւ նրանք ծնողներ
ունեն: Գավառի մանկատանը բնակվող 118 երեխաներից միայն մեկն է երկկողմանի
ծնողազուրկ, հիմնականում միայնակ մայրերի զավակներ են եւ սոցիալապես անապահով
ընտանիքի երեխաներ: Մանկատան երեխաների մոտ 70%-ը սոցիալական վատ վիճակի պատճառով է
հայտնվել այստեղ: Ն. Նալբանդյանի ասելով ծնողներ կան, որոնք կուզենային տուն տանել
իրենց երեխաներին, եթե պետությունը ֆինանսապես օգներ նրանց: Գավառի մանկատնից
վերջին երկու տարիներին ընդամենը 7 երեխա էր ընտանիք վերադարձել, որոնցից 4-ը նույն
ընտանիքից էին:

Տնօրենը նշեց, որ մանկատան աշխատակազմից բացի՝ 1 հոգեբան, 1 սոցիալական աշխատող եւ
24 մանկավարժ, երեխաների դաստիարակությանը մասնակցում է ՀՕՖ-ը, որի
ներկայացուցիչներն ամիսը մեկ անգամ կանոնավոր այցելում են երեխաներին կրթաթոշակը եւ
ուսման վարձերը հանձնելու համար: Ծնողների առկայությունը չի՞ խանգարում այն
դաստիարակությանը, որ որդեգրել են մանկատանը, մեր հարցին ի պատասխան պրն.
Նալբանդյանը հայտնեց, որ նրանց ծնողների մակարդակն ու կարգավիճակը թույլ չի տալիս
հետեւել իրենց երեխաներին: Ծնողներ կան, որոնք թափառաշրջիկի կարգավիճակում են եւ
պատահում է, որ տեսակցության են գալիս` հակասանիտարական վիճակով, հարբած, որից
երեխաներն ամաչում են, այդ պատճառով չեն ուզում, որ տեսակցության գան: «Ես գտնում
եմ, որ այս երեխաներն ավելի լավ է այստեղ լինեին, քան իրենց ծնողների մոտ»,-
հայտնեց պրն. Նալբանդյանը, միաժամանակ նշելով, որ ամեն դեպքում, այդ վիճակում անգամ
երեխաները ձգտում են ծնողներին եւ ուրախանում են, որ իրենց տուն են տանում:

Այս խնդիրն առկա էր անգամ Նորքի «Մանկան տանը», որի տնօրեն Լիանա Կարապետյանը նշեց,
որ երեխաներից երկուսի մոտ հակակրանք է առաջացել մայրերի նկատմամբ: Մայրերի
հակասանիտարական վիճակը եւ ոմանց ուշացումներով այցերը օտարացրել են երեխաներին, եւ
նրանք չեն ցանկանում հանդիպել հարազատ մորը: Երկու մանկատներում էլ տնօրենները մեկ
հոգեբանի առկայությունը բավարար չեն համարում: Լ. Կարապետյանը բերեց Ֆրանսիայի
մանկատների օրինակը, որտեղ 2 հոգեբան է աշխատում, մեկն զբաղվում է երեխաներով,
մյուսը՝ ծնողներով:

Գավառի մանկատան առաջին հարկի սրահում փակցված են երեխայի իրավունքների մասին
իրավական նորմերից եւ միջազգային կոնվենցիաներից հատվածներ, ինչպես նաեւ մի արկղիկ՝
անանուն բողոքների համար: «Թող իմանան իրենց իրավունքները եւ կարողանան պաշտպանել
իրենց»,- ասում է Նիկոլայ Նալբանդյանը: «Մանկան տանը» փակցված ողջ իմֆորմացիան
դաստիարակների պարտականությունների եւ դրանց ժամանակացույցի մասին էր, ինչպես
մեկնաբանեցին այնտեղ՝ որպեսզի իրենց պարտականությունների մեջ թերանալու տեղ
չունենան:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մանկատներում կատարված
հետազոտության համաձայն երեխաների մանկատանը հայտնվելու հիմնական պատճառը
ընտանիքների աղքատությունն է, գործազրկությունը եւ սոցիալ-կենցաղային, բնակարանային
բավարար պայմանների բացակայությունը: Այնուհետեւ ընտանիքում երեխայի խնամազրկության
ցուցանիշը, ինչը նույնպես պայմանավորված է ընտանիքների սոցիալ-կենցաղային ծանր
պայմաններով: «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն «Առանց
ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության եւ նրա համապատասխան մարմինների
կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք»:

2003թ.-ի հուլիսի 23-ին կառավարությունն ընդունեց մանկատան նախկին շրջանավարտներին
տրամադրվող աջակցության ծրագիրը, համաձայն որի, 1991թ.-ից սկսած մանկատան այն
շրջանավարտներին, ովքեր չունեն իրենց անվամբ գրանցված բնակելի տարածք, ապահովում են
բնակարանով: Բացի դրանից, իրականացվում է ծրագրով նախատեսված այլ աջակցություն (մասնագիտական
կողմնորոշում, զբաղվածության ապահովում, առողջապահական խնդիրների լուծում):
Այսպիսով, կառավարությունը լուծել է մի քանի տարի առաջ անլուծելի համարվող որբ
երեխաների բնակարանային խնդիրը:

Գավառի մանկատան շրջանավարտներից 180-ը ընդգրկվել են այդ ծրագրում եւ նրանցից 64-ն
արդեն ունեն բնակարաններ` կահավորանքով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով: «Վատ տարիներին բնակարան չունենալու պատճառով շատ երեխաներ մնացին անօթեւան, չկարողացան
իրենց կյանքը կազմակերպել, աշխատանքի տեղավորվել: Տղաները բանակ էին գնում դրանից
հետո չէին վերադառնում այստեղ կամ քչերն էին վերադառնում, ուզում էին իրենց կյանքն
իրենք դասավորել: Ոմաց մոտ ստացվում էր, ոմանց մոտ` ոչ: Չեմ ուզում ասել, թե նրանք
հանցագործներ դարձան, բայց կյանքի նորմերից փոքր-ինչ շեղվեցին»,- նշեց պրն.
Նալբանդյանը: Վերջին տարիներին մանկատան սաների շրջանում հանցագործներ չեն եղել:
Տնօրենի ասելով նախկինում դա բարձիթողի վիճակից էր գալիս, քանի որ չկար նախկին
պետական հոգածությունը:

Երկու մանկատներում հավաստիացրին, որ պետությունն արդեն 4-րդ տարին է 100%-ով
ֆինանսավորում է մանկատները եւ այն հիմնական խնդիրները, որ կային նախկինում, արդեն
չեն ունենում, բայց, միեւնույնն է, առանց բարեգործների հնարավոր չէր ստեղծել այն
իդեալական պայմանները, որ կա ներկայումս: Իհարկե, շինությունները վերանորոգելու եւ
կահավորելու հիմնական աշխատանքը կատարվում է բարեգործների միջոցով, որոնք
մանկատների դեպքում քիչ թիվ չեն կազմում: Մանկատների պատերին ամրացված բարերարների
մասին տեղեկացնող ցուցանակները հուշում են, որ ի տարբերություն նմանատիպ մյուս
հիմնարկների՝ ծերանոցներ, գիշերօթիկ դպրոցներ, ավանդական հիմնադրամները, Սփյուռքի
մեր հայրենակիցներն ու Հայաստանցի անհատ բարեգործները մանկատան երեխաների համար
գումար չեն խնայում: Մանկատներին մեծապես աջակցում են նաեւ միջազգային
կազմակերպությունները: